Թողարկում 162

csf-logoԱլԳ ՔՀՖ հայտարարությունը Ուկրաինա ռուսական ռազմական ներխուժման վերաբերյալ

Մարտի 4, 2014

ԵՄ-ն պետք է առավելագույն դիվանագիտական ​​ճնշում գործադրի Ռուսաստանի Դաշնության նկատմամբ՝ զինված ուժերը Ուկրաինայից անհապաղ դուրս բերելու  պահանջով՝ հակառակ պարագայում ԱՄՆ-ի հետ համատեղ Ռուսաստանի նկատմամբ կիրառելով տնտեսական կոշտ պատժամիջոցներ։

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեն ողջունում է 2014թ. մարտի 3-ին ԵՄ արտաքին գործերի հանձնաժողովի նիստում ընդունված եզրակացությունները, մասնավորապես այն, որ դատապարտվել են Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության խախտման քայլերը եւ որոշում է կայացվել՝ Ռուսաստանի կողմից հակամարտության ծավալման դեմ նպատակային միջոցներ կիրառելու վերաբերյալ։

Մենք կոչ ենք անում ԵՄ անդամ պետություններին եւ Եվրախորհրդին՝ առավելագույն դիվանագիտական ​​ճնշում կիրառել ռուսական ռազմական ուժերն Ուկրաինայից անհապաղ դուրս բերելու եւ իրենց մշտական տեղակայման վայրեր վերադարձնելու համար, եւ ԵՄ դիտորդական առաքելության ուղարկել Ղրիմ՝ իրավիճակը վերահսկելու նպատակով։

Հայտարարության ամբողջական տեքստը՝ այստեղ

EU-Russia-CSF-LogoԿանխել պատերազմի վտանգը

02.03.2014

ԵՄ-Ռուսաստան Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեն իր վճռական բողոքն է արտահայտում ռուսական զորքերն Ուկրաինայի տարածք մտցնելու վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի որոշման դեմ։

Որեւէ հիմք չկա ինքնիշխան պետության ներքին գործերին ռազմական միջամտություն կատարելու համար. մարդու իրավունքների կոպիտ եւ մասսայական խախտումներ կամ մարդկության դեմ հանցանքներ չեն կատարվում, Ուկրաինայում չեն խախտվում Ռուսաստանի քաղաքացիների իրավունքները։ Ազգային շահերի պաշտպանության պատճառաբանությամբ արվող ռազմական միջամտությունը միանգամայն անթույլատրելի է իրեն ժողովրդավար եւ միջազգային իրավունքի կանոններին հետեւող երկրի համար, առավել եւս, երբ նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետություն է։ Մեզ խիստ անհանգստացնում են նաեւ ռուսական զորքերի՝ Ղրիմ մտնելու վերաբերյալ տեղեկությունները։

Մենք կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդին՝ անհապաղ չեղյալ հայտարարել Ուկրաինա ռուսական զորքեր մտցնելու վերաբերյալ որոշումը։ Մենք կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնության իշխանություններին՝ հրաժարվել Ուկրաինայի տարածք ներխուժելու ծրագրերից եւ զորախմբերը վերադարձնել իրենց մշտական տեղակայման վայրեր։

Մենք կոչ ենք անում Ռուսաստանի քաղաքացիներին՝ զերծ մնալ ռազմական հիստերիայից, չաջակցել բարեկամ երկրի նկատմամբ կատարվող ռազմական միջամտությանը եւ հիշել բոլոր ժողովուրդների համար պատերազմի ծանր հետեւանքների մասին, անգամ երբ նման հրամաններ արձակողները հասնում են  իրենց ռազմական նպատակներին։

Մենք Ուկրաինայի իշխանություններին եւ քաղաքացիներին կոչ ենք անում ուժով չպատասխանել ռազմական միջամտությանը, չենթարկվել սադրանքներին եւ բոլոր ջանքերը ներդնել հակամարտության խաղաղ կարգավորման համար։ Այդօրինակ քայլեր կարող են լինել ազգային եւ լեզվական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը եւ ազգամիջյան համաձայնության ձեռքբերումը, ինչպես նաեւ բոլոր հիմնարար իրավունքների հարգումը։

Ցանկացած՝ ամենաբարդ խնդիրները, ներառյալ տարածքային, լեզվական քաղաքականության, իշխանության մարմինների նոր ընտրությունների եւ այլ հարցեր, կարող են եւ պետք է լուծվեն հենց ուկրաինացիների կողմից՝ խաղաղ ժողովրդավարական ճանապարհով, առանց բռնության եւ արտաքին միջամտությունների։

Մենք կոչ ենք անում երկու երկրների քաղաքացիներին եւ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, ինչպես նաեւ եվրոպական երկրներին՝ համերաշխություն դրսեւորել եւ միասնականորեն գործել՝ կանխելու համար  մարդկային եւ քաղաքական հսկայական կորուստներով հղի պատերազմը։

Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ առաջին հերթին Եվրոպայի խորհրդին, Եվրամիությանը, ԵԱՀԿ-ին եւ ՄԱԿ-ին, ձեռնարկել անհետաձգելի եւ արդյունավետ միջոցներ՝ խաղաղությունը պահպանելու եւ Ուկրաինայի ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու համար։ Այդօրինակ քայլերի շարքում կարող է լինել բարձր մակարդակի առաքելության անհապաղ առաքումը Ուկրաինա՝ իրավիճակի վերահսկողության եւ հակամարտության կողմերի միջեւ միջնորդական առաքելություն իրականացնելու համար։

