Թողարկում 145

CSF logoՖորումն ընտրել է նոր ղեկավար կոմիտե

 10.10.2013

Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) 5-րդ՝ Քիշնեւում տեղի ունեցած համաժողովի ժամանակ ընտրվել է Ֆորումի նոր ղեկավար կոմիտե, որի կազմում ընդգրկվել են ԱլԳ 6 երկրների ՔՀՖ ազգային համակարգողները, աշխատանքային խմբերի 9 եւ Եվրամիության երկրներից 3 համակարգողներ։

Ըստ ՔՀՖ կանոնակարգի՝ ազգային պլատֆորմների պատվիրակները Ֆորումի համաժողովում ընտրում են իրենց ազգային համակարգողներին՝ մեկ տարի ժամկետով։ Ազգային համակարգողների դերը Ֆորումի շրջանակներում ՔՀՖ ազգային պլատֆորմներում ընդգրկված քաղաքացիական հասարակության մեծաթիվ կազմակերպությունների աշխատանքը կազմակերպելն է եւ ՔՀՖ ղեկավար կոմիտեում դրա ներկայացումը։

Բացի այդ, Ֆորումն ունի 5 աշխատանքային խմբեր, որոնցից 4-ը կրկնում են Արեւելյան գործընկերության համապատասխան թեմատիկ բազմակողմ պլատֆորմների անունները՝ 1. Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, արդյունավետ կառավարում եւ կայունություն, 2.  Տնտեսական ինտեգրացում եւ համապատասխանություն ԵՄ քաղաքականությանը, 3. Բնապահպանություն, կլիմայական փոփոխություններ եւ էներգետիկ անվտանգություն 4. Միջանձնային շփումներ։ Աշխատանքային 5-րդ խումբը զուգահեռ թեմատիկ պլատֆորմ չունի, նրա գործունեության առանցքում սոցիալական քաղաքականությունն է եւ սոցիալական երկխոսությունը։

ՔՀՖ աշխատանքային խմբերում համատեղ աշխատում են ԱլԳ վեց երկրների եւ Եվրամիության երկրների ներկայացուցիչները։  Աշխատանքային խմբերը, տարեկան համաժողովից բացի, տարին մեկ անգամ, ԱլԳ միջկառավարական պլատֆորմներին եւ նիստերին զուգահեռ հանդիպումների են մասնակցում եւ իրենց ներդրումն ունենում քաղաքացիական հասարակության տեսակետները Ֆորումին ներկայացնելու հարցում։

Ֆորումի ներկայացուցիչները մասնակցում են նաեւ ԱլԳ պլատֆորմների նիստերին,  նախարարական հանդիպումներին եւ ԱլԳ գագաթնաժողովներին՝ ներկայացնելով Ֆորումի փորձագետների կողմից պատրաստված գրավոր կարծիք։

Ֆորումը մեկտեղում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, որոնք իրավիճակի դիտարկումներ են կատարում, հետեւում բարեփոխումների ընթացքին, հանդես են գալիս ազգային մակարդակում իրականացվելիք ծրագրային առաջարկություններով՝ նպատակ ունենալով ԱլԳ երկրներն ավելի մոտեցնել Եվրամիությանը։

ՔՀՖ համակարգողների կոնտակտները կարող եք գտնել այստեղ։

european-commission-flagԵՄ-Ուկրաինա. ցրելով Ասոցացման համաձայնագրի մասին առասպելները

11.10.2013

EU-UKR«Եվրամիությունն իր արեւելյան գործընկերներին չի առաջարկում մի խաղ, որում հաղթողներ չկան. Տնտեսական բարեփոխումները պետք է բխեն բոլոր կողմերի շահերից, որպեսզի հնարավոր լինի ամբողջ մայրցամաքում հաստատել ծաղկուն տնտեսական գոտի»,- հայտարարել է ԵՄ ընդլայնման եւ եվրոպական քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն՝ ս.թ. հոկտեմբերի 11-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում ունեցած իր ելույթի ժամանակ։

«Արեւելյան գործընկերության զարգացման ուղին» թեմայով միջազգային կոնֆերանսում ունեցած իր ելույթում Ֆյուլեն փորձել է ցրել մի շարք առասպելներ՝ կապված Ասոցացման համաձայնագրի (ԱՀ) եւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու (ԽՀԱԱԳ) համաձայնագրի վերաբերյալ, որը ԵՄ-ն հույս ունի ստորագրել Ուկրաինայի եւ ԱլԳ մի քանի այլ երկրների հետ նոյեմբերին Վիլնյուսում տեղի ունենալիք Արեւելյան գործընկերության (ԱլԳ) գագաթնաժողովի ժամանակ։

«Մեր գործընկերներն ինքնիշխան իրավունք ունեն ընտրելու այն, ինչ իրենք են ուզում, եւ մենք պատրաստ ենք պաշտպանել այդ ընտրությունն անօրինական միջամտություններից»,-ընդգծել է Ֆյուլեն՝ հավելելով. «Դա չի նշանակում, որ հանուն աշխարհաքաղաքական շահերի մենք կհրաժարվենք ԱլԳ հիմքում ընկած համընդհանուր արժեքներից»։

«Վերջին ժամանակներս մենք բազմաթիվ առասպելներ ենք լսում ԱՀ/ԽՀԱԱԳ-ի հետեւանքների մասին. սուվերենության փոխանցում Բրյուսելին, Համաձայնագրի կատարման հետ կապված հսկայական ծախսեր… այդ ամենը բացարձակ անհեթեթություն է»,- ասել է հանձնակատարը։

«Երբ այդ համաձայնագրերը ստորագրվեն, անգամ մինչեւ դրանց վավերացումը, հուսով եմ, շուտով, դրանց կիրառման հենց առաջին օրերից մենք ականատես կլինենք ԱՀ/ԽՀԱԱԳ-ի գործնական առավելությունների մեծ մասին, որոնք կվերաբերեն արտահանողներին, ձեռնարկություններին, հասարակ մարդկանց։  Եվ այնպես չէ, որ դուք ձեր ամբողջ տարածքը բացում եք մեզ համար, մենք էլ մեր տարածքն ենք բացում ձեզ համար»,- ասել է Ֆյուլեն, հավելելով, որ իրավիճակի շտկումների համար նախատեսված են համաձայնագրի ժամանակավոր կիրարկման փուլեր։ «Սուտ է, որ դուք չեք կարողանալու վերահսկել իրադարձությունները, որովհետեւ գործելու են  միասնական համակարգող մարմիններ, եւ դրանց գործունեության շրջանակներում դուք համատեղ եք կայացնելու ԱՀ/ԽՀԱԱԳ կիրարկման վերաբերյալ որոշումները։ Ընդսմին, դուք կունենաք ցանկացած պարագայում միջամտելու համապատասխան գործիքներ։ Այնպես որ, մենք չենք խլում ձեր ինքնիշխանությունը, ըստ էություն, այն ավելի ամուր է դառնում»։

Նա նշել է, որ առաջիկա երկու տարում իրականություն կդառնա շարժունակության գործողությունների ծրագիրը, եւ «այն շահը, որ ակնկալում են ստանալ գործընկեր երկրների քաղաքացիները, արժե նրանց կառավարությունների կողմից հանուն բարեփոխումների գործադրվելիք բոլոր նշանակալի ջանքերին»։

 Ֆյուլեի ելույթը

Advertisements
This entry was posted in Հայերեն and tagged , , . Bookmark the permalink.