Թողարկում 132

CSF logo«Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ կառավարության համագործակցության խթանումը ԱլԳ ՔՀՖ շրջանակներում» թեմայով երկօրյա սեմինար Գյումրիում

18.06.2013

Gyumri seminarԱյսօր ավարտվեց  Երեւանի մամուլի ակումբի՝ «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ կառավարության համագործակցության խթանումը ԱլԳ ՔՀՖ շրջանակներում» թեմայով  հունիսի 16-18-ը Գյումրիում կազմակերպված սեմինարը։

Սա Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության ֆորումի առաջին աշխատանքային խմբի առաջնայնությունների խթանումը հայաստանյան քաղաքացիական հասարակությունում» ծրագրի շրջանակներում  կազմակերպված երկրորդ սեմինարն էր։

Սեմինարի թեմատիկ առանցքը Արեւելյան գործընկերության Ճանապարհային քարտեզի մոնիտորինգն էր, որի շուրջ էլ ծավալվեցին զեկուցումներն ու քննարկումները։

Նախ՝ «Արեւելյան գործընկերության վերջին զարգացումները» թեմայով զեկուցմամբ հանդես եկավ  Եվրոպական քաղաքականության ուսումնասիրությունների կենտրոնի գիտաշխատող Հրանտ Կոստանյանը։  Իսկ «Կառավարություն- ՔՀԿ-ներ` կառուցվածքային երկխոսություն եւ համագործակցություն Արեւելյան գործընկերության Ճանապարհային քարտեզով նախանշված գործողությունների առաջընթացի մոնիտորինգի շրջանակներում» զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության Եվրամիության բաժնի կցորդ Սոֆյա Սիմոնյանը։

Այնուհետեւ  «Արեւելյան գործընկերության Ճանապարհային քարտեզի տնտեսական բաղադրիչը, համագործակցություն ՔՀԿ-ների հետ» թեման  ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Եվրամիության հետ համագործակցության վարչության Եվրամիության բաժնի պետ Արգամ Արամյանը, իսկ  «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի  ծրագրերի տնօրեն Արմինե Թուխիկյան զեկուցումն անդրադարձ էր  Արեւելյան գործընկերության Ճանապարհային քարտեզով նախանշված գործողությունների իրականացմանը՝ հանրային կառավարման եւ տեղական ինքնակառավարման ոլորտում։

Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Արեւհատ Գրիգորյանի՝ «Արեւելյան գործընկերության երկրների եվրաինտեգրման ինդեքսը» զեկուցումը նվիրված էր արդեն երրորդ տարին ԱլԳ երկրների քաղաքացիական հասարակության կազմակերպությունների փորձագետների կողմից իրականցվող ուսումնասիրությունը։

Եվրասիա համագործակցություն հիմնադրամի «Եվրոպա» ծրագրի համակարգող Միքայել Հովհաննիսյանի զեկուցումը ներկայացրեց «Հասարակական եւ կառավարական մարմինների համագործակցության մեխանիզմները Արեւելյան գործընկերության Ճանապարհային քարտեզով նախանշված գործողությունների իրականացման տեսանկյունից»։

Սեմինարի վերջում Արեւելյան գործընկերության Ճանապարհային քարտեզով նախանշված գործողությունների առաջընթացի մոնիտորինգի մեթոդաբանությունը ներկայացնող ամփոփիչ զեկուցմամբ հանդես եկավ ԱլԳ ՔՀՖ համանախագահ, Երեւանի մամուլի ակումբի նախագահ  Բորիս Նավասարդյանը։

 

Inogate_180601Շարունակվում է համագործակցությունը «ԻՆՈԳԵՅԹ»-ի հետ

www.minenergy.am

arm InogateՀունիսի 11-ին տեղի ունեցավ Եվրոպական էներգետիկ համայնքի, Եվրոպական «ԻՆՈԳԵՅԹ» ծրագրի  եւ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության համատեղ սեմինարը: Սեմինարին մասնակցում  էին՝ Եվրոպական էներգետիկ համայնքի տնօրեն Յանեց Կոպաչը, նույն Համայնքի տնօրենի տեղակալ Դիրկ Բուշլեն, Եվրոպական «ԻՆՈԳԵՅԹ» ծրագրի  տեխնիկական քարտուղարության ղեկավար Լեմլեմ Սայիդ Իսսան, նույն ծրագրի փորձագետներ, ՀՀ պետական կառավարման մարմինների, Հայաստանում գործունեություն իրականացնող միջազգային կազմակերպությունների, Հայաստանի ԲՈՒՀ-ական համակարգի եւ Հայաստանի էներգետիկայի բնագավառի առանցքային կազմակերպությունների ներկայացուցիչները:

Եվրոպական էներգետիկ համայնքի տնօրենը եւ նրա տեղակալը ներկայացրեցին Համայնքի լիիրավ անդամ դառնալու առավելություններն ու պարտավորությունները, մասնավորապես՝ ներկայացվեց եվրոպական դիրեկտիվների ցանկ, որոնց ընդունումը եւ կիրարկումը ՀՀ-ում դառնում է պարտադիր՝ ըստ փոխահամաձայնեցված ժամանակացույցի: Հայկական կողմը վստահեցրեց, որ կքննարկի արված առաջարկները եւ դրական արդյունքի դեպքում համապատասխան ձեւաչափով կդիմի Եվրոպական էներգետիկ համայնքի քարտուղարությանն անդամակցելու վերաբերյալ:

«ԻՆՈԳԵՅԹ» ծրագրի շրջանակներում քննարկվեցին Կայուն զարգացման բնագավառում ներդրումների ներգրավման հետ կապված առաջընթացը եւ խոչընդոտները: Նշված խնդիրներն ունեն շարունակական բնույթ, եւ որոշվեց դրանք քննարկել «ԻՆՈԳԵՅԹ» ծրագրի սեմինարների ժամանակ:

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.