Հայաստանցիների մեծամասնությունը կողմ է, որ Եվրամիությունն ավելի մեծ դերակատարության ունենա իրենց երկրի ապագայի հարցում
24.04.2013
Հայաստանցիների ճնշող մեծամասնությունը համարում է, որ Եվրամիությունը Հայաստանի համար կարեւոր գործընկեր է, եւ ցանկություն է արտահայտել, որ այն ավելի մեծ դերակատարություն ունենա երկրի մի շարք ոլորտներում: Այս մասին են վկայում վերջերս հրապարակված ԵՄ կողմից ֆինանսավորվող Տարածաշրջանային տեղեկատվական ծրագրի շրջանակներում իրականացված՝ Եվրոպական հարեւանության քաղաքականության Բարոմետրի՝ 2012 թվականի աշնանը Հայաստանում անցակցրած հարցման արդյունքները:
2012թ. նոյեմբեր-դեկտեմբերին 1003 հարցվածների շրջանում իրականացված հարցման տվյալներով՝ Հայաստանի բնակչության 86 տոկոսը կարծում է, որ ԵՄ-ն իրենց երկրի համար կարեւոր գործընկեր է, իսկ 73 տոկոսը հավատացած է, որ ԵՄ-ն եւ Հայաստանը բավականաչափ ընդհանուր արժեքներ են կիսում, որպեսզի կարողանան արդյունավետ կերպով համագործակցել. սա Եվրոպական հարեւանության եւ գործընկերության գործիքի (ԵՀԳԳ) Արեւելյան տարածաշրջանում առկա միջին ցուցանիշից շատ ավելի բարձր է:
Հարցվածների մեծամասնությունը (85 տոկոսը) ցանկացել է, որ ԵՄ-ն ավելի մեծ ներգրավվածություն ունենա ՀՀ տնտեսական զարգացման գործում, առեւտրային ոլորտում ԵՄ ներգրավվածությանը կողմ է արտահայտվել մարդկանց 87 տոկոսը, մարդու իրավունքների ոլորտում` 84 տոկոսը, ժողովրդավարության գործում` 74 տոկոսը, իսկ տարածաշրջանային համագործակցության մեջ ԵՄ ներգրավվածությանը կողմ է արտահայտվել հարցվածների 78 տոկոսը: Այս բոլոր տվյալները գերազանցում են տարածաշրջանում գրանցված միջին ցուցանիշները։
Հարցման արդյունքներով՝ Հայաստանի բնակչության 63 տոկոսը ԵՄ-ի նկատմամբ ավելի պակաս վստահություն ունի, քան՝ ՄԱԿ- հանդեպ, սակայն դա ավելին է, քան ՆԱՏՕ-ի (48 տոկոս), սեփական երկրի կառավարության (52 տոկոս), խորհրդարանի (38 տոկոս) եւ քաղաքական կուսակցությունների ( 37 տոկոս) հանդեպ վստահությունը։
Հարցվածների 81 տոկոսի գնահատմամբ՝ Եվրամիության եւ Հայաստանի միջեւ առկա են լավ հարաբերություններ, իսկ 13 տոկոսը հակառակ կարծիքի է եղել:
Հարցմանը մասնակցած հայաստանցիների 67 տոկոսն ընդհանուր առմամբ ավելի լավատեսական է տրամադրված եղել իրենց կյանքի նկատմամբ, քան տարածաշրջանի այլ երկրների բնակիչները: Ընդ որում, լավատեսության տոկոսն ավելի բարձր է եղել երիտասարդ եւ առավել կրթված մասնակիցների շրջանում:
Սակայն լավատեսության այլ պատկեր է ստացվել իրենց երկրի զարգացման ուղու վերաբերյալ հարցման արդյունքում: Հարցման մասնակիցների ընդամենը 23 տոկոսն է համարել, որ Հայաստանը «ճիշտ ճանապարհով է ընթանում», մինչդեռ 61 տոկոսի կարծիքով՝ Հայաստանը զարգացման սխալ ուղի է բռնել։ Տնտեսական վիճակի ողբալի լինելուն համաձայնել է հարցվածների 72 տոկոսը, իսկ 31 տոկոսն էլ վստահ է, որ տնտեսական վիճակը գալիք տարում ավելի կվատանա: Իսկ Հայաստանում առկա ժողովրդավարական գործընթացներից գոհ է եղել հարցվածների ընդամենը 38 տոկոսը:
Հարցվածների մեծ մասը (68 տոկոսը) համաձայնել է այն պնդմանը, որ Եվրամիության մասին բավարար տեղեկացված է, եւ 60 տոկոսի կարծիքով՝ այդ տեղեկատվությունը մատուցվում է պարզ ու հասկանալի լեզվով:
Նշենք, որ այս հարցման արդյունքների եւ եզրակացությունների հրապարակումը զուգակցվել է անցյալ ամիս լույս տեսած ԵՀՔ երկրների առաջընթացի մասին 2012 թվականի զեկույցի ներկայացմանը:
Եվրոպական հարեւանության Բարոմետրը (հասարակական կարծիքի ուսումնասիրություն եւ մեդիա մոնիտորինգ) մաս է կազմում ԵՄ տարածաշրջանային տեղեկատվական ծրագրի, որն ուղղված է Եվրոպական հարեւանության քաղաքականության, ինչպես նաեւ իրականացվող միջոցառումների եւ համագործակցության ծրագրերի վերաբերյալ բնակչության տեղեկացվածության եւ ընկալման գնահատմանը։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)
Ավելին.
