Թողարկում 136

CSF logoԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը վերաբերող հարցերը ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ Պատվիրակների ժողովի բաց նիստի եւ դրան հետեւած հանարային լսումների օրակարգում

all2013թ. հուլիսի 12-ին Երեւանի Հրազդան հյուրանոցում տեղի է ունեցել Արեւելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմի (ՀԱՊ) Պատվիրակների ժողովի բաց նիստ, որի ընթացքում նախ ՀԱՊ աշխատանքային խմբերի համակարգողները ներկայացրել են խմբերի կատարած աշխատանքը, քննարկվել են ՀԱՊ քարտուղարության հետ կապված ընթացիկ հարցեր,  այնուհետեւ մասնակիցներն անդրադարձել են օրակարգի առանցքային հարցին՝ ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման շուրջ վերջին զարգացումներին եւ դրանց վերաբերյալ ՀԱՊ դիրքորոշումների հստակեցմանը։ Anahit, Qnarik, ArshaluysՆիստի մասնակիցների քննարկմանն է ներկայացվել ԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեի համանախագահ,  Հայաստանի ազգային համակարգ Բորիս Նավասարդյանի կողմից պատրաստված հայտարարության նախնական տեքստը, որը ՀԱՊ անդամ կազմակերպությունների ներկայացուցիչների առաջարկությունների հիման վրա խմբագրվել եւ տարածվել է։

Երկու օր անց՝ հուլիսի 15-ին, ՀԱՊ-ը նախաձեռնել է ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման հարցերին նվիրված հանրային քննարկում, որին մասնակցել են ՀՀ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական կուսակցությունների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, քաղաքագետներ։

ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՖՈՐՈՒՄԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Մենք՝ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի անդամներս՝ ոչ կառավարական կազմակերպություններ, որոնք միավորվել են Եվրամիություն-Հայաստան համագործակցության օրակարգի շրջանակներում քաղաքացիական հասարակությունն ակտիվացնելու նպատակով, մասնավորապես՝ Արեւելյան գործընկերության առաջընթացի վերաբերյալ անկախ գնահատական տալու, մեր քաղաքացիներին իրազեկելու եւ ժողովրդավարական արժեքների ու բարեփոխումների շուրջ համախմբելու համար,

  • գոհունակությամբ արձանագրում ենք Եվրամիության հետ Հայաստանի Հանրապետության փոխհարաբերությունների խորացման եւ որակական նոր փուլ թեւակոխելու հնարավորությունը: Ասոցացման համաձայնագրի ակնկալվող նախաստորագրումը նշանակում է ոչ թե սոսկ հերթական միջազգային պարտավորությունների ստանձնում, այլեւ համակարգված ռազմավարության իրականացում պետական կառավարման կատարելագործման, տնտեսության զարգացման, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, իրավունքի գերակայության ապահովման, քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության եւ բնապահպանության ուղղությամբ,
  • միաժամանակ, մտահոգություն ենք արտահայտում ԵՄ-ՀՀ համագործակցության շուրջ ներկայումս Հայաստանում ընթացող քննարկումների վերաբերյալ, որոնց երբեմն բնորոշ են մակերեսայնությունը, գերակայությունների մասին խեղաթյուրված պատկերացումները, Ասոցացման համաձայնագրի ստորագրման հետ կապված՝ արտաքին քաղաքական հակասությունների անհարկի շեշտադրումը: Հասարակական դիսկուրսի մեջ  ներդրվող «կա՛մ Եվրամիություն, կա՛մ Ռուսաստան», «ե՛ւ Եվրամիություն, ե՛ւ  Ռուսաստան» վերացական բանաձեւերը հասարակության ուշադրությունը շեղում են գործընթացի բուն էությունից եւ խոչընդոտում են դրա համարժեք իմաստավորումը,
  • մենք Ասոցացման համաձայնագիրը դիտարկում ենք ոչ թե այս կամ այն պետությունների կամ դրանց միությունների օգտին կամ ի վնաս՝ ընտրություն կատարելու առիթ, այլ որպես քայլ, որը պետք է արտացոլի հայկական պետության եւ հասարակության ընդհանուր շահերը: Այս փաստաթղթի ստորագրումը նշանակելու է ՀՀ կառավարության կողմից բարեփոխումների ընդարձակ ծրագրի ընդունում, դրա իրականացման ընթացքում Եվրամիության գործուն աջակցություն եւ մեր երկրի հաստատուն ուղղվածություն դեպի եվրոպական ինտեգրացիա: Ասոցացման համաձայնագրով նախատեսվող բարեփոխումները կբարձրացնեն Հայաստանի՝ որպես գործընկերոջ արժեքը՝ անխտիր բոլոր այն երկրների համար, որոնք շահագրգռված են փոխշահավետ հարաբերություններ ունենալ իր հետ:

Միեւնույն ժամանակ, մենք

  • գիտակցում ենք, որ համաձայնագրի վերաբերյալ տեղեկատվության պակասը եւ քաղաքացիներին իրազեկելու ռազմավարության բացակայությունը՝ եվրաինտեգրացիայի վերաբերյալ խեղաթյուրված պատկերացումների պատճառ լինելուց զատ, հող են ստեղծում հասարակական կարծիքը մանիպուլյացիայի ենթարկելու համար,
  • ընդգծում ենք, որ 2012-2013թթ. ընտրությունների պաշտոնական արդյունքների վերաբերյալ հիմնավոր կասկածները, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ քաղաքականության բացակայությունը, անպատժելիության մթնոլորտը, քաղաքական հավատարմության դիմաց առաջարկվող բացահայտ հովանավորչությունը, հակասելով Եվրամիության հետ բանակցությունների, ստորագրվելիք փաստաթղթերի տառին եւ ոգուն, հասարակության մեջ անվստահություն են առաջացնում ԵՄ-ՀՀ համագործակցության շրջանակներում իրական բարեփոխումների հնարավորության նկատմամբ:

Ելնելով վերոնշյալից՝ ՀԱՊ-ը

  • հանդես է գալիս Եվրամիության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ Ասոցացման համաձայնագրի շուրջ տարվող բանակցությունները հաջողությամբ ավարտելու եւ ԱլԳ Վիլնյուսի գագաթնաժողովի ընթացքում այն նախաստորագրելու, ինչպես նաեւ երկկողմանի համագործակցության օրակարգը մեր երկրի առաջնային շահերի եւ  քաղաքացիների ժողովրդավարական ձգտումների հետ ներդաշնակեցնելու օգտին,
  • կոչ է անում ՀՀ իշխանություններին՝ բաց երկխոսել հասարակության հետ, բարձրացնել նրա իրազեկվածությունը համաձայնագրի բովանդակության վերաբերյալ, իրականացնել հռչակվող արժեքներին համահունչ քաղաքականություն, հրաժարվել միջազգային պարտավորությունների իմիտացիոն իրականացման գործելակերպից, ինչը որոշակի չափով դրսեւորվում էր նաեւ Եվրոպական հարեւանության քաղաքականության Գործողությունների ծրագրի կատարման ընթացքում,
  • կոչ է անում ԵՄ կառույցներին՝  սկզբունքայնություն դրսեւորել եվրոպական արժեքներին եւ «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքին անվերապահորեն հետեւելու հարցում, ինչը ենթադրում է ոչ միայն բարեփոխումներին հավատարիմ լինելու մասին ՀՀ կառավարության կողմից տրվող հավաստիացումներ, այլ նաեւ սեփական նախաձեռնողականություն՝ երկիրը ԵՄ չափորոշիչներից հեռացնող բազմաթիվ խնդիրները հաղթահարելու համար,
  • կոչ է անում ՀՀ քաղաքական ուժերին եւ զանգվածային լրատվամիջոցներին՝ համաձայնագրի թեման չծառայեցնել նեղ, պատեհապաշտ նպատակների եւ մասնակցել ԵՄ-ՀՀ փոխհարաբերությունների հեռանկարների վերաբերյալ կառուցողական,  բովանդակային հանրային քննարկումներին:

Գիտակցելով իր ստանձնած պատասխանատվությունը՝ ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը պատրաստակամություն է հայտնում երկխոսելու եւ համագործակցելու՝ Արեւելյան գործընկերության շրջանակներում ՀՀ մասնակցության արդյունավետությունը բարձրացնելու հարցում շահագրգիռ բոլոր կողմերի, համայն հասարակության հետ՝ իր գործունեության ընթացքում բացառելով քաղաքական, կուսակցական կամ խմբային որեւէ կողմնակալության դրսեւորում: Երկրի բարեփոխիչ, ստեղծագործ ուժերի համախմբումը հաջողության հիմնական գրավականն է:

Հայտարարության անգլերեն տեքստը՝ այստեղ։

 

european-commission-flagԵվրահանձնաժողովի անդամը լուրջ հիմքներ է տեսնում Արեւելյան գործընկերություն ծրագրում Հայաստանի ակտիվ մասնակցության համար

 11.07.2013

Fule in Yerevan– Եվրամիությանը եւ Հայաստանը գտնվում են նախկին գործընկերության համեմատ իրենց հարաբերություններն էլ ավելի ընդարձակելու եւ խորացնելու կարեւոր փուլում,-հայտարարել է Եվրամիության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով Եվրահանձնաժողովի անդամ Շտեֆան Ֆյուլեն՝ Երեւանում, ուսանողության, քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների եւ գիտական շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

