Թողարկում 105

Քաղաքացիական հասարակության ֆորումի

Հայաստանի ազգային պլատֆորմի

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանում ծավալվող այլատյացության եւ անհանդուրժողականության վերաբերյալ

1 հունիսի, 2012թ.

 

ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմն իր խորը մտահոգությունն է հայտնում ս.թ. մայիսի 8-ին Երեւանում DIY ակումբի պայթեցման, ապաեւ դրան հետեւած որոշ արձագանքների կապակցությամբ: Խստորեն դատապարտում ենք այլատյացության, մասնավորապես` հոմոֆոբիայի ցանկացած դրսեւորում եւ բոլոր նրանց, ովքեր ուղղակի կամ անուղղակի խրախուսում են անհանդուրժողականության սերմանումը Հայաստանում:

Անընդունելի ենք համարում մայիսի 21-ին «Բազմազանության շքերթի» մասնակիցների վրա հարձակումը Երեւանի կենտրոնում եւ ընդհանրապես բռնությամբ որեւէ դիրքորոշում արտահայտելու փորձերը: Անհրաժեշտ ենք համարում իրավապահ մարմինների վճռական արձագանքը  բռնության կոնկրետ դրսեւորումների նկատմամբ: Մինչդեռ ոստիկանությունը անտեսում է անթաքույց այլատյացություն քարոզող անձանց կողմից DIY ակումբի սեփականատեր Արմինե (Ծոմակ) Օգանեզովայի  հանդեպ իրականացվող հետապնդումների մասին  ահազանգերը:

Առավել մտահոգիչ է, որ անհանդուրժողականություն եւ այլատյացություն քարոզողների շարքում հայտնվել են որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, այդ թվում` իշխանության մաս կազմող եւ խորհրդարանում ներկայացված: Մասնավորապես, անընդունելի են նշված միջադեպերի առնչությամբ ՀՀԿ  մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի, ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանի, ՀՅԴ ԱԺ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի արած հայտարարությունները:

Հայաստանում անհանդուրժողականության տարածման այս գործընթացը, որը խրախուսվում է նաեւ քաղաքական վերնախավի որոշ ներկայացուցիչների կողմից եւ ուղեկցվում է բռնության դրսեւորումներով, ծանր հետեւանքներ կարող է  ունենալ հայ հասարակության ու պետության համար: Այլատյացությունն ազգային արժեքների հետ կապելու, ավելին` դրանցով հիմնավորելու բոլոր փորձերը, ազգային շահը մարդու իրավունքներին հակադրելը կհանգեցնեն երկրում նորանոր բաժանարար գծերի առաջացմանը: Մենք գտնում ենք, որ ազատությո՛ւնն ու արդարությո՛ւնն են իրական ազգային արժեքները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների նկատմամբ հարգանքն ու նրանց պաշտպանվածությունն է  իրական ազգային շահը: Կոչ ենք անում հասարակության առողջ ուժերին՝ համախմբվել եւ իրենց ձայնը բարձրացնել ընդդեմ այլատյացության ծավալման  վտանգավոր միտումների:

 

ԵՄ – Հայաստան առեւտրի, տնտեսական եւ համապատասխան իրավական հարցերով համագործակցության ենթակոմիտեի նիստը տեղի ունեցավ Երեւանում

Եվրոպական միության պատվիրակություն Հայաստանում

Երեւան, 30 մայիսի, 2012թ.

 

