Թողարկում 124

Ստորագրվեց Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ ռեադմիսիայի մասին համաձայնագիրը

http://mfa.am

readmissionԱպրիլի 19-ին Բրյուսելում ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը, ԵՄ ներքին գործերի հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմը եւ ԵՄ-ում նախագահող Իռլանդիայի դեսպան Ռորի Մոտգոմերին ստորագրեցին Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ռեադմիսիայի (հետընդունման) մասին համաձայնագիրը:

Ելույթ ունենալով ստորագրման արարողությանը՝ Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց. «Հայաստանն ավելի քան մեկ տասնյակ Եվրոպական միության անդամ պետությունների հետ ռեադմիսիայի համաձայնագրեր էր ստորագրել եւ անգամ այն պետությունների հետ, որոնց հետ նման համաձայնագրեր չէին կնքվել, մենք իրականացնում էինք դա որպես բարի կամքի դրսեւորում։ Այս համաձայնագրով մենք հիմք ենք դնում կանոնակարգված ռեադմիսիայի գործընթացներին Հայաստանի եւ Եվրոպական միության բոլոր պետությունների միջեւ»։

Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ 2011թ-ի հոկտեմբերին Եվրամիության հետ ստորագրվել է Շարժունակության գործընկերության վերաբերյալ հռչակագիրը, որի նպատակն է օրինական եւ աշխատանքային միգրացիայի ավելի լավ կառավարումը։

«Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ համագործակցությունը շարժունակության, միգրացիայի եւ մարդկային շփումների ամրապնդման ոլորտներում զգալի առաջընթաց է ապրել վերջին տարիների ընթացքում»,-ասաց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Եզրափակելով խոսքը` Էդվարդ Նալբանդյանը շեշտեց. «Մենք ակնկալում ենք 2012թ. դեկտեմբերին ստորագրված մուտքի արտոնագրի տրամադրման դյուրացման եւ ռեադմիսիայի մասին համաձայնագրերի շուտափույթ վավերացումը Եվրոպական միության կողմից, որը հնարավորություն կստեղծի բանակցություններ սկսել մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ»:

european-commission-flagԷդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարին

http://mfa.am

Ապրիլի 19-ին Բրյուսելում տեղի ունեցավ Էդվարդ Նալբանդյանի եւ Ընդլայնման ու հարեւանության հարցերով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հանդիպումը։

Էդվարդ Նալբանդյանն ու Շտեֆան Ֆյուլեն անդրադարձան արդեն ստորագրված մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման, ռեադմիսիայի մասին համաձայնագրերին, ինչպես նաեւ ավարտական փուլում գտնվող Ասոցացման համաձայնագրի, Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի շուրջ բանակցություններին՝ գոհունակություն հայտնելով դրանց արդյունավետ ընթացքի կապակցությամբ:

Զրուցակիցները քննարկեցին Հայաստանում բարեփոխումների աջակցության դոնորների համաժողովի հրավիրման նախապատրաստական աշխատանքները:

Բանակցությունների օրակարգում էին ս.թ. սեպտեմբերին Երեւանում կայանալիք Արեւելյան գործընկերության անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպման կազմակերպմանն առնչվող հարցեր։

CSF logoԸնդունվում են Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության՝ Արեւելյան գործընկերության տարածաշրջանում անցկացվող ծրագրերի մրցույթի հայտեր

22.04.2013

Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Արեւելյան գործընկերության տարածաշրջանում 2013թ. անցկացնում է Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) նպատակներին համապատասխանող ծրագրերի մրցույթ։

Ծրագրերը պետք է արտացոլեն ՔՀՖ 1-ին՝ «Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, պատշաճ կառավարում եւ կայունություն», եւ 4-րդ՝ «Միջանձնային շփումներ» աշխատանքային խմբերի գործունեության առաջնահերթությունները։ Նախապատվությունը կտրվի ԱլԳ երկրների քաղաքացիական հասարակության կազմակերպություններին։ Նախարարությունն ակնկալում է նաեւ «Արեւելյան գործընկերության ներգրավվածությամբ» ծրագրերի առաջարկներ, որոնք ուղղված կլինեն Արեւելյան գործընկերության միանգամից մի քանի երկրների հիմնախնդիրների լուծմանը։ ԱլԳ միայն մեկ երկրի ուղղված ծրագրերը չեն դիտարկվի։

Ծրագրի իրականացման համար պահանջվող գումարը չպետք է գերազանցի 20.000 եվրոն, ծրագրի իրականացումը պետք է սկսվի 2013թ. հունիսի 1-ին եւ ավարտվի ոչ ուշ, քան 2013թ. հոկտեմբերի 15-ը։

Մրցույթի համար առաջարկվող ծրագրերը պետք է ներկայացվեն անգլերենով, մինչեւ 2013թ. մայիսի 10-ը։

Առավել մանրամասն տեղեկատվություն եւ հայտադիմումի ձեւաթուղթը կարող եք գտնել այստեղ։

CSF logoԸնդունվում են 2013թ. հոկտեմբերի 1-3-ը Արեւելյան Եվրոպայի Նախաձեռնությունների Կոնգրեսի երկրորդ համաժողովի մասնակցության հայտեր

Արեւելյան Եվրոպայի Նախաձեռնությունների  Կոնգրեսի (ԱԵՆԿ) երկրորդ  համաժողովը տեղի կունենա Լյուբլինում (Լեհաստան), 2013թ. հոկտեմբերի 1-3-ը։ Այն կմիավորի Արեւելյան Եվրոպայի Նախաձեռնությունների  Կոնգրեսը եւ 2011-ին ձեւավորված՝ Արեւելյան գործընկերության Մշակութային կոնգրեսը։ Համաժողովի քննարկման հիմնական թեման կլինի մշակութային ու կրթական ոլորտների եւ տեղական եւ կենտրոնական իշխանությունների՝ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող անձանց երկխոսության խթանումը։  Կոնգրեսի շրջանակներում կիրականացվի «Մշակույթը՝ ի նպաստ Արեւելյան գործընկերության» հատուկ ծրագիրը։ Համաժողովի մասին լրացուցիչ մանրամասներ կգտնեք այստեղ։

Մասնակիցների գրանցումը բաց է մինչեւ 2013թ. սեպտեմբերի 15-ը, այս հղումով։ Վիզայի անհրաժեշտություն ունեցող մասնակիցների գրանցումը կատարվում է մինչեւ 2013թ. օգոստոսի 15-ը։

ԱԵՆԿ 2013-ի շրջանակներում հայտարարվել է միջսահմանային համագործակցության լավագույն ծրագրերի մրցույթ, որի մասնակցության հայտերն ընդունելու վերջնաժամկետը 2013թ. հունիսի 13-ն է։ Ծրագրերն անհրաժեշտ է ուղարկել այստեղ։ Կոնգրեսի մասին տեղեկատվական թերթիկը հասանելի է անգլերեն եւ ռուսերեն։

This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.