Թողարկում 112

Քաղաքացիական հասարակության ֆորումի համանախագահները ողջունում են ԱլԳ ծրագրի իրականացման վերահսկողության հնարավորությունը

23 հուլիսի, 2012

Արեւելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) երկու համանախագահները, որ մասնակցում  էին 2012թ. հուլիսի 23-ին Բրյուսելում կայացած ԵՄ եւ ԱլԳ երկրների նախարարների հանդիպմանը, ԱլԳ երկրների կառավարությունների եւ գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների ներկայացուցիչներին հրավիրել են մասնակցելու 2012թ. նոյեմբերի 29-30-ը Շվեդիայի մայարաքաղաք Ստոկհոլմում կայանալիք Քաղաքացիական հասարակության ֆորումի տարեկան համաժողովին։

ԵՄ եւ ԱլԳ երկրների նախարարների 2012թ. հուլիսի 23-ին Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ, որտեղ համատեղ հայտարարություն է ընդունվել 2013թ. աշնանը կայանալիք ԱլԳ գագաթնաժողովին ընդառաջ ճանապարհային քարտեզի հաստատման վերաբերյալ, ՔՀՖ ղեկավար կոմիտեի համանախագահներ Իգոր Կոհուտը եւ Ջեֆ Լովիթը ողջունել են ԱլԳ Քաղաքացիական  հասարակության ֆորումին ԱլԳ պլատֆորմների եւ նախարարական հանդիպումների մշտական մասնակցի կարգավիճակ շնորհելու միջոցով Եվրամիության եւ գործընկեր երկրների կառավարությունների  միջեւ համագործակցության ընդլայնման մասին որոշումը։

ՔՀ  Ֆորումի անունից հանդես եկող Իգոր Կոհուտը հանդիպման ժամանակ ասել է. «Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պատրաստ են ստանձնել ժողովրդավարական բարեփոխումների իրականացման ու զարգացման, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության հաստատման համար անհրաժեշտ միջոցների արդյունավետ օգտագործման գնահատում եւ մոնիտորինգ իրականացնողի դերը»։

Հայտարարություն մեջ ասվում է. «Արեւելյան գործընկերության երկրներում քաղբանտարկյալների գոյությունն անընդունելի է, եւ մենք կոչ ենք անում նրանց բոլորին անհապաղ ազատ արձակել։ 2012թ. հունիսի 26-ին Եվրոպայի խորհուրդը կոչ արեց լուծել միայն Ադրբեջանում առկա ավելի քան 80 քաղբանտարկյալների հանդեպ հարուցված դատական գործերը։ Մենք չպետք է մոռանանք նաեւ, որ հաջորդ շաբաթ լրանում է Բելառուսի մարդու իրավունքների աննկուն պաշտպան Ալես Բելյացկու ազատազրկման մեկ տարին։

ՔՀՖ-ն նախատեսում է վերահսկողություն իրականացնել 2012թ.-ին Բելառուսում, Վրաստանում եւ Ուկրաինայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նկատմամբ եւ կոչ է անում ԱլԳ բոլոր վեց երկրներում ձեւավորել կառավարության, ԵՄ ներկայացուցչության եւ ՔՀՖ ազգային պլատֆորմի եռակողմ ֆորում՝ անհրաժեշտ մշտական   խորհրդատվություն ապահովելու համար։ Այդ ֆորումները պետք է դիտարկեն, գնահատեն եւ վերահսկեն Եվրամիության եւ գործընկեր երկրների քաղաքական հարաբերությունների ընթացքը, ՔՀԿ-ների եւ  հասարակության լայն խավերի մասնակցությամբ հանրային խորհրդակցություններ կազմակերպեն»։

Իգոր Կոհուտը նախարարներին տեղեկացրել է, որ նոյեմբերի 29-30-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում կայանալիք ՔՀՖ տարեկան համաժողովը ծրագրել է քննարկում անցկացնել ճանապարհային քարտեզի առաջին 6 ամիսներին իրականացվելիք քայլերի վերաբերյալ՝ հիմնական շեշտը դնելով ընտրություններին, ԶԼՄ-ների ազատությանը եւ կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հարցերի վրա։ Նա հաստատել է, որ Ֆորումը կողջունի ԵՄ գործընկեր երկրների կառավարությունների բարձրաստիճան ներկայացուցիչների, ինչպես նաեւ ԱլԳ վեց երկրներում ԵՄ ներկայացուցչությունների ղեկավարների մասնակցությունը Ֆորումի տարեկան համաժողովի աշխատանքներին։

 

