Թողարկում 155

CSF_Armenia_logo_ARMՔաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

21 դեկտեմբերի, 2013թ.

Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը (ՀԱՊ)  Արեւելյան գործընկերության (ԱլԳ) վիլնյուսյան գագաթնաժողովը գնահատում է որպես կարեւոր իրադարձություն, որը հնարավորություն ընձեռեց «վերանայել իրողությունները», հստակ եւ համարժեքորեն ձեւակերպել ինչպես գործընկեր յուրաքանչյուր երկրի, այնպես էլ Եվրոպական միության ձեռքբերումները, անհաջողությունները, հավակնություններն ու պատասխանատվության աստիճանը:

Գագաթնաժողովը վերջնականապես արձանագրեց ԵՄ հետ Ասոցացման ուղղությամբ  Հայաստանի Հանրապետության վերջին տարիների քաղաքականության ձախողումը: Փաստորեն, հրաժարվելով եվրոպական ինտեգրացիայից եւ ընտրելով ինտեգրացիոն  այլ մոդել՝ Հայաստանը կորցրեց իր պետականությունը նոր որակի բարձրացնելու ամենաակնառու հնարավորությունը եւ ոտք դրեց իր ինքնիշխանության եւ ազգային անվտանգության համար  իրական սպառնալիքներով  լի ուղի: ՀՀ իշխանությունների այս քայլով խիստ սահմանափակվեցին ժողովրդավարական ինստիտուտների, մարդու իրավունքների եւ այլ ոլորտներում բարեփոխումների իրականացման հնարավորությունները։

 ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը վերստին ընդգծում է.

  • Մաքսային միությանը միանալու եւ Եվրասիական միության կազմավորմանը մասնակցելու մտադրությունը եւ, համապատասխանաբար, ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից հրաժարումը կայացվել է առանց ՀՀ պետական մարմինների հետ պատշաճ համաձայնեցման եւ հասարակության հետ քննարկումների։
  • ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի կողմից Հայաստանի ղեկավարությանը մոտ չորս ամիս շարունակ ուղղված կոչերը՝ սույն հարցը մտցնել ՀՀ Ազգային ժողովի նստաշրջանի օրակարգ, անցկացնել խորհրդարանական լսումներ եւ քաղաքացիական հասարակությանը ներկայացնել որոշման հիմնավորումները, անտեսվել են։ Հարցի քննարկման նկատմամբ լուրջ շահագրգռություն հանդես չի բերել ոչ միայն իշխող կոալիցիան, այլ օրենսդիր մարմինն՝ ընդհանուր առմամբ։
  • Մաքսային միությանը միանալու դեմ սեպտեմբերի 5-ի ակցիայից հետո քաղաքացիական ակտիվիստներ Հայկակ Արշամյանի եւ Սուրեն Սաղաթելյանի հանդեպ կատարված դաժան բռնարարքի, ինչպես նաեւ նմանատիպ այլ դեպքերի հետաքննությունն իրականացվում է առանց հանցագործությունների բացահայտման համար անհրաժեշտ միջոցների կիրառման։
  • Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված՝ 2013թ. դեկտեմբերի 2-ի ակցիայի մասնակիցների հանդեպ իշխանությունների կողմից կիրառված գործողությունները, մասնավորապես 110 ակտիվիստների ոստիկանության բաժիններ բերման ենթարկելը,  աննախադեպ են եղել իրենց անհամաչափությամբ եւ կոպտորեն սահմանափակել են քաղաքացիների հավաքների եւ  ազատ արտահայտվելու իրավունքները։
  • Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման խափանման եւ ՄՄ ուղղությամբ շարժվելու հետեւանքները՝ գազային նվաստացուցիչ պայմանագրերը, իշխանությունների վերահսկողության ներքո գտնվող ԶԼՄ-ների եւ հատկապես Հանրային հեռուստատեսության եթերում բազմակարծության սահմանափակումները, Հայաստանի պետական լեզվի կարգավիճակի վերանայման եւ նմանատիպ այլ միտումներն արդեն իսկ մտահոգիչ են։

 ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը հայտարարում է, որ՝

  • ԱլԳ վիլնյուսյան գագաթնաժողովում Սերժ Սարգսյանի ելույթում հնչած՝ մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության սկզբունքներին հավատարմության հավաստիացումները վերջին իրադարձությունների լույսի ներքո արժանահավատ չեն։
  • ՀՀ ղեկավարության վերջին ամիսների պահվածքը ոչ մի կերպ չի համապատասխանում ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի եւ ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի համատեղ հայտարարությունում տեղ գտած՝ քաղաքացիական հասարակության ամրապնդման կարեւորության ճանաչմանը։
  • Ոչնչով չի հաստատվում ՀՀ իշխանությունների համաձայնությունը 2013թ. դեկտեմբերի 9-ին Բրյուսելում տեղի ունեցած Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորհրդի 14-րդ նիստից հետո Եվրամիության ընդլայնման եւ  հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի կատարած այն հայտարարության հետ, որում կարեւորվում է ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի դերը բարեփոխումների մոնիտորինգում։

