Թողարկում 170

EaPlogo«Եվրամիության Արեւելյան գործընկերության 5 տարին. ձեռքբերումներ եւ բացթողումներ»

30.04.2014

arevelyan_gorcԱյսօր Երեւանի «Հայաթ Փլեյս» հյուրանոցում տեղի ունեցավ «Եվրամիության Արեւելյան գործընկերության 5 տարին. ձեռքբերումներ եւ բացթողումներ» թեմայով կլոր սեղան, որը կազմակերպել էր Երեւանի մամուլի ակումբը՝ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: Քննարկմանը, որը վարում էր Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, մասնակցում էին քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների եւ փորձագիտական հանրության ներկայացուցիչներ: Միջոցառման բանախոսներն էին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը եւ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի ղեկավար Միքայել Հովհաննիսյանը։

Անուշ Սեդրակյանն ամփոփեց ԱլԳ անցած 5 տարիների նվաճումներն ու ձախողումները եւ ներկայացրեց ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում Եվրամիություն – Հայաստան հետագա համագործակցության հնարավորությունների եւ խոչընդոտների վերաբերյալ իր դիտարկումները: Տիկին Սեդրակյանը նկատեց, որ Ուկրաինայի զարգացումներից հետո ակնկալում է ԵՄ ավելի տարբերակված քաղաքականություն ԱլԳ անդամ երկրների նկատմամբ եւ մասնավորապես գտնում է, որ ԵՄ-ն, դասեր քաղելով վերջին հինգ տարիների անցած ճանապարհից, կսկսի կարեւորել հասարակության ինքնակազմակերպման ներուժի ամրապնդմանն ուղղված ծրագրերը:
Միքայել Հովհաննիսյանը ներկայացրեց ԱլԳ փորձը եւ ներկայիս իրավիճակը քաղաքացիական հասարակության տեսանկյունից: Պարոն Հովհաննիսյանն առանձնացրեց քաղաքացիական պլատֆորմների ստեղծումը՝ որպես Գործընկերության հիմնական ձեռքբերումներից մեկը: Ստեղծված ճգնաժամային իրավիճակում նա կարեւորեց քաղաքացիական հասաարկության արագ արձագանքման կարողությունների զարգացումը:

Ելույթներից հետո ներկաների միջեւ ծավալվեց ակտիվ քննարկում ԱլԳ հետագա ճակատագրի վերաբերյալ: Մասնակիցներն իրենց մտահոգությունները հայտնեցին Մաքսային միության ձեւավորման շրջանակներում տարվող ագրեսիվ հակաեվրոպական քարոզչության վերաբերյալ, որն ուղղակորեն ազդում է հասարակական կարծիքի վրա եւ հանգեցնում հասարակության լայն շրջանակներում եվրաինտեգրման վերաբերյալ թյուր եւ անտեղյակ ընկալումների ձեւավորմանը: Բանախոսներն ընդգծեցին, որ ՌԴ ծավալապաշտական քաղաքականությանը եւ վերջինիս կողմից տարվող քարոզչությանը հակազդելու համար քաղաքացիական հասարակությունը պետք է կարողանա օբյեկտիվ տեղեկատվոություն մատուցել հասարակությանը եւ ձեւավորել այլընտրանքային հանրային դիսկուրս, որը հնարավորության կընձեռնի քաղաքացիներին կատարել ազատ եւ գիտակցված ընտրություն:

Լուսանկարը՝ «Առավոտի»

european-commission-flagՀանձնակատար Ֆյուլե. «Արեւելյան գործընկերության 5 տարի. ժամանակն է ստանձնել ավելի մեծ հանձնառություն»

25.04.2014

fule_hsyk«Այժմ ժամանակն է ավելի ուժեղ, ավելի վճռական եւ հաստատուն հանձնառություն ստանձնել Արեւելյան գործընկերության նկատմամբ»,- հայտարարել է Եվրամիության ընդլայնման եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Պրահայում կայացած Արեւելյան գործընկերության հնգամյակը նշանավորող բարձրաստիճան հանդիպման բացման խոսքում:

«Ոչ ոք չի կարող կասկածի ենթարկել ԵՄ վճռականությունը Ուկրաինային քաղաքական եւ ֆինանսական ուժեղ աջակցություն ցուցաբերելու հարցում»,– ասել է Ֆյուլեն՝ Ուկրաինայում տիրող իրավիճակը որակելով որպես 1945-ից ի վեր ամենալուրջ ճգնաժամը: «Մենք միշտ կաջակցենք եւ նեցուկ կլինենք նրանց, ովքեր անտեղի ճնշումների են ենթարկվում: Մենք ոտքի ենք կանգնել Ուկրաինայի առջեւ ծառացած մարտահրավերի դեմ եւ հնարավորինս արագ արձագանքել ենք։ Ուկրաինայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ միասին մենք մասնակցել ենք ապրիլի 17-ին Ժնեւում կայացած քառակողմ բանակցություններին: Միեւնույն ժամանակ, Ֆյուլեն ավելացրել է. «Մենք ամուր եւ միասնական դիրքորոշում ենք ընդունել Ղրիմի անօրինական անեքսիայի վերաբերյալ, ներառյալ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խախտելու համար պատասխանատու անհատների դեմ ուղղված պատժամիջոցները»:
Եվրահանձնաժողովի նախագահ Բարոզոն՝ Ֆյուլեյի կողմից ընթերցված իր ուղերձում շեշտել է. «Այսօրվա Ուկրաինական իրադարձությունները ցույց են տալիս, որ Արեւելյան գործընկերության անհրաժեշտությունը եւ արդիականությունը այսօր ակներեւ է առավել քան երբեւէ, քանզի այսօր մենք ապրում ենք փոփոխությունների աննախադեպ ժամանակաշրջան, եւ այս փոփոխությունների ընթացքում մենք պետք է աշխատենք միասին եւ աջակցենք միմյանց»:

Հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, Պրահայի Չերնին պալատում, խոսելով Արեւելյան Գործընկերության հիմնադրման հինգերորդ տարեդարձը նշանավորելու եւ ապագայի հեռանկարները քննարկելու առթիվ հրավիրված միջազգային համաժողովում, մասնավորապես, ասել է. «Այստեղ՝ Պրահայում կայացած մեկնարկային գագաթնաժողովից արդեն հինգ տարի է անցել։ Չնայած բոլոր դժվարություններին եւ մարտահրավերներին, որ ԱլԳ-ն ստիպված է եղել հաղթահարել եւ այսօր էլ հաղթահարում է, այն գոյատեւել, իսկ շատ դեպքերում նաեւ բարգավաճել է: Պատճառն ակնհայտ է. ԱլԳ-ն զարգացող քաղաքականություն է»:

Ֆյուլեն շեշտել է անցած հինգ տարիների զգալի առաջընթացը. «Մեր փոխանակումները մեծապես ակտիվացել են, համագործակցության բազմակողմ ուղղություններ են ստեղծվել, տարբեր ոլորտների միջեւ համագործակցությունը զարգացել է, իսկ շահագրգիռ կողմերն առանցքային դեր են ստանձնել մեր աշխատանքում»:

«Մարտի 21-ին Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի (ԱՀ) եւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի (ԽՀԱԱՀ) քաղաքական դրույթների ստորագրումով գործընթացը մեկնարկել է»,- նշել է հանձնակատարը:

