Թողարկում 169

LogoԵվրախորհրդարանը հաստատում է Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության հեռանկարը

17.04.2014

Եվրախորհրդարանն ապրիլի 17-ի նիստում ընդունել է բանաձեւ, որով դատապարտում է Ուկրաինայի ապակայունացմանն ուղղված Ռուսաստանի գործողությունները եւ կոչ է անում խստացնել Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները: Բանաձեւը ողջունում է Ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչի ստորագրումը Ուկրաինայի հետ եւ կողմերին կոչ է անում նախատեսված ժամանակին ստորագրել ամբողջական համաձայնագիրը: Ըստ բանաձեւի՝ Ասոցացման համաձայմագիրն Ուկրաինայի եւ Արեւելյան գործընկերության այլ երկրների հետ՝ չի հանդիսանում Եվրամիության հետ հարաբերությունների վերջնական նպատակը: Այն նաեւ նշում է, որ համաձայն Եվրոպական միության պայմանագրի (Treaty on the European Union) 49-րդ հոդվածի, Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան, ինչպես եւ ցանկացած այլ եվրոպական պետություն, որն ունի եվրոպական հեռանկարներ, կարող է դիմել Եվրոպական միությանն անդամակցության համար, եթե իհարկե նրանք հավատարիմ են ժողովրդավարության, հիմնարար ազատությունների, մարդու իրավունքների, փոքրամասնությունների իրավունքների եւ օրենքի գերակայության սկզբունքներին:

Մանրամասներն՝ այստեղ։

european-commission-flagՈւկրաինա. Էշթոնն ընդգծել է Ժնեւյան համաձայնագրի անհապաղ կատարման կարեւորությունը

18.04.2014

P025499001202-722901Ուկրաինայում լարվածությունը մեղմելու համար շատ կարեւոր է անհապաղ ձեռնարկել Ժնեւի համաձայնագրով նախատեսված կոնկրետ քայլեր,- հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնն ապրիլի 17-ի երեկոյան, երբ տեղեկացվեց ձեռք բերված համաձայնության մասին։ «Մենք ուզում ենք տեսնել իրական քայլեր եւ արդյունքներ»,- ասել է նա։

Եվրամիության, ԱՄՆ-ի, Ուկրաինայի եւ Ռուսաստանի ներկայացուցիչների միջեւ Ժնեւում ընդունված համաձայնության համապատասխան՝ Ուկրաինայում պետք է զինաթափվեն անօրինական բոլոր զինված խմբավորումները եւ ազատվեն բռնազավթված բոլոր շենքերը։ Ասվում է նաեւ, որ համաներման կարժանանան հակապետական գործողությունների բոլոր մասնակիցները, բացի ծանր հանցագործություններ կատարած անձանցից։ ԵԱՀԿ դիտորդական հատուկ առաքելության կողմից օգնություն կտրամադրվի երկու կողմերին՝ համաձայնեցված միջոցառումների անհապաղ իրականացման համար, ըստ որում, ԵՄ-ն, ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը պարտավորվել են աջակցել առաքելության աշխատանքին։

Էշթոնն ընդգծել է լարվածության թուլացման համար բոլոր կողմերի միջեւ անկեղծ եւ կառուցողական երկխոսության հաստատման եւ գործնական քայլերի մշակման կարեւորությունը, հավելելով, որ «դա ստեղծված ճգնաժամից դուրս գալու լավագույն միջոցն է»։

ԵՄ գերագույն հանձնակատարը նշել է, որ ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելությունն առանցքային դեր կխաղա ուկրաինական իշխանություններին եւ տեղական ինքնակառավարման մարմիններին օժանդակելու եւ անհրաժեշտ միջոցառումների անցկացման գործում։

