Թողարկում 114

CSF logo

Հարգելի ընթերցող,

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ մենք վերսկսում ենք Արեւելյան գործընկերության հայաստանյան առցանց տեղեկագրի հրապարակումը, որի վերջին համարը 2012-ի հուլիսի 31-ին էր լույս տեսել։

Անշուշտ, այս կես տարվա ընթացքում բավական իրադարձություններ են տեղի ունեցել, որոնց մասին հարկ ենք համարում համառոտ տեղեկացնել ձեզ։

Ամենակարեւոր իրադարձությունն, անշուշտ, 2012թ. նոյեմբերի 29-30-ին Ստոկհոլմում կայացած Արեւելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) 4-րդ համաժողովն էր, որին մասնակցում էին ԱլԳ 6 երկրներից ընտրված 200 պատվիրակներ, ինչպես նաեւ Եվրամիության անդամ երկրների քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ներկայացուցիչներ։

 Հայաստանն այդ համաժողովում ներկայացրեցին հետեւյալ ՔՀԿ-ները.

  1.  «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբ
  2. Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ
  3. Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան
  4. «Բիոսոֆիա» ՀԿ
  5. Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն
  6. Երեւանի մամուլի ակումբ
  7. Եվրասիա համագործակցություն հիմնադրամ
  8. «Էկոտուրիզմ»  ՀԿ
  9. «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ»  հակակոռուպցիոն կենտրոն
  10. «ԽորանԱրդ» ինտելեկտուալ կենտրոն
  11. Համայնքների ֆինանսիստների միավորում
  12. Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատ
  13. Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա
  14. Հայաստանի հելսինկյան կոմիտե
  15. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
  16. Մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ
  17. Մարդկային զարգացման միջազգային կենտրոն
  18. Մարտունու կանանց համայնքային խորհուրդ
  19. «Շիրակ կենտրոն»  ՀԿ
  20. «Պետական կարիքների զոհեր» ՀԿ
  21. Սպառողների իրավունքների պաշտպանություն ՀԿ
  22. «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղ
  23. «Ունիսոն» ՀԿ

ՔՀՖ այս տարվա Հայաստանի ազգային համակարգող ընտրվեց Երեւանի մամուլի ակումբի (ԵՄԱ) նախագահ Բորիս Նավասարդյանը։

ՔՀՖ-ն ընտրեց նաեւ Ղեկավար կոմիտե, որն առաջիկա 1 տարվա ընթացքում պետք է համակարգի ֆորումի աշխատանքները, իսկ ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանն ընտրվեց ԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեի համանախագահ։

ՔՀՖ 4-րդ համաժողովին նախորդած տարում ֆորումը կարեւորագույն ձեռքբերումներ ունեցավ.

  • ֆորումը ստացավ ԱլԳ թեմատիկ պլատֆորմների խորհրդակցությունների մշտական մասնակցի կարգավիճակ
  • պաշտոնապես գրանցվեց Ֆորումի քարտուղարությունը
  • ստեղծվեց 5-րդ՝ Սոցիալական երկխոսություն աշխատանքային խումբը
  • ֆորումը ԵՄ կողմից ֆինանսական աջակցության ռեալ երաշխիքներ ստացավ։

ՔՀՖ 4-րդ համաժողովից հետո, 2012թ. դեկտեմբերի 22-ին, Երեւանի Հրազդան հյուրանոցում տեղի ունեցավ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի  համաժողովը, որի ժամանակ ՀԱՊ ընթացիկ տարվա գործունեության ամփոփիչ զեկույցով հանդես եկավ ՔՀՖ նախորդ տարվա Հայաստանի ազգային համակարգող Սեյրան Մարտիրոսյանը, ՔՀՖ հայաստանյան պատվիրակները ներկայացրեցին ստոկհոլմյան հանդիպման արդյունքները, քննարկվեցին հետագա ծրագրերն ու անելիքները։

Համաժողովին նախորդած ՀԱՊ պատվիրակների ժողովում ընտրվեցին ՀԱՊ աշխատանքային խմբերի համակարգողները.

1. Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, պատշաճ կառավարում եւ կայունություն- Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունց

2.    Տնտեսական ինտեգրացիա, ԵՄ քաղաքականությանը համապատասխանության խնդիրներ- Սպառողների իրավունքների պաշտպանություն ՀԿ-ի փոխնախագահ Կարեն Չիլինգարյան

3. Բնապահպանություն, կլիմայական փոփոխություններ, էներգետիկ անվտանգություն- «Բիոսոֆիա» ՀԿ-ի նախագահ Գեւորգ Պետրոսյան

4. Միջանձնային շփումներ- Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյան

5.    Սոցիալական երկխոսություն- Մարտունու կանանց համայնքային խորհրդի նախագահ Անահիտ Գեւորգյան

Անցած տարին ակտիվ եւ արդյունավետ էր եվրաինտեգրման գործընթացներին հայաստանյան քաղաքացիական հասարակության մասնակցության առումով։ Դրան նպաստեցին նաեւ Եվրամիության տարբեր պաշտոնյաների այցերը Հայաստան եւ քաղաքացիական հասարակության հետ վերջիններիս հանդիպումները, ԱլԳ աշխատանքային խմբերի գործունեությանը նվիրված ԵՄԱ 4 սեմինարները ՀՀ տարբեր  քաղաքներում, ՀԱՊ ներկայացուցիչների հանդիպումները ՀՀ Ազգային ժողովի մի շարք հանձնաժողովների անդամների հետ, ՀԱՊ աշխատանքային խմբերի  հանդիպումները եւ այլն։

2013թ. հունվարի 23-ին «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը (ԳՀԲՀ), որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության վաթսունից ավելի կազմակերպություն, ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի աշխատանքային առաջին խմբի հետ համագործակցությամբ Երեւանի «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպեց «ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության» վերաբերյալ հանրային քննարկում:

Իսկ 2013թ. հունվարի 30-ին Երեւանի «Կոնգրես» հյուրանոցում ԳՀԲՀ-ն եւ ՀԱՊ-ը կազմակերպեցին հանրային լսումներ՝ «Հայաստանյան քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դիտարկումները 2013թ. ՀՀ նախագահական ընտրություններին առնչվող գործընթացների վերաբերյալ»։

Մեկ շաբաթից՝ փետրվարի 18-ին, ՀՀ նախագահի ընտրություններն են, որի դիտորդական առաքելությանն են անդամագրվել ՀԱՊ անդամ բազմաթիվ հասարակական կազմակերպություններ։

Համոզված ենք, որ ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումը եւ Հայաստանի ազգային պլատֆորմը նոր հնարավորություններ կընձեռեն Հայաստանի քաղաքացիական հասարակությանն՝ առավել ակտիվորեն ներգրավվել Եվրոպական հարևանության քաղաքականության եւ Արեւելյան գործընկերության նպատակների իրականացմանն ուղղված աշխատանքներում։ Իսկ մենք կաշխատենք օպերատիվ տեղեկատվությամբ նպաստել դրան։

Հերիքնազ Հարությունյան

ԱլԳ հայաստանյան տեղեկագրի խմբագիր

 

 EU Cult logo

Առցանց ամսագիր՝ նվիրված Արեւելյան գործընկերության երկրների ճարտարապետական ժառանգությանը

04.02.2013

Sevan hotel

«Սեւան» հյուրանոց, կառուցվել է 1930-34թթ., հեղինակ՝ Ն. Բունիաթյան

Հայաստանում արագորեն փոփոխվող քաղաքային պեյզաժները եւ Մոլդովայում մշակութային ժառանգության պահպանման քաղաքականությունը ներառված են պատմական հուշարձանների պահպանությանը նվիրված տարածաշրջանային առցանց ամսագրի երկրորդ համարի թեմաների շարքում։ Հրապարակումները պատրաստվել են Արեւելյան գործընկերության բաղադրիչ հանդիսացող «Մշակույթ» ծրագրով իրականացվող  «Տարածաշրջանային համագործակցություն՝ հանուն մշակութային ժառանգության զարգացման» նախագծի շրջանակներում։

Թողարկումը նվիրված է «ամբողջ տարածաշրջանին բնորոշ սուր խնդիրներից մեկին»՝ պատմական հուշարձանների պահպանության քաղաքականության մշակութային ասպեկտին։ Տարածված մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ ԱլԳ երկրները դեռեւս գտնվում են անցումային փուլում, եւ նրանց համար բոլորովին էլ  հարթ չէ ճարտարապետական ժառանգության պահպանմամբ շրջակա միջավայրի բարելավման ուղին։

Արեւելյան գործընկերության «Մշակույթ» ծրագիրն իր 12 միլիոն տարեկան բյուջեով՝ կոչված է օգնել գործընկեր երկրներին՝ մշակութային քաղաքականության մեջ բարեփոխումներ իրականացնելու հարցում, ինչպես պետական, այնպես էլ տարածաշրջանում մշակույթի ոլորտի աշխատողների մասնագիտական ներուժի եւ որակավորման բարձրացման միջոցով: Ծրագրի նպատակը Արեւելյան գործընկերության երկրներում տարածաշրջանային մշակութային կապերի ամրապնդումն է եւ երկխոսության զարգացումը ԵՄ եւ ԱլԳ Եվրոպական հարեւանության քաղաքականության երկրների համակարգերի եւ մշակութային սուբյեկտների միջեւ: (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.