Թողարկում 130

– Ասոցացման վերաբերյալ առաջիկայում կնքվելիք համաձայնագրերը կփոխեն «խաղի կանոնները» հետխորհրդային տարածքում,-նշել է  Շտեֆան Ֆյուլեն

29.05.2013

P0162012502Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում, որը տեղի է ունենալու 2013թ. նոյեմբերի 28-29-ին, Վիլնյուսում, Եվրամիությունը ձգտելու է ստորագրել Ասոցացման համաձայնագրերից մեկը (Ուկրաինայի հետ) եւ նախաստորագրել մյուս համաձայնագրերը։ Ինչպես նշել է ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով Եվրահանձնաժողովի անդամ Շտեֆան Ֆյուլեն, դա «հետխորհրդային այդ տարածքում կդառնա իրական փոփոխությունների հանգեցնող նկատելի թռիչք» եւ ամբողջովին «կփոխի խաղի կանոնները»։ Դիմելով Բրյուսելում մայիսի 28-ին տեղի ունեցած ԵՎՐԱՆԵՍԹ-ի համաժողովին՝ Ֆյուլեն ասել է, որ ԵՄ-ն եւ նրա գործընկերները ձգտելու են «ի կատար ածել Եվրամիության եւ նրա գործընկերների միջեւ երբեւէ կնքված ամենամասշտաբային՝ Ասոցացման համաձայնագիրը (ԱՀ), այդ թվում նաեւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագիրը (ԽՀԱԱԳՀ)՝ փաստաթուղթ, որը սահմանում է քաղաքական ասոցացման եւ տնտեսական ինտեգրման ծրագիրը»։

Ֆյուլեն հույս է հայտնել, որ գագաթնաժողովի ժամանակ կնախաստորագրվեն նաեւ Ասոցացման համաձայնագրերը Մոլդովայի, Վրաստանի եւ Հայաստանի հետ եւ հաջողություններ կարձանագրվեն մի շարք երկրների հետ վիզային ռեժիմի պարզեցմանն ուղղված գործողությունների որոշակի ծրագրի մշակման գործում։ Բացի այդ, Եվրահանձնաժողովի անդամը նշել է, որ գագաթնաժողովին ծրագրվում է ներկայացնել ենթակառուցվածքային կոնկրետ նախագծեր՝ օրինակ, Արեւելյան գործընկերության տրանսպորտային ցանցի ստեղծման վերաբերյալ։

Իր ելույթում Շտեֆան Ֆյուլեն անդրադարձել է նաեւ առաջիկայում, ասոցացման համաձայնագրերի ստորագրումից հետո իր արեւելյան գործընկերների հետ Եվրամիության  հարաբերությունների խնդիրն։ Նա ասել է, որ հեշտ չի լինի ներգրավվածությունը պահպանել նույնքան բարձր եւ ինտենսիվ մակարդակի վրա, ինչպիսին որ այն առկա էր բանակցային գործընթացների ժամանակահատվածում։

Ֆյուլեն ընդգծել է, որ վիլնյուսյան գագաթնաժողովի առանցքը կլինի դիֆերենցացիան՝ տարբերակումը, հիշեցնելով ԱլԳ հիմքում ընկած՝ «ավելին՝ ավելիի դիմաց»  սկզբունքը։ «Այստեղ խոսքը ոչ միայն այն մասին է, որ ինչքան շատ բարեփոխումներ իրականացնեք, այնքան ավելի մեծ աջակցություն կստանաք, այլ նաեւ այն, որ որքան հավակնոտ նպատակներ դուք դնեք ձեր առջեւ, այնքան ավելի պահանջկոտ կդառնանք մենք եւ ավելին կակնկալենք ձեզանից, հատկապես այն երկրներից, որոնք ձգտում են էլ ավելի մերձենալ Եվրամիությանը»,- բացատրել է Շտեֆան Ֆյուլեն։

Անդրադառնալով քաղաքացիական հասարակությանն առնչվող խնդրին, Ֆյուլեն նշել է, որ այն առավել ակտիվորեն է մասնակցում գործընկերության հաստատմանը՝ ինչպես ազգային պլատֆորմների, այնպես էլ բազմազգ մակարդակներում։

