Թողարկում 117

CSF logo

Տեղի է ունեցել ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի Պատվիրակների ժողովի բաց նիստ

IMG_1613Երեկ՝ մարտի 5-ին, Երեւանի «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմի (ՀԱՊ) պատվիրակների ժողովի բաց նիստը, որին մասնակցում էին ՀԱՊ անդամ 50-ից ավելի հասարակական կազմակերպությունների, այդ թվում ՀԱՊ պատվիրակների ժողովի անդամ 24 ՔՀԿ-ների ներկայացուցիչներ։ Նիստը վարում էր ՔՀՖ Ղեկավար կոմիտեի համանախագահ, ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող Բորիս Նավասարդյանը, ով մասնակիցներին տեղեկացրեց ՔՀՖ ընթացիկ անելիքների եւ առաջիկա ծրագրերի մասին։

Օրակարգի առաջին հարցի շուրջ՝ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի դերը ՀՀ 2013թ. նախագահական ընտրություններում, բուռն քննարկում ծավալվեց, որի ընթացքում իրենց դիտորդական գործունեության արդյունքները համառոտ ներկայացրին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից Վարդինե Գրիգորյանը, «Ժողովրդավարություն եւ ընտրական գործընթացներ» կենտրոնից Անանիա Մաղաքյանը, Գեղարքունիքի կանանց համայնքային կենտրոնից Անահիտ Գեւորգյանը, «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամից Արմինե Թուխիկյանը, Քաղաքացիական հասարակության ինստիտուտից Արտակ Կիրակոսյանը, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնից Սոնա Այվազյանը, Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբից Լեւոն Բարսեղյանը, Հայաստանի հելսինկյան կոմիտեից Ավետիք Իշխանյանը, Հայաստանի արդյունաբերողների եւ գործատուների  միությունից Գագիկ Մակարյանը։ Ընտրությունների վերաբերյալ այս բոլոր ՔՀԿ-ների դիտարկումների համադրությամբ ՀԱՊ աշխատանքային 1-ին խումբն առաջիկայում ՀԱՊ անունից կպատրաստի ընդհանուր զեկույց։

Օրակարգի հաջորդ հարցը նվիրված էր ՔՀՖ ՀԱՊ քարտուղարության ձևավորմանը, որի կանոնադրության նախնական տարբերակը դրվեց նիստի մասնակիցների քննարկմանը։ Քարտուղարությունը, որը գործելու է որպես ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ ներկայացուցչական եւ գործառնական մարմին, նպատակ է հետապնդում աջակցել ՀԱՊ-ին կազմակերպչական եւ տեխնիկական հարցերում։ Պատվիրակների ժողովը քվեարկությամբ ձեւավորեց խմբագրական խումբ, որը կանոնադրության նախնական տարբերակն ընդունելով որպես հիմք եւ հաշվի առնելով բոլոր առաջարկությունները, կհստակեցնի քարտուղարության գրանցման եւ կանոնադրական կետերի ձեւակերպման հարցերը։

Նիստի վերջում համառոտ հաշվետվություններով հանդես եկան ՀԱՊ 2-րդ՝ Տնտեսական ինտեգրացիա, ԵՄ քաղաքականությանը համապատասխանության խնդիրներ աշխատանքային խմբի (ԱԽ) համակարգող, Սպառողների իրավունքների պաշտպանություն ՀԿ-ի փոխնախագահ Կարեն Չիլինգարյանը, 3-րդ՝  Բնապահպանություն, կլիմայական փոփոխություններ, էներգետիկ անվտանգություն ԱԽ անդամ, «Էկոթիմ» ՀԿ նախագահ Արտաշես Սարգսյանը, 4-րդ՝   Միջանձնային շփումներ ԱԽ համակարգող, Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը եւ 5-րդ՝  Սոցիալական երկխոսություն ԱԽ համակարգող, Մարտունու կանանց համայնքային խորհրդի նախագահ Անահիտ Գեւորգյանը։

 

ENPI Info logo_nՎրաստան. ԵՄ – ի կողմից ֆինանսավորվող ծրագիրը հնարավորություն կտա փողոցից կտրել 700 անօթեւան երեխաների 

01.03.2013

h_50519634 epaՅոթ հարյուր անօթեւան երեխաներ աջակցություն կստանան ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող՝ նորերս մեկնարկած «Աջակցություն խոցելի երեխաներին Վրաստանում» ծրագրի շրջանակներում, որն ուղղված է անապահով երեխաների կարիքները հոգալուն եւ Վրաստանում երեխաների միջազգային իրավունքների կիրարկման ապահովմանը,- ասված է Թբիլիսիում ԵՄ պատվիրակության տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

 «Աջակցություն խոցելի երեխաներին Վրաստանում» ծրագիրը կօգնի Թբիլիսի (ծրագրի իրականացման առաջին տարվա ընթացքում), Բաթում ու Քութայիս քաղաքների (ծրագրի իրականացման երկրորդ տարվա ընթացքում) փողոցներում ապրող եւ աշխատող երեխաների հայտնաբերմանը, նրանց աջակցությանն ու պաշտպանությանն ուղղված ծառայությունների մատուցման մեխանիզմների ստեղծմանը։

Երկու տարվա ընթացքում ծրագիրը մտադիր է ստեղծել սոցիալական աշխատողներից, հոգեբաններից ու մանկավարժներից կազմված չորս շարժունակ խմբեր, որոնք կիրականացնեն յուրաքանչյուր երեխայի կարիքների գնահատում եւ ստեղծվելիք 4 ցերեկային խնամքի կենտրոններում շահառուներին կմատուցեն այնպիսի հատուկ ծառայություններ, ինչպիսիք են կյանքի հմտությունների ուսուցումը, հոգեբանական եւ բժշկական օգնությունը, որ ֆորմալ, ժամանցային կրթությունը, ինչպես նաեւ կստեղծվեն երեք շուրջօրյա կացության կենտրոններ, որոնք երեխաներին կօգնեն հարմարվել փողոցից կտրված առօրյային։

Եվրամիության կողմից 750 եվրոյի աջակցությամբ այս ծրագիրը համատեղ իրականացնելու են Վրաստանի աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական հարցերի նախարարությունը եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ը։

Վրաստանում 77.000 երեխա այժմ ապրում է ծայրահեղ աղքատության՝ օրական 2 լարիից պակաս նյութական հնարավորության պայմաններում։ Երեխաների՝ փողոցում հայտնվելու հիմնական գործոններ են հանդիսանում ընտանեկան բռնությունը, թմրամոլության կամ ալկոհոլիզմի վտանգը եւ ընտանեկան անբարենպաստ վիճակը։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.