Ավելին՝ այստեղ

EuropAid logo_enԲարոզո. ԵՄ-ն ուկրաինական ճգնաժամին ի պատասախան հանդես է գալիս հստակ առաջարկություններով

03.03.2014

BarrosoԻ պատասխան Ուկրաինայում տեղի ունեցած վերջին իրադարձությունների՝ Եվրոպական հանձնաժողովը ԵՄ անդամ բոլոր երկրների հետ աշխատում է   համատեղ վճռական քայլերի մշակման վրա»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն, հավելելով, որ նույն օրը տեղի է ունենալու նաեւ արտաքին գործերի հանձնաժողովի նիստ, ինչպես նաեւ շատ շուտով անցկացվելու են Եվրամիության անդամ երկրների նախագահների եւ կառավարությունների ղեկավարների հանդիպումներ՝ հարցի վերաբերյալ միասնական ռազմավարություն մշակելու համար։

Իր մեկնաբանություններում, որ Բարոզոն արել է Բեռլինում ընթացող «Հոգի՝ Եվրոպայի համար» միջոցառման կուլիսներում, նա ընդգծել է, որ անհրաժեշտ է ցույց տալ «մեր հակվածությունը Ուկրաինայի ինքնիշխանության գաղափարին»՝  հենվելով վերջին մի քանի օրերի ընթացքում ուկրաինական եւ ռուսական իշխանությունների հետ առկա բազմաթիվ շփումների արդյունքների վրա։

«Մինչ այդ, ԵՄ-ն պատրաստում է Ուկրաինայի աջակցության փաթեթ, մասնավորապես, աշխատում է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ»,– ասել է Բարոզոն։ «Մենք եւս մեկ անգամ հաստատում ենք, որ պատրաստ ենք Ուկրաինային առաջարկել քաղաքական ասոցացում եւ տնտեսական ինտեգրում՝ Ասոցացման համաձայնագրի միջոցով, ներառելով ազատ առեւտրի գոտու ստեղծումը։ Սակայն այդ երկրում առկա են  որոշակի դժվարություններ, որոնց մենք պետք է արձագանքենք ծայրահեղ միջոցների կիրառմամբ»,-ընդգծել է նա։

Բարոզոն հատկապես շեշտել է ԵՄ միջազգային գործընկերների հետ հնարավոր բոլոր միջոցներով   «հակամարտության խորացումից խուսափելու եւ Ուկրաինայի ինքնիշխանության խաթարումը թույլ չտալու կարեւորությունը»։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

 Մանրամասներ

Բարոզոյի մեկնաբանությունները

european-commission-flag

Եվրախորհրդարանը կանաչ լույս է վառում Մոլդովայի քաղաքացիների համար

27.02.2014

VisaՓետրվարի 27-ին Եվրախորհրդարանում հաստատված օրենսդրական նախագծի համաձայն՝ շուտով Մոլդովայի քաղաքացիները կարող են առանց վիզայի շրջագայել ԵՄ Շենգենյան գոտում։ Մոլդովան Արեւելյան գործընկերության առաջին երկիրն է, որը բավարարել է անհրաժեշտ բոլոր պայմանները, որոնք սահմանված են եղել վիզային ռեժիմի ազատականացման Գործողությունների պլանով։

Կենսաչափական անձնագրեր (չիպով, որտեղ պահպանված է փաստաթղթի տիրոջ լուսանկարը եւ  մատնահետքերը) ունեցող մոլդովացիները կարող են 180 օրվա ընթացքում առանց վիզայի ճանապարհորդել Շենգենյան գոտում՝ 90 օրը չգերազանցող ժամկետով։

«Այսօր անչափ կարեւոր օր է ԵՄ վիզային քաղաքականության եւ հատկապես Մոլդովայի համար։ Ես շատ ուրախ եմ, որ Եվրախորհրդարանը ճնշող մեծամասնությամբ որոշում ընդունեց Մոլդովայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը վերացնելու վերաբերյալ»,- ասել է զեկուցող Տանյա Ֆայոնը։

«Վիզանի ռեժիմի վերացումը Եվրամիության հետ հարաբերությունների առավել կոնկրետ բաղադրիչներից է եւ շարքային քաղաքացիների, հատկապես երիտասարդների համար անչափ կարեւոր միջոցառումներից մեկը։ Մոլդովան բացում է իր պատմության նոր էջը։ Կառավարությունը պետք է շարունակի իր եվրոպական ուղին, իսկ ես ջերմորեն ողջունում եմ այդ ճանապարհին ներդրվելիք բոլոր ջանքերը,– շարունակել է նա։

Եվրախորհրդարանի այս որոշումը դեռեւս պետք է մինչեւ ապրիլ պաշտոնապես հաստատի Եվրահանձնաժողովը։ «Մոլդովայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը մինչեւ ամառ կվերացվի»,- հայտարարել է Ֆայոնը։

Մոլդովան ԵՄ քաղաքացիների համար վիզային ռեժիմը վերացրել է 2007թ. հունվարի 1-ից։ Մոլդովան ԵՄ-ի հետ պարզեցված վիզային ռեժիմի վերաբերյալ 2008 թվականից ուժի մեջ մտած պայմանագիր ունի։ Եվրահանձնաժողովի տվյալներով՝ Մոլդովայի քաղաքացիներից շենգենյան կարճաժամկետ վիզա ստանալու դիմումները վերջին երեք տարիների ընթացքում կայուն թիվ են կազմում (50.000-55.000-ի սահմաններում)։ Բացի այդ, շատ մոլդովացիներ արդեն իսկ ունեն ռումինական անձնագրեր։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Մանրամասներ

Մամուլի հաղորդագրություն

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.