Թողարկում 160

CSF_Armenia_logo_ARMԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի

Հայաստանի ազգային պլատֆորմի

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ընդունվել է 2014թ. փետրվարի 8-ին, ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համաժողովում։

Մենք` Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի ներկայացուցիչներս, մեր խորը մտահոգությունն ենք հայտնում Հայաստանում 2013թ. սկիզբ առած եւ 2014թ. շարունակվող քաղաքական հետապնդումների նոր ալիքի վերաբերյալ:

Երկրում ընթացող տարբեր քաղաքացիական շարժումների կողմից նախաձեռնված ազատ հավաքների, բողոքի ցույցերի, երթերի մասնակիցների եւ ակտիվիստների նկատմամբ Հայաստանի ոստիկանության կողմից դրսեւորվող ապօրինություններն ուղեկցվում են բռնություններով, չեն բացահայտվում ակտիվիստներին բռնության ենթարկած անհայտ անձինք: Այս ամենը նպատակ է հետապնդում ահաբեկել իրենց իրավունքների պաշտպանության համար ոտքի ելած ակտիվիստներին: Չբավարարվելով այդ ամենով, իշխանությունների հրահանգով ոստիկանությունը քրեական եւ վարչական հետապնդումներ է իրականացնում առավել ակտիվ քաղաքացիների եւ «վտանգավոր» ակտիվիստների նկատմամբ:

2013թ. մայիսի 9-ից պահեստազորի փոխգնդապետ Վոլոդյա Ավետիսյանն Ազատության հրապարակում իր բողոքի ակցիան արտահայտել էր նստացույցով` կառավարության ուշադրությունը հրավիրելով Արցախյան պատերազմի վետերանների սոցիալական խնդիրների վրա: Բողոքին միացել էին նաեւ այլ վետերաններ: 2013թ. սեպտեմբերի 20-ին Վ. Ավետիսյանը ձերբակալվեց` մեղադրվելով ՔՕ 178-րդ (խարդախություն) հոդվածով նախատեսված արարք կատարելու համար: ՀՀ ԱԺ-ի կողմից 2013թ. հոկտեմբերի 3-ին համաներում հայտարարելուց հետո քննչական մարմինը հապճեպորեն նոր մեղադրանք առաջադրեց Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ` ՔՕ 178-րդ հոդվածի 1-ին 2-րդ մասի 5-րդ կետերով: Սրանով նախաքննական մարմինը խափանեց համաներման կիրառման պարագայում Վ. Ավետիսյանի ազատ արձակումը եւ կալանքը երկարացրեց՝ շարունակելով նրան պահել անազատության մեջ:

2013թ. օգոստոսի 24-ին Կոմիտասի 5 հասցեում տեղի ունեցած ցույցի ժամանակ ոստիկանությունն ուժով ցրեց խաղաղ հավաքը` բռնություններ գործադրելով ակտիվիստների նկատմամբ։ Կատարվեցին նոր ձերբակալություններ, որոնց թվում էր նաեւ «Արմենիա Թուդեյ» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Արգիշտի Կիվիրյանը: Ոստիկանության բաժին տեղափոխելիս ոստիկանության ծառայողները մեքենայի մեջ Արգիշտի Կիվիրյանին արյունահոսելու աստիճանի  ծեծի էին ենթարկել, որից հետո նրան տեղափոխել էին մոտակա հիվանդանոց: Դեպքի վերաբերյալ Ա.Կիվիրյանը եւ իր փաստաբանը հաղորդում էին ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն` ծեծի փաստով քրեական գործ հարուցելու, դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու պահանջով: Փորձաքննությունն անցկացվել էր չորս օր անց` օգոստոսի 29-ին, երբ ծեծի հետեւանքների մի մասն արդեն վերացած էին եղել, իսկ հիվանդանոցի գրառումների մատյանում նշում չէր կատարվել, որ Կիվիրյանը լուրջ վնասվածքներ է ունեցել: Օգոստոսի 27-ին դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որում նշվել էր, որ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար Ա.Կիվիրյանին ոստիկանության ավտոմեքենայով ոստիկանության բաժին տանելիս վերջինս հայհոյել եւ բռունցքով հարվածել է ոստիկանին`  պատճառելով մարմնական վնասվածք, ինչի հիման վրա Ա.Կիվիրյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ-ի 316-րդ հոդվածով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրել): Ավելի ուշ Ա.Կիվիրյանին նաեւ նոր մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 333-րդ հոդվածով (սուտ մատնություն):

