Թողարկում 141

CSF logoԱլԳ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՖՈՐՈՒՄԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

17 սեպտեմբերի, 2013թ.

Սույն հայտարարությամբ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը, վերահաստատելով իր աջակցությունը Հայաստանի Հանրապետության` արտասահմանյան պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ բազմակողմանի կապերի ընդլայնմանը, միևնույն ժամանակ արտահայտում է իր անհամաձայնությունը և խորը վրդովմունքը ՀՀ նախագահի` 2013թ. սեպտեմբերի 3-ի` Հայաստանի Հանրապետության` Մաքսային միությանն անդամակցելու և Եվրասիական միության ձևավորման գործընթացին մասնակցելու հայտարարության կապակցությամբ:

Գրեթե երեքուկես տարի շարունակ, Արևելյան գործընկերության շրջանակներում, Հայաստանի իշխանությունները բանակցություններ էին վարում Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի, այդ թվում Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի վերաբերյալ: Թվում էր, թե Հայաստանի իշխանությունները բացարձակ նախանձախնդրությամբ էին վերաբերվում վերոնշյալ հույժ կարևոր փաստաթղթերի մշակմանը և կյանքի կոչմանը, սակայն ՀՀ նախագահի հայտարարությունը եկավ ապացուցելու ճիշտ հակառակը:

Հայաստանի իշխանությունների մտադրությունը՝ միանալ Մաքսային միությանը` ի վնաս ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման, հակասում է իրենց իսկ կողմից եվրոպական ինտեգրումը որպես արտաքին քաղաքականության առաջնայնություն հռչակող բազմաթիվ հայտարարություններին: Այն անիմաստ է դարձնում հսկայական ջանքերն ու ծախսերը, որոնք վերջին տարիներին արվել էին ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ ԵՄ-ի կողմից՝ բանակցություններ վարելու և փաստաթղթեր մշակելու նպատակով: Բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են կյանքի տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանը և Եվրամիության հետ կապերի ամրապնդմանը, և որոնց համար զգալի ռեսուրսներ պահանջվեցին, դարձան ապարդյուն: Ավարտվածները չեն հանգեցնի լիարժեք արդյունքի, իսկ ընթացիկ ծրագրերը հայտնվել են լուրջ վտանգի առջև:

Մի երկրի, որը գտնվում է քաղաքական և տնտեսական զարգացման անհամեմատ ավելի ցածր մակարդակի վրա, քան Եվրոպական միությունը, փաստացի հրաժարումը աշխարհի խոշորագույն տնտեսության հետ ինտեգրվելուց և մոլորակի առավել կայուն տարածաշրջանի հետ բազմակողմանի համագործակցությունը խորացնելուց՝ աննախադեպ երևույթ է: Հատկապես այն լույսի ներքո, որ հրաժարումը տեղի ունեցավ Մաքսային միությանն անդամակցելու համատեքստում, որն այս պահին, մեղմ ասած, իրեն ոչնչով չի արդարացրել նունիսկ նրան արդեն իսկ միացած երկրների համար, և որի հեռանկարները բավականին անորոշ են:

Սերժ Սարգսյանի անակնկալ հայտարարությունը, որն ունեցավ նման հետևանքներ, անվերականգնելի վնաս հասցրեց ՀՀ միջազգային վարկին և համբավին` որպես վստահության արժանի գործընկերոջ:

Ոչ մի քննադատության չեն դիմանում մեր երկրի պաշտոնական ներկայացուցիչների, քաղաքական գործիչների և որոշ՝ չափից ավելի հավատարիմ փորձագետների պնդումները, ովքեր ջանում են Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման տապալման մեղքը բարդել Բրյուսելի ուսերին: Մենք ամբողջովին հիմնավորված և բնական ենք համարում առանց Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի՝ մոտ 80 տոկոսով կրճատված փաստաթուղթը Եվրոպական միության կողմից չդիտարկելու որոշումը, քանի որ այդ նոր մոտեցման շուրջ նույնիսկ նախնական խորհրդակցություններ և բանակցություններ չեն վարվել:

Չափազանց անհամոզիչ են հնչում նաև տնտեսական հաշվարկների և անվտանգության հետ կապված ռիսկերի վերաբերյալ գնահատականները: Եթե նման մտայնությունները կարող էին արգելք հանդիսանալ Եվրամիության հետ ասոցացման ճանապարհին, ապա դրանք պետք է հայտնի դառնային և դիտարկվեին բանակցությունների ավարտից շատ ավելի վաղ: Այս դեպքում նախընտրությունը, որը Երևանի կողմից տրվեց Մաքսային միությանը, բոլոր միջազգային գործընկերների և Հայաստանի հասարակության կողմից կընկալվեր՝ որպես առավել արժանի և ընդունելի, այնինչ այսօր բոլոր հիմքերը կան՝ խոսելու ազգային նվաստացման մասին:

Եթե անգամ հաշվի առնենք, որ ՀՀ իշխանությունները, շրջվելով դեպի Մաքսային միություն, ստացել են որոշակի այսրոպեական օգուտներ անվտանգության և այլ ոլորտներում, այնուամենայնիվ, կան բազմաթիվ հիմքեր ենթադրելու, որ երկարաժամկետ կտրվածքով՝ արտաքին սպառնալիքների առումով երկիրը դառնում է ավելի խոցելի։ Եվ այդ սպառնալիքներից գլխավորներն են հանդիսանում միջազգային հանրության կողմից Հայաստանի շահերի անտեսման միտումը և ինքնիշխանության զիջման անվերահսկելի գործընթացը։ Այսօր, փաստորեն, ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ մեկտեղ առաջ են գալիս նոր գործոններ, որոնք խորացնում են Հայաստանի Հանրապետության համար այնպիսի ցավոտ խնդիրը, ինչպիսին արտագաղթն է։

Ենթադրաբար՝ ոչ առանց ՀՀ ղեկավարության անուղղակի մասնակցության տարածվող ակնարկներն այն մասին, թե իբր նման որոշումը կայացվել է ճնշման տակ, չեն արդարացնում Ասոցացման համաձայնագրի անփոփոխ կուրսի հետ կապված նախկին հավաստիացումների ուրացումը։ Երկրի համար նման ճակատագրական որոշման ընդունման ժամանակ արտաքին ազդակները միշտ առկա են, և դրանց բախվել են Արևելյան գործընկերության բոլոր պետությունները։ Սակայն ավելի կայուն ու ռիսկերից պաշտպանված են այն որոշումները, որոնք հիմնվում են գիտակցված ազգային շահի վերաբերյալ հասարակության համերաշխության վրա։ Իսկ Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն արել հասարակությանը Ասոցացման համաձայնագրի բովանդակության և առավելությունների, ինչպես նաև ընդհանուր առմամբ եվրոպական ինտեգրացիայի մասին իրազեկելու ուղղությամբ՝ տեղեկատվական դաշտը թողնելով որպես մտացածին «եվրոպական արժեքների» մասին էժանագին շահարկումների հարթակ։

Թվարկված բոլոր հանգամանքները մեզ թույլ են տալիս հաստատել, որ ՄՄ-ի վերաբերյալ որոշումն ընդունվել է՝ ելնելով մարդկանց այն նեղ շրջանակի շահերից, որոնց ծրագրերի մեջ չի տեղավորվում Արևելյան գործընկերությամբ, մասնանավորապես Ասոցացման համաձայնագրով նախատեսված բարեփոխումների ընդլայնված փաթեթի իրականացումը:

Ստեղծված իրավիճակի համար պատասխանատվության որոշակի բաժին է ընկնում նաև միջազգային կազմակերպությունների՝ մասնավորապես ԵՄ կառույցների վրա, որոնք բավական երկար ժամանակ Հայաստանի իշխանությունների հետ հարաբերություններում անցնում էին թույլատրելի հանդուրժողականության սահմանը՝ շատ դեպքերում համակերպվելով պարտավորությունների կատարման իմիտացիայի հետ և առաջնորդվելով «ավելի շատ՝ քչի դիմաց» բանաձևով: Ըստ երևույթին, դա որոշակի հիմքեր տվեց ՀՀ քաղաքական վերնախավին՝ ԱլԳ քաղաքական գործընթացին վերաբերել ոչ պատշաճ լրջությամբ և պատասխանատվությամբ։

