Թողարկում 140

CSF logoԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեի հայտարարությունը  Հայաստանի իշխանությունների՝ Մաքսային միությանն անդամակցելու մտադրության վերաբերյալ

    5.09.2013

Արեւելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Ղեկավար կոմիտեն իր խորին ափսոսանքն է հայտնում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանն անդամակցելու մտադրության հայտարարության կապակցությամբ: Այս քայլը լուրջ հետընթաց կարձանագրի Հայաստանի՝ Արեւելյան Գործընկերության մեջ ներգրավման արդյունավետության, ինչպես նաեւ բացասական ազդեցություն կունենա ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի հեռանկարի վրա:

  • Մենք հարգում ենք Հայաստանի ինքնիշխան իրավունքը՝ ընտրելու այլ երկրների հետ ինտեգրացիայի ուղղությունն ու մոդելը, եւ այն, որ Հայաստանն իր ընտրությունը կատարելիս անվերապահ նախապատվությունը տալիս է ազգային շահին: Միեւնույն ժամանակ, մենք մտահոգված ենք, որ Սերժ Սարգսյանի անսպասելի հայտարարությունն արվեց առանց  պատշաճ քաղաքական բանավեճի եւ ծանրակշիռ փաստարկների վրա հիմնված քննարկման:
  • Նշենք նաեւ այն մեծ ջանքներն ու ռեսուրսները, որոնք ներդրվել են Եվրամիության ու Հայաստանի կողմից՝ Ասոցացման համաձայնագրի բանակցությունների ընթացքում, եւ որոնք հաջողությամբ ավարտվել են: Հետեւաբար, մենք սոսկ մեր խորին հիասթափությունն ենք հայտնում Հայաստանի կորցրած հնարավորությունների համար, ինչի վառ ապացույցը նախագահ Սարգսյանի հայտարարությունն էր:
  • Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը՝ հստակեցնել իր դիրքորոշումը եվրոպական գործընկերների եւ, նախեւառաջ, հայաստանյան հասարակության առջեւ:
  • Մենք հույս ենք հայտնում, որ Հայաստանը կշարունակի իր եվրաինտեգրման ճանապարհը, որն ի սկզբանե հայտարարվել էր որպես Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություն: Մենք կոչ ենք անում ԵՄ ինստիտուտներին՝ շարունակել ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ ավելի սերտ ինտեգրացիայի փնտրտուքները:
  • Մենք գնահատում ենք ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի ջանքերը՝ նպաստելու երկրում ԱլԳ Ճանապարհային քարտեզում  նախանշված բարեփոխումների իրականացման գործընթացին, դրա առաջընթացի մոնիտորինգի եւ Արեւելյան գործընկերության նախաձեռնության վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացման գործին:
  • Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը՝ բարձրացնել երկխոսության մակարդակը քաղաքացիական հասարակության եւ Հայաստանի ազգային պլատֆորմի հետ՝ մասնավորապես ԵՄ-Հայաստան հարաբերությունների օրակարգում, եւ հավաստիացնել, որ Մաքսային միությանը միանալու որոշումը բացասաբար չի անդրադառնա այս երկխոսության վրա:

Հայտարարության անգլերեն տեքստն՝ այստեղ։

CSF logoԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեն դատապարտում է Երեւանում  իր անդամների վրա կատարված հարձակումը

06.09.2013

Հայաստանում ներկայումս ընթացող իրադարձությունները, որոնցում ներգրավված քաղաքացիական ակտիվիստների շարքերում են նաեւ Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմի (ՀԱՊ) անդամները, Երեւանում հարձակման են ենթարկվել անհայտ անձանց կողմից։ Մեզանից շատերի կարծիքով՝ սա վախեցնելու փորձ է այն քաղաքացիներին, ովքեր համաձայն չեն Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի հետ Մաքսային միությանը միանալու՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի  որոշման հետ։

ԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեն դատապարտում է նման մեթոդները եւ ընդգծում, որ դրանք հետընթացի քայլեր են Հայաստանում ժողովրդավարության հաստատման համար, ինչը կարող է հիմնված լինել միայն քաղաքացիների հետ երկխոսության եւ պետական ​​քաղաքականության բաց քննարկման վրա։

Մենք պահանջում ենք Հայաստանի իշխանություններից՝ հետեւողական լինել հարձակումն իրականացնողներին բացահայտելու եւ պատժելու հարցում եւ երաշխավորել  ապագայում  նման միջադեպերի կանխումը։

ՔՀՖ Ղեկավար կոմիտեն հայտարարում է, որ  հետեւելու է Հայաստանում տիրող  իրավիճակին եւ չի հապաղելու մարդու իրավունքների խախտումների հանդեպ համապատասխան մարմինների ուշադրությունը հրավիրելու հարցում:

 Հայտարարության անգլերեն տեքստն՝ այստեղ։

 

Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հայտարարությունը քաղաքացիական ակտիվիստներին ահաբեկելու կապակցությամբ

 6 սեպտեմբերի, 2013թ.

Հայկակ Արշամյան
Լուսանկարը՝ «Առավոտ» օրաթերթի

2013 թվականի սեպտեմբերի 5-ի երեկոյան ժամը 22:10-22:20-ի հատվածում, Երեւանի Կողբացու փողոցի բակերից մեկում, ՊԵԿ-ի շենքից մի քանի քայլ հեռավորությամբ, իր ավտոտնակի մոտ, 6-7 անհայտ անձանց կողմից դաժան ծեծի են ենթարկվել Երեւանի մամուլի ակումբի ծրագրերի համակարգող Հայկակ Արշամյանը եւ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի խորհրդի անդամ Սուրեն Սաղաթելյանը: Վերջիններս ծանր մարմնական վնասվածքներով, սալջարդերով եւ կոտրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:  Այս երկու հասարակական ակտվիստները հրապարակային գործիչներ են եւ իրենց հասարակական գործունեությունն իրականացնում են օրինականության շրջանակներում:

Լուսանկարը՝ «Առավոտի»

Սուրեն Սաղաթելյան
Լուսանկարը՝ «Առավոտ» օրաթերթի

Երեւանի մամուլի ակումբը եւ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնն ակտիվորեն ներգրավված են ԵՄ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի աշխատանքներում։ Հայկակ Արշամյանը վերջին երկու օրերին մասնակցել է ՀՀ նախագահի նստավայրի եւ ՀՀԿ կենտրոնակայանի առջեւ անցկացված հասարակական ակտիվ բողոքի ակցիաներին` ուղղված Սերժ Սարգսյանի կողմից Մոսկվայում արած այն հայտարարության դեմ, ըստ որի, Հայաստանը որոշել է միանալ մաքսային միությանը:

Մենք` ստորեւ ստորագրողներս, տեղի ունեցածը գնահատում ենք որպես ահաբեկչություն`ՀՀ իշխանությունների դեմ իրենց բողոքը հայտնող հասարակական կազմակերպությունների, ազատ մամուլի,  հասարակական գործիչների եւ ակտիվ քաղաքացիների նկատմամբ, սա համարում ենք Հայաստանում տիրող անպատժելիության մթնոլորտի արդյունք, մարդու իրավունքների ոտնահարման, օրենքի ընտրովի կիրառման եւ քաղաքական հետապնդման  ամենօրյա պրակտիկայի շարունակություն, ինչի դրսեւորումներից մի քանիսին ականատես ենք եղել նաեւ վերջին շրջանում` Երեւանի Կոմիտասի 5 հասցեի շինարարության դեմ եւ քաղաքապետարանի դիմաց ցուցարարների դեմ կիրառված բռնաճնշումների ժամանակ։

Հայտարարում ենք, որ տեղի ունեցած այս ահաբեկչության ամբողջ պատասխանատվությունն ընկնում է ՀՀ իշխանությունների, մասնավորաբար`ՀՀ  իրավապահ մարմինների վրա: Եթե այս հանցագործությունը շուտափույթ չբացահայտվի, հիմքեր կունենանք հայտարարելու, որ այս բռնարարքն ուղղակիորեն հովանավորվում է Հայաստանի իշխանությունների կողմից:

Քաղաքացիական հասարակությանը եւ բոլոր ազատ քաղաքացիներին կոչ ենք անում գոտեպնդվել, չընկրկել վարձու խուժանի եւ սրանց պատվիրատուների առջեւ, շարունակել պայքարել սեփական ազատությունների եւ իրավունքների համար:

 Այս պահի դրությամբ ստորագրել են.