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը մի խումբ համակիրների հետ 2013թ. հոկտեմբերի 31-ից նստացույց էր կազմակերպել Ազատության հրապարակում` բողոքելով Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության դեմ: Նոյեմբերի 5-ին` «Անոնիմուսներ» շարժման միջազգային օրը, Շանթ Հարությունյանը կազմակերպել էր «Անոնիմուսներ» դիմակներով երթ դեպի ՀՀ նախագահի նստավայր, իր խոսքով` հեղափոխություն կատարելու համար:

Շանթ Հարությունյանի եւ նրա աջակիցների երթը սկսվելուն պես ոստիկանները փակեցին երթի մասնակիցների ճանապարհը: Անհայտ մարդկանց սադրիչ գործողությունների արդյունքում տեղի ունեցավ ընդհարում ոստիկանների եւ մասնակիցների միջեւ, գործադրվեցին պայթուցիչներ (որոնք միայն ծուխ եւ ձայնային էֆեկտներ են առաջացնում): Արդյունքում` տասնյակ ակտիվիստներ բերման ենթարկվեցին ոստիկանություն, եւ 14 անձանց նկատմամբ հարուցվեցին քրեական գործեր ՀՀ ՔՕ 316-րդ (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) եւ 185-րդ (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) հոդվածներով:

Վերոնշյալ անձանց նկատմամբ հարուցված քրեական գործերը մենք համարում ենք քաղաքական հետապնդում, իսկ իրենց՝ թվով 16 անձանց` քաղաքական բանտարկյալներ եւ հալածյալներ:

Ոստիկանությունը դատական հայցեր է ներկայացրել մի քանի տասնյակ քաղաքացիական ակտիվիստների դեմ, ովքեր բողոքի խաղաղ ցույցերի էին դուրս եկել 2013 թվականի դեկտեմբերի 2-ին, իշխանություններից պահանջելով առուծախի առարկա չդարձնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը։ Ցուցարարների դեմ ոստիկանությունը բիրտ ուժ կիրառեց՝ անօրինական կերպով սահմանափակելով խոսքի, ազատ արտահայտման, երթերի, հավաքների եւ ազատ տեղաշարժման սահմանադրական իրավունքները, ձերբակալելով եւ ոստիկանական բաժիններ տանելով ավելի քան 110 հոգու: Ոստիկանության հայցերով  պահանջվում է վարչական պատասխանատվության ենթարկել խաղաղ ցուցարարներին (ՀՀ ՎԻՎ օրենսգիրք, 1801 15. Հավաքի խաղաղ եւ բնականոն ընթացքի ապահովման վերաբերյալ ոստիկանության` օրենքով սահմանված պահանջները չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով), ինչը մենք գնահատում ենք որպես ակտիվիստների հանդեպ գործադրված ֆինանսական ճնշում:

Այս կապակցությամբ հայտարարում ենք, որ դեկտեմբերի 2-ի ցույցի մասնակիցներն առանց որեւէ օրինազանցության օգտվել են իրենց սահմանադրական իրավունքներից, անցկացրել են խաղաղ ցույցեր եւ երթեր, մինչդեռ ոստիկանները Երեւանի կենտրոնում` Հյուսիսային պողոտայում, Ամիրյան փողոցում եւ Սախարովի անվան հրապարակում ապօրինաբար փակել են ճանապարհները եւ խոչընդոտել են քաղաքացիների իրավունքների իրացումը:

Ընդսմին, ոստիկանությունից պահանջում ենք անհապաղ հետ վերցնել խաղաղ ցուցարարների դեմ դատարաններ ուղարկած հայցերը եւ մեկընդմիշտ հրաժարվել այս կամ այլ կերպ քաղաքացիներին ահաբեկելու պրակտիկայից: Ոստիկանությանը կոչ ենք անում ազատ քաղաքացիների նկատմամբ ճնշումների գործիք չդառնալ, ազատ արձակել կալանավորված` վերոհիշալ բոլոր քաղաքացիներին, կարճել նրանց նկատմամբ հանիրավի հարուցված քրեական գործերի քննությունը եւ դադարեցնել քաղաքական հետապնդումները:

Հայաստանի իշխանություններից պահանջում ենք սթափվել, գիտակցել երկրի համար օրհասական այս պահը եւ չխաթարել մեր պետության հեղինակությունն ու ապագայի տեսլականը:

Այս ամենի լույսի ներքո, հասարակությանը կոչ ենք անում չընկրկել իշխանությունների հակաժողովրդական գործողությունների առջեւ, գոտեպնդվել եւ պայքարել սեփական իրավունքների ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետության ապագայի համար:

