Թողարկում 103

ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի 4-րդ համաժողովի (2012թ. նոյեմբերի 29-30, Շվեդիա) մասնակցության հայտերի ներկայացման հրավեր

17.05.2012

ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեն բոլոր շահագրգիռ կողմերին հրավիրում է ՔՀՖ 4-րդ համաժողովին մասնակցության հայտեր ներկայացնել: Հայտի ներկայացումը պարտադիր պայման է ԱլԳ ՔՀՖ՝ Շվեդիայում կայանալիք համաժողովի մասնակիցների ընտրության համար:

Համաժողովի կայացմանն օժանդակում են Եվրահանձնաժողովը/Եվրոպական արտաքին գործողությունների գործակալությունը, ինչպես նաեւ Շվեդիայի արտգործնախարարությունը:

Հետաքրքրվածության հայտը (հայտի ձեւը կցվում է) պետք է լրացված լինի անգլերեն կամ ռուսերեն եւ մինչեւ 2012թ. հունիսի 18-ի կեսգիշերը (կենտրոնական եվրոպական ժամանակով) ուղարկվի applications@eap-csf.eu  էլեկտրոնային հասցեով:

ԱլԳ ՔՀՖ առաջին համաժողովը, որին մասնակցել են 200 ՔՀԿ-ներ, տեղի է ունեցել Բրյուսելում, 2009թ. նոյեմբերի 16-17-ին: Ֆորումի մասնակիցներն ընտրել են ՔՀՖ Ղեկավար կոմիտե, որին օժտել են հաջորդ համաժողովի մասնակիցների ընտրության կանոնակարգ մշակելու լիազորությամբ: ՔՀՖ Ղեկավար կոմիտեն մշակել է ընթացակարգ, որը կիրառվել է ՔՀՖ 2010թ. Բեռլինի եւ 2011թ. Պոզնանի համաժողովների մասնակիցներին ընտրելիս: ԱլԳ ՔՀՖ 4-րդ համաժողովը տեղի է ունենալու Շվեդիայում, 2012թ. նոյեմբերի 29-30-ին:

Ընտրության ընթացակարգը՝ ՔՀՖ ազգային պլատֆորմների ստեղծման վերաբերյալ լրացումներով, ընտրության գործընթացի առավել թափանցիկ չափորոշիչների սահմանման անհրաժեշտության եւ աշխատանքային խմբերի թվի՝ մինչեւ 5 ավելացման վերաբերյալ կարող եք գտնել այստեղ:

Կարեւոր նշում.

Եվրահանձնաժողովը/Եվրոպական արտաքին գործողությունների գործակալությունը կարող են ֆինանսավորել միայն ընտրված ՔՀԿ-ների ճանապարհածախսը եւ կեցության ծախսերը: Եվրահանձնաժողովը/Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը կարող են վճարել առավելագույնը 180 ՔՀԿ-ի ծախսերը. 130-ը՝ ԱլԳ երկրներից եւ 50-ը՝  ԵՄ երկրներից:

Ուշադրություն. ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի Եվրահանձնաժողովը/Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը կփոխհատուցի ԵՄ-ից ընտրված ՔՀԿ-ների ներկայացուցիչների ծախսերը:

ԱլԳ ՔՀՖ համաժողովին հրավիրված ՔՀԿ-ների՝ Ղեկավար կոմիտեի կողմից պատրաստված վերջնական ցուցակը պետք է համաձայնեցվի Եվրոպական արտաքին գործողությունների գործակալության /Եվրոպական հանձնաժողովի հետ:

Ներբեռնել ռուսերեն.

Rus-call_for_expression_of_interest_CSF_2012.doc

Rus_CSF2012application_form.doc

Ներբեռնել անգլերեն.

call_for_expression_of_interest_CSF_2012_eng.doc

CSF2012application_form_eng.doc

Եվրոպական հարեւանության քաղաքականության Երկրի առաջընթացի վերաբերյալ զեկույցը Հայաստանի մասին

16.05.2012

Թերթ.am

Եվրահանձնաժողովը եւ Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատարը հրապարակել են ամենամյա «Հարեւանության փաթեթի» 2012-ի զեկույցը, որը բաղկացած է համատեղ հայտարարությունից, առանձին «Արեւելյան գործընկերության Ճանապարհային քարտեզ» առաջարկող համատեղ հայտարարությունից, Հարավային Միջերկրածովի հետ «Գործընկերություն հանուն ժողովրդավարության եւ ընդհանուր բարօրության» զեկույցից, Արեւելյան գործընկերության առաջընթացի զեկույցից, 12 երկրների վերաբերյալ զեկույցներից (2011-ի զարգացումների վերաբերյալ եւ ապագայի համար խորհուրդների ամբողջությամբ), այդ թվում՝ Հայաստանի վերաբերյալ, եւ վիճակագրական հավելումից:

