Թողարկում 108

ԵՄ արտգործնախարարները ողջունել են Եվրոպական հարեւանության քաղաքականության առաջընթացը

25.06.2012

ԵՄ արտգործնախարարները 2012թ. հունիսի 25-ին Լյուքսեմբուրգում տեղի ունեցած հանդիպմանը ողջունել են նոր Եվրոպական հարեւանության քաղաքականության (ԵՀՔ) ներդրման ուղղությամբ արձանագրված զգալի առաջընթացը:

Արտաքին հարաբերությունների Խորհրդի կողմից նույն օրը հաստատված Եզրակացություններում ընդգծվել է ԵՀՔ կարեւորությունը, Խորհուրդը ողջունել է Եվրահանձնաժողովի եւ Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն  հանձնակատարի կողմից մայիսի 15-ին հրապարակված՝ «Նոր Եվրոպական հարևանության քաղաքականության իրականացումը» առաջընթացի զեկույցը:

«[Խորհուրդը] ողջունում է Գործընկերություն հանուն ժողովրդավարության եւ համընդհանուր բարգավաճման ծրագրով Հարավային Միջերկրածովյան երկրների հետ համագործակցության արձանագրած նշանակալի առաջընթացը եւ իր վստահությունն է հայտնում Եվրամիության եւ Միջերկրածովյան, ինչպես նաեւ տարածաշրջանային այլ նախաձեռնությունների շրջանակներում իրագործվող Գործողությունների պլանով նախատեսված համագործակցության եւ գործընկերների միջեւ երկխոսության խորացման վերաբերյալ»:

Արեւելյան հարեւանության վերաբերյալ Խորհրդի Եզրակացությունների մեջ նշված է. «[Խորհուրդը] ողջունում է նաեւ Արեւելյան գործընկերության ծրագրի արձանագրած զգալի առաջընթացը՝ որպես երկկողմ եւ բազմակողմ համագործակցության ուղենիշ առաջարկելով Գերագույն հանձնակատարի եւ Եվրահանձնաժողովի կողմից 2013թ. աշնանը տեղի ունենալիք գագաթնաժողովի քննարկմանը  ներկայացվող Ճանապարհային քարտեզը: Խորհուրդը հույս է հայտնում ԱլԳ նախարարների մակարդակով կայանալիք հանդիպման ժամանակ Ճանապարհային քարտեզի հաստատման եւ դրա հետագա իրականացման վերաբերյալ»:  (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Խորհրդի եզրակացությունները ԵՀՔ փաթեթի վերաբերյալ

«Նոր եվրոպական հարևանության քաղաքականության իրականացումը» զեկույցը  

 

Եվրոպական կրթական հիմնադրամը գործընկերների հետ քննարկել է Շարունակական մասնագիտական կրթության տարածաշրջանային ծրագրերը

18.06.2012

Սոցիալական գործընկերների դերը, կրթության որակը եւ ֆինանսավորման արդյունավետ մեխանիզմները. ահա սրանք էին Եվրոպական կրթության հիմնադրամի (ԵԿՀ) եւ նրա գործընկերների՝  Տալլինում (Էստոնիա) կայացած հանդիպման հիմնական հարցերը: Հանդիպման նպատակը Արեւելյան Եվրոպայում Շարունակական մասնագիտական կրթության (ՇՄԿ) տարածաշրջանային ծրագրի արդյունքների դիտարկումն էր: 2011թ.-ից սկսված եռամյա ծրագիրը կոչված է մեծացնել ՇՄԿ դերը՝ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում, Ռուսաստանում եւ Ուկրաինայում առկա սոցիալ-տնտեսական խնդիրների համատեքստում:

Ինչպես տեղեկացված է ԵԿՀ մամուլի հաղորդագրության մեջ, հանդիպման մասնակիցները եկել են այն եզրակացության, որ ԵՀԿ ծրագրի կատարելագործման համար անհրաժեշտ է ուժեղացնել սոցիալական գործընկերների (գործատուների եւ հատկապես արհմիությունների) դերը: Բացի այդ, անհրաժեշտ է ընդունել ԵՀԳ-ի եւ մեծահասակների կրթության վերաբերյալ հատուկ օրենք՝ ցկյանս կրթության համընդհանուր հասանելիություն ապահովելու նպատակով եւ ավելի մեծ հնարավորություններ ընձեռելով բարձր ռիսկային խմբերին՝ օրինակ, ցածր որակավորում ունեցող աշխատողներին կամ մեծահասակներին, մշտապես վերապատրաստվելու կամ բարձրացնելու իրենց մասնագիտական որակավորումը:

Հանդիպման մասնակիցներն այդ ոլորտում բավական ուսանելի համարեցին էստոնական օրինակը: Նրանք նշեցին, որ ԵԿՀ օժանդակությամբ իրականացվող միջազգային համագործակցությունը եւ փորձի փոխանակումը մեծ կարեւորություն ունի ոլորտի հիմնախնդիրների լուծման հարցում:

Մասնավորապես,

  • Հայաստանի եւ Վրաստանի գործընկերները ԵԿՀ-ի հետ համագործակցությունն օգտակար են համարում  ոչ ֆորմալ  կրթության գնահատման համակարգի  մշակման հարցում:
  • Ադրբեջանը, Բելառուսը եւ Ուկրաինան աշխատաշուկայի ընթացիկ պահանջներին պատշաճորեն արձագանքելու համար նախատեսում են  ուսումնասիրել ոլորտային արհմիությունների դերը կրթության պահանջարկի կանխատեսման գործում:
  • Մոլդովացի մասնակիցները համարում են, որ կրթության որակի բարձրացման ու դրա արդիականացման գնահատման մեթոդների մշակումը կարեւոր նշանակություն ունի ՇՄԿ-ի նկատմամբ հետաքրքրության բարձրացման եւ մեծահասակների կրթության վստահելի միջոցների ներդրման գործում:

Եվրոպական կրթական հիմնադրամը (ԵԿՀ) Եվրոպական միության հաստատություն է, որը ստեղծվել է ԵՄ գործընկեր երկրներում կրթության եւ ուսուցման համակարգերի զարգացմանն աջակցելու նպատակով։ Տարեկան 18 մլն եվրո բյուջե ունեցող այս կառույցի առաքելությունն է՝ Եվրամիության արտաքին հարաբերությունների քաղաքականության համատեքստում օգնել անցումային տնտեսություն ունեցող եւ զարգացող երկրներին՝ կրթության, ուսուցման եւ աշխատաշուկայի բարեփոխումների միջոցով զարգացնել մարդկային կապիտալի ներուժը։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

 

 

Եվրամիությունն օժանդակում է Վրաստանում անտառային մեղվաբուծության զարգացմանը

22.06.2012

 Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի Կովկասի ներկայացուցչությունը (WWF-CauPO) վերջերս ավարտել է Վրաստանի հարավ-արեւմուտքում գտնվող  Աջարիայի Ինքնավար Հանրապետության Մաչախելի կիրճում մեղվաբուծության զարգացման ծրագիրը: Այն իրականացվել է մարտ-հունիս ամիսներին, Եվրամիության կողմից ֆինանսավորվող՝ «Եվրոպական հարեւանության քաղաքականության արեւելյան երկրների եւ Ռուսաստանի անտառային օրենսդրության կիրարկման եւ անտառային ոլորտի կառավարման բարելավում» (ENPI FLEG) ծրագրի շրջանակներում:

Ինչպես  նշված է ENPI FLEG-ի մամուլի հաղորդագրության մեջ, այդ միջոցառումն ուղղված է օգնելու տեղի բնակչության սոցիալական եւ տնտեսական հիմնախնդիրների լուծմանը, ինչպես նաեւ անտառի ռեսուրսները որպես վառելիք օգտագործելու բեռը նվազեցնելուն: Գաղափարն այն է, որ մեղվաբուծության հաջող զարգացումը պետք է զգալիորեն ավելացնի տեղի բնակիչների եկամուտները, ինչի արդյունքում էլ կթեթեւանա անտառային ռեսուրսներ շահագործման բեռը:

Որպես փորձադաշտ ծառայել էին Թուրքիային սահմանակից Մաչախելի կիրճում գտնվող Զեդա-Չխութունեթի, Կոկոլեթի եւ Չեկունեթի գյուղերը: Ընդհանուր թվով 20 տեղացի գյուղաբնակներ էին ընտրվել մեղվաբուծության դասընթացներին մասնակցելու համար: Ուսումն ավարտելուց հետո նրանց անվճար տրվել էր սեփական գործն սկսելու համար անհրաժեշտ ամեն ինչ՝ փեթակներ՝ մեղվաընտանիքներով (հինգական փեթակ՝ ամեն մի տնտեսությանը), ինչպես նաեւ  գործիքներ եւ դեղորայք: Այդ ամենը տրվել էր պայմանով, որ երկու տարի հետո մեղվապահներից յուրաքանչյուրը մեկական մեղվաընտանիք կնվիրի Մաչախելի կիրճի որեւէ այլ գյուղաբնակի:

«Եվրոպական հարեւանության քաղաքականության արեւելյան երկրների եւ Ռուսաստանի անտառային օրենսդրության կիրարկման եւ անտառային ոլորտի կառավարման բարելավում» ENPI FLEG ծրագիրն իր 6 միլիոն եվրո բյուջեով օգնում է կառավարություններին, քաղաքացիական հասարակությանը եւ մասնավոր հատվածին՝ մշակել անտառային ռեսուրսների կառավարման կենսունակ եւ կայուն մեթոդներ, այդ թվում անտառի անօրինական շահագործումը կանխարգելելու համար: (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.