 

csf-logoՔաղաքացիական հասարակության ֆորումը կազմակերպել էր Արեւելյան գործընկերության հարցերին նվիրված միջոցառում. Եվրամիության հեռանկարային ռազմավարությունն Արեւելյան գործընկերների եւ Ռուսաստանի նկատմամբ

13. 02. 2014

pic2_event_12_2014Եվրոպական խորհրդարանում փետրվարի 12-ին տեղի է ունեցել փորձագիտական հանդիպում ԱլԳ կողմնակիցների՝ ԵՄ պաշտոնյաների, լրագրողների, վերլուծական կենտրոնների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ։ ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի կողմից կազմակերպված այս միջոցառման ուշադրության կենտրոնում եղել են Արեւելյան գործընկերության տարածաշրջանում եվրոպական ինտեգրման ապագա ռազմավարությունը, առկա մարտահրավերները եւ դասերը։

Միջոցառմանը ելույթներ են ունեցել ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Եվրոպայի տնտեսական եւ սոցիալական կոմիտեի (EESC)  նախագահ Անրի Մալոսը, Եվրահանձնաժողովի «Europe Aid»-ի գլխավոր տնօրինության Արեւելյան հարեւանության տարածաշրջանային ծրագրերի բաժնի ղեկավար Ֆիլիպ Միկոսը, ինչպես նաեւ ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեի անդամներ Ջեֆ Լովիտը, Յան Պեկլոն եւ Լեյլա Ալիեւան։

Քննարկման առանցքային թեմաները եղել են ԱլԳ տարածաշրջանում ժողովրդավարական արժեքները եւ մարդու իրավունքները, ինչպես նաեւ Եվրամիության դերը՝ որպես ԱլԳ երկրներում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման շարժիչ ուժ։  Անրի Միլոսն ընդգծել է տեղի ունեցող գործընթացներում Եվրամիության ինստիտուտների առավել ակտիվ մասնակցության եւ ԱլԳ երկրների նկատմամբ երկակի ստանդարտների կիրառումից խուսափելու կարեւորությունը։ Նա խոսել է ԵՄ անդամ երկրների կողմից վիզային ռեժիմի ազատականացման հարցերում մեծ առաջընթաց տեսնելու իր ցանկության, ինչպես նաեւ բարեփոխումների գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավվածության կարեւորության մասին։

Ավելին՝ այստեղ
 

european-commission-flag

Հայաստանում գործարկվել է փոքր եւ միջին ձեռնարկությունների մրցունակության բարձրացման նախագիծը

18.02.2014

950-oecdՀայաստանում փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) մրցունակության բարձրացմանն էր  նվիրված Երեւանում փետրվարի 11-ին գործարկված նախագիծը, որը համաֆինանսավորվում է Եվրամիության կողմից՝ ԵՄ Արեւելյան գործընկերության ՓՄՁ ծրագրի շրջանակներում։  Դրա իրականացմամբ զբաղվելու է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը՝ ՏՀԶԿ-ն (OECD), եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ)։

«Նոր նախագիծը հիմնականում զբաղվելու է նորմատիվային առաջարկությունների եւ գործողությունների պլանների մշակմամբ՝ Հայաստանն անդրազգային ընկերությունների համար հրապուրիչ դարձնելու եւ տեղական ՓՄՁ-ների միջազգայնացմանն աջակցելու հարցերով»,- ասված է  ՏՀԶԿ մամուլի հաղորդագրության մեջ։

Հաջորդ տարվա ընթացքում պետական-մասնավոր երկու աշխատանքային խմբեր պարբերաբար կհանդիպեն նորմատիվային առաջարկությունների մշակման համար։ Հայաստայան բարձր մակարդակի պատվիրակությունն այնուհետ  կոնկրետ ոլորտների համար կազմված գործողությունների պլանները կներկայացնի այս տարվա նոյեմբերին Փարիզում կայանալիք՝ մրցունակության հարցերով Եվրասիական կլոր սեղանի խորհրդաժողովին, որն իրենից ներկայացնում է կոնտակտային քաղաքական ֆորում՝ Եվրասիական ամբողջ տարածաշրջանի եւ ՏՀԶԿ անդամ երկրների բարձր մակարդակի ներկայացուցիչների մասնակցությամբ։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Մանրամասներ

Մամուլի հաղորդագրություն

ԵՄ ներկայացուցչությունը Հայաստանում 

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.