Խոսելով Եվրամիության եւ Ռուսաստանի միջեւ  հարաբերությունների մասին՝ Եվրահանձնաժողովի անդամն ընդգծել է. «Որքան մենք ընդլայնում ենք համագործակցությունը մեր գործընկերների հետ, այնքան ավելի սրությամբ ենք զգում Ռուսաստանի հետ մտքերի փոխանակության գործընթացի ամրապնդման եւ ընդլայնման անհրաժեշտությունը» մի ամբողջ շարք հարցերի, այդ թվում նաեւ հարեւանությանը  վերաբերող հարցերի շուրջ»։ Մասնավորապես, նա անդրադարձել է  արեւելյան գործընկերների հետ ստորագրվելիք Ասոցացման համաձայնագրերի անհամատեղելիությանը Մաքսային միության (Ռուսաստանի) հետ։ Ֆյուլեն հայտարարել է, որ Եվրամիությունը միանգամայն կողմ է, որ  իր գործընկերներն ամրապնդեն իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ պատրաստ է թե՛ արեւելյան գործընկերների, թե՛ Մոսկվայի հետ քննարկել Մաքսային միության եւ Եվրասիական միության կանոնները, «որոնցում ԵՄ գործընկերները կկարողանան մասնակցել՝ առանց կասկածի տակ դնելու Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների բովանդակությունը»։  Ի հաստատումն իր խոսքերի՝ Եվրահանձնաժողովի անդամը հիշեցրել է ռազմավարական մի շարք կարեւոր ոլորտներում, այդ թվում նորմատիվային-իրավական բազային վերաբերող հարցերում Եվրահանձնաժողովի եւ Եվրասիական միության միջեւ կապերի ամրապնդման վերաբերյալ Եվրամիության առաջարկը եւ ընդգծել է. «Մենք շահագրգիռ ենք այն հարցում, որ Եվրամիության կարգավորիչ գործունեությունը չհակասի Եվրասիական միության աշխատանքին»։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

 

euronest_headerՄամուլի ասուլիս Եվրանեսթ ԽՎ երրորդ լիագումար նիստի վերաբերյալ

03.06.2013

www.parliament.am

photoԵվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության` մայիսի 27-29-ը Բրյուսել կատարած այցի արդյունքները հունիսի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփեցին պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը, պատվիրակության անդամներ Կարինե Աճեմյանը, Հրանտ Բագրատյանը, Էլինար Վարդանյանը եւ Նաիրա Զոհրաբյանը:

Արտակ Զաքարյանը տեղեկացրեց, որ պատվիրակության անդամները քաղաքական հանձնաժողովում ներկայացրել են Արեւելյան գործընկերության անդամ երկրներում անվտանգության սպառնալիքներին նվիրված, էներգետիկ անվտանգության հանձնաժողովում՝ Արեւելյան գործընկերության տարածքում էներգետիկ համագործակցության եւ դեպի Եվրամիություն էներգակիրների փոխանցման վերաբերյալ, քաղաքացիական հասարակության, սոցիալական հարցերի, կրթության եւ մշակույթի հարցերով հանձնաժողովում՝ աղքատության դեմ պայքարի եւ սոցիալական համահավասարեցմանն ուղղված, իսկ տնտեսական ինտեգրման հանձնաժողովում՝ ազգային օրենսդրությունների մոտարկման եւ տնտեսական ինտեգրման հեռանկարներին նվիրված զեկույցներ:

Պատվիրակության ղեկավարը նշեց, որ բոլոր չորս զեկույցների վերաբերյալ Ադրբեջանի, Վրաստանի եւ Եվրոպայի երկրների մի խումբ պատգամավորներ ներկայացրել էին առաջարկներ, որոնք հակասել են Հայաստանի շահերին: Արտակ Զաքարյանը տեղեկացրեց որ Եվրանեսթից առաջ ԵԺԿ խմբակցության նիստի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ նրանք հետ են վերցրել իրենց առաջարկները:

Ըստ Արտակ Զաքարյանի՝ վերջին պահին ադրբեջանցիները քարտուղարության միջոցով օրակարգ են մտցրել «Հայաստանում ջրային ռեսուրսների սահմանափակման եւ դրանով Ադրբեջանի բնապահպանությանը սպառնալիք հանդիսացող» զեկույցի նախագիծ: Նշվեց, որ հայկական պատվիրակությունը դեմ է եղել այդ հարցի օրակարգ մտնելուն եւ քննարկմանը, քանի որ Ադրբեջանն այս հարթակը եւս փորձում է օգտագործել հակահայկական քարոզչություն իրականացնելու համար: Ի վերջո, հայկական պատվիրակությանը հաջողվել է հանել այն ինչպես քննարկման, այնպես էլ լիագումար նիստի օրակարգից:

Եվրանեսթ քաղաքական հանձնաժողովի փոխնախագահ Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ Ադրբեջանը ցանկացած հանգամանք փորձում է օգտագործել իր երկրի արտաքին քաղաքական շահը առաջ տանելու համար: Պատգամավորը շեշտեց, որ ազգային շահի հետապնդման հարցերում հայկական պատվիրակությունը եղել է միասնական, սակայն եղել են հարցեր, որտեղ պատվիրակության անդամները քվեարկել են` ելնելով իրենց քաղաքական ուժի մոտեցումներից:

Պատվիրակության անդամ Էլինար Վարդանյանը տեղեկացրեց, որ ադրբեջանցիները քննարկվող ամեն մի հարց ուզում են հարմարեցնել իրենց շահերին, անգամ եթե քննարկվող հարցը որեւէ կապ չունի տարածքների եւ հակամարտության հետ: Նշվեց, որ Ադրբեջանը փորձել է իր առաջարկները ներառել նաեւ սոցիալական հարցերի հանձնաժողովում բանաձեւի քննարկման ժամանակ, որը վերաբերել է աղքատության խնդրին:

Արտակ Զաքարյանը տեղեկացրեց, որ Եվրանեսթի հաջորդ՝ չորրորդ լիագումար նիստը կանցկացվի Երեւանում 2014 թ.-ի աշնանը:

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.