Թողարկում 106

Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական եւ առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ ԱլԳ ՔՀՖ «Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ եւ պատշաճ կառավարում» 1-ին աշխատանքային խմբի

Հայտարարությունը

6 հունիսի, 2012թ.

Բրյուսել

Արեւելյան գործընկերության (ԱլԳ) քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) 1-ին աշխատանքային խումբն իր մտահոգությունն է հայտնում 2012թ. մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների եւ դրա հետ կապված՝ ընտրությունների ինստիտուտի հանդեպ հասարակական վստահության մակարդակի առավել անկման վերաբերյալ:

Ինչպես տեղական, այնպես էլ միջազգային դիտորդների կողմից արձանագրվեցին անօրինական գործողությունների բազմաթիվ փաստեր: Ընտրական գործընթացը ստվերեցին այնպիսի խախտումներ, ինչպիսիք են ընտրակաշառքի համատարած բաժանումը, այդ թվում՝ բարեգործության անվան տակ, վարչական ռեսուրսների չարաշահումը, գործատուների (ինչպես պետական, այնպես էլ մասնավոր կառույցներում) ճնշումն իրենց աշխատակիցների նկատմամբ, ընտրություններում իրենց ցանկալի արդյունքներին հասնելու նպատակով վախի մթնոլորտի ահագնացումը երկրի մի շարք մարզերում, քաղաքական նպատակներով ուսումնական հաստատությունների, առողջապահական հիմնարկների օգտագործումը եւ քարոզարշավներին անչափահասների ներգրավումը:

Ողջ գործընթացի վրա էական ազդեցություն թողեցին ընտրացուցակների հետ կապված մեքենայությունները, այդ թվում՝ ծայրամասերի բնակիչների զանգվածային գրանցումները խոշոր քաղաքներում: Փաստորեն, ձախողվեց անձնագրերում նշում կատարելու վերաբերյալ օրենսդրական մեխանիզմը, որը նպատակ ուներ բացառել կրկնակի քվեարկությունը: Քվեարկությանը մասնակցածների ցուցակների հրապարակման մասին բազմաթիվ պահանջների մերժումը խորացրեց հասարակության  կասկածը՝ արտասահմանյան երկրներում  գտնվող (բնակվող) Հայաստանի քաղաքացիների քվեները կեղծելու վերաբերյալ:

Իրավապահ մարմինները, որպես կանոն, համարժեքորեն չարձագանքեցին ընտրախախտումների մասին հայտարարություններին։ Մեքենայությունների ապօրինի տեխնոլոգիաների լայն կիրառությունը եւ դրանց նկատմամբ պատշաճ հակազդեցության բացակայությունը լուրջ խոչընդոտ հանդիսացան ազատ կամարտահայտման համար՝ ընտրողների մի զգալի մասին դարձնելով զեղծարարության ակամա մասնակիցներ։

Չնայած այն բանին, որ հեռուստաընկերությունների կողմից նախընտրական գործընթացի լուսաբանումը նախորդ բոլոր ընտրությունների համեմատ զգալի առաջընթացի հասավ, ինչպես նաեւ կտրուկ նվազեցին բռնությունների եւ քվեաթերթիկների զանգվածային լցոնման դեպքերը, վերը հիշատակված խախտումները մեծապես վարկաբեկեցին ընտրական գործընթացը, կասկածի տակ դրեցին դրանց արդյունքում ձեւավորված իշխանության մարմնի լեգիտիմությունը, դարձան հայ հասարակության շրջանում քաղաքացիական հուսահատության տարածման պատճառ։

Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին` ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել ընտրազանգվածի հուսահատությանը եւ քաղաքացիների ազատ կամարտահայտման համար անհրաժեշտ նախադրյալների ապահովման խնդրին։ Նկատի ունենալով 2013թ. փետրվարին տեղի ունենալիք նախագահական ընտրությունները, անհրաժեշտ է անհապաղ ձեռնարկել համապատասխան միջոցներ` ընտրական գործընթացի օրենսդրական կարգավորման եւ վարչարարության ոլորտներում, նպատակ ունենալով՝

