Թողարկում 113

Նոր հնարավորություններ Արեւելյան գործընկերության երկրների երիտասարդական ՔՀԿ-ների համար

26.07.2012

Մոլդովայի երիտասարդության ազգային խորհուրդը (ՄԵԱԽ) Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ սկսում է Արեւելյան գործընկերության (ԱլԳ) երկրների երիտասարդական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) համագործակցության ամրապնդման ծրագիր, որի հիմնական նպատակը տարածաշրջանի երիտասարդների ակտիվության խթանումն է։ Ծրագրի գործընկերներ կարող են դառնալ Հայաստանի, Վրաստանի,  Ադրբեջանի, Ուկրաինայի եւ Բելառուսի երիտասարդական խորհուրդները։

ՄԵԱԽ-ի եւ գործընկերների խնդիրը քարոզչական միջոցառումների եւ համագործակցության ընդլայնման, իսկ ցանցային մակարդակում՝ ԵՄ կառույցների հետ երկխոսության խթանման միջոցով ԱլԳ երկրների երիտասարդական ՔՀԿ-ներն ավելի ճանաչելի դարձնելն է։

Ծրագրով նախատեսվում է Արեւելյան գործընկերության զարգացման գործում երիտասարդության դերի ուսումնասիրություն կատարել, կազմակերպել ԱլԳ բոլոր վեց երկրների երիտասարդական խորհուրդների գործնական համաժողով, ինչպես նաեւ ԱլԳ յուրաքանչյուր երկրում մեկական միջոցառում անցկացնել՝ նվիրված երիտասարդական կազմակերպությունների եւ պետական կառույցների միջեւ համագործակցության ամրապնդմանը։

Ծրագրի արդյունքները կներկայացվեն ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի 2012թ. նոյեմբերին Ստոկհոլմում կայանալիք համաժողովի 4-րդ՝ «Միջանձնային կապեր» աշխատանքային խմբի հանդիպման ժամանակ։

Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ իրականացվող, 17.000 եվրո ընդհանուր բյուջե ունեցող՝ «ԱլԳ երկրներում երիտասարդական համագործակցության ամրապնդում» ծրագիրը կտեւի մինչեւ 2012թ. հոկտեմբեր։

Մանրամասների համար դիմել՝

Մոլդովայի երիտասարդության ազգային խորհուրդ (ՄԵԱԽ)

Հեռ.՝ +373 22 233088
Ֆաքս: +373 22 235175

Էլ.փոստ՝  eduard.mihalas@cntm.md
Կայքէջ՝  www.cntm.md

 

 

Եվրոպական Միության մարդու իրավունքների հարցով հատուկ ներկայացուցիչ է նշանակվել

26.07.2012

Ստավրոս Լամբրինիդիսը դարձել է Եվրամիության մարդու իրավունքների հարցով առաջին հատուկ ներկայացուցիչը։ Այդ մասին ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Քեթրին Էշթոնը նշել է. «Ես ուրախ եմ որ Ստավրոս Լամբրինիդիսին եմ նշանակել Եվրամիության մարդու իրավունքների հարցով առաջին հատուկ ներկայացուցչի պաշտոնում։ Մարդու իրավունքների հարցն առաջնային կարեւորություն ունի ինձ համար եւ կարմիր թելի պես անցնում է այն ամենի միջով, ինչ մենք իրականացնում ենք արտաքին քաղաքականության ասպարեզում»։

Հունաստանի նախկին արտգործնախարար Ստավրոս Լամբրինիդիսն իր աշխատանքը սկսելու է սեպտեմբերի մեկից եւ իր սկզբնական մանդատով պաշտոնավարելու է մինչեւ 2014թ. հունիսի 30-ը։ Մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ նրա դերը մարդու իրավունքների ոլորտում Եվրամիության քաղաքականության արդյունավետության եւ թափանցիկության բարձրացումն է։ Լամբրինիդիսը կունենա լայն եւ բավական ճկուն մանդատ, ինչը նրան հնարավորություն կտա լիովին վերահսկել տիրող իրավիճակը եւ սերտորեն համագործակցել Եվրոպական արտաքին ծառայությունների հետ, որոնք լիակատար աջակցություն կցուցաբերեն նրան։

