Թողարկում 104

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի պատվիրակների նիստը Գյումրիում

2012թ. մայիսի 26-ին Գյումրիում տեղի ունեցավ Արեւելյան գործընկերության (ԱլԳ)  Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի պատվիրակների բաց նիստը, որին մասնակցում էին ԱլԳ ՔՀՖ Հայաստանի 32 պատվիրակներից 26-ը, ինչպես նաեւ հայաստանյան մի շարք այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ հյուրեր՝  ԱլԳ ՔՀՖ ղեկավար կոմիտեի անդամ Քշիշտոֆ Բոբինսկին եւ Ալգ ՔՀՖ առաջին աշխատանքային խմբի համակարգող Օլգա Ստուժինսկայան: Նիստը նախագահում էր ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող Սեյրան Մարտիրոսյանը:

Օրակարգի հարցերն էին.

  • ՀՀ Ազգային ժողովի ընտրությունները քաղաքացիական հասարակության տեսանկյունից
  • ՔՀՖ Հայաստանի ազգային  պլատֆորմի (ՀԱՊ) աշխատանքային խմբերի գործունեությունը եւ զարգացումները Պոզնանի համաժողովից հետո ընկած ժամանակահատվածում եւ խմբերի ղեկավարների հաղորդումները
  • ՀԱՊ անդամ դառնալու վերաբերյալ ՔՀԿ-ներից ստացված դիմումների քննարկում
  • Կազմակերպչական այլ հարցեր:

Նիստի մասնակիցներն ակտիվորեն քննարկեցին ՀՀ ազգային ժողովի ընտրություններում ՔՀԿ-ների կողմից իրականացված դիտորդական գործունեությունը, նշեցին հիմնական այն թերությունները, որոնց անհրաժեշտ կլինի ուշադրություն դարձնել գալիք տարվա նախագահական ընտրություններին:

ՔՀՖ պատվիրակների նիստը որոշեց համակարգել  ներկայացված բոլոր առաջարկություններն ու դիտարկումները եւ ՀՀ ԱԺ ընտրությունների վերաբերյալ հանդես գալ հրապարակային հայտարարությումբ:

ՀԱՊ աշխատանքային խմբերի եւ ենթախմբերի գործունեության վերաբերյալ հակիրճ հաղորդումներով հանդես եկան աշխատանքային խմբերի համակարգողները եւ մի շարք ՔՀԿ-ների ներկայացուցիչներ:

ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող Սեյրան Մարտիրոսյանը նիստի վերջում ներկայացրեց երեք կազմակերպությունների՝ «Հայ Ձմեռ պապ» լրագրողական բարեգործական հիմնադրամի, «Վորլդ Վիժն Հայաստան» ՀԿ-ի եւ Արագածոտնի մամուլի ակումբի՝ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմին անդամակցելու ցանկության մասին: Համաձայն ՔՀՖ ՀԱՊ Կազմակերպական սկզբունքների՝ վերոհիշյալ կազմակերպությունները դարձան ՀԱՊ անդամ:

«ԱլԳ Քաղաքացիական հասարակության դերը վիզաների ազատականացման եւ մեդիայի ոլորտներում բարեփոխումների իրականացման մեջ» թեմայով սեմինար Գյումրիում

Երեւանի մամուլի ակումբը Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ հայաստանյան  ՀԿ-ների համար 2012թ. մայիսի 26-27-ին Գյումրիում կազմակերպել էր «ԱլԳ Քաղաքացիական հասարակության դերը վիզաների ազատականացման եւ մեդիայի ոլորտներում բարեփոխումների իրականացման մեջ» թեմայով սեմինար:

