Թողարկում 111

ՔՀԿ կայունության ցուցանիշ-2011թ.

 13.07.2012

cdpf.am

Ամեն տարի ԱՄՆ ՄԶԳ-ն մշակում է ՀԿ-ների կայունության ցուցանիշի զեկույցը, որը ընդգրկում է Եվրոպայի եւ Եվրասիայի տարածաշրջանի 29 երկրներ, այդ թվում նաեւ Հայաստանը: Զեկույցում նշվում է յուրաքանչյուր երկրի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունները եւ ընդհանուր կենսունակությունը` շեշտադրելով ոլորտի զարգացման առաջխաղացումները եւ բացերը, եւ միաժամանակ հնարավորություն է տալիս համեմատականներ անցկացնել երկրների եւ տարածաշրջանների միջեւ:

ՀԿ-ների կայունության ցուցանիշը շատ կարեւոր եւ եզակի գործիք է տեղական ՔՀԿ-ների, կառավարության, դոնորների, գիտնականների եւ այլոց համար` հասկանալու եւ չափելու ՀԿ ոլորտի կայունությունը: Սկսած 2010թ.՝ զեկույցի մշակումը վստահված է Քաղաքացիական զարգացման եւ համագործակցության հիմնադրամին (ՔԶՀՀ): Տե՛ս Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի եւ Եվրասիայի ՀԿ-ների կայունության ինդեքս 2010 թ. զեկույցը ԱՅՍՏԵՂ:

Զեկույցի մշակման համար յուրաքանչյուր երկրում փորձագիտական հանձնախումբ է ձեւավորվում՝ գնահատելու տվյալ երկրում ՔՀԿ ոլորտում տիրող իրավիճակը: Հանձնախմբի առջեւ խնդիր է դրված համաձայնության գալ ՀԿ-ների կայունության 7 ուղղությունների գնահատականների շուրջ եւ նախատեսված մեթոդաբանության համաձայն պարզաբանել յուրաքանչյուր գնահատականը: Այդ 7 ուղղություններն են`

1. Իրավական միջավայր

2. Կազմակերպական կարողություններ

3. Ֆինանսական կենսունակություն

4. Շահերի պաշտպանություն

5. Ծառայությունների մատուցում

6. Ենթակառուցվածքներ

7. Հանրային վարկանիշ

Վարկանիշային սանդղակը ընդգրկում է 1-7-թվերը, որտեղ 1-ը նշանակում է, որ ՔՀԿ սեկտորը շատ զարգացած է եւ ունի կայունության շատ բարձր մակարդակ, իսկ 7-ը` որ առկա է շատ թույլ, անկայուն ՔՀԿ սեկտոր` զարգացման ցածր մակարդակով:

Տե՛ս Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի եւ Եվրասիայի ՔՀԿ կայունության ինդեքս 2011թ. զեկույցը՝ հետեւելով այս հղմանը:

Իսկ 2011թ.-ի ՔՀԿ Կայունության ցուցանիշ Հայաստան զեկույցը կարող եք գտնել ԱՅՍՏԵՂ:

 

 

Էդվարդ Նալբանդյանն ու Արմեն Աշոտյանը Բաթումիում մասնակցել են ԵԺԿ Արեւելյան գործընկերության գագաթաժողովին

 11.07. 2012

news.am

Հայաստանի ԱԳ նախարար  Էդվարդ Նալբանդյանը եւ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը հուլիսի 10-ին մասնակցել են Բաթումիում կայացած Եվրոպական ժողովրդական կուսակցության Արեւելյան գործընկերության առաջին գագաթաժողովին, որին ներկա են եղել ԵԺԿ ղեկավար Վիլֆրիդ Մարտենսը, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, փոխվարչապետ ու եվրոպական ինտեգրման նախարար Գրիգոլ Բարամիձեն, Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատը, արտաքին գործերի եւ եվրոպական ինտեգրման նախարար Յուրի Լյանկեն:

Գագաթաժողովին անդրադարձ է կատարվել Արեւելյան գործընկերության շրջանակներում ընթացող  համագործակցությանն ու դրա հեռանկարներին: Քննարկումներ են ընթացել հետեւյալ հարցերի շուրջ. Արեւելյան գործընկերությունը 2011թ. Վարշավայի գագաթաժողովից մինչեւ 2013թ. Վիլնյուսի գագաթաժողով, ԵԺԿ-ի եւ դրա անդամ հանդիսացող Արեւելյան գործընկերության երկրների կուսակցությունների միջեւ համագործակցության զարգացումը, Արեւելյան գործընկերության քաղաքական հարթության ամրապնդումը, Արեւելյան գործընկերության սեկտորային համագործակցության խթանումը:

Այս հարցերի շուրջ գագաթաժողովին հայկական կողմի տեսակետները ներկայացրել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Գագաթաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսի, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի եւ Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատի անունից ընդունվել է համատեղ եզրափակիչ հռչակագիր, որտեղ ներկայացվել է ԵԺԿ եւ գագաթաժողովի մասնակից երկրների տեսլականն Արեւելյան գործընկերության հեռանկարների, ԵԺԿ անդամ կուսակցությունների միջեւ համագործակցության վերաբերյալ:

Հռչակագրում ամրագրվել է, որ այս ձեւաչափով հաջորդ գագաթաժողովը տեղի կունենա այս տարվա վերջին, Երեւանում:

Նույն օրն առավոտյան ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսին, որի հետ մտքեր են փոխանակվել Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ համագործակցության վերաբերյալ:

Գագաթաժողովին նախորդել է նախարարների հանդիպումը, որին մասնակցել են ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսը, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Վրաստանի փոխվարչապետ Գրիգոլ Բարամիձեն եւ Մոլդովայի արտաքին գործերի եւ եվրոպական ինտեգրման նախարար Յուրի Լյանկեն:

ԵԺԿ– Բաթումիի հռչակագիրը

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.