Թողարկում 109

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ»

համաժողով Երեւանում

 Մամուլի հաղորդագրություն

Հուլիսի 4, 2012թ., Երեւան

2012թ. հուլիսի 4-ին, ժամը 09-18.00-ը ՀՀ Կառավարության ընդունելությունների տանը (Երեւան, Մաշտոցի 47) տեղի կունենա «Հայաստանը Եվրոպայում» համաժողովը, որը համատեղ կազմակերպել են Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը եւ Երեւանի պետհամալսարանի Եվրոպական հետազոտությունների կենտրոնը:

Համաժողովին մասնակցելու է հուլիսի 3-5-ը պաշտոնական այցով Հարավկովկասյան տարածաշրջան այցելող Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը,  ՀՀ Ազգային ժողովի եւ Կառավարության անդամներ, ՀՀ պետական գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների, գիտակրթական, հետազոտական հաստատությունների, արտերկրի դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Համաժողովի 8 նիստերից յուրաքանչյուրը նվիրված կլինի Հայաստան-Եվրամիություն համագործակցության հասարակական-քաղաքական տարբեր ոլորտներին՝ անվտանգությանը, մարդու իրավունքներին, արդարադատությանը եւ  ընտրություններին, արտահայտվելու ազատության խթանմանը, ԵՄ-Հայաստան տնտեսական համագործակցությանը՝ մասնավորապես, Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի (ԽՀԱԱՀ) շուրջ բանակցություններին, վիզաների ազատականացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, պատշաճ կառավարմանը եւ շրջակա միջավայրի պահպանմանն առնչվող հարցերին:

 

Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը հուլիսի 3-4 կայցելի Հայաստան

02.07.2012

Հայաստանում Եվրամիության պատվիրակության կայքէջ

Եվրոպական խորհրդի նախագահ Ն.Գ. Հերման վան Ռոմպոյը հուլիսի 3-5-ը պաշտոնական այցով կլինի Հարավկովկասյան տարածաշրջանում: Այցը կմեկնարկի Հայաստանում հուլիսի 3-4 եւ կշարունակվի Վրաստանում եւ Ադրբեջանում:

Պրն Ռոմպոյը հանդիպումներ կունենա Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ եւ ողջույնի խոսք կուղղի Ազգային Ժողովի պատգամավորներին: Նախագահ Ռոմպոյը նաեւ բացման խոսքով հանդես կգա  «Հայաստանը Եվրոպայում» քաղաքացիական հասարակության ֆորումի առջեւ, ինչպես նաեւ կայցելի Ազգային պատկերասրահում ներկայումս ընթացող «Երեւանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք» եւ «Հայկական տպագիր գրքի 500-ամյակ» ՅՈՒՆԵՍԿՈ ցուցահանդեսներին: Այնուհետեւ նա կարճատեւ այց կկատարի Զվարթնոցի տաճար:

Հանդիպումների ընթացքում Ն.Գ. վան Ռոմպոյը զրուցակիցների հետ կքննարկի Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ներքին քաղաքական իրավիճակին, տարածաշրջանին վերաբերող, ինչպես նաեւ  երկուստեք հետաքրքրության այլ հարցեր:

Նախագահներ վան Ռոմպոյը եւ Սարգսյանը համատեղ մամուլի ասուլիս կանցկացնեն:

Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ին

29 Հունիս, 2012

ԱՐՄԵՆՊՐԵՍ

Պարո´ն նախագահ, անցած մի քանի տարիների ընթացքում Հայաստանը եւ Եվրոպական միությունը կարեւոր առաջընթաց են արձանագրել երկկողմ հարաբերություններում: Ձեր գնահատմամբ առաջիկայում կողմերն ինչպիսի՞ քայլեր պետք է ձեռնարկեն այդ հարաբերությունները նոր որակի բարձրացնելու համար:

 – Ընդհանուր առմամբ Հայաստան-ԵՄ հարաբերություններում մենք առաջընթաց ենք արձանագրում: Ասոցացման համաձայնագրի շուրջ առաջ ենք շարժվում եւ արդեն իսկ սկսել ենք բանակցությունները Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ: Ավելի վաղ այս տարվա սկզբին մեկնարկել են բանակցությունները Վիզաների դյուրացման եւ ռեադմիսիայի պայմանագրի շուրջ: Ի հավելում այդ ամենի, Եվրոպական միությունը Հայաստանին աջակցություն է տրամադրում բազմաթիվ բնագավառներում՝ ներառյալ պետական հաստատությունների կարողությունների զարգացման գործընթացում:

