Թողարկում 146

Ներկայացվել են Արեւելյան գործընկերության երկրների եվրոպական ինտեգրման ինդեքսի 2013թ. արդյունքները

Index«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակն այսօր ներկայացրեց Արեւելյան գործընկերության երկրների եվրոպական ինտեգրման ինդեքսի 2013թ. արդյունքները: Սա նման երրորդ հաշվետվությունն է: Այն մեկնարկել է Եվրոպական գործընկերության ծրագրից անմիջապես հետո, եւ նպատակն է գնահատել ինտեգրման գործընթացը` եվրոպական գործընկերների միջեւ բարեփոխումների մրցակցային մթնոլորտ ստեղծելով:

presentationՄիջոցառման ժամանակ բացման խոսքով հանդես եկան «ԲՀՀ-Հայաստան» գրասենյակի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան, ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության Եվրամիության բաժնի կցորդ Սոֆյա Սիմոնյանը եւ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

Եվրոպական ինտեգրման ինդեքսի նախաձեռնության համառոտ նկարագիրը եւ համատեքստը ներկայացրեց Ուկրաինայի «Վերածնունդ» հիմնադրամի ծրագրերի համակարգող Օլգա Կվաշուկը, իսկ Ուկրաինայում գործող Օրենսդրական նախաձեռնությունների լաբորատորիայի տնօրեն Իհոր Կոհուտը խոսեց  Ուկրաինայի մասով ինդեքսի արդյունքների մասին։

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ներկայացրեց Հայաստանի մասով ինդեքսի արդյունքները: «ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի բանակցային գործընթացը շատ ինտենսիվ էր եւ արդյունավետ: Այսինքն, բանակցությունները, փաստաթղթերի վրա աշխատանքն այնպիսին էին, որ նույնիսկ ասում էին, որ Հայաստանը դինամիկայով առաջիններից մեկն էր,- ասաց  Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը եւ հավելեց՝ «Մաքսային միությանը միանալու որոշման արդյունքում հաջորդ տարի մեր երկրի ցուցանիշներում ակնհայտորեն հետընթաց կարձանագրվի, քանի որ այս ինդեքսի արդյունքներն ամփոփվել են այս տարվա մայիսին»։

Եվրաինտեգրման ինդեքսի Հայաստանին վերաբերող ոլորտային հետազոտությունները ներկայացրեցին Համայնքների ֆինանսիստների միավորման փոխնախագահ Դավիթ Թումանյանը, Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Արեւհատ Գրիգորյանը եւ Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը։

Մամուլի հաղորդագրությունը՝ այստեղ։

CSF logoՏեղի է ունեցել ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի պատվիրակների ժողովի բաց նիստ

2013թ. հոկտեմբերի 18-ին, «Հրազդան» հյուրանոցում տեղի ունեցավ  Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմի (ՀԱՊ) պատվիրակների ժողովի բաց նիստ, որին մասնակցեց նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան։

Նիստի մասնակիցները քննարկեցին ԱլԳ Վիլնյուսի գագաթնաժողովին ընդառաջ՝ ԵՄ-Հայաստան համագործակցության հնարավորությունները եւ ստեղծված իրավիճակում ՔՀՖ ՀԱՊ ռազմավարության նախագիծը։ ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող Բորիս Նավասարդյանը, ՀԱՊ պատվիրակների ժողովի մի շարք անդամներ ընդգծեցին, որ ի պատասխան վերջին ժամանակներս ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի բովանդակության հետ կապված բազմաթիվ միակողմանի շահարկումների եւ վարկաբեկման փորձերի՝ անհրաժեշտ է հրապարակել ԵՄ-ՀՀ Ասոցացման համաձայնագրի նախագիծը։ Բորիս Նավասարդյանը պարզաբանեց․ «Այս իրավիճակում միանգամայն համարժեք քայլ կլիներ, առանց համաձայնեցնելու Հայաստանի իշխանությունների հետ, Եվրոպական հանձնաժողովի կողմից այդ տեքստի հրապարակումը»: Բորիս Նավասարդյանը մտահոգություն հայտնեց, որ եթե անգամ Վիլնյուսում ներկայացվի հայտարարագիր՝ նախորդ տարիների համագործակցության վերաբերյալ, եւ այն չուղեկցվի ապագայի վերաբերյալ առաջարկների մասին փաստաթղթով, դա բավականին վտանգավոր կարող է լինել Հայաստանում բարեփոխումների հետագա ընթացքի համար:

Տրայան Հրիսթեան նույնպես նշեց, որ մամուլում հանդիպել է համաձայնագիրը վարկաբեկող նյութերի, սակայն ասաց, որ փաստաթուղթը  չի կարող միակողմանի որոշմամբ հրապարակվել: Դեսպանն առաջարկեց ծանոթանալ Ուկրաինայի հետ կնքվելիք համաձայնագրին,  որը հասանելի է համացանցում: «Իհարկե տարբերություններ կան, բայց դրանք այնպիսին չեն, որ ազդեն Ասոցացման համաձայնագրի տրանսֆորմատիվ ուժի վրա», – նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը։

Խոսելով Հայաստանի հետ հետագա գործակցության մասին, ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան նշեց. «Հիմա մենք քննարկում եւ փորձում ենք հասկանալ, թե ինչ ենք կուտակել Հայաստանի հետ բանակցությունների ընթացքում, որպեսզի պատկերացնենք, թե ինչպես ենք կառուցելու մեր համագործակցությունը Հայաստանի հետ։ Մի բան պարզ է, որ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը որոշակիորեն կնվազեցնի Եվրամիության հետ հարաբերությունների խորացման հավակնությունները, ինչպես նաեւ Հայաստանին հատկացվող միջոցները»։ Դեսպանը միաժամանակ նշեց, որ ԵՄ-ն չի դադարեցնելու իր աջակցությունը հայաստանյան քաղաքացիական հասարակությանը եւ շարունակելու է ժողովրդավարության, մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում համագործակցությունը Հայաստանի հետ:

Այնուհետեւ ՀԱՊ պատվիրակների ժողովի բաց նիստի մասնակիցները քննարկեցին ՀԱՊ ռազմավարության նախագիծը։ Որոշվեց ձեւավորել առանձին աշխատանքային խումբ, որն արված առաջարկությունների հիման վրա մինչեւ նոյեմբերի առաջին տասնօրյակ նախագիծը կմշակի եւ վերջնական տեքստը կներկայացնի ՀԱՊ հաստատմանը։

logoԱլԳ երկրների երիտասարդական քաղաքականության աջակցության ծրագիրը կազմակերպում է երիտասարդական ֆորում

ԱլԳ երկրների ավելի քան 800 երիտասարդներ եւ երիտասարությանն առնչվող ծրագրերում աշխատող մասնագետներ ցանկություն են հայտնել մասնակցել Լիտվայի Կաունաս քաղաքում հոկտեմբերի 22-25-ը կայանալիք Երիտասարդական ֆորումին, սակայն նրանցից միայն 200-ին է մասնակցության հրավեր ուղարկվել,- տեղեկացնում է ԵՄ կողմից ֆինանսավորվող ԱլԳ երիտասարդական քաղաքականության աջակցության տարածաշրջանային ծրագրի (EPYRU) տարածած մամուլի հաղորդագրությունը։

«Ֆորումը կդնի արդյունավետ, մշտական, կառուցվածքային երկխոսության եւ միջոլորտային համագործակցության հիմք»,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ։

EPYRU-ը կձգտի «հանագործակցել այս երկխոսության մասնակիցների հետ՝ առկա իրավիճակներն ուսումնասիրելու, փորձի փոխանակման, երիտասարդական քաղաքականության ներուժի հզորացման ծրագրերն առաջ տանելու հարցում, կաշխատի նրանց հետ՝ երիտասարդական քաղաքականությանը վերաբերող, գրականության, կազմակերպությունների եւ հնարավորությունների մասին տեղեկատվության հայթայթման եւ տարածման ուղղությամբ»։

Արեւելյան գործընկերության երիտասարդական ֆորումի մասին մանրամասները՝ մամուլի հաղորդագրության մեջ։

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.