Թողարկում 110

Քաղաքացիական հասարակության դերը հանրային կառավարման եւ կոռուպցիայի դեմ պայքարում

10.07.2012

Երեւանի մամուլի ակումբը Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ 2012թ. հուլիսի 6-8-ը Վանաձորում կազմակերպել էր «ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի դերը հանրային կառավարման եւ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում բարեփոխումների իրականացման մեջ» թեմայով սեմինար:

Սեմինարի աշխատանքներին մասնակցում էր եւ զեկուցումով հանդես եկավ ԱլԳ ՔՀՖ 1-ին աշխատանքային խմբի կոռուպցիայի դեմ պայքարի ենթախմբի ղեկավար Իվան Պրեսնյակովն Ուկրաինայից, ով ներկայացրեց տվյալ ոլորտում ՔՀՖ առաջարկությունների իրականացման ընթացքն Արեւելյան գործընկերության բոլոր վեց երկրներում:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի եւ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի «Եվրոպա» ծրագրի համակարգող Միքայել Հովհաննիսյանի զեկուցումները նվիրված էին ոլորտում հայաստանյան ՔՀԿ-ների կողմից իրականացված ծրագրերի ներկայացմանը, դրանց կարեւորությանը եւ առաջիկա անելիքներին:

Տեղական ժողովրդավարական գործակալությունների ասոցիացիայի՝ ALDA-ի գործունեության նպատակները եւ հեռանկարները ներկայացրեց կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Դավիթ Դոլմաջյանը, իսկ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի համանախագահ Արմինե Թուխիկյանի զեկուցումը նվիրված էր Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության ժողովրդավարացման ուղղությամբ տարվող աշխատանքին:

Սեմինարին ամփոփիչ զեկուցումով հանդես եկավ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, ով ներկայացրեց ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորում-ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմ կապերի ամրապնդման հնարավորությունները, Ֆորումի առաջիկա անելիքները եւ հեռանկարները:

«Հայաստանը Եվրոպայում» կոնֆերանս Երեւանում

04.07.2012

Թերթ.am

Հայաստանը Եվրոպային մոտեցնելը կիրականացվի, երբ այդ գործընթացն ընկալվի հասարակության լայն շերտերի կողմից եւ ստանա նրա աջակցությունը, այս մասին այսօր հայտարարեց Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը «Հայաստանը Եվրոպայում» համաժողովի ընթացքում։

Եվրոպական խորհրդի նախագահը նաեւ նշեց, որ մեծ ակնկալիքներ ունի համաժողովից, որը հնարավորություն կտա եւս մեկ անգամ ներգրավել քաղաքացիական հասարակության ուշադրությունը եւ մասնակցությունը Եվրոպայի հետ նոր հարաբերությունների կերտման գործում:

«Քաղաքացիական հասարակությունը պետք է հետեւողական լինի Հայաստանի իշխանությունների կողմից՝ բարեփոխումներ իրականացնելու հանձնարարությունն իրականացնելու հարցում»,– ասաց նա:

«Քաղաքացիական հասարակությունը պետք է ակտիվություն դրսեւորի երեք գործառույթներում՝ պետք է մշտադիտարկի բարեփոխումները, պահանջի հաշվետվողականություն եւ մասնագիտանա: Նման գործունեությունը պետք է իրականացվի երկրի կենսագործունեության բոլոր ոլորտներում»,- ընդգծեց նա:

Համաժողովը կազմակերպել էր «Արեւելյան գործընկերության» Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը եւ Եվրոպական հետազոտությունների կենտրոնը ՀՀ կառավարության ընդունելությունների տանը:

Հերման վան Ռոմպոյը խիստ կարեւորություն տվեց ազգային փոքրամասնությունների ակտիվ ներգրավվածությանը բարեփոխումների գործընթացներում:

«Մենք կշարունակենք տրամադրել ֆինանսական աջակցությունը քաղաքացիական հասարակությանը՝ իրական բարեփոխումների՝ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության կայացման հարցերում»,- ավելացրեց նա:

Եվրոպացի պաշտոնյան տեղեկացրեց, որ առաջիկայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ խորհդարանականների հետ հանդիպմանը կքննարկի եվրոպական արժեհամակարգի վրա բարեփոխումների արդյունավետությունը, մասնավորապես՝ ժողովրդավարության ինստիտուտների կայունացման, կոռուպցիայի դեմ պայքարի, թափանցիկ ընտրությունների անցկացման, մարդու իրավունքների պաշտպանության եւ այլ հարցերում:

«Անելիքները դեռ շատ են: Բայց որքան հզոր լինի բարեփոխումներ իրականացնելու պատրաստակամությունը, այդքան ավելի շատ կարող եք ապավինել Եվրամիությանը», – ընդգծեց նա:

Եվրոպական խորհրդի նախագահը անդրադարձավ նաեւ ՀՀ ընտրություններին եւ նշեց, որ գործընթացը կատարելագործելու համար որպես ուղեցույց պետք է հետեւել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցին եւ կառույցի նշված դիտարկումներին: Նա հույս հայտնեց, որ մինչեւ առաջիկա նախագահական ընտրությունները լուրջ դրական տեղաշարժեր կգրանցվեն:

Խոսելով ԼՂՀ խնդրի կարգավորման շուրջ՝ վան Ռոմպոյը նշեց, որ քաղաքացիական հասարակությունը պետք է նպաստի նաեւ Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

«Առանց հասարակությունների ներգրավման՝ բանակցությունները կարող են ձախողվել: Հասարակությունների միջեւ երկխոսությունը կարեւոր է տարածաշրջանում երկարատեւ խաղաղություն հաստատելու հարցում: Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ առաջարկում ենք մեր աջակցությունը բարձր ներկայացուցչի միջոցով, որը կոչված է դյուրացնելու իրավիճակը»,– ասաց նա եւ ավելացրեց, որ Եվրոպական խորհուրդը պատրաստ է ցուցաբերել օգնություն տարածաշրջանում կայունությունն ամրապնդելու համար:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյին

04.07.2012

www.president.am

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյին: Բանակցությունների արդյունքները Հայաստանի նախագահը եւ Եվրոպական խորհրդի նախագահն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄերի համար՝ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի հետ հանդիպումից հետո

Ուրախ եմ պարոն վան Ռոմպոյին առաջին անգամ Երեւանում ողջունելու առիթով: Եվրոպական միությունից նման բարձր մակարդակի այցը մեծապես նպաստում է մեր հարաբերությունների հետագա խորացմանն ու ընդլայնմանը: Պարոն վան Ռոմպոյի հետ մենք ունեցանք անկեղծ եւ օգտակար քննարկում երկկողմ եւ տարածաշրջանային հիմնահարցերի շուրջ: Պետք է նշեմ, որ մեզ մոտ առկա է լիակատար փոխըմբռնում օրակարգում ընդգրկված բոլոր հարցերի շուրջ:

Մենք արձանագրեցինք, որ Հայաստանի եւ Եվրոպական միության հարաբերություններում առկա է նկատելի առաջընթաց մի շարք ուղղություններով, եւ վերահաստատեցինք մեր նպատակադրվածությունը` պահպանելու դրական դինամիկան եւ շարունակաբար զարգացնելու մեր համագործակցությունը:

Հայաստանը վճռական է իրականացնելու լայնածավալ բարեփոխումներ՝ ուղղված մեր երկրի հետագա ժողովրդավարացմանը, օրենքի գերակայության ամրապնդմանը, սոցիալ-տնտեսական իրավիճակի էական բարելավմանը, պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը: Այդ գործընթացում՝ ի դեմս Եվրոպական միության, մենք տեսնում ենք վստահելի գործընկերոջ եւ աջակցողի: Մենք արդյունավետ քննարկումներ ունեցանք մեր բարեփոխումներին Եվրոպական միության աջակցության վերաբերյալ:

Պարոն նախագահի հետ քննարկեցինք Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ վերջին զարգացումները: Եվս մեկ անգամ վերահաստատեցինք, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում` ՄԱԿ-ի կանոնադրության եւ Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների հիման վրա: Ուժի կիրառման սպառնալիքները եւ զինված սադրանքները նույնչափ անհարիր են 21-րդ դարի Եվրոպայի համար, որքան ազգատյաց հայտարարությունները, անհանդուրժողականությունը, պատմության վերախմբագրման փորձերը: Մենք ողջունում ենք Եվրոպական միության պատրաստակամությունը վստահության ամրապնդման միջոցառումներ իրականացնելու եւ տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հասնելու հարցում:

Անդրադարձ կատարեցինք Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին, որոնց արդյունքների վերաբերյալ ԵՄ մեր գործընկերների եւ մեր գնահատականները համընկնում են. սրանք լավագույն ընտրություններն էին նորանկախ Հայաստանի պատմության մեջ, բայց դեռեւս շատ անելիքներ կան ընտրական գործընթացի հետագա բարելավման ուղղությամբ: Ես վերահաստատեցի մեր պատրաստակամությունը նոր առաջընթաց գրանցելու 2013 թվականի նախագահական ընտրությունների կազմակերպման եւ անցկացման հարցում:

Գոհունակությամբ նշեցինք, որ հաջողությամբ են ընթանում Հայաստան-Եվրոպական միություն բանակցությունները մի շարք ուղղություններով: Մասնավորապես, մենք նախատեսում ենք մոտ ապագայում ավարտին հասցնել Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի բանակցությունները եւ սեղմ ժամկետներում ավարտել նաեւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու բանակցությունները: Ընթանում են մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի բանակցությունները: Մեր ցանկությունն է, որ դրանք հնարավորինս արագ ավարտվեն` լայն հնարավորություններ ստեղծելով մեր երիտասարդների, արվեստագետների, գիտնականների, մարդկանց միջեւ շփումներն ընդարձակելու համար:

Մենք շնորհակալ ենք մեր եվրոպացի գործընկերներին` Հայաստանի բարեփոխումներին սատարելու պատրաստակամության համար: Դա շատ կարեւոր է այդ բարեփոխումների արագ եւ լիարժեք իրականացման համար: Պարոն վան Ռոմպոյի հետ մտքեր փոխանակեցինք այդ աջակցության նոր հնարավոր ձեւերի մասին:

Վերջերս գտնվելով Բրյուսելում՝ մասնակցել եմ Եվրոպական ժողովրդական կուսակցության՝ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին: Քննարկման հիմնական նյութը եվրոգոտում ստեղծված ֆինանսատնտեսական լարվածությունը եւ դրանից դուրս գալու հնարավոր ելքերն էին: Փոքր պետությունների տնտեսությունները հատկապես խոցելի են նման լարումների ժամանակ, եւ մենք ակնկալում ենք, որ որպես Արեւելյան գործընկեր՝ կստանանք այդ դժվարությունները հաղթահարելուն ուղղված աջակցության մեր մասը:

Պարոն Նախագահ, Ձեր այցը չափազանց կարեւոր է, բայց, ցավոք, շատ կարճատեւ: Հուսով եմ, որ Ձեր գերծանրաբեռնված օրակարգում ժամանակ կգտնեք կրկին այցելելու Հայաստան, քանի որ մեր ինտենսիվ շփումները չափազանց կարեւոր են մեր հարաբերություններն ամրապնդելու համար:

Մեկ անգամ եւս բարով եք եկել: Շնորհակալ եմ ուշադրության համար, աջակցության համար:


Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի հայտարարությունը Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո

Պարո՛ն Նախագահ, հաճույքով եմ առաջին անգամ Հայաստան այցելում: Մի երկիր, որն այդքան բան է տվել եվրոպական պատմությանը եւ մշակույթին, որի հետ շատ բաներ ենք կիսում ինչպես անցյալում, այնպես էլ ապագայում: Անչափ շնորհակալ եմ այն ջերմ եւ սիրալիր հյուրընկալության համար, որին արժանացա ես եւ իմ պատվիրակությունը:

Սա մեր երրորդ հանդիպումն է: Մենք Սերժ Սարգսյանի հետ հանդիպել ենք Վարշավայում Եվրոպական հարեւանության գագաթնաժողովին եւ Բրյուսելում: Եվ ինչպես միշտ, Նախագահ Սարգսյանը եւ ես շատ լավ զրույց ունեցանք՝ անդրադառնալով մեր երկկողմ ու տարածաշրջանային օրակարգին:

Ես ուզում եմ առանձնացնել հետեւյալ երեք կետերը.

Առաջին՝ մենք զգում ենք ընդհանուր առաջընթաց ԵՄ-Հայաստան հարաբերություններում: Առաջընթաց է արձանագրվել Ասոցացման համաձայանգրի շուրջ: Սկսել ենք բանակցությունները Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ: Ավելին, այս տարվա փետրվարին սկսվեցին Մուտքի արտոնագրերի դյուրացման եւ Ռեադմիսիայի համաձայնագրերի շուրջ բանակցությունները՝ որպես առաջին քայլ մուտքի արտոնագրերի ազատականացման ուղղությամբ:

Ես խրախուսեցի Նախագահ Սարգսյանին՝ լավագույնս օգտագործել Արեւելյան հարեւանության հնարավորությունները Հայաստանի համար: Մենք շատ լավ առաջընթաց ենք արձանագրել Վարշավայի գագաթնաժողովից ի վեր:

Եվ, ինչպես նշեցի, մենք ճիշտ ուղի ենք բռնել, որպեսզի ժամանակին՝ մինչեւ Վիլնյուսի գագաթնաժողովը, հասնենք այն նպատակներին, որոնք սահմանվել էին Ճանապարհային քարտեզի համաձայն:

Երկրորդ՝ ողջունում եմ Եվրոպական միության հիմնական արժեքների հիման վրա բարեփոխումներ անցկացնելու Հայաստանի հանձնառությունը, որն ուղղորդելու է դեպի ԵՄ չափանիշների եւ նորմերի հետ մոտարկում: Սա ակնհայտորեն Հայաստանի ռազմավարական ընտրությունն է:

Ես խրախուսում եմ Հայաստանին՝ շարունակել այդ ճանապարհը՝ հզորացնելով իր ժողովրդավարական հաստատությունները, խրախուսելով թափանցիկությունը, արմատախիլ անելով կոռուպցիան եւ հարգելով մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը, ներառյալ խոսքի եւ մամուլի ազատության իրավունքը: Դուք, պարո՛ն Նախագահ, ճիշտ ճանապարհի վրա եք, անգամ եթե դեռ շատ անելիք կա առջեւում:

Ես նաեւ մատնանշել եմ եւ դա արել եմ նաեւ խորհրդարանականների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որ մենք պատրաստ ենք աջակցել Ձեզ: Որքան ավելի զորեղ կլինի ձեր հանձնառությունը իրական բարեփոխումներ իրականացնելու եւ համընդհանուր արժեքները պաշտպանելու գործում, այդքան էլ դուք կարող եք հենվել ԵՄ-ի վրա՝ «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքով:

Այս կապակցությամբ ես ուրախ եմ հայտարարելու, որ ԵՄ-ը որոշել է Հայաստանի համար 2012 թվականի տարեկան օժանդակությանը հավելել եւս 15 մլն եվրո՝ Արեւելյան գործընկերության ինտեգրման եւ համագործակցության հոդվածի ներքո: Սա Հայաստանին տրամադրվող օգնության 25 տոկոսի աճ է:

Այդ միջոցներն օգտագործվելու են մի շարք հիմնական բարեփոխումներին աջակցելու համար՝ Հայաստանին ասոցացման ճանապարհին օժանդակելու նպատակով:

ԵՄ-ն ողջունում է Հայաստանի իշխանությունների ջանքերը՝ ավելի մրցակցային եւ թափանցիկ խորհրդարանական ընտրությունների անցկացնելու հարցում: Դա դեպի առաջ տանող շատ կարեւոր քայլ էր: Այնուամենայնիվ, ինչպես մատնանշված էր ԵԱՀԿ ԺՄԻԳ Ընտրությունների դիտարկման առաքելության ամփոփիչ զեկույցում՝ որոշակի խնդիրների դեռեւս անհրաժեշտ է անդրադառնալ: Մենք հավատում ենք, որ դա տեղի կունենա մինչեւ գալիք նախագահական ընտրությունները:

Սրա հիման վրա ես հաճույքով հայտարարում եմ, որ Եվրոպական հանձնաժողովը այժմ ի վիճակի է սկսել դոնորների կոնֆերանս անցկացնելու նախապատրաստությունները Հայաստանի եւ միջազգային ֆինանսական հաստատությունների հետ:

Երրորդ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առաջընթացը շարունակում է հանդիսանալ ԵՄ առաջնահերթություն: Յուրաքանչյուր օր, որ անցնում է առանց լուծման, բոլորիս համար կորսված հնարավորություն է: Լուծում գտնելու համար անհրաժեշտ է կառուցել փոխադարձ վստահություն, հավատ եւ հարգանք:

Լուրջ մտահոգությամբ ենք տեղեկացել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին եւ շփման գծում վերջին լուրջ զինված միջադեպերի մասին: Խորապես ցավում եմ մարդկային կորուստների համար: Իմ ցավակցությունն եմ հայտնում բոլոր այն ընտանիքներին, ովքեր կորցրել են իրենց ազգականներին եւ հարազատներին:

Ռազմական ուժը չի լուծելու այս հակամարտությունը: Միայն խաղաղ եւ բանակցային լուծումը կարող է թույլ տալ ամբողջ տարածաշրջանին շարժվել ստատուս քվոյից անդին՝ դեպի անվտանգ եւ բարգավաճ ապագա: Եթե հնարավոր լինի նախապատրաստել անվտանգ եւ կայուն տարածաշրջանային մթնոլորտ, ապա կայունությունը եւ խաղաղությունը իրենց բարիքները կբերեն բոլոր հայերին:

Ես կրկնում եմ այն, ինչ ասվել էր ավելի վաղ ԵՄ կողմից եւ այն, ինչ հայտարարել էին Մինսկի խմբի համանախագահները Հայաստանին եւ Ադրբեջանին Մեծ 20-յակի հանդիպման ժամանակ արված իրենց հայտարարության մեջ. երկու կողմերն էլ պետք է որոշումներ կայացնեն, որպեսզի հանգեն երկարաժամկետ եւ խաղաղ հանգուցալուծման մադրիդյան սկզբունքների հիման վրա, Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է ամբողջությամբ իրականցնեն իրենց հանձնառությունները, որոնք ստանձնել են իրենց Նախագահները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Երկու կողմերն էլ պետք է խստագույնս հարգեն հրադադարը, ցուցաբերեն զսպվածություն տեղանքում եւ խուսափեն թշնամական հռետորաբանությունից իրենց հրապարակային հայտարարություններում:

ԵՄ-ն փոխվստահության եւ հաշտեցման ջանքերին աջակցելու իր պատրաստակամությունն է հայտնում: Դրա համար մենք ունենք ինչպես միջոցներ, այդպես էլ անհրաժեշտ փորձառություն: Դեսպան Լեֆորի նշանակումը որպես Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցով ԵՄ նոր հատուկ ներկայացուցիչ՝ վկայում է ԵՄ-ի աճող հանձնառության մասին:

Պարոն Նախագահ, կրկին շնորհակալ եմ մեզ այստեղ՝ Երեւանում հյուրընկալելու համար: Հայաստանը գործընկեր է՝ մեր շատ սերտ գործընկերը: Ուրախ եմ, որ մենք այստեղ վերահաստատեցինք մեր համատեղ ընդհանուր աշխատանքը՝ հանուն Հայաստանի լավ ապագայի:

 

 

ԱլԳ ՔՀՖ 1-ին աշխատանքային խմբի

Հայտարարությունը

 

06.07.2012

Արեւելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) 1-ին աշխատանքային խմբի (ԱԽ) Արեւելյան գործընկերության եւ Եվրամիության երկրների մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ իրենց աջակցությունն են հայտնում «Հանուն թղթակիցների ազատության եւ անվտանգության ինստիտուտ» (ՀԹԱԱԻ) կազմակերպությանը, որն Ադրբեջանի կառավարությանը կոչ է անում ձեռնպահ մնալ «Տեղեկատվություն ստանալու իրավունքի մասին», «Առեւտրային գաղտնիքի մասին» եւ «Պետական գրանցման եւ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մտադրությունից, քանի որ այդպիսով չհիմնավորված խոչընդոտներ կստեղծվեն մասնավոր ընկերությունների սեփականատերերի մասին տվյալների ստացման համար:

Ինչպես իրավացիորեն կարծում է ՀԹԱԱԻ-ն, վերը նշված օրենսդրական փոփոխությունները խախտում են հասարակական կարեւորության ներկայացնող հարցերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու՝ մասնավորապես կոռուպցիոն գործարքների եւ պետական բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքների անդամների կողմից անօրինական միջոցներով գույքի ձեռք բերման մասին բացահայտումներ իրականացնելու գործում զանգվածային տեղեկատվության միջոցների եւ լայն հասարակայնության իրավունքները, սահմանափակելով նաեւ Ադրբեջանի անկախ լրագրողների եւ քաղաքացիական հասարակության ակտիվիստների գործունեությունը:

ԱլԳ ՔՀՖ 1-ին ԱԽ անդամները ԱլԳ երկրների պետական մարմիններին կոչ են անում ձեռնպահ մնալ ինֆորմացիայի ազատությունը սահմանափակող եւ սեփականության գրանցման մարմինների գործունեության թափանցիկության սկզբունքին հակասող, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ պայքարում ԶԼՄ-ների եւ քաղաքացիական հասարակության գործունեությունը խոչընդոտող օրենքների ընդունումից:

ՀԹԱԱԻ հայտարարության ամբողջական տեքստը ռուսերեն՝  այստեղ:

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.