«Դա… կարեւոր պաշտոն է Եվրամիության եւ անձամբ ինձ համար»,– ասել է Քեթրին Էշթոնը։ «Իր տաղանդով եւ հսկայական փորձով պարոն Լամբրինիդիսը մեծ ձեռքբերում է մեզ համար։ Ես անհամբերությամբ սպասում եմ մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության դերի բարձրացման, ինչպես նաեւ այդ ոլորտում մեր գործունեության արդյունավետության, տեսանելիության եւ համաձայնեցվածության բարձրացման առանցքային խնդիրների լուծման գործում նրա հետ կատարելիք աշխատանքին»։

Ստավրոս Լամբրինիդիսն իրավաբան է, Հունաստանի նախկին արտգործնախարարը եւ Եվրախորհրդարանի նախկին փոխխոսնակը։ 2004-2009թթ. նա եղել է Եվրախորհրդարանի քաղաքացիական ազատությունների, արդարադատության եւ ներքին գործերի հանձնաժողովի  փոխնախագահը։ Իր կարիերայի սկզբում նա եղել է Վաշինգտոնի Փաստաբանական կոլեգիայի մարդու իրավունքների խորհրդի նախագահը։

Լամբրինիդիսը ԵՄ ոլորտային առաջին հատուկ ներկայացուցիչն է, ում նշանակումը հաջորդել է 2012թ. հունիսի 25-ին ընդունված Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ռազմավարական փաստաթղթով սահմանված գործողությունների ծրագրի ընդունմանը։ Գործողությունների վերոհիշյալ ծրագրով   թե՛ ընդհանուր առմամբ, թե՛ առաջիկա 10 տարիների համար սահմանված են ԵՄ քաղաքականության առաջնահերթություններն ու սկզբունքները, որոնք կոչված են ապահովելու  ԵՄ ինստիտուտների, ԵՄ անդամ եւ գործընկեր պետությունների համընդհանուր շահերի վրա հիմնված համատեղ ջանքերի իրագործումը, որն իր մեջ ներառում է նաեւ քաղաքացիական հասարակության հետ իրական համագործակցության ապահովում։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

 

 

Գետերը վերադարձնել ձկներին

25.07.2012

Մարդկային գործունեության հարյուրավոր տարիների արդյունքում գետերի էկոհամակարգում առաջացած հսկայական  փոփոխությունները բացասաբար են անդրադարձել նաեւ տեսակների բազմազանության վրա։ Գետերը մեծապես տուժել են փայտանյութի լուղարկումից, հիդրոկայանների շինարարությունից, նավագնացության եւ գյուղատնտեսության աճող ծավալներից։ Թափառող ձկնատեսակների ամբողջ պոպուլյացիաների  հետզհետե նվազումը կամ իսպառ վերացումը մասամբ նաեւ  անօրինական ձկնորսության հետեւանքէ։ Այժմ անհետացող ձկնատեսակների շարքում է հայտնվել նաեւ բալթյան սաղմոնը։

Ստորեւ ներկայացվող հրապարակումը նվիրված է Եվրամիության, Ռուսաստանի Դաշնության եւ Ֆինլանդիայի Հանրապետության համաֆինանսավորմամբ իրականացվող՝ Եվրոպական հարեւանության եւ գործընկերության գործիքի (ԵՀԳԳ) ծրագրին, որի նպատակը գետերում ձկնատեսակների վերականգնումը եւ պոպուլյացիայի ծավալների մեծացումն է, ինչպես ասում են՝ գետերը ձկներին վերադարձնելը… ։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոնի եւ տեղացի լրագրողների ու լուսանկարիչների հրապարակումները  կարող եք գտնել այստեղ՝ անգլերեն,  ռուսերեն

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.