Բացասական գործոն դարձավ նաև ԱլԳ երկրների միջև իրական գործընկերային հարաբերությունների, դեպի ընդհանուր առաջնահերթություններն ու շահերը կողմնորոշման, միմյանց փոխօգնության հասնելու ցանկության բացակայությունը: Որպես հետևանք՝ յուրաքանչյուրը գործում էր միայնակ` հարևանների անհաջողությունները և շեղումները դիտարկելով որպես սեփական առավելություն: Հուսով ենք, որ Հայաստանի անցանկալի նախադեպը փոխհարաբերությունների  փոփոխման անհրաժեշտություն կթելադրի «վեցնյակի» ներսում։

Մաքսային միությանն անդամակցելու մտադրությունը և Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման խափանումը միանշանակորեն ենթադրում են լուրջ շրջադարձ երկրի արտաքին և ներքին քաղաքականության, սոցիալ-տնտեսական զարգացման ու բազմաթիվ այլ ոլորտներում: Նման կարևորության որոշումները չպետք է ընդունվեն առանց Ազգային ժողովի, կառավարության, անվտագության խորհրդի օրակարգային, ինչպես նաև հանրային քննարկումների: Համապատասխան պաշտոնական խորհրդատվությունների բացակայությունը թույլ է տալիս ՀՀ նախագահի սեպտեմբերի 3-ի հայտարարությունն ընկալել ոչ այլ կերպ, քան իր միանձնյա կողմնորոշումը, որը մեր կողմից չի կարող անփոփոխելի համարվել:   Ելնելով վերը նշվածից՝  ՀՀ Ազգային ժողովից պահանջում ենք սեղմ ժամկետներում տվյալ հարցի շուրջ խորհրդարանական լսումներ կազմակերպել և հրավիրել արտահերթ նիստ, որը գնահատական կտա ՀՀ նախագահի  հայտարարությանը: Կոչ ենք անում ՀՀ ԱԺ պատգամավորներին, անկախ խմբակցական պատկանելությունից, վերկուսակցական դիրքորոշում ցուցաբերել Մաքսային միությանը միանալու և ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրից հրաժարվելու  վերաբերյալ, քանի որ այս ընտրությունը դուրս է առանձին քաղաքական ուժերի  շահերի շրջանակներից և կանխորոշում է ազգի ճակատագիրը երկարաժամկետ հեռանկարում:

ՀՀ իշխանությունների ներկայացուցիչներին հրավիրում ենք սեպտեմբերի 19-ին մասնակցելու «Հրազդան» հյուրանոցում, ժամը 14:00-17:00 կայանալիք ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համաժողովին և ներկայացնելու նախագահ Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտարարության հիմնավորումները՝ Մաքսային միությանը միանալու և Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը խափանելու վերաբերյալ:

Համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար, ով պատկերացնում է այս ընտրության բոլոր հետևանքները, ում համար կարևոր է մեր երկրի՝ թանկ գնով նվաճված անկախությունը և նրա ժողովրդավարական զարգացումը, սեպտեմբերի 3-ին հայտարարված որոշումը չի կարող ընդունելի լինել:

Իրավիճակը հնարավոր է շտկել միայն հասարակության առողջ և ոչ անտարբեր ուժերի համախմբմամբ և քաղաքացիական ակտիվությամբ: Անկախ մոտակա ամիսների զարգացումներից, ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը հավատարիմ է մնում եվրաինտեգրման գործընթացին առավելագույն արդյունավետությամբ նպաստելու իր առաքելությանը և բոլոր համախոհներին հրավիրում է սերտ համագործակցության:

 

CSF logoԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեի ներկայացուցչի ելույթը Երեւանում  ԱլԳ երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը

Երեւան, 13 սեպտեմբերի, 2013

 Մեծարգո հանձնակատար, հարգելի նախարարներ,

F in YerevanԱրեւելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Ղեկավար կոմիտեն խորին շնորհակալություն է հայտնում ձեր հրավերի եւ հնարավորության համար՝ ստեղծված իրավիճակում ներկայացնելու Արեւելյան գործընկերության վերաբերյալ մեր տեսակետը։