Թույլ տվեք ընդգծել, որ Եվրոպական միությունը շատ հարցերում սկզբունքների եւ արժեքների հասարակություն է: Հայաստանը, որպես Արեւելյան գործընկերության շրջանակներում գործընկեր երկիր, պատրաստակամություն է հայտնել կիսելու այս արժեքները: ԵՄ-Հայաստան հարաբերությունների սերտացումն ավելի ուղղակիորեն կապված է այս ձգտման հետ: Ուստի, ես կոչ եմ անում Հայաստանին՝ շարունակել ընթանալ բարեփոխումների ճանապարհով` ամրապնդելով ժողովրդավարական հաստատությունները, խթանելով թափանցիկությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը եւ օրենքի գերակայությունը: Որքան առավել ամուր լինի Հայաստանի հանձնառությունը շարունակելու իրական բարեփոխումները, այնքան ավելի շատ մենք կկարողանանք համագործակցել եւ աջակցել ձեզ:

Այս համատեքստում ԵՄ-ն ողջունում է Հայաստանի իշխանությունների ջանքերը` ուղղված առավել թափանցիկ եւ մրցակցային խորհրդարանական ընտրությունների անցկացմանը: Սա կարեւոր քայլ էր առաջ, չնայած, որ դեռեւս առկա են մի շարք խնդիրներ, որոնք պետք է լուծվեն. դրանք արձանագրվել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության վերջնական զեկույցում: Մենք հավատում ենք, որ այս խնդիրները կլուծվեն մինչեւ առաջիկա նախագահական ընտրությունները:

Ձեր կարծիքով, որքա՞ն ժամանակ կպահանջվի Հայաստանի եւ ԵՄի միջեւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի ստորագրման համար: Մասնավորապես, ի՞նչ կերպ կարող է այն փոխադարձաբար շահավետ լինել երկու կողմերի համար:

Բանակցությունների համար որեւէ ժամանակային սահմանափակումներ չկան: Դրանց արագությունը կախված է կողմերի՝ առաջ ընթանալու ցանկությունից եւ պատրաստակամությունից: Նման բանակցություններում արդյունքներն առավել կարեւոր են, քան դրանց արագությունը: Բանակցությունների երեք փուլ նախատեսված է անցկացնել 2012թ-ին եւ, հաշվի առնելով մինչ այժմ Հայաստանի ցուցաբերած պատրաստակամությունը, ԵՄ-ն գտնում է, որ բանակցություններում հնարավոր է հանդարտ եւ արագ առաջընթաց արձանագրել:

Ես ակնկալում եմ, որ այս ստորագրվելիք համաձայնագիրը նոր հնարավորություններ կբացի Հայաստանի առջեւ: Արտահանողների համար ԵՄ-ի ներքին շուկայի բացումը հայկական ապրանքների եւ ծառայությունների համար մեծագույն առավելություն կհանդիսանա:

Հայտնի է, որ ՀայաստանԵՄ հարաբերություններում առաջընթաց հիմնականում արձանագրվել է շնորհիվ Արեւելյան գործընկերության նախաձեռնության, որին մասնակցում են վեց երկիր: Ինչպե՞ս եք գնահատում այս նախաձեռնության առաջընթացը, եւ ո՞ր երկրներն են արձանագրել լավագույն արդյունքներ:

2009թ.-ին մենք նախաձեռնեցինք Արեւելյան գործընկերությունը` հստակ նպատակ ունենալով աջակցել Արեւելյան գործընկեր երկրներում ընթացող բարեփոխումներին եւ արագացնել այդ երկրների քաղաքական եւ տնտեսական ասոցացումը Եվրոպական միության հետ:

Այս ուղղությամբ արդեն իսկ մեծ արդյունքներ ենք արձանագրել: Ասոցացման համաձայնագրերի եւ Խորը եւ ազատ առեւտրի գոտիների վերաբերյալ բանակցությունները բավականին առաջընթաց են արձանագրել Մոլդովայի Հանրապետության, Վրաստանի եւ, ինչպես արդեն նշեցի, Հայաստանի հետ: Այդ բանակցություններն արդեն իսկ ավարտվել են Ուկրաինայի հետ, չնայած դրանց վերջնական վավերացումը կախված  կլինի Ուկրաինայի կողմից Արեւելյան գործընկերության շրջանակներում հանձն առած արժեքների պահպանմամբ: Երկակի արդարադատությունը եւ ընդդիմության քրեականացումն, օրինակ, համադրելի չեն այդ արժեքների հետ: Ադրբեջանի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները եւս շարունակվում են:

Մենք նաեւ նպատակ ունենք դյուրացնել ԵՄ-ի եւ գործընկեր երկրների քաղաքացիների տեղաշարժի հնարավորությունները` որպես դրա վերջնական նպատակ ունենալով վիզային ռեժիմի վերացումը: Վիզաների դյուրացման գործընթացը մենք արդեն սկսել ենք Մոլդովայի Հանրապետության եւ Ուկրաինայի հետ եւ շուտով նման գործընթաց կսկսենք նաեւ Վրաստանի հետ: Վիզաների դյուրացման եւ ռեադմիսիայի վերաբերյալ համաձայնագրերի շուրջ բանակցություններն ընթանում են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ. նմանատիպ առաջարկ արվել է նաեւ Բելառուսին:

ԵՄ-ն առաջարկում է նաեւ աջակցություն հաստատությունների հզորացման առումով, եւ նմանատիպ համագործակցությունը բավականին լավ առաջ է ընթանում Հայաստանի, Վրաստանի եւ Մոլդովայի հետ: Ասեմ ավելին, Արեւելյան գործընկերությունը պլատֆորմ է ստեղծում ԵՄ-ի եւ վեց գործընկերների բազմակողմ համագործակցության համար` կենտրոնանալով տարածաշրջանային համագործակցության վրա: Քաղաքացիական հասարակությունը, ազգային խորհրդարաններն ու տեղական ու տարածաշրջանային իշխանությունները ներառված են այս նախաձեռնությունների հետ:

ԵՄ-ն վճռական է շարունակելու աջակցությունն իր գործընկերների հետ՝ կիսելով իր նորարարությունները (know-how), տրամադրելով քաղաքական եւ ֆինանսական աջակցություն: Այնուամենայնիվ, այս աջակցությունը սահմանափակված է բարեփոխումների տեմպով:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Հարավային Կովկասում ԵՄի առաջնայնություններից մեկն է: Հաճախ շեշտվում է, որ ԵՄն ցանկանում է նպաստել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ վստահության միջոցների կառուցմանը: Կխնդրեի մասնավորեցնել, թե որո՞նք են այդ միջոցները, եւ ո՞ր այլ բնագավառներում է ԵՄն ցանկանում է ներդրում ունենալ:

-Կցանկանայի ընդգծել, որ ռազմական ուժի կիրառումը չի կարող լուծել այս հակամարտությունը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության միայն խաղաղ կարգավորումը կօժանդակի հարավկովկասյան տարածաշրջանի ավելի կայուն եւ լիակատար գործող դարպասի վերափոխմանը Եվրոպայի եւ Ասիայի միջեւ: Հստակ է, որ սա բխում է մեր գործընկերների` Հայաստանի եւ Ադրբեջանի շահերից, ինչպես նաեւ ԵՄ-ի շահերից:

ԵՄ-ն վերահաստատել է իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին: Մենք ողջունում ենք գործադրվող նշանակալի ջանքերը, այդ թվում G-20-ի շրջանակներում վերջերս արված հայտարարությունը համանախագահների` Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից:

Համաձայնության հասնելու պատասխանատվությունը Հայաստանի եւ Ադրբեջանի ձեռքերում է, եւ մենք կոչ ենք անում հասնել խնդրի խաղաղ լուծմանը` հենվելով Մադրիդյան սկզբունքների տեսլականի, իմաստության եւ համարձակության վրա:

Մենք մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող բանակցությունների դանդաղ ընթացքով: Մեծ մտահոգությամբ տեղեկացա վերջերս Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին եւ շփման գծում տեղի ունեցած բռնությունների մասին: Խորապես ցավում եմ մարդկային կյանքերի ողբերգական եւ անհարկի կորուստների համար:

ԵՄ-ն բազմիցս արտահայտել է իր պատրաստակամությունը նպաստելու վստահության կառուցման միջոցներին, որոնք կարող են օժանդակել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին: Այս համատեքստում Եվրոպական միությունը պատրաստ է առավել մեծ աջակցություն ցուցաբերել վստահության կառուցման միջոցների եւ երկու կողմերի բնակչությունների միջեւ կապերի հաստատմանը` քաղաքացիական հասարակության ներգրավման միջոցով: Այս ամենը կնպաստի վստահության ամրապնդմանը եւ հակամարտությունից տուժած մարդկանց հնարավորություն կտա լիովին մասնակցել խաղաղության հեռանկարների վերաբերյալ քննարկումներին:

Ավելին, ԵՄ-ն կանոնավոր քաղաքական երկխոսության մեջ է երկու գործընկեր երկրների հետ եւ նույնիսկ նշանակել է Հարավային Կովկասում եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին:

Մենք աջակցում ենք նաեւ ԵԱՀԿ-ի առաջարկած հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծմանը եւ պատրաստ ենք կիսել ԵՄ-ի համապատասխան փորձը հակամարտության վերափոխման համար:

Վերջերս Եվրոպական խորհրդարանը բանաձեւ ընդունեց, որով կոչ էր արվում ապահովել առանց սահմանափակումների մուտք դեպի Լեռնային Ղարաբաղ: Որո՞նք էին այս քայլի դրդապատճառները: Կարո՞ղ է արդյոք սա ընկալվել որպես քայլ դեպի Լեռնային Ղարաբաղի դե յուրե ճանաչում:

-Ո´չ, դա իր մեջ չի պարունակում Լեռնային Ղարաբաղի ճանաչման որեւէ ձեւ: Եվրոպական միության խորհուրդը, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդարանը ընդգծել են դեպի Լեռնային Ղարաբաղ եւ հարակից տարածքներ ԵՄ ներկայացուցիչների անխաթար մուտքի անհրաժեշտությունը:

ԵՄ-ի համար սա սկզբունքային եւ պրագմատիկ խնդիր է, քանի որ դրա միջոցով կյանքի կկոչվի մեր վստահության կառուցման միջոցներին այժմ աջակցելու պատրաստակամությունը եւ կնպաստի կարգավորումից հետո վերականգնմանն ու վերակառուցմանը:

Հայթուրքական սահմանը վերջին փակ սահմանն է Եվրոպայում: Ընդունելի՞ է արդյոք 21-րդ դարի ժամանակակից Եվրոպայում փակ սահմանների առկայությունը` հաշվի առնելով, որ Թուրքիան դեռեւս շարունակում է նախապայմաններ առաջադրել հայթուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար:

 -Եվրոպական միությունը կոչ է անում Հայաստանին եւ Թուրքիային՝ կարգավորել իրենց հարաբերությունները` առանց նախապայմանների (կարեւոր չէ, թե որ կողմից են դրանք առաջադրվում): Մենք հավատում ենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների լիակատար կարգավորումն իր կարեւոր նպաստը կունենա Հարավային Կովկասում անվտանգության, կայունության եւ համագործակցության հաստատման համար:

Մենք կոչ ենք անում երկու կողմերին՝ շարունակել երկխոսությունը եւ հավատարիմ մնալ այդ գործընթացին: Առաջին եւ կարեւոր քայլն իրապես կլիներ սահմանի բացումը:

Հարցազրույցը` Արմեն Ղազարյանի

Լուսանկարը` Եվրոպական խորհրդի պաշտոնական կայքի

Եվրոպական միության անունից Բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հայտարարությունը ս.թ. հունիսի 26-ի` ՄԱԿի Խոշտանգումների զոհերի պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ 