Օննո Սիմոնս. ԽՀԱԱՀ-ը Հայաստանի համար շատ նպաստավոր կարող է լինել

20.07.2012

http://www.armradio.am

Եվրամիության հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիր (ԽՀԱԱՀ) կնքելու համար Հայաստանը մի շարք ուղղություններով բարեփոխումներ է նախաձեռնել: Եթե պատշաճորեն իրականացնի այն տնտեսական բարեփոխումները, որոնք ակնկալում է Եվրամիությունը, ապա մեր երկիրն ըստ այդմ աստիճանաբար կսկսի համարվել առավել վստահելի գործընկեր եվրոպական երկրների համար: Ասվածը ենթադրում է առեւտրային հարաբերությունների ընդլայնում, արտահանման ժամանակ մաքսատուրքերի կրճատում եւ այլն:

Հուլիսի 20-ինԵրեւանում հերթական անգամ քննարկվել են Եվրամիության հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցությունների գործընթացին վերաբերող հարցեր: Եվրոպական երկրների հետ ազատ առեւտրի անցնելու համար Հայաստանը խոստանում է, մասնավորապես, եվրոպական չափանիշերին համապատասխանեցնել մաքսային օրենսդրությունն ու ընթացակարգերը, տնտեսական վեճերի կարգավորման համակարգը:

Բանակցությունների առարկա են նաեւ մտավոր սեփականության պաշտպանության խնդիրները, պետական գնումների համակարգում բարելավումները:

ԵՄ- ն կարեւորում է նաեւ էներգետիկայի ոլորտում առեւտրին առնչվող հարցերի ազատականացումը, ինչպես նաեւ ֆիտոսանիտարական եւ սանիտարական նորմերը` սպառողների անվտանգությունն ապահովելու համար: Ըստ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանի` հետագայում Հայաստանը կմիանա ապրանքի ծագման համաեվրոպական միջերկրածովյան համակարգին, ինչը հնարավորություն կտա հեշտացնել Հայաստանում մշակման ենթարկված ապրանքներին հայկական ծագում վերագրելը:

Եվրամիության ազատ առեւտրի գոտում հայտնվելը Հայաստանին կտրվի միայն տնտեսական դրական արդյունքների դեպքում: Մեր երկիրը կարող է օգտվել ապրանքների 95%- ի նկատմամբ զրոյական մաքսատուրքի կիրառման արտոնությունից:

Ինչ արդյունավետությամբ է Հայաստանն իրականացնում իր խոստացածը եւ Եվրամիության ակնկալածը: Եվրամիությունում հասկանում են` Հայաստանում ազատ մրցակցային միջավայրի ստեղծումը կառավարությունից շատ ջանքեր է պահանջելու, սակայն միաժամանակ կարելի է նկատել` քանի դեռ բանակցությունները եւ ծրագրերը շարունակվում են, նշանակում է` արդյունքները դրական են:

Դա հավաստելով` Հայաստանում ԵՄ պատվիրակության ժամանակավոր հավատարմատար Օննո Սիմոնսը հայտարարեց` արդեն հաջորդ տարվա կեսերից հնարավոր է ԵՄ- ի հետ դյուրացված վիզային ռեժիմի ներդրում, վիզաներ ստացման գումարների նվազեցում:

 

«Երիտասարդությունը հանուն քաղաքացիական հավասարության» ամառային դպրոց

http://cdpf.am

Այս միջոցառումը նպատակաուղղված է մարդու իրավունքների կրթության եւ երիտասարդական ակտիվության ոլորտներում մի շարք խնդիրների արծարծմանը: Այս տարի ամառային դպրոցի թեման է մարդու իրավունքների ակտիվիստների լավագույն փորձի փոխանակումը Հայաստանում ապրող փոքրամասնությունների իրավունքերի պաշտպանության ոլորտում:

Դիմորդները պետք է՝

  • լինեն 18-35 տարեկան,
  • ունենան մարդու իրավունքների մասին ընդհանուր պատկերացում եւ որոշակի տեղեկություններ,
  • ցուցաբերեն պատրաստակամություն եւ կարողություն բազմամշակութային միջավայրում աշխատելու համար,
  • կարողանան հաճախել ամառային դպրոցն օգոստոսի առաջին կեսին,
  • կարողանան աշխատել խմբով՝ ինչպես դպրոցի ընթացքում, այնպես էլ` դրանից հետո:

Դպրոցի մասնակիցներին ընտրելիս կպահպանվի գենդերային եւ աշխարհագրական հաշվեկշիռը, ինչպես նաեւ կկարեւորվի դիմորդների պատրաստակամության եւ պատրաստվածության աստիճանը համապատասխան ոլորտներում:

