Թողարկում 149

CSF logoՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը 2013թ. սեպտեմբերի 3-ից հետո ՔՀՖ ՀԱՊ ռազմավարական մոտեցումների մասին

  Նոյեմբերի 9, 2013թ.

Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը (ՀԱՊ) վերահաստատում է իր՝ 2013թ. սեպտեմբերի 17-ին տարածած հայտարարության մեջ արտահայտված անհամաձայնությունը Մաքսային միությանն անդամակցելու եւ Եվրասիական միության ձեւավորմանը մասնակցելու վերաբերյալ ՀՀ նախագահի` 2013թ. սեպտեմբերի 3-ի հայտարարության կապակցությամբ: Դրան հետեւած՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման խափանումը ՀԱՊ-ը գնահատում է որպես Հայաստանի տարբեր ոլորտներում բարեփոխումներին եւ ժողովրդավարական զարգացմանը հասցված մեծ հարված:

Հավատարիմ մնալով ՀԱՊ հիմնադիր ժողովում հաստատված եւ Կազմակերպական սկզբունքներում ձեւակերպված իր առաքելությանը, միեւնույն ժամանակ, երկրում ստեղծված նոր իրավիճակում ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը նախաձեռնում է իր գործունեության ռազմավարության՝ առաջնայնությունների եւ գործելակերպի որոշակի արդիականացում:

Քաղաքական ոլորտում, հասարակական տրամադրություններում եւ կողմնորոշումներում արձանագրված փոփոխությունները ՀԱՊ-ի որդեգրած սկզբունքների որոշակի վերաիմաստավորում են ենթադրում՝ մասնավորապես իշխանությունների հետ երկխոսության եւ ՀԱՊ մասնակցայնության առումով:  Ընդսմին, ՀՀ իշխանությունների հետ երկխոսությունն իրականացվելու է  Պլատֆորմի կողմից ընդունված օրակարգի, առաջնայնությունների դիրքերից։ ՀԱՊ գործունեության օրակարգը համահունչ է մնալու ԵՄ-Հայաստան հարաբերությունների համատեքստին, ԱլԳ ճանապահային քարտեզով նախանշված ուղղություններին, Եվրամիության հետ Հայաստանի ասոցացման քաղաքականությանը:

ՔՀՖ Հայաստանի ազգային  պլատֆորմը՝ ազատ, անկաշկանդ եւ բազմակողմանի քննարկումների հարթակ հանդիսանալու հետ մեկտեղ, այսուհետ առավել հետեւողական եւ նախանձախնդիր է լինելու ՀԱՊ կազմակերպական սկզբունքները կիրառելու, իր նպատակները եւ առաջնայնություններն իրագործելու, իր ներկայացուցիչներին ընտրելու/լիազորելու  հարցերում։