Հաշվի առնելով վերոհիշյալը եւ ԱլԳ շրջանակներում Եվրամիության եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների հետագա ձեւաչափի եւ բովանդակության վերաբերյալ նոր մոտեցումների մշակման իրողությունը, Հայաստանի ազգային պլատֆորմը Հայաստանի Հանրապետության ղեկավարությունից պահանջում է մինչեւ 2014թ. հունվարի վերջն ընկած ժամանակահատվածում մասնակցել ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի նիստին, որի ժամանակ՝

  • կոնկրետ հիմնավորումներ ներկայացնել՝ եվրաինտեգրման ուղին  եվրասիականով փոխարինելու, Մաքսային միությանը միանալու վերաբերյալ որոշման սահմանադրականության, ինչպես նաեւ ՀՀ ներկայիս արտաքին քաղաքական ուղղության պարագայում Հայաստանի ինքնիշխանության պահպանման երաշխիքները։
  • քննարկել եւ կոնկրետացնել ՀՀ կառավարության եւ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համագործակցության, ներառյալ՝ «կառուցվածքային երկխոսության» գաղափարի եւ ԵՄ կողմից Հայաստանին բյուջետային աջակցության նկատմամբ վերահսկողության մեխանիզմները։

Նշված պահանջների անտեսումը ՀԱՊ-ը գնահատելու է որպես ՀՀ իշխանությունների կողմից վերջնական հրաժարում քաղաքացիական հասարակության հետ կառուցողական երկխոսությունից եւ երկրում բարեփոխումներն առաջ տանելու հնարավորությունը կապելու է  նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրությունների միջոցով ՀՀ իշխանափոխության հետ։

ԵՄ-Հայաստան հարաբերությունների հնարավոր նոր ձեւաչափի հստակեցման պարագայում Եվրամիության կառույցներին կոչ ենք անում՝

  • դասեր քաղել նախկին փորձից եւ Հայաստանի հետ հարաբերությունները կառուցել պարտավորությունների անվերապահ կատարման հիման վրա, բացառելով երկակի ստանդարտների կիրառումը եւ խստորեն հետեւելով «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքին,
  • հետեւողականություն հանդես բերել բարեփոխումների արդյունավետության գնահատման եւ, մասնավորապես, Եվրամիության կողմից հատկացված օգնության օգտագործման մոնիտորինգում քաղաքացիական հասարակության իրական ներգրավվածություն հարցերում։

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը վերահաստատում է իր հավատարմությունը Հայաստանի եվրաինտեգրման տեսլականին եւ վճռականությունը՝ հանդես գալ որպես ՀՀ իշխանությունների ընդդիմախոս՝ Մաքսային միությանն անդամակցելու հարցում։ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը պատրաստ է օգտագործել իր ամբողջ ներուժը՝  Հայաստանը Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի օրակարգին վերադարձնելու համար: Այդ նպատակով ՀԱՊ-ն իրազեկման լայնածավալ աշխատանք է իրականացնելու եւ պատրաստ է համագործակցել քաղաքական եւ քաղաքացիական այն բոլոր կառույցների հետ, որոնք կիսում են Պլատֆորմի մոտեցումներն ու նպատակները:

 

CSF logoԵՄ Արեւելյան հարեւանները՝  ճամփաբաժանին. Քաղաքացիական հասարակության ֆորումը Եվրոպական խորհրդարանում գնահատել է Վիլնյուսից հետո հնարավոր սցենարները

23.12.2013

EP_image_smallԵՄ երկրների քաղաքական գործիչները եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն անցյալ շաբաթ մասնակցել են Եվրախորհրդարանում (ԵԽ) տեղի ունեցած հանդիպմանը, որը կազմակերպել էին Քաղաքացիական հասարակության ֆորումը եւ Եվրախորհրդարանի փոխխոսնակ Յացեկ Պրոտասեւիչի գրասենյակը։ «ԵՄ Արեւելյան հարեւանները՝  ճամփաբաժանին» թեմայով հանդիպման մասնակիցները գնահատել են Վիլնյուսից հետո Եվրոպական հարեւանության Արեւելյան տարածաշրջանում տիրող իրավիճակը, նշել աշխարհաքաղաքական եւ քաղաքական այն երկընտրանքների հնարավոր լուծման ուղիները, որ ծառացած են այդ երկրների առջեւ, եւ գնահատել այն դերը, որ կարող է ունենալ քաղաքացիական հասարակությունը՝ բարեփոխումների իրականացման գործընթացներում։