  1. երկրի քաղաքացիներին համար ապահովել գործող իշխանություններն ընտրությունների միջոցով փոխելու իրավունքի հնարավորություն, ինչը Հայաստանում չի կատարվել 1990 թվականից ի վեր,
  2. բացառել վարչական ռեսուրսների օգտագործումն ի նպաստ առանձին քաղաքական ուժերի` այդ երեւույթի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ուժեղացման միջոցով,
  3. թույլ չտալ ընտրողների կաշառում,  հայտնաբերել եւ պատժել առանձին անձանց, ինչպես նաեւ պատասխանատվության ենթարկել այն քաղաքական ուժերին, որոնք նման արգահատելի գործելակերպի են դիմում, այդ թվում նաեւ զուտ քաղաքական նպատակներով պայմանավորված «բարեգործական» ակցիաների միջոցով,
  4. վերացնել ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակների հրապարակման արգելքը,
  5. տարանջատել բիզնեսը եւ քաղաքականությունը, թույլ չտալ պետական իշխանության եւ տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոնավարումը համատեղել ձեռնարկատիրական գործունեության հետ,

Մենք կոչ ենք անում նաեւ Եվրամիության կառույցներին` լիարժեքորեն օգտագործել քաղաքացիական հասարակություն անկախ ինստիտուտների ներուժը` ընտրական արդար ընթացակարգերի ապահովման համար եւ Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին աջակցելու հարցում հանդես բերել հետեւողական եւ սկզբունքային մոտեցում։

Էշթոնը դատապարտել է սահմանային միջադեպերը

www.panorama.am

08.06.2012

Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը նախօրեին հանդես է եկել հայտարարությամբ,  որով մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանի, ինչպես նաեւ ԼՂ եւ Ադրբեջանի շփման գծի երկայնքով հունիսի 4-ին, 5-ին, 6-ին տեղի ունեցած զինված լուրջ միջադեպերի առթիվ, ցավակցել մարդկային զոհերի կապակցությամբ:

Էշթոնը կողմերին կոչ է արել հարգել հրադադարի ռեժիմն ու ցուցաբերել զսպվածություն՝ կանխելու լարված իրավիճակը, որը վերջին մի քանի ամիսների ընթացքում վատթարացել է:

Բարձր ներկայացուցիչը կոչ է արել Հայաստանին եւ Ադրբեջանին՝ առավել մեծ ջանքեր գործադրել՝ համաձայնության հասնելու Մադրիդյան սկզբունքների շուրջ, որոնք խաղաղության հասնելու հիմք են հանդիսանում:
Էշթոնը կողմերին նաեւ կոչ է արել ամբողջությամբ կատարել այն պարտավորությունները, որոնք դրվել են այդ երկրների ղեկավարների վրա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

Միաժամանակ Էշթոնը հայտնել է, որ ԵՄ-ն աջակցում է Մինսկի խմբի ու համանախագահների ջանքերը, որոնք ուղղված են՝ հասնելու խնդրի խաղաղ կարգավորմանը:

ԱլԳ ՔՀՖ 1-ին աշխատանքային խմբի Հայտարարությունը հայ-ադրբեջանական զինված ուժերի կողմից սահմանի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերի առնչությամբ

Մենք՝ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի 1-ին աշխատանքային խմբի անդամներս, մեր մտահոգությունն ենք հայտնում հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծում հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումների առնչությամբ, ինչի հետեւանքով երկու կողմերն էլ կորուստներ են կրել:

Մենք դատապարտում ենք այն գործողությունները, որոնք վտանգում են տարածաշրջանի կայունությունը եւ խոչընդոտ հանդիսանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար:

Մենք կոչ ենք անում հակամարտության կողմեր հանդիսացող երկրների իշխանություններին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել կրակի դադարեցման եւ հրադադարի պահպանման Համաձայնագրով ամրագրված պարտավորությունների կատարման համար:

