Թողարկում 168

csf-logoՀայտարարություն. Բելառուսի ազգային պլատֆորմն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձեւին

09.04.2014

Մենք՝ Բելառուսի Հանրապետության քաղաքացիներս, որ ներկայացնում ենք քաղաքացիական հասարակության ամենատարբեր կազմակերպություններ, քաղաքական կուսակցություններ, արհեստակցական միություններ, հասարակական կազմակերպություններ եւ նախաձեռնություններ, դատապարտում ենք 2014թ.-ի մարտի 27-ի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Բելառուսի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը եւ աջակցում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ բանաձեւին:

Մենք հավատում ենք, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականության բանաձեւին դեմ քվեարկելով, Բելառուսը՝

  • հակասեց Ուկրաինայի տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ նախկինում արտահայտած իր դիրքորոշմանը,
  • անհարգալից վերաբերմունք դրսեւորեց միջազգային պայմանագրերի նկատմամբ,
  • արհամարհանք ցուցաբերեց Ուկրաինայի ժողովրդի եւ կառավարության հանդեպ,
  • օրինական համարեց մի պետության կողմից մյուսի տարածքը զավթելու փաստը։

Մեր խորին համոզմամբ, այնպիսի իրավիճակում, երբ բացառիկ կարեւորություն է ստացել պատերազմի կանխումը հնարավոր բոլոր միջոցներով (հիմնականում՝ դիվանագիտական), Բելառուսը պետք է դատապարտեր Ռուսաստանի կողնից Ղրիմի բռնակցումը, մերժեր մի երկրի կողմից մյուսի նկատմամբ ցուցաբերած ագրեսիան եւ, հենվելով միջազգային պայմանագրերի վրա, հանդես գար որպես զսպող կողմ: Ցավոք, դա տեղի չունեցավ. Բելառուսի իշխանությունները պաշտպանեցին Ռուսաստանի դիրքորոշումը՝ Բելառուսի ժողովրդին գերի դարձնելով իրենց ղեկավարների կայսերապաշտական հավակնություններին:

Հայտարարության ամբողջական տեքստը

 

european-commission-flagԵՄ-ն ծրագրում է հունիսին Մոլդովայում եւ Վրաստանում ներդրումային խոշոր համաժողովներ անցկացնել

14.04.2014

Moldova-GeorgiaԵվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի՝ Մոլդովա եւ Վրաստան կատարելիք այցելությունների առիթով այդ երկրներում, համապատասխանաբար, 2014թ. հունիսի 12-ին եւ 13-ին ներդրումային համաժողովներ կանցկացվեն։ Համաժողովները նվիրված կլինեն ներդրումներին եւ ձեռնարկատիրական գործունեությանը, քանի որ, ինչպես ցույց է տալիս եվրոպական երկրների փորձը, նոր համաձայնագրերը հենց այդ ոլորտներում են տնտեսական երկարաժամկետ զգալի օգուտներ ապահովում։

Եվրամիությունը հաստատել է վերոհիշյալ երկու երկրների հետ քաղաքական ասոցացման եւ տնտեսական ինտեգրման խորացմանն իր միտվածությունը եւ պատրաստ է ամենաուշը մինչեւ 2014թ. հունիսը ստորագրել Ասոցացման համաձայնագրերը՝ ներառյալ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու (ԱՀ/ԽՀԱԱԳ)ստեղծումը։

Մոլդովայում եւ Վրաստանում ներդրողների համար այս համաժողովների հիմական առավելություններից մեկը կլինի իրենց բիզնեսի համար ԱՀ/ԽՀԱԱԳ-ի գործնական արդյունքների քննարկումը։

Մասնակցության հայտերի վերջնաժամկերտն է մայիսի 30-ը։

Այսօրինակ համաժողովները ձեռնարկություններին հնարավորություն են ընձեռում ներկայացնել իրենց, հանրահռչակել իրենց արտադրանքը եւ ծառայությունները։ Բացի այդ, մոլդովական եւ վրացական բիզնեսին աջակցող միջազգային ֆինանսական ինստիտուտները եւ կազմակերպությունները հնարավորություն կունենան ներկայացնելու տվյալ երկրներում իրենց գործունեությունը։

Համաժողովն անցկացվելու է ինտերակտիվ ռեժիմով։ Համաժողովի ծրագրերը մանրամասնորեն կհրապարակվեն մայիսին, ԵՄ արտաքին գործերի ծառայության (EEAS) կայքէջում։

Համաժողովին հնարավոր է մասնակցել միայն հրավերով։

Եթե դուք ցանկանում եք մասնակցել վերոհիշյալ համաժողովներից որեւէ մեկին, մինչեւ մայիսի 30-ը ձեր կոնտակտներն ուղարկեք ԵՄ արտաքին գործերի ծառայության Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով զբաղվող բաժին՝ ձեր մասնակցության հայտում նշելով, թե որ համաժողովին եք ուզում մասնակցել։ Հայտերն ուղարկելու եւ այլ տեղեկատվություն ստանալու համար կարող գրել հետեւյալ էլեկտրոնային հասցեով. ENP@eeas.europa.eu (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Մանրամասներ

Մամուլի հաղորդագրություն

 

european-commission-flag

Մասնակցության հրավեր. «Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք» ֆոտոցուցահանդես

10.04.2014

Մամուլի ազատության համաշխարհային օրը՝ մայիսի 3-ը նշանավորելու նպատակով Ինֆորմացիայի ազատության կենտրոնը՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության եւ ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի հետ համատեղ կազմակերպում է «Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք» խորագրով ֆոտոցուցահանդես։

Ցուցահանդեսին մասնակցելու համար խնդրում ենք ուղարկել լուսանկարներ եւ ծաղրանկարներ, որոնք Ձեր կարծիքով պատկերում են ազատ արտահայտվելու եւ տեղեկատվություն ստանալու իրավունքների իրականացումը:

Ներկայացված նյութերից մասնագիտական ժյուրին կընտրի լավագույնները՝ մայիսի 3-ին կայանալիք ցուցահանդեսում ցուցադրելու, ինչպես նաեւ մամուլի ազատության միջազգային օրվան նվիրված հատուկ կատալոգում տպագրելու նպատակով։

Ովքեր կարող են դիմել
Ցուցահանդեսին կարող են մասնակցել բոլորը՝ անկախ մասնագիտությունից։.

Ինչպես դիմել

Դիմողներին խնդրում ենք մինչեւ 2014թ. ապրիլի 22-ը, ժամը 16:00-ը ներառյալ, ուղարկել հետեւյալը.

  1. Անուն, ազգանուն եւ կոնտակտային տվյալներ (հեռախոսի համար եւ/կամ էլ. հասցե)
  2. Առավելագույնը 5 լուսանկար/ծաղրանկար (3.35 mega pixel)
  3. Տեղեկատվություն այն մասին, թե որտեղ է արված լուսանկարը կամ ծաղրանկարը, ում կողմից, ինչ կամ ով է պատկերված։

Լուսանկարները եւ ծաղրանկարները խնդրում ենք ուղարկել foicaphoto@gmail.com էլ. հասցեով կամ կարող եք դրանց էլեկտրոնային տարբերակները ներկայացնել Ինֆորմացիայի ազատության կենտրոն (ԻԱԿ)` հետեւյալ հասցեով` Բյուզանդի փողոց 1/3, 4-րդ հարկ, Երեւան:

Հարցերի դեպքում խնդրում ենք գրել ԻԱԿ-ին foicaphoto@gmail.com հասցեով կամ զանգահարել 560360 կամ 094 700 974 հեռախոսահամարներով:

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.