ՀԱՊ աշխատանքի հիմնական ուղղությունները

  1. Հանրային իրազեկում, որը ենթադրում է եվրաինտեգրման գործընթացների, Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների, Արեւելյան գործընկերության առաջադիմության, Ասոցացման համաձայնագրի վավերացման կամ Մաքսային միությանը միանալու հնարավոր հետեւանքների մասին լայնածավալ տեղեկատվություն։  Այս տեսակետից խիստ անհրաժեշտ ենք համարում Ասոցացման համաձայնագրի նախագծի հրապարակումը եւ ներկայացումը հասարակական լայն քննարկման։ ՀԱՊ-ը կարեւորում է նաեւ ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործընթացում քաղաքացիական հասարակության նախաձեռնողական դերակատարությունը։ Սա ներառում է Պլատֆորմի ներուժի օգտագործումը քաղաքական, տնտեսական եւ սոցիալական վերլուծությունների, հետազոտությունների, փորձագիտական աշխատանքների իրականացման, դրանց հրապարակման, տարածման եւ հանրահռչակման առումով։ Ըստ որում, հաշվի առնելով զանգվածային լրատվության ավանդական միջոցների ներկայիս կախվածությունը, իրազեկման նպատակով անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել նաեւ նոր մեդիան՝ առանձնակի կարեւորություն տալով սոցիալական ցանցերով հանրային բաց քննարկումների ծավալմանը։
  2. Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների մոնիտորինգի իրականացում՝ հիմնված ԵՄ-Հայաստան հարաբերությունների օրակարգից բխող չափանիշների վրա։ Սա ենթադրում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից արդեն իսկ իրականացվող ուսումնասիրությունների շարունակում, դիտարկվող ոլորտների եւ թիրախների հստակեցում, ՀԱՊ անդամ ՔՀԿ-ների մասնակցային ներուժի կիրառում։ Բարեփոխումների մոնիտորինգի նպատակների արդյունավետ իրականացումը մեծապես կախված է դրանց արդյունքներն ինչպես հայաստանյան հասարակությանը, այնպես էլ միջազգային կառույցներին պատշաճ կերպով ներկայացնելուց։
  3. ՀԱՊ ակտիվ մասնակցություն  տարածաշրջանային մակարդակով Արեւելյան գործընկերության առաջնայնությունների, ԱլԳ ՔՀՖ շրջանակներում եւ ԱլԳ բազմակողմ նախաձեռնություններում այլ երկրների հետ Ասոցացման համաձայնագրի դրույթների արդյունավետ իրականացմանը, ինչպես նաեւ ՀՀ  օրենսդրության եւ հասարակական գիտակցության մեջ Եվրամիության եւ Հայաստանի Հանրապետություն միջեւ ձեւավորված օրակարգի ներդրմանը։
  4. Հատուկ ուշադրություն ԵՄ կողմից Հայաստանի Հանրապետությանը տրվող աջակցության, հատկապես բյուջեին տրամադրվող միջոցների ծախսման արդյունավետության նկատմամբ, իմիտացիոն գործընթացների բացահայտում եւ հրապարակայնացում: Բարեփոխումների հանդեպ ոչ հետեւողական, մակերեսային մոտեցումը հանրային ընկալման մեջ որպես իրական առաջընթացին խանգարող երեւույթ ներկայացնելուն ուղղված աշխատանքի ծավալում։
  5. Քաղաքացիական հասարակության աջակցման եւ եվրաինտեգրման ուղղությամբ Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին իրականացված ծրագրերի «գույքագրում»՝ դրանց արդյունավետության, ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացմանն իրապես նպաստելու տեսանկյունից։
  6. Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու շուրջ նախատեսվող բանակցություններին ընդառաջ եւ դրանց ընթացքում հասարակական լայն քննարկման ծավալում՝ այդ գործընթացում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը վտանգող դրույթները, սկզբունքները եւ պարտավորությունները բացառելու նպատակով։
  7. Հայաստանի հասարակության համախմբում եվրոպական արժեքների, եվրաինտեգրման գաղափարների, ժողովրդավարական բարեփոխումների հրամայականի շուրջ, այդ ուղղությամբ համագործակցություն բոլոր համախոհ կառույցների եւ անձանց հետ։ Հայաստանի ազգային պլատֆորմում՝ որպես հիմնական գործընկեր՝ քաղաքացիական հասարակության ֆորմալ եւ ոչ ֆորմալ խմբերի, առաջադեմ երիտասարդության ներգրավում, ընդհանուր ռազմավարության մշակում եւ իրականացում, ռեսուրսային աջակցություն։ Սա ենթադրում է հասարակության ակտիվ ուժերի միավորում, համատեղ գործողությունների հստակ դերաբաշխում եւ պլանավորում։
  8. ՀԱՊ օրակարգի շրջանակներում ակտիվ երկխոսություն ՀՀ կառավարության ներկայացուցիչների, քաղաքական ուժերի հետ, սերտ համագործակցություն փորձագիտական հանրության հետ՝ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի եւ  մոտեցումների շուրջ։

Սույն հայտարարության մեջ ներառված ռազմավարական մոտեցումները նախատեսված են  ԵՄ-Հայաստան հարաբերություններում առկա անորոշության շրջանի համար: Դրանք կարող են փոփոխման ենթարկվել այդ հարաբերությունների ձեւաչափի եւ բովանդակության հստակեցումից հետո:

 