Երեւանում մայիսի 30-ին տեղի ունեցավ ԵՄ-ՀՀ առեւտրի, տնտեսական եւ համապատասխան իրավական հարցերով համագործակցության ենթակոմիտեի նիստը: Հանդիպումն ընթանում էր ԵՄ-ՀՀ Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի (ԳՀՀ) շրջանակներում: Նիստի նպատակն էր քննարկել Հայաստանում եւ ԵՄ տարածքում տեղի ունեցող զարգացումներն ու ռազմավարությունը, առեւտրի եւ տնտեսական ոլորտի երկկողմ հարաբերություններն ու մտքեր փոխանակել ԵՄ-ՀՀ ԵՀՔ գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը ողջունեց ԵՄ կողմին` Եվրոպական հանձնաժողովի Առեւտրի գլխավոր տնօրինության բաժնի ղեկավար Լյուկ Դեվինի գլխավորությամբ: Քննարկման ընթացքում կողմերն իրենց գանահատումն արտահայտեցին մի շարք ոլորտներում վերջերս տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, այդ թվում` առեւտրի, հարկային, մաքսային, ներդրումային դաշտի, մտավոր սեփականության իրավունքների, պետական գնումների եւ ընդհանուր մակրոտնտեսական զարգացումների վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում ԵՄ կողմը ողջունեց մինչ այժմ գրանցված առաջընթացն ու խրախուսեց Հայաստանին՝ ավելի ակտիվացնել բարեփոխումներին ուղղված իրենց ջանքերը:  Ընդգծվեց նաեւ պատշաճ իրականացման անհրաժեշտությունը՝ Եվրոպացի եւ հայ գործարարներին ու սպառողներին  հնարավորություն տալով լիարժեք օգտվել բարեփոխումային գործընթացի արդյունքներից:

Լրացուցիչ տեղեկություններ

Առեւտրի, տնտեսական եւ համապատասխան իրավական հարցերով համագործակցության ենթակոմիտեն չորս նմանատիպ ֆորումներից մեկն է, որը տեղի է ունենում տարեկան մեկ անգամ եւ ընդգրկում է ԳՀՀ հարցերի լայն շրջանակ: Ենթակոմիտեների հանդիպումներին զուգահեռ` ընթանում են ԵՄ-ՀՀ ապագա Ասոցացման համաձայնագրի եւ դրա անբաժանելի մաս հանդիսացող Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցությունները: Ասոցացման համաձայնագիրը փոխարինելու է գործող ԳՀՀ-ին` ստեղծելով ԵՄ-Հայաստան կառուցողական հարաբերությունների նոր հիմք:


ԵՄՀայաստան «Մարդկանց միջեւ շփումների» ենթակոմիտեի նիստը տեղի ունեցավ Երեւանում

Երեւան, 1 հունիսի, 2012թ.

2012թ. հունիսի 1-ին Երեւանում տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ մարդկանց միջեւ շփումների` «զբաղվածության եւ սոցիալական հարցերի, առողջապահության, վերապատրաստման, կրթության եւ երիտասարդության, մշակույթի, տեղեկատվական հասարակության եւ աուդիովիզուալ քաղաքականության, գիտության եւ տեխնոլոգիաների հարցերով» համագործակցության ենթակոմիտեի անդրանիկ նիստը: Հայկական կողմից նիստը վարում էր ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, իսկ ԵՄ կողմից` խմբի ղեկավար, Հարավային Կովկասի երկրների հետ ասոցացման համաձայնագրի բանակցությունների համակարգող Չեզարե դե Մոնտիսը: Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը:

Նիստին մասնակցում էին ՀՀ կրթության եւ գիտության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, մշակույթի, երիտասարդության, առողջապահության, էկոնոմիկայի նախարարությունների եւ մի շարք այլ մարմինների պատասխանատուներ, որոնք ներկայացրեցին Հայաստանում տեղ գտած վերջին զարգացումները, բարեփոխումների ընթացքը եւ հայկական կողմի սպասելիքները:

Եվրոպական հանձնաժողովի պաշտոնյաներն  իրենց հերթին  ներկայացրեցին ԵՄ քաղաքականության, երկկողմ եւ բազմակողմ ծրագրերի շրջանակներում համագործակցության նոր հնարավորությունները  եւ գործիքները: Անդրադարձ կատարվեց Տեմպուս, Էրազմուս Մունդուս, Ժան Մոնե գիտակրթական ծրագրերին, նորարարությունների, տեղեկատվական հասարակության, սոցիալական քաղաքականության, առողջապահության եւ մի շարք այլ բնագավառներում համագործակցությանը:

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.