Թողարկում 129

CSF logoԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համաժողով Երեւանում

2013թ. մայիսի 27-ին Երեւանում տեղի  ունեցավ  ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համաժողովը, որին մասնակցեցին ՀԱՊ անդամ կազմակերպությունների շուրջ 50 ներկայացուցիչներ։ Համաժողովը նախագահում էր ԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեի համանախագահ, Հայաստանի ազգային համակարգող Բորիս Նավասարդյանը։

Օրակարգի առաջին հարցը վերաբերում էր ԱլԳ շրջանակներում  քաղաքացիական հասարակության զարգացման խնդիրներին, ինչի առնչությամբ  ներկայացվեցին եւ քննարկվեցին խնդրին առնչվող երկու հայեցակարգեր։ Նախ՝ Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը ներկայացրեց  Հանրային խորհրդի կողմից մշակված՝  «ՀՀ-ում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ռազմավարության հայեցակարգը»։    Այնուհետեւ ՀՀ արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը ՀԱՊ համաժողով մասնակիցներին ծանոթացրեց «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ եւ օրենսդրական բարեփոխումների հայեցակարգին»։

Համաժողովի մասնակիցները հայեցակարգերի վերաբերյալ  հանդես եկան իրենց հարցերով եւ առաջարկություններով, ակնկալելով, որ դրանք հաշվի կառնվեն փաստաթղթերի վերջնական տարբերակներում։

Օրակարգի մյուս՝ ԱլԳ Ճանապարհային քարտեզի մոնիտորինգի իրականացման հարցերին նվիրված զեկուցումով հանդես եկավ  ԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեի համանախագահ,  Հայաստանի ազգային համակարգող Բորիս Նավասարդյանը։

Համաժողովի օրակարգի վերջին հարցերը վերաբերում էին ՀԱՊ կազմակերպական սկզբունքների փոփոխության նախագծի եւ ՔՀՖ 5-րդ՝ Քիշնեւում կայանալիք համաժողովի մասնակցության՝ Հայաստանից ներկայացված հայտերի քննարկմանը։ ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգողը եւ ՀԱՊ աշխատանքային խմբերի ղեկավարներն ու անդամները ներկայացրին ՔՀՖ 4-րդ՝ Ստոկհոլմի համաժողովից հետո ընկած ժամանակահատվածում իրականացված աշխատանքը՝ ընդհանուր առմամբ ՔՀՖ Հայաստանի պատվիրակների աշխատանքը գնահատելով ակտիվ եւ արդյունավետ։ Քննարկվեցին նաեւ ՀԱՊ պատվիրակների ժողովի անդամների կողմից ՔՀՖ Ղեկավար կոմիտեին ներկայացվելիք հայաստանյան «կարճ ցուցակի» կազմմանը եւ քվեարկությանը վերաբերող մի շարք հարցեր։

Ավանդական ՀԿ-ներն ու քաղաքացիական ակտիվիստները կարող են ավելի սերտ  համագործակցել

 

IMG_1786«Քաղաքացիական հասարակության ավանդական կազմակերպությունների եւ շահերի պաշտպանության ոչ ֆորմալ խմբերի համագործակցության խթանումը» թեմայով մայիսի 24-26-ին Աղվերանում տեղի ունեցած սեմինարը, որ կազմակերպել էր Երեւանի մամուլի ակումբը՝  Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ, նպատակ ուներ նպաստել Հայաստանում գործող քաղաքացիական հասարակության՝ պաշտոնապես գրանցված կազմակերպությունների  եւ այս կամ այն նպատակով միավորված քաղաքացիական ակտիվիստների խմբերի համագործակցությունը։

Սեմինարի մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) գործունեությանը եւ վերջին զարգացումներին (զեկուցող՝ Երեւանի մամուլի ակումբի նախագահ,  ՔՀՖ ղեկավար կոմիտեի համանախագահ Բորիս Նավասարդյան), Եվրամիության «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնության առկա իրավիճակին (զեկուցող՝ ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյան), ինչպես նաեւ Հայաստանի քաղաքացիական հասարակության զարգացման հիմնախնդիրներին (զեկուցող՝ Քաղաքացիական զարգացման եւ համագործակցության հիմնադրամի տնօրեն Արմեն Ղալումյան)։