CSF logo«ՀԱՊ անելիքները ԱլԳ Վիլնյուսի գագաթնաժողովից առաջ եւ հետո» թեմայով սեմինար եւ ՀԱՊ պատվիրակների ժողովի արտագնա նիստ Աղվերանում

 12.11.2013

IMG_4475Երեւանի մամուլի ակումբը Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ 2013թ. նոյեմբերի 8-10-ը Աղվերանում կազմակերպել էր «Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության համաժողովի Հայաստանի ազգային պլատֆորմի անելիքները ԱլԳ Վիլնյուսի գագաթնաժողովից առաջ եւ հետո» թեմայով սեմինար, որին մասնակցեցին ՀՀ փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, «ժառանգություն» խմբակցության քարտուղար  Թեւան Պողոսյանը: IMG_4489Նրանք ներկայացրեցին  Մաքսային միությանը միանալու վերաբերյալ ՀՀ նախագահի հայտարարությունից հետո Եվրամիության եւ Հայաստանի հետագա համագործակցության հնարավորությունները եւ ուղղությունները, Եվրամիության մոտեցումները Հայաստանի հետ համագործակցության հետագա ձեւաչափերին, դիտարկեցին աշխարհաքաղաքական առկա զարգացումների հնարավոր ազդեցությունները Հայաստանի եւ Արեւելյան գործընկերության երկրների ամբողջ տարածաշրջանի վրա:

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ծրագրի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի զեկույցը նվիրված էր տարածաշրջանում ժողովրդավարացման եւ ինտեգրացիոն գործընթացների վրա Ադրբեջանի եւ Վրաստանի նախագահական ընտրությունների ազդեցությանը

Սեմինարի մասնակիցները լսեցին նաեւ անկախ փորձագետ Վահագն Ղազարյանի զեկույցը՝ նվիրված Մաքսային միության եւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ինտեգրացիոն մոդելների համեմատությանը։

ՀԱՊ պատվիրակների ժողովի արտագնա բաց նիստում քննարկվեց եւ ընդունվեց 2013թ. սեպտեմբերի 3-ից հետո ՔՀՖ ՀԱՊ ռազմավարական մոտեցումների մասին ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը։

ՀԱՊ պատվիրակների ժողովն ացկացրեց նաեւ ՀԱՊ աշխատանքային խմբերի համակարգողների ընտրություն, որի արդյունքում ՀԱՊ 2-րդ՝ «Տնտեսական ինտեգրացում եւ համապատասխանություն ԵՄ քաղաքականությանը» աշխատանքային խմբի համակարգող վերընտրվեց «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ի փոխնախագահ Կարեն Չիլինգարյանը, 4-րդ՝ «Միջանձնային շփումներ» աշխատանքային խմբի համակարգող ընտրվեց «Սոցիալ-մշակութային իննովացիաների լաբորատորիա» հիմնադրամի  գործադիր տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը, եւ 5-րդ՝ «Սոցիալական քաղաքականություն եւ սոցիալական երկխոսություն» աշխատանքային խմբի համակարգող ընտրվեց «Վորլդ Վիժն-Հայաստան»  միջազգային հասարակական կազմակերպության երեխաների պաշտպանության եւ կրթության ոլորտներում քաղաքականության մշակման եւ որակի ապահովման փորձագետ Գրիգորի Գրիգորյանցը։

 ՀԱՊ 1-ին՝ «Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, արդյունավետ կառավարում եւ կայունություն» եւ 3-րդ՝ «Բնապահպանություն, կլիմայական փոփոխություններ եւ էներգետիկ անվտանգություն» աշխատանքային խմբերում համակարգողների ընտրություններ տեղի չունեցան՝ քվորումի բացակայության պատճառով։

 

 european-commission-flagԲյուջետային աջակցությունը Արեւելյան գործընկերությունում. բոլոր հարցերի պատասխանները ԵՄ նոր բրոշյուրում են