Հետաքրքրված դիմորդները պետք է ուղարկեն իրենց ինքնակենսագրականը`CV-ն, եւ մոտիվացիոն նամակը training@wfce.am հասցեին: Խնդրում ենք ձեր մոտիվացիոն նամակում պատասխանել հետեւյալ հարցերին՝

  1.  Ինչո՞ւ եք հետաքրքրված մասնակցելու ՄՀՔՀ Ամառային դպրոցին:
  2. Ինչպե՞ս եք պատրաստվում օգտագործել Ամառային դպրոցի ընթացքում ձեռք բերված գիտելիքն ու հմտությունները հետագայում:
  3. Նկարագրեք Ձեր փորձն ու հմտությունները համապատասխան ոլորտներում:

Նորարարություն: Եթե գրանցված եք Facebook սոցիալական ցանցում, մոտիվացիոն նամակ գրելու փոխարեն կարող եք պարզապես ուղարկել ձեր գլխավոր էջի հասցեն:

 Եթե ունեք որեւէ հարց՝ դիմելու գործընթացի վերաբերյալ, խնդրում ենք ձեր հարցրերն ուղարկել նշված էլ. փոստի հասցեին: «Մենք հանուն քաղաքացիական հավասարության» ՀԿ-ն հոգում է բոլոր ծախսերը, այդ թվում մասնակիցների տեղափոխման, կացարանի, սննդի, դասընթացային նյութերի եւ այլ ծախսեր:

Ամառային դպրոցը տեղի է ունենալու օգոստոսի 6-9-ը Ծաղկաձորում: Աշխատանքային լեզուն հայերենն է, իսկ հայտադիմումներն ընդունվում են հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով:

Դասընթացը կազմակերպվում է «Երիտասարդական երկխոսություն հանուն բազմազանության» ծրագրի շրջանակներում եւ ֆինանսավորվում է Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարության կողմից:

Դիմումների ուղարկման վերջնաժամկետն է 2012թ. հուլիսի 30-ը` Երեւանի ժամանակով ժամը 18:00:

ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումը հրապարակել է «Էրազմուս բոլորի համար» եւ «Ստեղծագործ Եվրոպա» ապագա ծրագրերին վերաբերող առաջարկությունները

17.07.2012

Արեւելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումը (ՔՀՖ) պատրաստել է նամակ, որտեղ ներկայացրել է «Էրազմուս բոլորի համար» եւ «Ստեղծագործ Եվրոպա» ապագա ծրագրերին վերաբերող առաջարկությունները։ Այդ առաջարկությունները համաձայնեցվել են Ֆորումի 4-րդ՝ Միջանձնային կապեր պլատֆորմի աշխատանքային խմբի համակարգողների հետ եւ ուղարկվել են Եվրամիության եւ ԱլԳ երկրների այն ներկայացուցիչներին, ովքեր մասնակցել են ԱլԳ ՔՀՖ Միջանձնային կապեր  խմբի հանդիպմանը։

Ինչ վերաբերում է «Էրազմուս բոլորի համար» ծրագրին, ՔՀԿ ներկայացուցիչները հաստատել են ակտիվ քաղաքացիական դիրքորոշմանը, մասնակցային կրթությանը եւ եվրոպական արժեքներին միտված ծրագրի անհրաժեշտությունը, որը պետք է աջակցի եւ զարգացնի Եվրոպական հովանոցային ասոցիացիաների գործունեության համար տրվող դրամաշնորհները՝ գնահատելով դրանք ոչ միայն համակարգային առաջընթացի, այլ նաեւ փոքր ու միջին ՔՀԿ-ների, երիտասարդների, հասուն եւ տարեց մարդկանց անհատական մասնակցայնության ապահովման տեսանկյունից։

Միջանձնային կապեր աշխատանքային խմբի անդամները «Ստեղծագործ Եվրոպա 2014-2020»  ծրագիրը դիտարկում են որպես Եվրամիության եւ ԱլԳ երկրների միջեւ մշակութային համագործակցության զարգացման գործիք, ինչպես նաեւ կարեւոր քայլ ԵՄ հարեւան երկրներում բաց եւ ժողովրդավար հասարակություն ստեղծելու ճանապարհին։ Այն իր ներդրումը պետք է ունենա նաեւ մշակութային քաղաքականության ոլորտի բարեփոխման հարցերով աշխատանքային երկխոսության ծավալման գործում՝ սոցիալ-տնտեսական հնարավորությունները մշակութային առաջընթացին եւ համագործակցության զարգացմանը ծառայեցնելու նպատակով։  Քաղաքացիական հասարակությունը ԵՄ-ին եւ ԱլԳ երկրներին կոչ է անում վերացնել մշակութային համագործակցության խոչընդոտները։  (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.