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Երեւանի մամուլի ակումբ
«Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ
Եվրասիա համագործակցություն հիմնադրամ
Մեդիա նախաձեռնությունների կենտրոն (նախկին «Ինտերնյուս-Հայաստան»)
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան
Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստան ՀԿ
«Շիրակ կենտրոն» ՀԿ
«Մենք Պլյուս» ՀԿ
«Կրթության ասպարեզ» ՀԿ
Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ
Հայաստանի հելսինկյան կոմիտե
«Տրտու» ՀԿ
«Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամ
«Պետական կարիքների զոհեր» ՀԿ
Քաղաքացիական ազգային նախաձեռնություն ՀԿ
«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն ՀԿ
Երեխաների աջակցության հիմնադրամ
Քաղաքացիական ֆորում ՀԿ
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն հիմնադրամ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
«Ժողովրդավարություն եւ ընտրական գործընթացներ» ՀԿ
«Ֆերմերային շարժում» ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
«Ներդաշնակ հասարակություն» սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա
«Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան ՀԿ
«ՈւրբանԼաբ-Երեւան» ճարտարապետների լաբորատորիա
Կանանց ռեսուրսային կենտրոն
Սոցիալ-մշակութային իննովացիաների լաբորատորիա բարեգործական հիմնադրամ
«Ազատ համալսարան» հիմնադրամ
«ԽորանԱրդ» ինտելեկտուալ կենտրոն ՀԿ
Ա.Դ.Սախարովի անվ. մարդու իրավունքների պաշտպ. հայկական կենտրոնի Շիրակի մասնաճյուղ
«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ
«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամ
Գորիսի մամուլի ակումբ
«Բիոսոֆիա» ՀԿ
Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն ՀԿ (ՀՍԻԿ)
«Էկոտուրիզմ» ՀԿ
«Արազա» բարեգործական ՀԿ
«Դիլնետ սերվիս» կրթական ՀԿ
21-րդ դարի առաջնորդների ֆորում
Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն
«Ընտանիք եւ համայնք» բարեգործական ՀԿ
«Շողեր» միություն ՀԿ
Արագածոտնի մարզի մամուլի ակումբ
«Իրավագետ սերունդ» ՀԿ
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում
Համայնքների ֆինանսիստների միավորում
 

 Հայտարարությունը բաց է բոլոր միացողների համար։

CSF logo

ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի 4-րդ աշխատանքային խմբի հանդիպում Երեւանում

IMG_40822013թ. սեպտեմբերի 8-ին Երեւանի «Հրազդան» հյուրանոցում տեղի ունեցավ Արեւելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ)  Հայաստանի ազգային պլատֆորմի (ՀԱՊ) 4-րդ՝ «Միջանձնային շփումներ» աշխատանքային խմբի (ԱԽ) հանդիպումը։

Մասնակիցները քննարկեցին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարության հետ կապված իրավիճակը՝ դա գնահատելով որպես լուրջ հետընթաց՝ Արեւելյան Գործընկերության մեջ Հայաստանի ներգրավման արդյունավետության, ինչպես նաեւ ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի հեռանկարի համատեքստում:

Հանդիպման մասնակիցները քննարկեցին ՔՀՖ 5-րդ՝ Քիշնեւում կայանալիք համաժողովին ընդառաջ ՀԱՊ 4-րդ ԱԽ առաջնահերթ խնդիրները եւ անելիքները։

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.