6.11.2013

мпфцпфԳիտե՞ք արդյոք, որ բյուջետային աջակցությունը Արեւելյան գործընկերության տարածաշրջանում բաշխվող օժանդակության հիմնական ձեւաչափն է։ Այն իր մեջ ներառում է երկխոսությունը, գործընկեր երկրներին տրվող ֆինանսական միջոցների փոխանցումները, արդյունավետության գնահատումը եւ հնարավորությունների զարգացումը, ինչպես նաեւ աջակցությունը փոխհամաձայնեցված ոլորտներում բարեփոխումների իրականացմանը, մակրոտնտեսական քաղաքականության եւ պետական միջոցների ռազավարության ձեւավորմանը։

ԱլԳ տարածաշրջանում ԵՄ բյուջետային աջակցությունից օգտվում է հինգ երկիր. Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Մոլդովա եւ Ուկրաինա։ Այս ամսվա վերջին տեղի ունենալիք ԱլԳ Վիլնյուսի գագաթնաժողովի նախաշեմին Եվրամիության հրատարակած նոր բրոշյուրում բացատրվում է, թե ինչ է բյուջետային օժանդակությունը, ինչպես է այն աշխատում, որոնք են դրա կիրառման չափանիշները, եւ թե ինչու է ԵՄ-ն օգտագործում այն՝ իր արեւելյան գործընկերներին օժանդակելիս։

Օժանդակության չափանիշները եւ փոխհամաձայնեցված պայմանները բավարարելու դեպքում Եվրամիության բյուջետային աջակցությունը փոխանցվում է գործընկեր երկրի պետական գանձարան։ Միջոցները տրամադրվում եմ երկրին՝ կոնկրետ խնդիրների լուծման համար՝ արդյունավետ բարեփոխումներ իրականացնելու պայմանով։

Բրոշյուրում ամբողջական տեղեկատվություն է ներկայացված հինգ գործընկեր երկրներում իրականացվող ծրագրերի բյուջետային աջակցության վերաբերյալ.

Հայաստան

  • ԵՄ աջակցություն արդարադատության համակարգի բարեփոխումներին (2009-12թթ.), 18 մլն եվրո։
  • ԵՄ աջակցություն մասնագիտական կրթությանը եւ ուսուցմանը (2010-15թթ.), 21 մլն եվրո։

Ադրբեջան

  • ԵՄ աջակցություն էներգետիկ բարեփոխումների ծրագիրն (2008-12թթ.), 11 մլն եվրո։
  • ԵՄ աջակցություն արդարադատության համակարգի բարեփոխումներին (2009-14թթ.), 16 մլն եվրո։

 Վրաստան

  • ԵՄ աջակցություն պետական միջոցների կառավարման բարեփոխումներին (2011-14թթ.) 11 մլն եվրո։
  • ԵՄ աջակցություն քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին (2012-16թթ.) 24 մլն եվրո։
  • ԵՄ աջակցություն տարածքային զարգացմանը(2011-16թթ.) 19 մլն եվրո։

 Մոլդովա

  • ԵՄ աջակցություն առողջապահության ոլորտի բարեփոխումներին (2009-13թթ.), 53 մլն եվրո։
  • ԵՄ աջակցություն գյուղական շրջանների տնտեսական զարգացման խթանմանը (2010-16թթ.), 59 մլն եվրո։
  • ԵՄ աջակցություն էներգետիկ ոլորտի բարեփոխումներին (2011-14թթ.), 43 մլն եվրո։

Ուկրաինա

  • ԵՄ աջակցություն Ուկրաինայի էներգետիկ քաղաքականության իրագործմանը (2008-12թթ.), 87 մլն եվրո։
  • ԵՄ աջակցություն Ուկրաինայի եւ Եվրամիության միջեւ  առեւտրի խթանմանը՝ տեխնիկական խոչընդոտների վերացման միջոցով (2009-13թթ.), 45 մլն եվրո։

2013թ. նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում տեղի է ունենալու Արեւելյան գործընկերության երրորդ գագաթնաժողովը, որին մասնակցելու են Եվրամիության, ԵՄ անդամ 28 պետությունների եւ Արեւելյան գործընկերության վեց երկրների բարձրաստիճան պաշտոնյաները։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Ավելին՝

ԱլԳ երկրների բյուջետային աջակցության մասին բրոշյուրում։

Advertisements
This entry was posted in Հայերեն and tagged , . Bookmark the permalink.