26.06.2012

Հայաստանում Եվրամիության պատվիրակության կայքէջ

«Այսօր ես ցանկանում եմ վերահաստատել ԵՄ-ն հանձնառությունը խոշտանգման եւ այլ դաժան, անմարդկային եւ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի  կանխարգելման ու վերացման, ինչպես նաեւ աշխարհի բոլոր մասերում խոշտանգումների զոհերի լիարժեք  վերականգնման ուղղությամբ: Այս օրը եւս մի հնարավորություն է խոսելու ընդդեմ մարդու իրավունքների եւ մարդու արժանապատվության խախտման այս նողկալի երեւույթի մասին։ Խոշտանգումը ողբերգություն է ոչ միայն դրա զոհերի համար, այն նաեւ նվաստացնող եւ նսեմացնող է դա կատարողների եւ նմանօրինակ անարգանքը հանդուժող հասարակությունների համար: Խոշտանգման եւ այլ դաժան, անմարդկային եւ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի բացարձակ արգելումը հստակ սահմանված է միջազգային իրավունքով։ Անպատժելիության եւ ոչ մի մշակույթ ընդունելի չէ։

Վերհիշելով 2011թ. դեկտեմբերին 19-ի Միացյալ Ազգերի Գլխավոր Ասամբլեայի ընդունած 66/150 բանաձեւը՝ ԵՄ-ն վերահաստատում է, որ սկզբունքորեն դատապարտում է  խոշտանգումը եւ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը իր բոլոր դրսեւորումներով, ներառյալ ահաբեկման միջոցով, որոնք արգելվում են եւ արգելվելու են ցանկացած ժամանակ եւ ցանկացած վայրում եւ այսպիսով երբեք չեն կարող արդարացվել: ԵՄ-ն կոչ է անում բոլոր պետություններին՝ անվերապահորեն եւ անշեղորեն արգելել խոշտանգումը եւ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքն ու պատիժը։

ԵՄ-ն կոչ է անում բոլոր այն պետություններին, որոնք դեռ չեն միացել կոնվենցիային, առաջնահերթության կարգով անել դա, իսկ կոնվենցիայի անդամ պետություններին՝ շուտափույթ անդրադառնալ կոնվենցիայի կամընտրային արձանագրության ստորագրմանն ու վավերացմանը։ ԵՄ ողջունում է վերջերս Ֆիլիպինների, Մավրիտանիայի, Վենեսուելայի, Կաբո–Վերդեի, Թունիսի, Թուրքիայի եւ Պանամայի կողմից ԽԴԿԿԱ–ի վավերացումը։ ԵՄ կոչ է անում նաեւ բոլոր պետություններին՝ ստեղծել եւ կիրառել անկախ ու արդյունավետ մոնիտորինգի մեխանիզմներ կալանավայրերի համար` խոշտանգման կամ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դրսեւորումները  կանխարգելելու նպատակով:

ԵՄ-ն կոչ է անում բոլոր պետություններին՝ խոշտանգման եւ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ պայքարում որդեգրել գենդերային զգայուն մոտեցում՝ հատուկ ուշադրություն դարձնելով գենդերահեն բռնությանը։
Եվրոպական միությունը ողջունում եւ աջակցում է ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի եւ ԵԱՀԿ-ի կողմից խոշտանգման դեմ իրականացվող գործունեությունը։ Պետությունների համագործակցությունը ՄԱԿ հատուկ զեկուցողի, Խոշտանգման զոհերի ՄԱԿ կամավոր հիմնադրամի, ՄԱԿ-ի խոշտանգման դեմ հանձնաժողովի եւ նմանատիպ օղակների հետ, կարեւոր է մարդու իրավունքների պաշտպանության եւ խթանման համակարգը արդյունավետ դարձնելու համար։

Ազգային եւ ԵՄ մակարդակում ֆինանսավորման միջոցով մենք էական աջակցություն ենք առաջարկում այն կազմակերպություններին, որոնք բժշկական, սոցիալական, իրավաբանական եւ այլ օժանդակություն են տրամադրում խոշտանգման զոհ տղամարդկանց, կանանց եւ երեխաներին՝ նրանց առողջությունն ու մարդկային արժանապատվությունը վերականգնելու նպատակով։ Ավելի վաղ, հունիսի 1–ին ԵՄ-ն մեկնարկեց ծրագրային առաջարկությունների մի նոր նախաձեռնություն «Պայքար անպատժելիության դեմ» խորագրով, որի նպատակն է օժանադակել խոշտանգման կամ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ քաղաքացիական հասարակության կողմից իրականացվող գործունեությանը: Ընդդեմ խոշտանգումների այս նախաձեռնության ընդհանուր բյուջեն կազմում է 16.215 միլիոն եվրո։