 

«Արեւելյան գործընկերության երկրների եվրոպական ինտեգրման ինդեքս-2012» հետազոտության շնորհանդես

 http://www.hhpress.am

09-06-2012

Հայաստանը եվրաինտեգրման տեմպերով բավականին բարձր դիրքերում է։ Այդ են ցույց տալիս տարբեր երկրների բարձրակարգ մասնագետների ուսումնասիրության արդյունքները, որոնք տեղ են գտել «Արեւելյան գործընկերության երկրների եվրոպական ինտեգրման ինդեքս—2012» հետազոտության մեջ։ Բացի Հայաստանի ցուցանիշներից, այստեղ ընդգրկված են նաեւ Արեւելյան գործընկերության մյուս հինգ անդամ երկրներում (Վրաստան, Ադրբեջան, Ուկրաինա, Մոլդովա, Բելառուս) անցկացված հետազոտութունների արդյունքները։

«Աշխատանքի պատասխանատվությունը Հայաստանում ստանձնել էր Երեւանի մամուլի ակումբը՝ ներգրավելով նաեւ այլ հասարակական կազմակերպությունների, որոնք օժանդակել են մեր աշխատանքներին»,– ասաց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։ «Հետազոտական աշխատանքը շատ ծավալուն է եղել, իսկ զեկույցը շատ օգտակար կլինի ԵՄի համար, քանի որ երկրներն ուսումնասիրվել են ոչ թե մեկ, այլ բազմաթիվ չափորոշիչներով»։

«Այս աշխատանքը նպատակ ունի ուսումնասիրելու, թե ԵՄ արեւելյան հարեւանները որքանով են համապատասխանում եվրաինտեգրմանը։ Հիմնական չափորոշիչներից են կայուն ժողովրդավարությունը եւ անվտանգ ժողովրդավարական կառավարումը»,- ասաց «Վերածնունդ» միջազգային հիմնադրամի եվրոպական ծրագրերի տնօրեն Իրինա Սոլոնենկոն։

Ըստ հետազոտության արդյունքների՝ նախորդ մոնիտորինգի համեմատությամբ ամենից բարձր առաջընթացն ունեցել են Մոլդովան եւ Հայաստանը։ Հայաստանն աշխարհագրորեն հեռու է ԵՄ-ից, սակայն կան բազմաթիվ ոլորտներ, որտեղ մեր երկիրը լավագույն ցուցանիշներն ունի։ Թեպետ վերջնական արդյունքներով Հայաստանը դեռեւս 4-րդ տեղում է, սակայն, ըստ Իրինա Սոլոնենկոյի, եթե եղած տեմպերը պահպանվեն, Հայաստանը մեծ առաջընթաց կունենա։ Իրենց ցուցանիշներով Հայաստանից առաջ են Մոլդովան, Վրաստանը, Ուկրաինան։

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը, ով ներկա էր շնորհանդեսին, խոսեց Արեւելյան գործընկերության մասին՝ նշելով, որ այն արդեն ճանաչված եւ գործող միավոր է։ «ԵՄի հետ աշխատում ենք երկու հարթակներում՝ երկկողմ եւ բազմակողմ. վերջինը՝ Արեւելյան գործընկերության ձեւաչափով։ Այս երկուսի սինթեզը ԵՄի հետ նպատակաուղղված աշխատանք տանելու հնարավորություն է։ Եվրոպական արժեքների եւ չափանիշների ներդրմամբ կարող ենք իրականացնել համապատասխան բարեփոխումներ եւ զարգացում»,- ասաց Զ. Մնացականյանը եւ ավելացրեց, որ պետք է հետեւել համընդհանուր եվրոպական մոդելին, քանի որ թեպետ Եվրոպայում բազմաթիվ երկրներ կան, բայց մոդելը նույնն է։