ԵԽ նախկին խոսնակ Եժի Բուզեկը, շնորհավորելով հանդիպման մասնակիցներին, ընդգծել է, որ ԵՄ-ն իր հարեւաններին անգնահատելի առաջարկ է արել՝ կարճաժամկետ հեռանկարում՝ վիզային ռեժիմի լրիվ ազատականացում, էներգետիկ շուկայի ազատականացում եւ փորձի փոխանակման հնարավորություն, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ այդ երկրների լիակատար տրանսֆորմացիա։ Բուզեկը նշել է քաղաքացիական հասարակության դերը ԱլԳ երկրներում եւ ԵՄ կողմից պատրաստակամություն հայտնել աջակցելու նրանց՝ տարածաշրջանում բարեփոխումների հետեւողական իրականացման գործում։

Քննարկումներում մտահոգություն է հնչել Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վերաբերյալ, քննարկվել է Հայաստանի՝ Ռուսաստանի հետ մերձենալու հարցը եւ այն, թե դա ինչպես կանդրադառնա Եվրամիության հետ հարաբերությունների վրա, նշվել են Վրաստանի ներքին եւ արտաքին հիմնախնդիրները ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից առաջ, Մոլդովայում բարեփոխումների իրականացման հետ կապված  դժվարությունները եւ մինչեւ հաջորդ ընտրությունները Ասոցացման համաձայնագրի ստորագրման կարեւորությանը վերաբերող հարցեր։

ԵԽ նախագահի գրասենյակի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Առնոլդաս Պրանկյավիչուսն ասել է, որ Վիլնյուսյան գագաթնաժողովը «ահազանգ» հնչեցրեց ԵՄ առաջնորդների համար։ Նա նշել է, որ Ուկրաինայում ընթացող վերջին իրադարձությունների լույսի ներքո՝ Եվրամիությունն ավելի խորը ռազմավարական մոտեցում պետք է դրսեւորի Արեւելյան գործընկերության՝ որպես տարածաշրջանի առջեւ ծառացած աշխարհաքաղաքական եւ քաղաքական երկընտրանքների լուծման միջոցների մեկի հանդեպ։ «Պարզ է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններն այժմ վերանայման կարիք ունեն»,- ասել է նա, հավելելով, որ Ուկրաինայի ժողովրդի ակնկալիքներն, իր համոզմամբ, պետք է իրականանան։

Հանդիպման մասնակիցները պաշտպանել են Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեի առաջարկությունները՝ ուղղված Ուկրաինայի իշխանություններին եւ Եվրամիությանը։

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները քաղաքական գործիչներին կոչ են արել Արեւելյան գործընկերության տարածաշրջանում իրականացվող քաղաքականության եւ ռազմավարության մշակման հարցերում ունկնդիր լինել իրենց ձայնին եւ առաջարկություններին։ (Եվրոպական հարեւանության տեղեկատվական կենտրոն)

Մանրամասներ

Մամուլի հաղորդագրություն

 

CSF logoԱրեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի հարգելի գործընկերներ, Ֆորումի բարեկամներ,

d858edcc53b51150839d42b3f35340d2Մենք ուզում ենք շնորհակալություն հայտնել ձեզ՝ աջակցության, գաղափարների եւ այն ջանքերի համար, որ դուք 2013-ին ներդրել եք Ֆորումի աշխատանքներում։ Արեւելյան գործընկերության համար անցնող տարին հարուստ էր իրադարձություններով, որոնք մենք համարում ենք արդյունավետ եւ խաղաղ միջոցներ՝ ԱլԳ վեց երկրներում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման, իրավունքի գերակայության եւ կայուն շուկայական մեխանիզմների հաստատման համար։

Այս տարվա ընթացքում իրականացված համատեղ ձեռնարկներն ու նախաձեռնությունները ցույց տվեցին, որ միասին մենք ավելի ուժեղ ենք, եւ որ փորձի փոխանակումը հավելյալ հնարավորություններ է ընձեռում։ Մենք այս տոնական շրջան են մուտք գործում՝ մեր աջակցությունը հայտնելով նրանց, ովքեր առաջ են տանում ժողովրդավարական արժեքները եւ եվրոպական ընտրությունը ԱլԳ յուրաքանչյուր երկրում։ Մաղթում ենք, որ այդ արժեքները ձեր երկրներում էլ ավելի ամրապնդվեն, իսկ մենք կշարունակենք մեր առավելագույն ջանքերը ներդնել այդ գործընթացում։

Բոլորիդ մաղթում ենք ուրախ տոներ։

ԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտե

ԱլԳ ՔՀՖ քարտուղարություն

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.