Թողարկում 144

CSF logo

ԱլԳ ՔՀՖ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը խափանելու վերաբերյալ

06.10.2013

Արեւելյան գործընկերության  (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումն (ՔՀՖ) իր լիակատար համերաշխությունն է հայտնում եւ կիսում ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի՝ սեպտեմբերի 17-ի հայտարարության մեջ արտահայտված հիասթափությունն ու անհամաձայնությունը՝ կապված Մաքսային միությանը միանալու եւ Եվրասիական միության ձեւավորմանը մասնակցելու՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունների մտադրության հետ, ինչը հանգեցրել է ԵՄ-Հայաստան  Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման խափանմանը։

Մենք հարգում ենք ԱլԳ յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքը՝ ընտրելու այլ երկրների հետ իր ինտեգրման ուղղությունն ու մոդելը։ Միաժամանակ, մտահոգության առիթ է տալիս առանց քաղաքական պատշաճ խորհրդակցությունների եւ հանրային քննարկումների ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ սեպտեմբերի 3-ին արված հայտարարության անսպասելի բնույթը։

Քաղաքացիական հասարկության ֆորումը խստորեն դատապարտում է պաշտոնական որոշումների ընդունման ոչ ժողովրդավարական եւ ոչ թափանցիկ գործընթացները, ԱլԳ երկրների նկատմամբ արտաքին, մասնավորապես Ռուսաստանի Դաշնության կողմից կիրառվող ճնշումները, որոնց հետեւանքով արտաքին քաղաքական առաջնահերթությունների այսօրինակ կտրուկ փոփոխություն է կատարվում։

Փաստորեն, ապարդյուն են եղել այն հսկայական ջանքերն ու ծախսերը, որոնք վերջին տարիներին արվել էին ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ ԵՄ-ի կողմից՝ բանակցություններ վարելու եւ փաստաթղթեր մշակելու նպատակով: Բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են եղել Հայաստանի կյանքի տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանը եւ Եվրամիության հետ կապերի ամրապնդմանը, եւ որոնց համար զգալի ռեսուրսներ են պահանջվել, սպասված արդյունքը չեն տվել: Իսկ ամենակարեւորն այն է, որ Հայաստանը զրկվել է աշխարհի խոշորագույն տնտեսության եւ մեր մոլորակի առավել կայուն տարածաշրջանի հետ ինտեգրումը խորացնելու եւ բազմակողմանի համագործակցությունն ընդլայնելու բացառիկ հնարավորությունից։

Հայաստանի հետ պատահածը դաս է  ինչպես Եվրամիության, այնպես էլ Արեւելյան գործընկերության բոլոր երկրների համար։ Գործընթացի հաջողությունը մեծապես կախված է «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքի հետեւողական կիրառումից, ընդհանուր շահերի եւ ԱլԳ շրջանակներում բազմակողմանի համագործակցության անհրաժեշտության գիտակցումից, ինչպես նաեւ բանակցությունների ընթացքի մասին տեղեկացնելուց եւ մշակվող առանցքային փաստաթղթերի բովանդակությանը հասարակությանը ծանոթացնելուց։ Այս փորձը ցույց է տալիս, որ Արեւելյան գործընկերությունը լուրջ խոչընդոտների է բախվում, երբ բացակայում են ստանձնած պարտավորությունների կատարման հստակ չափորոշիչները, գործընկեր երկրների միջեւ արդյունավետ համագործակցությունը եւ հասարակական լայն, գիտակցված աջակցությունը եվրաինտեգրման գործընթացներին։ Քաղաքացիական հասարակության ֆորումն իր պատրաստակամությունն է հայտնում՝ ակտիվացնել իր ջանքերը բոլոր երեք ուղղություններով տարվող աշխատանքներում։

Մենք հույս ունենք, որ ԵՄ-ՀՀ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման խափանումը չի հանգեցնի Արեւելյան գործընկերությունում Հայաստանի մասնակցության սառեցմանը, եւ կգտնվի ձեւաչափ, որը հնարավորություն կընձեռի լավագույնս օգտագործել վերջին չորս տարվա ձեռքբերումներն ու շարունակել երկրի ընթացքը բարեփոխումների ճանապարհով։

Քաղաքացիական հասարակության ֆորումն աջակցում է Հայաստանի ազգային պլատֆորմի ջանքերին՝  օժանդակել երկրում ԱլԳ ճանապարհային քարտեզով նախանշված եվրաինտեգրման գործընթացներին եւ կոչ է անում ՀՀ իշխանություններին՝ բարձրացնել քաղաքացիական հասարակության,  մասնավորապես Հայաստանի ազգային պլատֆորմի հետ երկխոսության մակարդակն ու արդյունավետությունը, թույլ չտալ, որ Մաքսային միությանը միանալու մտադրությունը բացասաբար անդրադառնա այդ երկխոսության վրա։