 «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի խորհրդի անդամ, ընտրական գործընթացների պատասխանատու Սուրեն Սաղաթելյանի զեկուցումը նվիրված էր հայաստանյան վերջին ընտրություններում տեղական դիտորդների դերին։ Բանախոսը լուսապատկերային մատուցմամբ ներկայացրեց տեղացի դիտորդների աշխատանքի համապարփակ պատկերը, խոսեց դրա կարեւորության, հասարակության լայն շերտերին դիտորդական գործունեության մեջ ընդգրկելու, դիտորդների վերապատրաստման եւ դիտորդական ավելի արդյունավետ գործունեության հնարավորությունների մասին։ Քաղաքացիական ակտիվիստ Օլյա Ազատյանի զեկուցման թեման ոչ ֆորմալ քաղաքացիական ակտիվությունն էր՝ որպես Հայաստանի քաղհասարակության զարգացման նոր երեւույթ։ Բանախոսը նախ անդրադարձավ շահերի պաշտպանության նախաձեռնությունների պատմությանը եւ ակտիվիստական խմբերի («Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցներին», «Թռչկան», «Բանակն իրականում», «Չենք լռելու», «Մաշտոցի պուրակ» եւ այլն) գործունեությանը, այնուհետեւ, կարեւորելով Հայաստանում ակտիվ քաղաքացիական հասարակություն ունենալու խնդիրը, նշեց նաեւ, թե կոնկրետ ինչ խնդիրներ ունեն ակտիվիստական խմբերը, ինչպիսի խոչընդոտներ կան նրանց գործունեության համար, եւ թե ապագայում ինչ է հնարավոր անել՝ հաջողության հասնելու համար։

Սեմինարի վերջին քննարկումը վերաբերում էր ՔՀՖ ազգային պլատֆորմի ու քաղաքացիական հասարակության ոչ ֆորմալ խմբերի համագործակցության հնարավորություններին։

Հենց այս թեմային է նվիրված նաեւ Երեւանի մամուլի ակումբի վիդեոբլոգի հերթական թողարկումը, որտեղ Միքայել Զոլյանը զրուցում է սեմինարի մասնակից,  քաղաքացիական ակտիվիստ Արայիկ Հարությունյանի հետ։

 

Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը կազմակերպել է Եվրոպայի օրվան նվիրված տեղեկատվական տոնավաճառ

Europe DayՀայաստանում Եվրամիության պատվիրակությունը  բոլոր ցանկացողներին 2013թ. մայիսի 25-ին հրավիրել է մասնակցելու Եվրոպայի օրվան նվիրված հանրային բացօթյա տոնակատարությանն ու տեղեկատվական տոնավաճառին, որտեղ իրենց աշխատանքն են ներկայացրել  կրթության, աղքատության կրճատման, առեւտրի, երիտասարդության, մշակույթի, շրջակա միջավայրի պաշտպանության եւ այլ, ամենատարբեր ոլորտներում՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող շուրջ 70 ծրագրեր եւ նախագծեր։

Եվրոպայի օրը Հայաստանում դարձել է ամենամյա բազմապլան իրադարձություն՝ եվրոպական մշակութային բազմազանության եւ Եվրամիությունայաստան համագործակցության ներկայացման ցուցասրահ,– ասված է Եվրամիության պատվիրակության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

Տեղեկատվական տոնավաճառի ընթացքում մշակութային միջոցառումներով, վարպետության դասերով, երաժիշտների եւ պարողների ելույթներով հանդես են եկել Հունաստանը, Իսպանիան, Ֆրանսիան, Լեհաստանը,  Գերմանիան, Ռումինիան, Միացյալ Թագավորությունը եւ Իտալիան ներկայացնող մասնակիցներ։

«Եվրոպայի օրը նշանավորում է եվրաինտեգրման՝ որպես համընդհանուր նպատակների եւ սկզբունքների հիման վրա Եվրոպայում խաղաղության եւ կայունության ապահովման գործընթացի սկիզբը: Եվրոպայի օրը դարձել է խաղաղության, համերաշխության եւ համընդհանուր եվրոպական արժեքների խորհրդանիշ։ Եվրոպայի օրը տոնում ենք նաեւ Հայաստանում եւ լիահույս ենք, որ տոնակատարության բոլոր մասնակիցները նոր տեղեկություններ եւ գիտելիք կստանան Եվրամիության եւ ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին», – նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան:

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.