Անդրադառնալով զեկույցի՝ Հայաստանին վերաբերող մասին՝ փոխնախարարն ասաց, որ ՀՀ-ի կողմից կատարած աշխատանքների նկարագիրը, գնահատականները մեզ համար ոգեւորիչ են այնքանով, որ ճանաչվում է կատարված աշխատանքն իր առավելություններով եւ թերություններով։ «Քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը մեզ համար մեծ նշանակություն ունի, դա օգնում է իրապես վստահ լինել, որ կա գործընթացի համընդհանուր պատկերացում եւ որակյալ գնահատական»,– նշեց Զ. Մնացականյանը։ Իսկ կատարած աշխատանքն այսուհետեւ մեզ հնարավորություն է տալու ավելի խորացնել իրականացվող ծրագրերը եւ ներգրավվել այլ նոր ծրագրերում։

«ԱլԳ ՔՀ Ֆորումի դերը արդարադատության ոլորտի բարեփոխումների եւ ժողովրդավարական գործընթացների մոնիտորինգի իրականացման գործում» թեմայով սեմինար Աղվերանում

Հունիսի 8-10 Երեւանի մամուլի ակումբը Ֆրիդրիխ Էրբերտ հիմնադրամի աջակցությամբ Աղվերանում անցկացրեց «Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի դերը արդարադատության ոլորտի բարեփոխումների եւ ժողովրդավարական գործընթացների մոնիտորինգի իրականացման գործում» թեմայով սեմինար:

Սեմինարի մասնակիցներին եւ հյուրերին ողջունեց Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Սեմինարին որպես բանախոսներ մասնակցում էին Իրինա Սոլոնենկոն, ով «Վերածնունդ» միջազգային հիմնադրամի եվրոպական ծրագրերի տնօրենն  է եւ ԱլԳ երկրների եվրաինտեգրման ինդեքս ուսումնասիրությունը համակարգողը, եւ Վրաստանից Նազի Ջանեզաշվիլին՝ «Սահմանադրության Հոդված 42»  կազմակերպության  գործադիր տնօրենը:

Իրինա Սոլոնենկոն ներկայացրեց  բարեփոխումների գործընթացի մոնիտորինգի փորձը  Արեւելյան գործընկերության համատեքստում եւ մասնավորապես՝ եվրաինտեգրման ինդեքսի ուսումնասիրության տվյալները, որոնցով, ի դեպ, Հայաստանը ԱլԳ երկրների եվրաինտեգրման մակարդակով՝ երրորդ տեղում է:

Նազի Ջանեզաշվիլին ներկայացրեց  Վրաստանի Քաղաքացիական հասարակության մասնակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականցման գործում: Նա առաջարկեց ընդլայնել ԱլԳ երկրների քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համագործակցությունը: Օրինակ, նա առաջարկեց Հարավային Կովկասում ձեւավորել ինստիտուտ, որը կմշակի ընդհանուր “amicus curiae”-ներ՝ «դատարանի բարեկամի եզրակացություններ», կոնկրետ գործերի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարան  ներկայացնելու համար:

Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Հերիքնազ Հարությունյանը ներկայացրեց ժողովրդավարական բարեփոխումների մոնիտորինգի վերաբերյալ ԱլԳ ՔՀՖ առաջարկությունների իրականացման ընթացքը Հայաստանում:

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը հանդես եկավ ժողովրդավարական բարեփոխումների մոնիտորինգի ոլորտում ԱլԳ ՔՀՖ կապերի ամրապնդման հնարավորությունների մասին զեկույցով: Նշվեց, որ Քաղաքացիական հասարակությունը բավականին ակտիվ է ոչ միայն ֆորումում, այլ նաեւ տարբեր միջազգային հարթակներում, որտեղ ներկայացնում են  Հայաստանը: Նաեւ քննարկվեց, թե որքանով են ակտիվ ՀԿ-ները մարզերում: Պարոն Նավասարդյանն անդրադարձավ նաեւ հունիսի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած ՔՀՖ 1-ին աշխատանքային խմբի հանդիպմանը, որտեղ քննարկվել է նաեւ Արեւելյան գործընկերության բոլոր վեց երկրներում ընտրությունների մոնիտորինգի միասնական խումբ ձեւավորելու հարցը:

Սեմինարի երրորդ հատվածը նվիրված էր արդարադատության ոլորտի բարեփոխումներին: Զեկույցներով հանդես եկան Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը եւ Հայաստանի  հելսինկյան կոմիտեի նախագահ  Ավետիք Իշխանյանը:

Պարոն Սաքունցը ներկայացրեց արդարադատության ոլորտի բարեփոխումները Հայաստանում եւ քաղաքացիական հասարակության դերը դրանց իրականացման գործում: «Ես պետք է ձեզ առաջարկեմ, որ շատ ուշադիր նայեք ՀՀ արդարադատության նախարարությաւն կայքէջում տեղադրված 2012-2016թթ. իրավական եւ դատական բարեփոխումների նախագիծը: Կարծում եմ, որ ՔՀԿ-ները պետք է շատ ակտիվ լինեն եւ իրենց առաջարկներն անեն Հայաստանում անկախ դատական իշխանություն ձեւավորելու ուղղությամբ»,- ասաց պարոն Սաքունցը:

Ավետիք Իշխանյանի զեկույցի թեման էր արդարադատության ոլորտում ԱլԳ ՔՀՖ- Հայաստան քաղաքացիական հասարակության կազմակերպություններ կապերի ամրապնդման հնարավորությունները:

Հարցազրույց Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի հետ

– Պարոն Իշխանյան, Արևելյան գործընկերության Քաղաքացիական  հասարակության ֆորումն ի՞նչ առաջընթաց է արձանագրել մարդու իրավունքների խնդրի առնչությամբ:

Չեմ կարող ասել, որ առաջընթաց է արձանագրել: Կարելի է ասել, որ առաջարկություններ է ներկայացրել բարեփոխումների հետ կապված՝ մարդու իրավունքների շատ բնագավառներում, այդ թվում` խոսքի ազատության բնագավառում, դատաիրավական ոլորտում և մարդու իրավունքների հետ առնչվող տարբեր հարցերում: Բայց էական առաջընթաց նկատելի չէ:

– Ինչպե՞ս կգնահատեք հայաստանյան վերջին խորհրդարանական ընտրությունները մարդու ընտրական իրավունքի տեսանկյունից:

Միանգամից ասեմ՝ բացասական: Կարող եմ փաստել, իմ անձնական կարծիքն է, Հայաստանում ընտրական մեխանիզմը չի գործում և, ըստ էության, և՛ ընտրվելու, և՛ ընտրելու իրավունքը չի իրականացվում: Հայաստանում իրավիճակ է ստեղծվել, որ իշխող քաղաքական ուժը որպես պետություն և մոտավորապես Լյուդովիկոս 14-րդի ձևակերպմամբ «պետությունը ես եմ» կարգախոսով ընտրություններին մասնակցում է ոչ թե որպես առանձին քաղաքական ուժ, այլ՝ որպես պետություն: Եվ այդպիսի դեպքերում ընդդիմությունը ինչքան էլ որ ունենա գաղափարախոսություն ու կողմնակիցներ, այդ պայմանններում դատապարտված է, քանի որ պետական լծակների դեմ ընդդիմությունը չի կարող ազդել իր ռեսուրսներով: Հիմնականում սա է: Իսկ թե ինչպես է դա իրականացվում, դրա մասին շատ է խոսվել. բռնի մեթոդներից սկսած` կամաց- կամաց կատարելագործելով: Միչև այն, որ միչև քվեարկությունն ամեն ինչ պարզ է լինում` վարչական ռեսուրսների, ֆինանսական ռեսուրսների կիրառմամբ: Իսկ քանի որ Հայաստանում իշխանության տարանջատում որպես այդպիսին չկա, ընտրությունների արդյունքները որևէ ձևով բողոքարկելն անարդյունավետ է:

Զրույցը վարեց Լիլիթ Թամամյանը

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.