Միանում ենք մեր հայաստանցի գործընկերների պահանջին՝ սեղմ ժամկետներում տվյալ հարցի շուրջ խորհրդարանական լսումներ կազմակերպել եւ հրավիրել արտահերթ նիստ, որը գնահատական կտա ՀՀ նախագահի  հայտարարությանը: Կոչ ենք անում ՀՀ ԱԺ պատգամավորներին, անկախ խմբակցական պատկանելությունից, վերկուսակցական դիրքորոշում ցուցաբերել Մաքսային միությանը միանալու եւ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրից հրաժարվելու  վերաբերյալ, քանի որ այս ընտրությունը դուրս է առանձին քաղաքական ուժերի  շահերի շրջանակներից եւ կանխորոշում է ազգի ճակատագիրը երկարաժամկետ հեռանկարում:

 

CSF logoԱլԳ ՔՀՖ ԲԱՆԱՁԵՎԸ

Արեւելյան գործընկերության երկրների՝ ոչ թե Մաքսային միությանը, այլ Եվրամիությանն ինտեգրվելուն աջակցելու վերաբերյալ

07.10. 2013

Logo_EPCS_Forum_New_small(4)Արեւելյան գործընկերության  Քաղաքացիական հասարակության ֆորումը (ԱլԳ  ՔՀՖ) ողջունում է 2013թ. նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք ԱլԳ գագաթնաժողովում Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրերի ստորագրման կամ նախաստորագրման պատմական հեռանկարը։

Միեւնույն ժամանակ, մենք մեր համերաշխությունն ենք հայտնում եւ կիսում այն  անհամաձայնությունը եւ վրդովմունքը, որն արտահայտված է ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի՝ սեպտեմբերի 17-ին տարածած հայտարարության մեջ՝ Մաքսային միությանը միանալու եւ Եվրասիական միության ձեւավորմանը մասնակցելու վերաբերյալ ՀՀ իշխանությունների հայտարարության վերաբերյալ, ինչը հանգեցրել է ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման խափանմանը։

ForumԸնդհանուր առմամբ, մենք խորապես անհանգստացած ենք Արեւելյան գործընկերության երկրների նկատմամբ Ռուսաստանի Դաշնության կողմից մշտապես կիրառվող քաղաքական եւ տնտեսական ճնշումների, այդ թվում Վրաստանի հակամարտության շրջաններում այսպես կոչված «սահմանագծման գործընթացների», ինչպես նաեւ Ուկրաինայի ու Մոլդովայի նկատմամբ իրականացվող տնտեսական պատերազմի ակտիվացման կապակցությամբ։

Բանաձեւն ամբողջությամբ՝ այստեղ։

Մյուս բանաձեւերն՝ այստեղ։


CSF logoԵվրամիության հանձնակատար Շտեֆան Ֆյուլե. «Քաղաքացիական հասարակությունն Արեւելյան գործընկերության սիրտն է»

05.10. 2013

Fule«Արեւելյան գործընկերություն երկրներում եվրաինտեգրման գաղափարն առաջ տանելու գործում քաղաքացիական հասարակությունը հիմնարար դեր ունի։ Մարդու իրավունքների յուրաքանչյուր պաշտպան, քաղաքացիական հասարակության ամեն մի անդամ Եվրամիության տասը հանձնակատարից ավելի կարեւոր է, քանի որ հենց նա է աշխատում մարդկանց հետ եւ միակն է, որ կարող է քաղաքացիներին բացատրել, թե ինչ է եվրոպական ինտեգրումը եւ որոնք են այդ գործընթացի առավելությունները»,- հայտարարել է Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար  Շտեֆան Ֆյուլեն՝ Քիշնեւում հոկտեմբերի 5-ին տեղի ունեցած Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) տարեկան համաժողովի բացմանը։

«Առանց քաղաքացիական հասարակության մասնակցության՝ մենք չէինք հասնի այն հաջողություններին եւ ազդեցությանը, որին մենք հասել ենք Արեւելյան գործընկերության (ԱլԳ) շրջանակներում։ Քաղաքացիական հասարակությունն այն օղակն է, որը շաղկապում է իշխանությունների եւ հասարակության ջանքերը, եւ այն շարժիչ ուժն է, որն առաջ է տանում ԱլԳ նախաձեռնությունը»,- հայտարարել է Շտեֆան Ֆյուլեն։

Խոսելով նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք ԱլԳ գագաթնաժողովի մասին, Ֆյուլեն նշել է, որ այն կարեւոր իրադարձություն է, քանի որ Եվրամիությունն այդ շրջանակներում փորձելու է արեւելյան հարեւանների հետ հարաբերություններում երկու շատ կարեւոր մեխանիզմներ կիրառել՝ Ասոցացման համաձայնագիր եւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիր։ «Գագաթնաժողովն արեւելյան հարեւանների հետ հարաբերությունների վերաիմաստավորման լավ հնարավորություն կընձեռի»,- հայտարարել է Շտեֆան Ֆյուլեն՝ «Միասին՝ դեպի եվրոպական ապագա» կարգախոսով ընթացող ՔՀՖ տարեկան համաժողովում։

Ելույթն ամբողջությամբ՝ այստեղ։

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.