Էշթոնը վերահաստատել է Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության, ինչպես նաեւ «տնտեսական, ֆինանսական եւ քաղաքական մեթոդներով Ուկրաինայում իրավիճակի կայունացման» վերաբերյալ ԵՄ դիրքորոշումը։
Նա ողջունել է Ուկրաինայի կառավարության պատրաստակամությունը՝ երկրում համընդգրկուն եւ թափանցիկ սահմանադրական գործընթաց ապահովելու հարցում, եւ հայտարարել է, որ մայիսի 25-ին նախագահական ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը հիանալի հնարավորություն կընձեռի Ուկրաինայի ժողովրդի ազատ կամարտահայտման համար, եւ շարունակելով. «ԵՄ-ն հուսով է, որ բոլոր թեկնածուներն իրենց արժանապատիվ կդրսեւորեն եւ բոլորի հանդեպ կլինի հարգալից վերաբերմունք»։
(ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Մանրամասներ

Էշթոնի մեկնաբանությունները

Ժնեւյան հայտարարությունը

CSF_Armenia_logo_ARMՀայաստանի ազգային պլատֆորմի համաժողով Երեւանում

2014թ. ապրիլի 16-ին Երեւանի «Հրազդան» հյուրանոցում տեղի ունեցավ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի հերթական համաժողովը, որի օրակարգում ներառված էին հետեւյալ հարցերը.

  • Անդրադարձ Հայաստանում «Россия 1» եւ «Первый канал» հեռուստաալիքների հեռարձակման մասին ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի ապրիլի 7-ի հայտարարությանը։ Բանախոս՝ Հովսեփ Խուրշուդյան, «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ծրագրերի ղեկավար։
  • Անդրադարձ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի ելույթին՝ ԱլԳ երկրներին Ռուսաստանի ազդեցությունից պաշտպանելու անհրաժեշտության վերաբերյալ։ Բանախոս՝ Ռիչարդ Գիրագոսյան, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն։
  • Անդրադարձ Սիրիայում եւ մասնավորապես Քեսաբում տեղի ունեցող իրադարձություններին։ Բանախոս՝ Միքայել Հովհաննիսյան, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի ղեկավար։

Ռուսական հեռուստաալիքների վերահեռարձակման հետ կապված՝ տարակարծիք մեկնաբանություններ հնչեցին: Մասնակիցները որոշեցին տվյալ հեռուստաալիքներով այլատյացության կամ ազգային հողի վրա թշնամանքի  տարածման կոնկրետ օրինակներ հավաքագրել  եւ դրանցով հիմնավորված համապատասխան դիմում հղել Հայաստանի Ռադիոյի եւ հեռուստատեսության ազգային հանձնաժողովին:

Հետաքրքիր քննարկում ծավալվեց  Վ. Նուլանդի հայտարարության վերաբերյալ: Մասնակիցները կարծիքներ փոխանակեցին այս ելույթի  քաղաքական հնարավոր ենթատեքստերի շուրջ:

Միքայել Հովհաննիսյանի՝ Սիրիայի եւ Քեսաբի իրադարձություններին նվիրված համապարփակ զեկուցումից հետո բուռն քննարկում ծավալվեց այդ ամենին ՀՀ իշխանությունների արձագանքի, ԶԼՄ-ներում եւ սոցիալական ցանցերում հաճախ տարածվող ապատեղեկատվության, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության անելիքների շուրջ։

Հաշվի առնելով Սեւանա լճի նկատմամբ վարվող քաղաքականության փոփոխությունը և դրանից բխող՝ էկոլոգիական վիճակի կտրուկ վատթարացման վտանգը, ՀԱՊ   «Բնապահպանություն, կլիմայական փոփոխություններ եւ էներգետիկ անվտանգություն» աշխատանքային երրորդ խմբի համակարգող, «էկոլուր» ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը հանդես եկավ ՀԱՊ անունից համապատասխան հայտարարություն հրապարակելու նախաձեռնությամբ: Առաջարկը միաձայն ընդունվեց համաժողովի մասնակիցների կողմից:

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.