Մենք բոլորս գիտակցում ենք, որ հանդիպում ենք Արեւելյան գործընկերության համար շատ կարեւոր պահի։ Նոյեմբերի վերջին տեղի է ունենալու ԱլԳ գագաթնաժողովը, եւ հաջորդ ամսվա սկզբին էլ ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի ամենամյա՝ 5-րդ համաժողովն է կայանալու Քիշնեւում։ ԱլԳ առաջընթացի գնահատականն այս երկու համաժողովներում էլ կկայացվի նույն անորոշության մթնոլորտում։

Դեռեւս մի քանի շաբաթ առաջ ակնկալվում էր, որ Վիլնյուսում ԱլԳ երեք գործընկերների հետ Ասոցացման համաձայնագիրը (ԱՀ) կնախաստորագրվի եւ ամբողջ ուշադրությունը կբեւեռվի Եվրամիության եւ Ուկրաինայի  միջեւ Ասոցացման համաձայնագրի ստորագրման վրա։ Սակայն Արեւելյան գործընկերության հեռանկարն այնքան էլ հստակ չէ՝ կապված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անսպասելի հայտարարության հետ՝ Ռուսաստանի կողմից հովանավորվող Մաքսային միությանը (ՄՄ) միանալու մտադրության վերաբերյալ, ինչպես նաեւ Մոսկվայի կողմից իրականացվող քաղաքական եւ տնտեսական մշտական ճնշման պարագայում ԱլԳ երկրների վրա՝ հրաժարվելու իրենց եվրոպամետ քաղաքականությունից։ Այս ճնշումը երեկ քննադատության է արժանացել Եվրախորհրդարանի կողմից, որը Ռուսաստանի Դաշնությանը կոչ է արել «ձեռնպահ մնալ Արեւելյան գործընկերների նկատմամբ ճնշումներից եւ լիովին հարգել քաղաքական ընտրությունն կատարելու նրանց ինքնիշխան իրավունքը»։

Արեւելյան գործընկերությունը միտված է գործընկեր երկրներում օրենքի գերակայության, շուկայական տնտեսության կառուցման, ինչպես նաեւ լիակատար ժողովրդավարության  հաստատմանը։ Մենք մեր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերը տեսնում ենք իրական եւ այլընտրանքային ձայնը բարձրացնելու մեջ այդ բարեփոխումների՝ ներառյալ կրթության վերաբերյալ, որ մեր այս ոչ պաշտոնական հանդիպման թեման է եւ կարեւոր բաղադրիչ՝ որն ի վիճակի է փոխելու հասարակական գիտակցությունն ու վարքագիծը։

Անցյալ փետրվարին Թբիլիսիում տեղի ունեցած նախարարական համանման հանդիպմանը ՔՀՖ Ղեկավար կոմիտեն հայտարարեց, որ ԱլԳ կառավարություններն իրենց երկրներում ցանկացած ոլորտում եւ ցանկացած ժամանակ բարեփոխումների իրականացման եւ մոդեռնիզացման հարցում հիրավի կարող են իր աջակցությունն ակնկալել։

Ղեկավար կոմիտեն  իր աջակցությունն է հայտնել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանն աջակցելու վերաբերյալ Ուկրաինայի ազգային պլատֆորմի դիրքորոշմանը, որն Ուկրաինային հնարավորություն կընձեռի իրական բարեփոխումներ իրականացնել եւ ընթանալ եվրաինտեգրման ուղիով։

Վրաստանը եւ Մոլդովան, կարծես թե, Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման ճանապարհին են. Վրաստանի կառավարության հետ Ազգային պլատֆորմի մասնակցությամբ պատրաստվել է գործողությունների պլան՝ անհրաժեշտ փոփոխությունների իրականացմանն աջակցելու համար։ Վրաստանում հաջորդ ամսին նախագահական ընտրություններ են տեղի ունենալու, որոնք, հուսով ենք, կլինեն ազատ եւ արդար՝ այդ երկիրը դնելով Արեւելյան գործընկեր երկրների առաջամարտիկի դերում։