Սեմինարին որպես բանախոսներ մասնակցում էին նաեւ ԱլԳ ՔՀՖ ղեկավար կոմիտեի անդամ Քշիշտոֆ Բոբինսկին եւ ԱլԳ ՔՀՖ առաջին աշխատանքային խմբի համակարգող Օլգա Ստուժինսկայան: Վերջինս ներկայացրեց Քաղաքացիական հասարակության ֆորումի՝ վիզաների ազատականացման գծով առաջարկությունների ընթացքը ԱլԳ բոլոր վեց երկրներում: Նա մասնավորապես նշեց, որ Եվրամիությունն այսօր շատ ավելի պատրաստակամ է իր արեւելյան հարեւանների համար վիզային ռեժիմի դյուրինացաման հարցում եւ որպես վերջնական նպատակ՝ տեսնում է առանց վիզայի, ազատ տեղաշարժի հնարավորության ամրագրումը: «Մենք ուրախությամբ կարող ենք փաստել, որ  2010թ. Ֆորումի կողմից ներկայացված բոլոր առաջարկությունները ԱլԳ բոլոր երկրների կառավարությունների կողմից, բացառությամբ Բելառուսի, ամբողջովին իրականացվել են»,- նշեց տիկին Ստուժինսկայան: Բանախոսն ընդգծեց ՔՀԿ-ների ակտիվ դերակատարության անհրաժեշտությունը վիզային ռեժիմի ազատակացման գործընթացի էությունը հասարակությանը  ճիշտ ներկայացնելու հարցում:

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը ներկայացրեց  ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի կարեւորագույն բաղադրիչներից մեկի՝ վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը եւ գործընթացի հեռանկարները: Քննարկման մասնակիցները խոսեցին նույնականացման քարտերի, նոր անձնագրերի ներդրմանն առնչվող խնդիրների, հատկապես՝ անձնական տվյալների բազայի գաղտնիության պահպանման երաշխիքների մասին:

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող Սեյրան Մարտիրոսյանի զեկուցումը նվիրված էր վիզաների ազատականացման ոլորտում Ֆորումի եւ հայաստանյան ՔՀԿ-ների կապերի ամրապնդման հնարավորություններին:

Սեմինարի երկրորդ հատվածը նվիրված էր մեդիա ոլորտի բարեփոխումների գծով ՔՀՖ առաջարկությունների իրականացման ընթացքին, որը ներկայացրեց ԱլԳ ՔՀ Ֆորումի ղեկավար կոմիտեի անդամ Քշիշտոֆ Բոբինսկին: Նա ցավով նշեց, որ մամուլի ազատության լուրջ հիմնախնդիրներ կան ոչ միայն Արեւելյան գործընկերության երկրներում, այլ նաեւ հենց Եվրամիության անդամ երկրներում՝ Անգլիայում, Լեհաստանում, Իտալիայում եւ այլուր: Պարոն Բոբինսկին համոզմունք հայտնեց, որ եթե աշխատանքների բոլոր ուղղություններով  Ֆորումի գործունեությունը չսահմանափակվեր միայն Ֆորումի պատվիրակ ՀԿ-ների մասնակցությամբ, այլ ընդգրկեր հասարակական դաշտի ավելի լայն սպեկտր, հաջողության երաշխիքներն ավելի մեծ կարող էին լինել:

ԵՄԱ շաբաթական տեղեկագրի խմբագիր Էլինա Պողոսբեկյանը ներկայացրեց ԱլԳ երկրների լրագրողական կազմակերպությունների համագործակցության արդյունքում ստեղծված մի բացառիկ հրատարակություն՝ «ԱլԳ երկրների մեդիա դաշտերը» գիրքը, որտեղ ներկայացված է ԱլԳ վեց երկրներում՝ Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Մոլդովայում, Բելառուսում եւ Ուկրաինայում մեդիա ոլորտի զարգացումները: Տիկին Պողոսբեկյանը ներկայացրեց նաեւ հայաստանյան մեդիա դաշտը, անդրադառնալով օրենսդրական բարեփոխումներին ընթացքին, ԶԼՄ-ների հետ կապված դատական գործերին, ԶԼՄ- ների ինքնակարգավորման նախաձեռնությանը եւ էթիկայի դիտորդ մարմնի գործունեությանը:

Մամուլի ազատության հայաստանյան խնդիրները քննարկվեցին  2012թ. մայիսին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրությունների լուսաբանման մոնիտորինգների  օրինակով: Մասնավորապես, Էլինա Պողոսբեկյանը ներկայացրեց Երեւանի մամուլի ակումբի կողմից Հայաստանի հեռարձակող ԶԼՄ-ների, Սուրեն Դեհերյանը՝ «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի կողմից՝ առցանց պարբերականների, Աննա Ալոյանը՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի կողմից՝ նախընտրական քարոզչության շրջանում տեղի ունեցած մամուլի ասուլիսների, Արմեն Մինասյանը՝ Հասարակայնության հետ կապերի հայկական ասոցիացիայի կողմից՝ հայաստանյան տպագիր  պարբերականների մշտադիտարկումների արդյունքները: Բոլոր բանախոսները վերոհիշյալ մշտադիտարկումների արդյունքները որակեցին որպես աննախադեպ առաջընթաց:

Սեմինարն ամփոփեց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի զեկուցումը: «ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի ձեւաչափը ենթադրում է գործընկերության երկրների եւ ԵՄ-ից ընտրված ՔՀԿ-ների ներկայացուցիչների՝ տարեկան ընդամենը 2 հանդիպման հնարավորություն: Այս պարագայում ազգային պլատֆորմների, աշխատանքային խմբերի դերն անհամեմատ ավելի է կարեւորվում՝ Ֆորումին էներգիա մատակարարելու հարցում: Մենք պետք է  կարողանանք համակարգել ռեսուրսների հայթայթման, բաշխման եւ դրանք գործընկերության գաղափարների իրագործմանն ուղղելու գործը»,- նշեց Բորիս Նավասարդյանը:

«Ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքը. Եվրահանձնաժողովի զեկուցումն անցյալ  տարվա ընթացքում ԵՄ Եվրոպական հարեւանության քաղաքականության (ԵՀՔ)  իրականացման մասին

22.05.2012

Ինչպես հայտարարել է ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն՝ Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովում իր ելույթում, Եվրոպական միության «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքն (որքան շատ բարեփոխում, այնքան ավելի շատ օգնություն) արտահայտվել է քաղաքականության եւ գործունեության հիմնական ոլորտներում առավել մեծ ֆինանսավորմամբ՝ այն գործընկեր երկրներին, որոնք քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների հարցում հասել են առավել մեծ հաջողությունների: Ընդսմին, ԵՄ-ն դադարեցրել է համագործակցությունն այն երկրների հետ, որոնք չեն ընթանում ժողովրդավարական ուղիով:

Եվրահանձնաժողովի առջեւ իր ելույթում Ֆյուլեն ներկայացրել է ԵՀՔ փաստաթղթերի նոր փաթեթը, բարեփոխված ԵՀՔ-ի ընդունումից մեկ տարի անց: Նիստին ներկա է եղել նաեւ Եվրամիության խորհրդի գլխավոր քարտուղար Թուրբյորն Յագլանդը:

Եվրահանձնաժողովի անդամը թվարկել է ԵՀՔ հիմնական նպատակները.

  • Առավել մեծ օժանդակություն տրամադրել այն գործընկեր երկրներին, որոնք որդեգրել են խորը եւ կայուն ժողովրդավարության ուղին,
  • Տրամադրել առավել արդյունավետ օգնություն, այդ թվում՝ տնտեսական զարգացման համար,
  • Ամրապնդել ԵՀՔ տարածաշրջանային երկու ասպեկտ, մասնավորապես՝ Արեւելյան գործընկերությունը եւ Միջերկրածովյան համագործակցությունը:

Ֆյուլեն ընդգծել է անցյալ տարվա ընթացքում ԵՄ ներդրումը կայուն ժողովրդավարության զարգացման գործում: «Ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանն աջակցելիս մենք օգնել ենք հարավային գործընկեր երկրներին՝ տարբեր քաղաքական կուսակցությունների մասնակցությամբ ընտրությունները ժողովրդավարական չափանիշներով անցկացնելու համար»: Նա հատկապես շեշտել է հետեւյալը.

  • ԵՄ-ն անկախ դիտորդական առաքելություններ է ստեղծել Թունիսում եւ Ալժիրում ընտրությունները դիտարկելու համար, ինչպես նաեւ ընտրական գործընթացների մասնագետներ է ուղարկել Մարոկկո:
  • ԵՄ-ն տեխնիկական աջակցություն է տրամադրել Եգիպտոսին:
  • Լիբիան Եվրամիությանը հրավիրել է դիտարկելու Հիմնադիր ասամբլեայի գալիք ընտրությունները, իսկ Քեթրին Էշթոնը վերջերս որոշել է ընտրությունների գնահատման խմբի՝ EAT-ի ներկայացուցիչներին ուղարկել լիբիական բոլոր գլխավոր քաղաքներ:

Ֆյուլեն հայտարարել է, որ Եվրամիությունը  ժողովրդավարական բարեփոխումներին աջակցելու համար է ընդունել «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքը: «Չնայած Եվրամիությունում այժմ տիրող տնտեսական ճգնաժամին, մենք ավելացնում ենք մեր հարեւաններին տրամադրվող ֆինանսավորումը»:

  • Նախատեսվում է մինչեւ մեկ միլիարդ եվրոյի հասնող հավելյալ ֆինանսական աժանդակություն տրամադրել գործընկեր երկրներին:
  • Մենք մեծացնում ենք Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) միջոցով տրամադրվող վարկավորումը՝ այն հասցնելով մինչեւ 1,15 միլիարդ եվրոյի:
  • Մեզ հաջողվել է նաեւ հարավային գործընկեր երկրներին օժանդակելու հարցում ընդլայնել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) լիազորությունները:  Միջերկրածովյան տարածաշրջանում ՎԶԵԲ-ի գործունեության սկիզբն արագացնելու համար Եվրոպական հանձնաժողովը 20 միլիոն եվրո է հատկացրել մասնավոր սեկտորի զարգացման աջակցելու նպատակով:

Նրա խոսքով, առեւտրի ոլորտում Եվրահանձնաժողովը Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ բանակցություններ է սկսել Մոլդովայի Հանրապետության եւ Վրաստանի հետ, ծրագրված է նման բանակցություններ սկսել նաեւ Հայաստանի հետ: Եվրախորհուրդը ղեկավար հրահանգներ է ընդունել Եգիպտոսի, Հորդանանի, Մարոկկոյի եւ Թունիսի հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցությունների վերաբերյալ:

Շարժունակության ոլորտում Եվրահանձնաժողովի անդամը նշել է վերջերս ստեղծված՝ շարժունակության հարցերով գործընկերությունը եւ առաջիկայում Մարոկկոյի եւ Թունիսի հետ շարժունակության գործընկերություն ստեղծելու ծրագրեր մասին: Բացի այդ, նա ընդգծել է մի շարք ոլորտներում, այդ թվում գյուղատնտեսության եւ գյուղական շրջանների զարգացման ոլորտներում տեխնիկական համագործակցության ընդլայնման ուղղությամբ ԵՄ հաջողությունները, ինչպես նաեւ հարեւան երկրների ընդգրկումը Եվրամիության ծրագրերում եւ կազմակերպություններում: Նման օժանդակություն ստացած վերջին գործընկեր երկիրը եղել է Մարոկկոն:

«Եվ ընդհակառակը, մենք դադարեցրել ենք համագործակցությունը այն գործընկեր երկրների հետ, որոնք չեն ընթանում ժողովրդավարական ճանապարհով»,- հայտարարել է Ֆյուլեն՝ հղում անելով Սիրիայի ու Բելառուսի նկատմամբ կիրառված պատժամիջոցներին: «Ինչ վերաբերում է Ուկրաինային, համընդհանուր արժեքների եւ օրենքի գերակայության հարգումը վճռական դեր կունենա Եվրամիության հետ քաղաքական դաշինքի ստեղծումը եւ տնտեսական ինտեգրումն արագացնելու հարցում»:

Սակայն նա ընդգծել է նաեւ, որ ոչ ժողովրդավար կառավարությունների հետ համագործակցության նվազեցումը չպետք է հանգեցնի քաղաքացիական հասարակությանն ուղղված աջակցության եւ ՀԿ-ների հետ գործընկերության պակասեցմանը: «Հենց այդ նպատակով ենք մենք մեր հարեւանների համար ստեղծել Քաղաքացիական հասարակության հատուկ հիմնադրամ՝ 2011թ.-ի համար  սկզբնական 26 միլիոն եվրո բյուջեով եւ նախատեսում ենք համանման գումարներ տրամադրել նաեւ հետագա տարիներին»:

Բացի դրանից, նա նշել է Ժողովրդավարության աջակցության եվրոպական հիմնադրամ ստեղծելու պլանների մասին, նախեւառաջ ԵՄ հարեւան երկրների զարգացմանը, ինչպես նաեւ կրթությանը եւ կրթաթոշակներին տրվող ֆինանսավորման մեծացման համար: Ընդսմին, քաղաքացիական հասարակությանն ուղղված ԵՄ ծրագրերը եւ նախաձեռնությունները «հատուկ ուշադրություն են դարձնում կանանց ներգրավվածությանը քաղաքական եւ հասարակական կյանքում»:

Եվրահանձնաժողովի անդամը Եվրախորհրդարանին հայտարարել է, որ նոր մոտեցմանը բնորոշ հիմնական գիծը փոխադարձ պատասխանատվության բարձրացումն է: Այդ առումով, ԵՀՔ իրականացման վերաբերյալ զեկույցի մեջ առաջին անգամ ներառվել են առաջարկություններ գործընկեր յուրաքանչյուր առանձին երկրի համար: Այդ առաջարկությունները, մասնավորապես, գործընկեր երկրներին կոչ են անում աջակցել խոսքի, միավորումների եւ հավաքների ազատությանը, ինչպես նաեւ կանանց իրավունքների եւ սեռական հավասարության պաշտպանությանը: Նրանք կոչ են անում նաեւ ստեղծել արդյունավետ եւ անկախ դատական համակարգ, անդրդվելիորեն պայքարել կոռուպցիայի դեմ եւ բարեփոխումներ իրականացնել անվտանգության ոլորտում:

«Սույն առաջարկությունները եվրոպական պաշտոնյաների պարտադրանքը չեն գործընկեր երկրներին, այլ հստակ ցուցումներ, թե ինչն ենք մենք համարում նվաճում, եւ մեզ համար ինչն է ցանկալի՝ մեր համագործակցության զարգացման մեջ»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի անդամ Շտեֆան Ֆյուլեն: (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Հանձնակատար Ֆյուլեի ելույթը

ԵՄ պատվիրակության հայտարարությունը Հայաստանում անհանդուրժողականության վերջին դրսեւորումների մասին

Aravot.am

25.05.2012

Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը հայտարարությամբ մտահոգություն է հայտնել Հայաստանում վերջերս տեղի ունեցած զարգացումների կապակցությամբ, որոնք վտանգում են մարդկանց հանդեպ ոչ խտրական վերաբերմունքը եւ մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում: «Երեւանում ակումբի պայթեցումը եւ դրան հաջորդած բազմազանության շքերթի անցկացման խոչընդոտումը, որոնք ներկայացվեցին որպես միասեռականների դեմ հանդես եկող որոշակի ծայրահեղ խմբերի գործողություններ, ինչպես նաեւ որոշ քաղաքական գործիչների կողմից արված խտրական հայտարարությունները եւ, մասնավորապես, ատելության տարածումը, մտահոգիչ են: Այս զարգացումները կրկին առաջ են բերում քննարկումներ Հայաստանում հանդուրժողականության եւ խտրականության մակարդակի վերաբերյալ»:

Հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ պաշտոնական մարմինների կողմից այս դեպքերի դատապարտման բացակայությունը եւ օրենքի ոչ համաչափ կիրառումը մտահոգություն են առաջ բերել Հայաստանի քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստների եւ միջազգային դիտորդների շրջանում. «Պաշտոնական արձագանքի բացակայությունը կարող է անպատժելիության զգացում խթանել այդ ծայրահեղ խմբավորումների շրջանում եւ անգամ սպառնալ ժողովրդավարական զարգացմանը»:

ԵՄ պատվիրակությունը հիշեցնում է, որ Հայաստանը, որպես Եվրոպայի Խորհրդի անդամ, պարտավորություն է ստանձնել հարգել մարդու իրավունքները՝ 1999թ. կնքված ԵՄ-Հայաստան Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի եւ 2006թ. կնքված ԵՄ-Հայաստան Գործողությունների ծրագրի դրույթների համաձայն:

«ԵՄ պատվիրակությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին հավատարիմ մնալ հանդուրժողականության եւ ոչ խտրական վերաբերմունքի ապահովման ուղղությամբ ստանձնած պարտավորություններին՝ հոմոֆոբիայի եւ տրանսֆոբիայի հանդեպ անհանդուրժողականության խնդիրը համարժեք ձեւով լուծելու համար», – ասվում է հայտարարության մեջ:

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.