Եվրոպական հարեւանության Բարոմետր – Հայաստանի վերաբերյալ վիճակագրական տվյալները, աշուն, 2012
ԻՆՈԳԵՅԹ խորհրդաժողովում ընդգծվեց էներգետիկ վիճակագրության բարձր որակի ապահովման կարեւորությունը
25.04.2013
Կոպենհագենում ապրիլի 23-24-ին տեղի ունեցած «Էներգետիկական վիճակագրության ռազմավարական դերն ազգային եւ միջազգային ծրագրերում» միջազգային խորհրդաժողովի ուշադրության կենտրոնում էներգետիկայի ոլորտի քաղաքականության մշակման վրա էներգետիկ վիճակագրության ազդեցության հարցն էր։
Դանիայի վիճակագրական վարչության աջակցությամբ ԻՆՈԳԵՅԹ ծրագրի տեխնիկական քարտուղարության կողմից կազմակերպված կոնֆերանսին մասնակցում էին բարձրաստիճան 50 պաշտոնյաներ ԵՄ եւ գործընկեր երկրներից (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Բելառուս, Մոլդովա, Ուկրաինա, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան եւ Ուզբեկստան)։ Մասնակիցների թվում էին վիճակագրական վարչությունների եւ նախարարությունների, խորհրդարանների, էներգետիկայի ոլորտի քաղաքականության մշակմամբ եւ որոշումների կայացմամբ զբաղվող պատասխանատուներ, ինչպես նաեւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
«Եվրահանձնաժողովն ընդունում է երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում էներգետիկ վիճակագրության կարեւորությունը»,- ընդգծել է Եվրոստատի նախագահ Ռուլանդ Մերտենսը։ Նա հավելել է, որ «Եվրամիության կողմից ֆինանսավորվող ԻՆՈԳԵՅԹ ծրագիրը համագործակցության առաջին մեծամասշտաբ նախագիծն է, որը գործնական հմտությունների եւ «նոու-հաուների» փոխանցմամբ աջակցում է գործընկեր երկրներին՝ իրենց էներգետիկ վիճակագրությունը միջազգային չափորոշիչներին համապատասխան մշակելու հարցում»։
Առաջիկա երկու տարվա ընթացքում ԻՆՈԳԵՅԹ-ի ուշադրության կենտրոնում կլինեն հետեւյալ խնդիրները.
- ազգային վիճակագրական ինստիտուտների, համակարգված եւ վստահելի վիճակագրական տվյալների եւ հաշվեկշիռների հավաքմամբ, մշակմամբ, պահպանմամբ եւ տարածմամբ զբաղվող վիճակագրական այլ մարմինների կարողությունների ամրապնդում,
- էներգետիկ վիճակագրության եւ հաշվեկշիռների չափորոշիչների եւ մեթոդոլոգիայի համապատասխանեցում եվրոպական եւ միջազգային չափանիշներին,
- էներգետիկ քաղաքականության մշակման եւ տարածաշրջանային մակարդակում դրա կիրառման գործում վիճակագրության գործածման ընդլայնում։
ԻՆՈԳԵՅԹ ծրագրի տեխնիկական քարտուղարությունն իր գործունեության ընթացքում կրկնակումներից խուսափելու եւ ավելի բարձր եւ վստահելի արդունքների հասնելու համար սերտորեն համագործակցում է Եվրոստատի, Միջազգային էներգետիկ գործակալության եւ Էներգետիկ համագործակցության քարտուղարության հետ։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)