Օգտվելով այս հնարավորությունից, ԵՄ-ն ողջունում է բազմաթիվ ՀԿ-ների եւ անհատների մշտական ջանքերը, որոնք անխոնջ աշխատում են խոշտանգումները կանխարգելելու եւ զոհերի տառապանքները մեղմացնելու ուղղությամբ, եւ հասարակական կարծիքը կենտրոնացնում են ՄԱԿ–ի օրացույցի այս կարեւոր օրվա կապակցությամբ։

Մենք պետք է դրսեւորենք միասնական հաստատակամություն աշխարհը խոշտանգումներից զերծ դարձնելու համար»։

ԵՄն ընդունում է Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ռազմավարական փաստաթուղթը 

25.06.2012

Հայաստանում Եվրամիության պատվիրակության կայքէջ

Արտաքին հարաբերությունների խորհուրդն հունիսի 25-ին ընդունեց Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ռազմավարական փաստաթուղթն ու այն իրականացնելու գործողությունների ծրագիրը: Առաջին անգամ է, որ Եվրոպական միությունն ընդունում է միասնական ռազմավարական փաստաթուղթ այս կենսական կարեւորության քաղաքակության վերաբերյալ՝ իրականացման նմանօրինակ  ընդգրկուն գործողությունների ծրագրով:

«Մարդու իրավունքներն ինձ համար հատուկ կարեւորություն ունեցող ուղղություններից մեկն , որ իրենից ներկայացնում է մի  արծաթե շարան, որն առկա է արտաքին հարաբերություններ բնագավառում մեր կողմից իրականացվող բոլոր գործողություններում:  Այս ընդգրկուն փաթեթի ընդունմամբ` մենք ցանկանում ենք բարձրացնել ԵՄ-ի մարդու իրավունքների քաղաքականության արդյունավետությունն ու տեսանելիությունը: Փաստաթուղթն ու Գործողությունների ծրագիրը իրականացնելու նպատակով նաեւ առաջարկել եմ  նշանակել մարդու իրավունքների ԵՄ հատուկ ներկայացուցիչ եւ ակնկալում եմ շուտափույթ նշանակում»,- փաթեթի ընդունումից հետո ասաց Արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնը:

Փաստաթուղթը սահմանում է սկզբունքներ, նպատակներ եւ առաջնահերթություններ,  որոնք մշակվել են` բարելավելու ԵՄ քաղաքականության արդյունավետութունն ու հետեւողականությունը եւ այն դարձնելու մի համահունչ քաղաքականություն առաջիկա տասը տարիների ընթացքում: Դրանք ներկայացնում են միահամուռ հիմք  ԵՄ անդամ պետությունների եւ  ԵՄ հաստատությունների կողմից հիրավի հավաքական ջանքեր իրականացնելու համար:  Ռազմավարական փաստաթուղթը նաեւ խարսխում է քաղաքացիական հասարակության հետ իրական համագործակցության հանձնառություն: Փաստաթուղթը  շարադրված է ընթեռնելի եւ հանրամատչելի ոճով:

Ռազմավարական  փաստաթղթի հիմնական ենթակետերն են.

– Մարդու իրավունքները ԵՄ քաղաքականության ներքո
– Մարդու իրավունքների համընդհանրության խթանում
– Հետեւողական նպատակների  հանձնառում
– Մարդու իրավունքները ԵՄ արտաքին քաղաքականության բոլոր ուղղություններում
– Մարդու իրավունքների բնագավառում ԵՄ առաջնահերթությունների իրականացում
– Երկկողմ գործունեություն
– Գործունեություն բազմակողմ պայմանավորվածությունների ներքո
– ԵՄ միասնական գործունեություն

Ռազմավարական փաստաթղթի հիմքում ընկած է «Մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը ԵՄ արտաքին քաղաքականության գործողությունների կենտրոնում. ավելի արդյունավետ մոտեցում» խորագրով համատեղ հաղորդագրությունը: Այն ընդունվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից 2011թ.-ի դեկտեմբերին՝ Քեթրին Էշթոնի առաջարկությամբ: Այն իր հերթին հանդիսանում է դեռեւս 2010թ.-ի մարտին Կորդոբայի Գյումնիխ քաղաքում տեղի ունեցած ԵՄ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ մեկնարկած երկարատեւ խորհրդակցությունների արդյունք:

ԵՄ Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության գործողությունների ծրագիրը բաղկացած է  36 գլխից, ներառելով 97 միջոցառում, որոնք մշակվել են  ԵԱԳԾ խորհրդակցությունների ընթացքում  Եվրոպական հանձնաժողովի ու ԵՄ անդամ երկրների մասնակցությամբ` կիսելով իրականացման պատասխանատվությունը: Ոչ պաշտոնական խորհրդակցություններ են տեղի ունեցել նաեւ եվրոպական խորհրդարանի պատգամավորների եւ ՀԿ-ների հետ: Գործողությունների ծրագիրը նախատեսված է մինչեւ 2014 թ.-ի դեկտեմբերի 31-ը:

Գործողությունների ծրագրի պահանջներից մեկն այն է, որ ԵՄ-ն իր տարեկան զեկույցում պետք է ներկայացնի մարդու իրավունքերի ու ժողովրդավարության ուղղությամբ առաջընթացը:  Սա հնարավորություն կընձեռի  ԵՄ քաղաքականության բոլոր համախոհներին, այդ թվում  քաղաքացիական հասարակությանը, գնահատել ԵՄ գործողությունների ծրագրի ազդեցությունը եւ նպաստել հետագա առաջնահերթությունների սահմանմանը:

Ընդհանուր տեղեկություն

Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ռազմավարական փաստաթղթի ընդունումը անկյունաքարային է ԵՄ քաղաքականության համար:  Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության թեմայով ԵՄ-ն բազմաթիվ  հայտարարություններով է հանդես եկել, սակայն  դրանք վերաբերել են կոնկրետ  հարցերի կամ պետությունների:

Ժամանակի ընթացքում ԵՄ-ն մշակել է նաեւ մի շարք «ուղեցույցներ» եւ քաղաքականության տարբեր ուղղություններ, բայց միասնական ռազմավարական փաստաթղթի ընդունման նախադեպ չի գրանցվել:  Սա ցույց է տալիս, որ ԵՄ-ն հավատարիմ է Լիսբոնյան համաձայնագրի իր խոստումին, համաձայն հետեւյալ հանձնառությանը.  «Միության գործողությունները միջազգային ասպարեզում պետք է առաջնորդվեն այն սկզբունքներով, որոնք ոգեշնչել են իր իսկ ստեղծումը, զարգացումն ու ընդլայնումը, եւ որոնք ԵՄ-ն փորձում է սփռել ամբողջ աշխարհով մեկ. ժողովրդավարություն, օրենքի գերակայություն, համընդհանուր եւ անքակտելի մարդու իրավունքներ եւ հիմնարար ազատություններ, մարդկային արժանապատվության հարգանք, հավասարության եւ համերաշխության սկզբունքներ, հարգանք Միացյալ ազգերի խարտիայի եւ միջազգային իրավունքի նկատմամբ»:

Ռազմավարական փաստաթղթի եւ գործողությունների ծրագրի իրականացմանն օժանադակելու  համար ԵՄ բարձր ներկայացուցիչն առաջարկել է նշանակել Մարդու իրավուքների ԵՄ հատուկ ներկայացուցիչ: Սրա նպատակն է՝ բարձրացնել ԵՄ մարդու իրավունքների քաղաքականության արդյունավետությունն ու տեսանելիությւոնը: Շարունակելիության նկատառումներով առաջարկվել է նշանակման նախնական ժամկետը սահմանել 2 տարի:

ԵՄՀՆ-ն պետք է ունենա լայն եւ ճկուն լիազորություններ` հանգամանքներին հնարավորին չափով հարմարվելու կարողությամբ: Նա պետք է նաեւ սերտ համագործակցի ԵԱԳԾ-ի հետ` ստանալով լիարժեք օժանդակություն:

Մանրամասն տեղեկությունների համար այցելեք հետեւյալ կայքէջը
http://eeas.europa.eu/human_rights/index_en.htm

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.