«Մինչեւ հունիս մենք ակնկալում ենք ստորագրել ԱՀ-ն եւ ԽՀԱԱՀ-ն Վրաստանի եւ Մոլդովայի հետ, ինչն անշրջելի կդարձնի քաղաքական ասոցացման եւ տնտեսական ինտեգրացիայի գործընթացը: Հենց տարբերակված մոտեցումն է, որ ԱլԳ-ն իր ձեւի մեջ դարձնում է եզակի: Առաջ են ընթանում Ադրբեջանի հետ Ռազմավարական արդիականացման գործընկերության եւ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները: Բելառուսի առումով մենք հավատարիմ ենք մնում մեր հնչեցրած դիրքորոշմանը: Ուսումնասիրվում է Հայաստան-ԵՄ հետագա հարաբերությունների մասշտաբների հստակեցման հարցը: Ազատ տեղաշարժի մեր օրակարգը նույնպես զարգանում է: Ապրիլի 28-ից Մոլդովայի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի կարճաժամկետ ուղեւորությունների մեկնել դեպի Եվրոպա. մի բան, որ աներեւակայելի էր դեռ մի քանի տարի առաջ: Առաջընթաց է արձանագրվել նաեւ Վրաստանի եւ Ուկրաինայի հետ վիզային ռեժիմի ազատականացման գործողությունների ծրագրի շուրջ բանակցություններում»:

Ինչ վերաբերում է ԱլԳ ֆինանսավորմանը, Ֆյուլեն նշել է, որ մոտ 2.5 միլիարդ եվրո է հատկացված 2010-2013 թվականներին գործընկերների հետ համագործակցության ծրագրերի համար եւ Հարեւանության ներդրումային հիմնադրամի միջոցով հավելյալ 4.1 միլիարդ եվրո է տրամադրված Եվրոպական ֆինանսական ինստիտուտների կողմից:

Ըստ Ֆյուլեի՝ Արեւելյան գործընկերությունն, ի թիվս այլ հարցերի, ավելի մեծ ուշադրություն պիտի դարձնի՝

  • երկկողմ հարաբերություններում ավելի մեծ տարբերակվածությանը,
  • գործընկերների կողմից սեփական հավակնությունների կարեւորմանը,
  • ճգնաժամային իրավիճակների դեմ պայքարին ավելի լավ նախապատրաստվելու անհրաժեշտությանը,
  • գործընկերների ներգրավմանը բազմակողմ մակարդակներում երկխոսություններում եւ դրանցում ամբողջ հասարակության մասնակցության ընդլայնմանը։ (EU Neighbourhood Info)

Մանրամասներ

Ֆյուլեի ելույթը

 

CSF logoԱրեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումը Ուկրաինայում ռուսական ռազմական միջամտության վերաբերյալ ՆԱՏՕ – ի անվտանգության առնչվող քաղաքականության Հուշագիր է տարածել

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեն քաղաքականության հուշագիր է տարածել Ուկրաինայում ռուսական ռազմական միջամտության վերաբերյալ ՆԱՏՕ- ի անվտանգության քաղաքականության մասին։ Ըստ հուշագրի՝ դիվանագիտական միջոցները եւ պատժամիջոցները պետք է ուղեկցվեն նաեւ զսպման միջոցառումներով՝ պաշտպանելու համար ՆԱՏՕ – ի անդամ երկրներին, ինչպես նաեւ ՆԱՏՕ- ի հարեւան երկրների անկախությունը։

Առաջնահերթ քայլերը պետք է ներառեն ՆԱՏՕ-ի կողմից հստակ պարտավորությունների ընդունում՝ ուղղված Ուկրաինայի դեմ ռուսական աճող ագրեսիայի պարագայում հնարավոր վատագույն սցենարների արագ արձագանքման ռազմավարական ծրագրերի իրականացմանը, Ուկրաինայի ժողովրդավարական զարգացմանը եւ Եվրոպայում (ՆԱՏՕ – ի անդամ եւ ՆԱՏՕ – ի հարեւան երկրներում) զինված հակամարտությունների կանխարգելմանը։ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի անդամները կոչ են անում ՆԱՏՕ- ին եւ ՆԱՏՕ- ի անդամ երկրներին՝ հստակեցնել տարածաշրջանում ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, մարդու անվտանգության եւ օրենքի գերակայությանը վերաբերող առաջնահերթությունները եւ Ուկրաինայի, Մոլդովայի Հանրապետության եւ Վրաստանի հետ քննարկել ՆԱՏՕ-ի եւ Արեւելյան գործընկերության երկրների միջեւ անվտանգության նոր համաձայնագրերի կնքման հնարավորությունը։

Հուշագրի ամբողջական տեքստը

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.