Նա ասել է, որ երկու կողմերն էլ շատ մոտ են Ասոցացման համաձայնագրի (ԱՀ) նախապատրաստման ավարտին, որը «կոնկրետ օգուտ կտա եւ նոր հնարավորություններ կստեղծի բոլոր քաղաքացիների համար» եւ ընդգծել, որ «մարդու իրավունքները, ժողովրդավարությունը եւ հիմնարար ազատությունները կդառնան մեր նոր համաձայնագրի, այսպես կոչված, «անփոխարինելի բաղադրիչները», այլ խոսքով ասած՝  դրանք կլինեն հիմնարար սկզբունքներ, որոնց երկու կողմերը պարտավոր կլինեն հետեւել եւ առաջ տանել»։

Հանձնաժողովի անդամը հայտարարել է, որ ԱՀ-ն պետք է «նոր էջ բացի ոչ միայն ԵՄ-Հայաստան հարաբերություներում, այլ նաեւ հենց իր զարգացման մեջ», իսկ ԵՄ-ն միշտ պատրաստ է իր կողմից ֆինանսական աջակցություն տրամադրել եւ կոչ անել միջազգային մյուս դոնորներին՝ աջակցել բարեփոխումների նախագծերին։ Ֆյուլեն նշել է, որ ավելի լայն համատեքստում  ԵՄ-Հայաստան հարաբերությունները զարգանում են  Արեւելյան գործընկերության շրջանակներում, որտեղ երկխոսության քաղաքական ասպեկտները լրացվում են կոնկրետ ոլորտային համագործակցությամբ։ Ըստ որում, Ֆյուլեն հղում է արել ԱլԳ երկրների կրթության նախարարների ոչ ֆորմալ երկխոսությանը, որը նախատեսված է անցկացնել Հայաստանում, սեպտեմբերին, եւ որին ակնկալվում է կրթության հարցերով Եվրահանձնաժողովի անդամ Անդրուլոյ Վասիլիուի մասնակցությունը։

Ֆյուլեն ընդգծել է, որ ԵՄ-ն եւ նրա գործընկերներն ավելի լավ պատրաստված կլինեն հիմնախնդիրների դիմակայմանը եւ հնարավորությունների օգտագործմանը, եթե նրանք միավորեն իրենց ուժերն Արեւելյան գործընկերության շրջանակներում, եւ որ ինքը « բազմակողմանի համագործակցության լուրջ հիմքեր է տեսնում մի երկրի համար, որ  ծովային ելք չունի եւ ներկա պահին երկու հարեւան երկրների հետ փակ սահմաններ ունի»։

Շտեֆան Ֆյուլեն հանդիպման առիթն օգտագործել է՝ ցրելու համար «առասպելն այն մասին, որ Արեւելյան գործընկերությունը գործում է  «ունիվերսալ մոտեցման» սկզբունքի հիման վրա, որը հանգեցնում է միօրինակ հարաբերությունների եւ հաշվի չի առնում գործընկեր յուրաքանչյուր երկրի առանձնահատկություները»։ Նա պնդել է, որ իրականում միանգամայն հակառակն է. «Չնայած մենք համանման գործիքներ ենք կիրառում, այդ թվում շարժունակությանը, Եվրամիության չափորոշիչներին եւ արժեքներին մոտենալուն վերաբերող հարցերում, սակայն մեր գործընկերների հետ աշխատում ենք անհատական որոշումների փնտրման սկզբունքով։ Տարբերակումն Արեւելյան գործընկերության առանցքային հայեցակարգն է, եւ Հայաստանը բացառություն չէ»։

Երեւանում Եվրահանձնաժողովի անդամը եւ ՀՀ կառավարության, Ազգային ժողովի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները քննարկել են հնարավոր միջոցները, որոնք  վերաբերում են ԵՄ-Հայաստան հարաբերությունների մի շարք առաջնահերթություններին, այդ թվում՝

  • ժողովրդավարութուն
  • մարդու իրավունքներ
  • հիմնարար ազատություններ
  • հավասարություն
  • կոռուպցիայի դեմ պայքարի ուժեղացում
  • կառավարման համակարգի բարեփոխում եւ պետական ինստիտուտների հզորացում։

Անդրադառնալով  Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմային՝ Ֆյուլեն Եվրամիության կողմից աջակցութուն է խոստացել եւ Հայաստանին կոչ է արել Ադրբեջանի հետ միասին ուժեղացնել ջանքերը՝ Մադրիդյան սկզբունքներին համապատասխանող համաձայնության հասնելու ուղղությամբ։

Եվրամիությունն «իր առջեւ հստակ նպատակ է դնում քաղաքական հարցերի ամենալայն սպեկտրով խորացնել հարաբերությունները Հայաստանի ամբողջ ժողովրդի հետ՝ գործարարներից մինչեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ եւ շարքային քաղաքացիներ։ Այլ խոսքով ասած՝ մենք ձգտում ենք համապարփակ գործընկերության»,- վերջում հայտարարել է Ֆյուլեն։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Մանրամասներ.

Ելույթի տեքստը

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.