Մոլդովան, ըստ երեւույթին, ձգտում է  մինչեւ եկող տարվա ընտրությունները եւ կառավարության հնարավոր փոփոխությունը՝ հնարավորինս լայն բարեփոխումներ իրականացնել։ Մոլդովան հաջորդ ամիս հյուրընկալելու է ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի համաժողովը, եւ դրան աջակցելու համար մենք  մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Մոլդովայի կառավարությանը։

Բելառուսի կառավարությանից մենք ակնկալում ենք, որ նա ազատ արձակի քաղբանտարկյալներին եւ ԵՄ-ի արդիականացման նախաձեռնությանը համահունչ՝ կառուցողական հարաբերություններ սկսի Բելառուսի ազգային պլատֆորմի հետ: Հաջորդ ամիս Ադրբեջանում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, որի ընթացքին հետեւելու են տեղական եւ միջազգային  դիտորդներ: Դա, մենք հույս ունենք, կապահովի, որ իշխանությունների կողմից իրականացվող  ընտրություններն  արդար գնահատական ստանան: Այստեղ եւս մենք հուսով ենք, որ քաղաքական բանտարկյալներն ազատ կարձակվեն, եւ մարդու իրավունքները կհարգվեն ամբողջությամբ:

Հարկ է մի քիչ ժամանակ տրամադրել՝ խոսելու համար Հայաստանի իրավիճակի մասին, որպես տիպային տարբերակի, թե ինչպես կարող է դրությունը վատթարանալ այն պահից, երբ երկիրը շեղվում է իր ստանձնած  բարեփոխումներն իրականացնելու հանձնառության ուղուց: Հուլիսին  ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմն իր աջակցությունը հայտնեց Ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը՝ որպես «մի քայլի, որը կծառայի Հայկական պետության եւ հասարակության ընդհանուր շահերին»։ ՔՀՖ ՀԱՊ-ը հայտնել է «իր պատրաստակամությունը` ապահովել երկխոսութուն եւ համագործակցություն բոլոր շահագրգիռ կողմերի եւ հասարակության միջեւ՝ բարձրացնելով Հայաստանի արդյունավետ մասնակցությունն ԱլԳ եւ ԱԱ գործընթացներում …»։

Այս առաջարկը թերեւս պահուստային  դարձավ՝ ՀՀ նախագահի որոշման պարագայում: «Երկխոսության եւ խորհրդատվության» գործընթացում ներգրավվելու  փոխարեն՝ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը ֆիզիկական հարձակման ենթարկվեց, երբ նրա երկու անդամներ` Հայկակ Արշամյանը Երեւանի մամուլի ակումբից եւ Սուրեն Սաղաթելյանը «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնից, սեպտեմբերի 5- ին, Հայաստան – ԵՄ ինտեգրման գործընթացին աջակցության ցույցից վերադառնալիս ծեծի  ենթարկվեցին մի խումբ «անհայտ անձանց» կողմից։

Կարելի է ենթադրել, որ սա մի խումբ խուլիգանների կողմից կատարված պատահական հարձակում չէր: Զոհերը թիրախ էին դարձել, քանի որ նրանք ակտիվ մասնակցութուն են ունենում քաղաքացիական հասարակության միջոցառումներում:

Երեւանի մամուլի ակումբը (ԵՄԱ), որտեղ պրն Արշամյանը ծրագրերի համակարգող է, ՔՀՖ ՀԱՊ գործընթացներում ակտիվ դերակատարում ունեցող հասարակական կազմակերպություն է: ԵՄԱ-ն մասնագիտացված է լրատվամիջոցների ազատության պաշտպանության ոլորտում, որը ՔՀՖ առաջնահերթություններից մեկն է: Պարոն Սաղաթելյանը «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հայաստանյան գրասենյակի (ԹԻ) վարչության անդամ է, որի գործունեությունը կոռուպցիայի դեմ պայքարի  գլոբալ ցանցի մաս է կազմում, ինչը նույնպես ՔՀՖ առաջնահերթություններից է:

ԵՄԱ-ն եւ ԹԻ-Հայաստանը նաեւ մեծապես ներգրավված են եղել 2012 եւ 2013թթ. նախընտրական գործընթացների մշտադիտարկումների անցկացման գործում: Ընտրությունների մշտադիտարկումն առաջնային եւս մեկ խնդիր է ՔՀՖի համար, եւ մենք դիտարկելու ենք առաջիկայում Ադրբեջանում եւ Վրաստանում կայանալիք նախագահական ընտրությունները՝ լուրջ ուշադրություն դարձնելով հակաօրինական գործողությունների վրա:

Հարձակման նպատակն ուղերձ էր մեր գործընկերներին, ի նշան այն բանի, որ նրանք թուլացնեն իրենց ակտիվությունը ՔՀՖ-ի ոլորտներում, որոնք խիստ կարեւոր են բարեփոխումների հաջողության համար: Ազատ եւ արդար ընտրություններն օրինականացնում են ինչպես քաղաքականությունը, այդպես էլ օրենսդրությունը, որոնք բարեփոխումների հիմք են հանդիսանում հասարակությունների զարգացմանը խոչընդոտող կոռուպցիայի դեմ պայքարի համար, իսկ անկախ ԶԼՄ – ներն աջակցում են  ղեկավարողների եւ ղեկավարվողների միջեւ երկխոսությանը՝ քաղաքական այլընտրանքներ փնտրելու ուղղությամբ բաց քննարկումների կազմակերպման, ինչպես նաեւ բացթողումների, սխալների բացահայտման միջոցով:

Նախկինում էլ է հայտարարվել «անհայտ անձանց» կողմից հարձակումների, ինչպես նաեւ տրանսպորտի գների բարձրաձման դեմ բողոքող քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ ոստիկանների կողմից բռնությունների կիրառման դեպքերի մասին: Բոլոր այս միջադեպերի առնչությամբ իրենց բողոքն են արտահայտել Հայաստանի հասարակական կազմակերպությունները, ինչպես նաեւ Մարդու իրավունքների գծով ՄԱԿ – ի գերագույն հանձնակատարը. վերջինս միջամտել եւ կոչ է արել իշխանություններին՝ վերջ տալ նման միջադեպերին, հայտնաբերել եւ պատժել մեղավորներին: Քաղաքացիական հասարակության ֆորումը միանում է այդ բողոքին:

Սեպտեմբերի 19 – ին, իր համաժողովի ընթացքում, ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը կներկայացնի իր հայտարարությունը վերը նշված բոլոր հարցերի վերաբերյալ, ինչպես նաեւ ընդհանուր գնահատականը Ասոցացման համաձայնագրից հրաժարվելու՝ Հայաստանի անհեռանկար ճանապարհի եւ ապագայի վերաբերյալ:

Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար  Շտեֆան Ֆյուլեին, Եվրոպական հանձնաժողովի եւ Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայությանը հաջողություններ ենք մաղթում Արեւելյան գործընկերությունն իր հակառակորդներից պաշտպանելու, Հայաստանում եւ այլուր հետեւողական քաղաքականություն վարելու իրենց ջանքերում: Սա շատ ավելին է, քան պարզապես ազատ առեւտրի համաձայնագրի կնքման ձախողումը: Խոսքը կայուն հասարակություններ կառուցելու մասին է, որտեղ յուրաքանչյուրն ապագայի հանդեպ վստահություն կունենա, որտեղ կիշխեն երկխոսության եւ բանավեճի գործընթացները, այլ ոչ թե իշխանության բռունցքը: Սա անվտանգության երկարաժամկետ երաշխիք է Խորհրդային Միության փլուզումից հետո առաջացած հասարակությունների համար, որոնք վաստակել են երջանիկ ապագայի իրենց իրավունքը: ՔՀՖ-ն, որը շնորհիվ Բրյուսելում գործող քարտուղարության՝ այժմ ունի ինստիտուցիոնալ բազա, անսասանորեն հավատարիմ է մնում Գործընկերության ծրագրին: Մենք շարունակում ենք բարեփոխումների իրականացման մոնիտորինգը եւ պաշտպանությունը,  եւ աջակցում ենք Արեւելյան գործընկերությանը: Մեր քարտուղարությունը Բրյուսելում լավ է աշխատում: Սակայն Հայաստանում տեղի ունեցած վերջին բռնարարքները ցույց տվեցին, թե ինչ կարող է տեղի ունենալ, երբ երկրները շրջվում են ԱլԳ-ից:. Սա ամենաուժեղ փաստարկն է՝ շարունակելու համար  ԵՄ անդամ պետությունների կողմից ցուցաբերվող աջակցությունն Արեւելյան գործընկերությանը եւ Գործընկերության երկրներում ապրող բարի կամքի տեր մարդկանց:

Շնորհակալություն ուշադրության համար

european-commission-flag

Երեւանում կայացավ Արեւելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը

ՀՀ արտաքին գործերի նախարարության կայքէջ

13.09.2013

 EastPart1Սեպտեմբերի 13-ին Երեւանում կայացավ Արեւելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, որին ներկա էին Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդը, Արեւելյան գործընկերության անդամ երկրների՝ Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Նատալյա Գերմանը, Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը, Վրաստանի Եվրոպական եւ եվրաատլանտյան ինտեգրման հարցերով նախարար Ալեքս Պետրիաշվիլին, Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդկուլիեւը, Ուկրաինայի փոխարտգործնախարար Անդրեյ Օլեֆիրովը։
g_image.php

Հանդիպմանը, որը վարում էր Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ելույթ ունեցան պատվիրակությունների ղեկավարները, քննարկվեցին Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցության արձանագրված արդյունքները, նախանշվեցին գործընկերության հեռանկարները, հանգամանալից անդրադարձ կատարվեց Արեւելյան գործընկերության Ճանապարհային քարտեզի իրականցմանը եւ մտքեր փոխանակվեցին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովին ընդառաջ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ:

Ելույթ ունենալով հանդիպմանը, նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը առաջընթաց է գրանցել Արեւելյան գործընկերության ճանապարհային քարտեզի բոլոր հիմնական ուղղություններով։

«Եվրոպացի գործընկների հետ համագործակցաբար եւ անմիջական աջակցությամբ անցած տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունը լայնածավալ բարեփոխումներ է իրականացրել՝ ուղղված, մասնավորապես, ժողովրդավարական հաստատությունների եւ օրենքի գերակայության ամրապնդմանը, արդյունավետ կառավարմանը, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանությանը, ընտրական գործընթացների եւ օրենսդրության բարելավմանը, քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացմանը եւ այլն։ Մենք շնորհակալ ենք այդ աջակցության համար եւ ակնկալում ենք ապագայում եւս շարունակել մեր բարեփոխումները: Հայաստանը հաստատակամ է առաջ տանել ամենատարբեր ուղղություններով Եվրոպական միության հետ հնարավորինս սերտ փոխգործակցությունը՝ այնքանով, որքանով դա չի հակասի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության որոշմանը»,- ասաց արտգործնախարար Նալբանդյանը։

european-commission-flagԵՄ տեղական հայտարարությունը Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ակտիվիստների դեմ վերջերս կատարված հարձակումների, ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպանների ահաբեկման դեպքերի կապակցությամբ

13.09.2013

Այս հայտարարությունը Եվրոպական միության պատվիրակությունն անում է ԵՄ անդամ պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ համաձայնեցնելով

ԵՄ պատվիրակությունն իր խորը մտահոգությունն է հայտնում վերջերս Երեւանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դեմ հարձակումների, ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպանների ահաբեկման դեպքերի կապակցությամբ:

 ԵՄ պատվիրակությունը կոչ է անում հայաստանյան իշխանություններին՝ շուտափույթ եւ վճռական քայլեր ձեռնարկել այդ գործողություններն իրականացնողներին առանց հապաղման պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

ԵՄ պատվիրակությունը հիշեցնում է, որ ժողովրդավարական սկզբունքների, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը շարունակում են մնալ Եվրոպական միության եւ Հայաստանի երկկողմ օրակարգի կարեւոր տարրերը:

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.