Թողարկում 152

EU-Armenia flagՀայաստանի Հանրապետության ու Եվրոպական միության համատեղ հայտարարությունը

29.11.2013

Վիլնյուս

Nalb-AshtonԵվրոպական միությունն ու Հայաստանը ունեն սերտ կապեր եւ վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ ավելի զարգացնել եւ ամրապնդել Արեւելյան գործընկերության շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ համագործակցությունը։

Հենվելով ընդհանուր արժեքների վրա, երկու կողմերը հանձնառու են զարգացնել համագործակցությունը՝ ուղղված ժողովրդավարական հաստատությունների եւ դատական համակարգի շարունակական բարելավմանը, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության խթանմանը, արդյունավետ կառավարմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը, առեւտրի ու ներդրումների ընդլայնման համար միջավայրի հետագա կատարելագործմանը, շարժունակության գործընկերության շարունակական իրականացմանը եւ ոլորտային համագործակցության ընդլայնմանը։

Եվրոպական միությունը եւ Հայաստանը շեշտում են իրենց ընդհանուր ձգտումը՝ համագործակցության գործող շրջանակի հիման վրա երկկողմ հարաբերությունների հիմքին անդրադառնալու կարեւորությունը:

Եվրոպական միությունն ու Հայաստանը արձանագրում են, որ ավարտել են Ասոցացման համաձայնագրի, այդ թվում Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցությունները, սակայն չեն նախաստորագրելու այն, քանի որ Հայաստանն ունի նոր միջազգային հանձնառություններ։

Կողմերը համաձայն են, որ անհրաժեշտ է արդիականացնել ԵՄ-Հայաստան Եվրոպական հարեւանության քաղաքականության Գործողությունների ծրագիրը։

european-commission-flagԵՄ-ն դատապարտում է անհամաչափ ուժի կիրառումը Ուկրաինայում բողոքի խաղաղ ցուցարարների դեմ

02.12.2013

Kiev-protests-009Եվրամիությունը խստորեն դատապարտել է Կիեւում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառումը խաղաղ ցուցարարներին ցրելու ժամանակ, «երբ նրանք հաստատակամորեն եւ  աննախադեպ կերպով իրենց աջակցությունն էին արտահայտում Եվրամիության հետ Ուկրաինայի քաղաքական ասոցացմանը եւ տնտեսական ինտեգրմանը»,- ասված է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի եւ Եվրահանձնաժողովի անդամ Շտեֆան Ֆյուլեի՝  շաբաթ օրը հրապարակված հայտարարության մեջ։ Այդ աջակցությունը ոգեւորությամբ է ընդունվել Վիլնյուսում Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի մասնակիցների կողմից։

«Ուժի չպատճառաբանված կիրառումը հակասում է սկզբունքներին, որոնց հանդեպ հավատարմության մասին հենց այս պահին հավաստիացնում են վիլնյուսյան գագաթնաժողովի բոլոր մասնակիցները, այդ թվում նաեւ Ուկրաինայի նախագահը»,- նշել են Էշթոնը եւ Ֆյուլեն։

Նրանք կոչ են արել Ուկրաինային, որպես այս պահին ԵԱՀԿ նախագահող երկիր, որը դեկտեմբերի 5-6-ը Կիեւում հյուրընկալելու է ԵԱՀԿ նախարարական համաժողովը, «լիարժեքորեն կատարել արտահայտվելու եւ հավաքների ազատության վերաբերյալ ստանձնած միջազգային պարտավորությունները»։

Էշթոնն ու Ֆյուլեն Ուկրաինայի ղեկավարությանը կոչ են արել Կիեւում տեղի ունեցած դեպքերի հետաքննություն անցկացնել եւ «պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր հանդես են եկել հավաքների ազատության եւ արտահայտվելու ազատության հիմնարար սկզբունքների դեմ»։

(ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Մանրամասներ. 

Հայտարարություն

CSF logoԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեի հայտարարությունը Կիեւում իրականացվող բռնությունների վերաբերյալ

30.11.2013

Արեւելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Ղեկավար կոմիտեն խորը մտահոգություն է հայտնում նոյեմբերի 30-ի վաղ առավոտյան Ուկրաինայի մայրաքաղաք  Կիեւում Եվրամայդանի խաղաղ ցույցի ակտիվ մասնակիցների, հիմնականում երիտասարդ քաղաքացիների նկատմամբ կիրառվող բռնությունների կապակցությումբ։

Սա Եվրոպայի պատմության մեջ առաջին անգամն է, որ ի պաշտպանություն իրենց երկրի եվրաինտեգրման խաղաղ ցույցը դաժանորեն ճնշվել է կառավարության կողմից, որը բազմիցս հայտարարել է Եվրամիությանն ինտեգրվելու իր ռազմավարական նպատակների մասին։ Ուկրաինայի ներքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարությունը ուժի կիրառման համարժեքության եւ տոնածառի տեղադրման անհրաժեշտության մասին՝ ծիծաղելի է եւ անընդունելի։

Ուկրաինայի իշխանություններին հիշեցնում ենք, որ խաղաղ մարդկանց հանդեպ կիրառված բռնությունն անհանդուրժելի է։  Մենք պահանջում ենք հարձակման բոլոր դեպքերի եւ վիրավորվածների՝ այդ թվում կանանց եւ անչափահասների հանդեպ բռնության բոլոր դեպքերի անհապաղ հետաքննություն իրականացնել։ Մենք կոչ ենք անում պատժել բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր Կիեւում ցուցարարների վրա հարձակվելու վճիռ են կայացրել։

Խաղաղ հավաքների  իրավունքը, որն ամրագրված է Ուկրաինայի Սահմանադրությամբ եւ միջազգային պարտավորություններով, պետք է լիովին երաշխավորված լինի։

Ընդունվել է Վիլնյուսում, 2013թ. նոյեմբերի 30-ին։

Հայտարարություն

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.