Զեկույցում ասվում է, որ Արեւելյան գործընկերության շրջանակներում՝ ԵՄ-Հայաստան ասոցացման համաձայնության բանակցություններում զարգացում է եղել՝ դրական շարժով: Հայաստանը էական առաջընթաց է գրանցել «առանցքային խորհուրդների» իրագործման առումով՝ հնարավոր դարձնելով Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցությունները: Ընդհանուր առմամբ, Հայաստանը դրական առաջընթաց ունի ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ասպարեզներում:

Այս տարվա զեկույցի հիման վրա եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության (ԵՀՔ) Գործողությունների ծրագրի հիման վրա 2012-ին Հայաստանին առաջարկվում է.

  • 2013-ին ծրագրված նախագահական ընտրություններից առաջ շտկել թերացումները, որոնք մատնանշվել են ԵԱՀԿ/ԺԿՄԻԳ (Ժողովրդավարական կառույցների եւ մարդու իրավունքների գրասենյակի) կողմից՝ 2012-ի մայիսի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ՝ ընդունված միջազգային ժողովրդավարական ստանդարտներին լիովին համապատասխանելու համար:
  • Ավելացնել ջանքերը Ադրբեջանի հետ՝ մադրիդյան սկզբունքների շուրջ համաձայնություն ձեռք բերելու՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Մինսկի Խմբի շրջանակներում ստանձնած պարտավորությունների հիման վրա:
  • Անվերապահ մուտք տրամադրել ԵՄ ներկայացուցիչներին Լեռնային Ղարաբաղ եւ հարակից շրջաններ:
  • Ամբողջովին հետաքննել 2008-ի մարտի բախումների ժամանակ տեղի ունեցած մահվան դեպքերը եւ կալանման ընթացքում կալանավորներների նկատմամբ դրսեւորված վատ վերաբերմունքի եւ արդարադատության պատշաճ գործընթացի խախտման մասին մեղադրանքները:
  • Ավարտին հասցնել եւ կենսագործել Մարդու իրավունքների ազգային ռազմավարության եւ Գործողությունների ծրագիրը:
  • Ավարտին հասցնել Խղճի եւ կրոնական ազատությունների օրինագիծը՝ միջազգային ստանդարտներին համապատասխան, ինչպես նաեւ՝ կանոնադրությունը ալտերնատիվ քաղաքացիական ծառայության վերաբերյալ՝ Վենետիկի հանձնախմբի եւ ԵԱՀԿ-ի խորհուրդներին համապատասխան:
  • Ընդունել խտրականության դեմ համապարփակ օրենսդրություն, այդ թվում՝ հետագա քայլերի, որոնք կտանեն օրենսդրության ներդաշնակմանը ԵՄ իրավական ակտերին՝ գենդերային հավասարության եւ ապախտրականության ասպարեզներում:
  • Ուժեղացնել շեշտադրումը Հակակոռուպցիոն ռազմավարության վրա եւ մեծացնել կոռուպցիայի դեմ պայքարի իրավունակությունը:
  • Աշխատել Մեծամորի ատոմակայանի հնարավորինս շուտ փակման ուղղությամբ եւ ընդունել այդ կայանի հանձնման մանրամասն ծրագիր՝ հաշվի առնելով սթրես-թեստերի արդյունքը:

Զեկույցի «Քաղաքական երկխոսություն եւ բարեփոխություն» բաժնում արձանագրվում է, որ դրական քայլեր են արվել երկիրը առաջիկա ընտրություններին նախապատրաստելու համար՝ ընտրական օրենսգրքի փոփոխությունների եւ 2008-ի մարտի դեպքերին առնչվող մնացած մեղադրված անձանց համար նախագահական համաներմամբ: Սակայն մտահոգություն կա լրատվամիջոցների ազատության հարցում:

Արդյունավետ է գնահատվում անվտանգության ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողությունը:

Զեկույցի համաձայն, Կրոնի ազատության ոլորտում նշանակալի առաջընթաց չկա: Այլընտրանքային քաղաքացիական ծառայությունը շարունակել է խնդիր մնալ 2011-ին՝ թե´ օրենսդրական, թե´ գործնական մակարդակներում:

Կառավարությունն ակտիվ է եղել երեխաների եւ գենդերային հավասարության վերաբերյալ իրավական ոլորտը ուժեցացնելու գործում:

Ընդգծվում է Խոշտանգման դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի հետագա ամրացման խնդիրը: Նորակոչիկների շրջանում, բանտերում եւ ոստիկանական բաժիններում խոշտանգման եւ վատ վերաբերմունքի դեպքերը պատշաճ չեն հետաքննվում:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունները Մինսկի խմբի հետ 2011-ին զգալի արդյունքների չեն հանգեցնել:

«Տնտեսություն եւ սոցիալական բարեփոխություն» հատվածում նշվում է, որ 2009-ի համաշխարհային ճգնաժամի հետեւանքով վրա հասած դաժան ռեցեսեիայից հետո Հայաստանը վերականգնման խրախուսական նշաններ է ցույց տվել (2011-ին 4,6 % տոկոս աճ):

Հայաստանի տնտեսությանն աջակցություն է ցույց տվել Արժույթի միջազգային հիմնադրամը եւ բացառիկ դոնորային աջակցություն է եղել, այդ թվում՝ մակրոֆինանսական աջակցություն ԵՄ-ից՝ 100 մլն եվրոյի չափով:

2011-ին բնակչության 6%-ը գործազուրկ էր եւ 36%-ը չքավորության շեմից ցածր: 2008-2021թթ. չքավորության նվազեցման ծրագիրը 2011-ին շարունակել է առկախված մնալ:

«Առեւտրային հարցեր, շուկա եւ կարգավորման բարեփոխություն» հատվածում նշվում է, որ երկկողմ առեւտուրը շարունակել է բարելավվել 2011-ին՝ 2009-ի դանդաղումից հետո՝ 18,2 % աճով անցած տարվա համեմատ: ԵՄ-ից Հայաստան ներմուծումն աճել է 15,7 %-ով, մինչդեռ դեպի ԵՄ արտահանումը Հայաստանից աճել է 23,3 %-ով:

23 օրենք է ընդունվել փետրվար-ապրիլին՝ գործարար միջավայրի բարելավման եւ ընկերություն հիմնելու գործընթացը թեթեւացնելու նպատակով:

«Համագործակցություն արդարադատության, ազատության եւ անվտանգության շուրջ» հատվածում նշվում է, որ Հայաստանը ազգային ռազմավարություն է ընդունել եւ ծրագրեր կամ օրենսդրական շտկումներ՝ բարելավելու արդյունավետությունը կազմակերպված հանցավորության, ահաբեկչության, թմրանյութերի թրաֆիքինգի, փողերի լվացման եւ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում:

Ավելին՝ այստեղ:

 

ԵՄ ավելացնում է բարեփոխումների ճանապարհին գտնվող հարավային եւ արեւելյան հարեւան երկրների օժանդակությունը

15.05.2012

Հայաստանում Եվրամիության պատվիրակության կայքէջ

2011թ.-ի մայիսին հարավային հարեւանների շրջանում ընթացող ողբերգական փոփոխությունների կիզակետում ԵՄ-ն ավարտեց Եվրոպական հարեւանության քաղաքականության (ԵՀՔ) վերանայումը: Ըստ «ավելին ավելիի դիմաց» քաղաքականության՝ ավելի լայն ԵՄ օժանդակություն կտրամադրվի բարեփոխումներ ստանձնած ԵՄ հարավային եւ արեւելյան հարեւան երկրներին:

Այսօր ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար/ Եվրահանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնն ու Ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության  գծով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ներկայացրեցին ԵՀՔ փաթեթը, որը գնահատում է նոր մոտեցման արդյունքներն առաջին տարվա ընթացքում: Այն նաեւ առաջարկում է ճանապարհային քարտեզ Արեւելյան գործընկերության իրականացմանը լրացուցիչ  խթան հաղորդելու համար:

Վերջին տասներկու ամիսների ընթացքում ԵՄ-ն վճռականորեն արձագանքել է իր հարեւանության տարածքի սրընթաց փոփոխվող իրադրությանը: Համատեղ հաղորդակցությունը գնահատում է նոր քաղաքականության արդյունքները:

ԵՄ-ն վերանայեց իր օժանդակության ծրագրերը եւ  1 միլիարդ եվրո ավելացրեց 2011-2013 թվականների համար՝ նորարարական ծրագրերի միջոցով՝ SPRING հարավային հարեւան երկրների եւ EaPIC արեւելյան հարեւան երկրների համար: Այն բարձրացրեց Եվրոպական ներդրումային բանկի վարկավորման թույլատրելի սանդղակը մինչեւ 1.15 միլիարդ եվրո եւ բարեհաջող առաջարկեց Եվրոպական վերակառուցման եւ զարգացման բանկի մանդատը տարածել ԵՄ հարավային հարեւանների նկատմամբ:

 Բարեփոխումների խրախուսման «ավելին ավելիի դիմաց» տրամաբանությամբ` ԵՄ-ն օժանդակել է քաղաքական բարեփոխումներ ձեռնարկած իր գործընկերներին: 2011թ.-ին ԵՄ-ն կրկնապատկեց Թունիսին տրամադրվող իր ֆինանսական օժանդակությունը 80մլն եվրոյից մինչեւ 160 մլն եվրո: ԵՄ-ն նաեւ շտապ նվազեցրեց իր հարաբերությունները մարդու իրավունքները կոպտորեն խախտող երկրների հետ՝ այդ ռեժիմների նկատմամբ սահմանելով բազմաթիվ պատժամիջոցներ եւ փոխարենն իր աջակցությունը տրամադրելով քաղաքացիական հասարակությանն ու տուժած բնակչությանը:

Մոլդովայի հանրապետության Անդրդնեստրյան հակամարտության կարգավորմանն ուղղված պաշտոնական 5+2 բանակցությունների վերականգնմանը զուգահեռ՝ սերտացավ համագործակցությունը Մոլդովայի կառավարության հետ,  ձեռնարկվեցին վստահության զարգացմանն ուղղված լայնամասշտաբ միջոցառումներ եւ քայլ առ քայլ վերանայվում են ԵՄ պատժամիջոցները  Անդրդնեստրյան տարածքի  նկատմամբ:

Սեպտեմբերին մեկնարկեց Քաղաքացիական հասարակության գործիքը ԵՀՔ բոլոր երկրների համար, 26 մլն եվրո առաջնային բյուջեով եւ 2012 եւ 2013 թվականների համար նախատեսված նույն չափի լրացուցիչ բյուջեներով:

Ավարտելով գնահատումը՝ գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը հայտարարեց. «Նախորդ տարվա ընթացքում մենք կրկին մեկնարկեցինք մեր Հարեւանության քաղաքականությունը` մեր շուրջը տեղի ունեցող պատմական փոփոխություններն արտացոլելու նպատակով: Այժմ մենք տեսնում ենք վերանայման արդյունքերը, որոնք միտված էին ուժեղացնելու օժանդակությունն այն երկրների նկատմամբ, որոնք  ավելի մեծ առաջընթաց ունեն ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումների առումով: Որոշ երկրներում տեսնում ենք լուրջ առաջընթաց: Մյուսների դեպքում, մենք պետք է քաջալերենք քաղաքական ղեկավարությանը՝ հստակ քայլեր ձեռնարկել բարեփոխումների ուղղությամբ: Ես միշտ ասել եմ, որ մեր աշխատանքի դատավճիռը սահմանելու են մեր անմիջական հարեւանները, իսկ ես համոզված եմ, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում: Մենք շարունակելու ենք օժանդակել մեր գործընկերներին՝ հիմնարար արժեքներ արմատավորելու եւ տնտեսական բարեփուխումներն ամրապնդելու ջանքերի ուղղությամբ, որոնք անհրաժեշտ են կառուցելու համար այն, ինչը ես անվանում եմ «խորը ժողովրդավարություն»:

Շտեֆան Ֆյուլեն ավելացրեց: «Չնայած որ մենք չպետք է  տարվենք ինքնագովեստով եւ պետք է միշտ ստուգենք մեր քաղաքականության արդյունավետությունը ընդդեմ իրականության, մեր նոր քաղաքականությունն ունի կայուն հիմքեր, եւ մենք մշակել ենք բազմաթիվ նախաձեռնություններ, որոնք, վստահ եմ, արդեն կրում են դրական արդյունքներ»:

Էական առաջընթաց կա գործընկեր երկրների հետ քաղաքական ասոցացման ուղղությամբ: Մոլդովայի Հանրապետության, Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի հետ բանակցությունները Ասոցացման համաձայնագրի (ԱՀ) շուրջ արդեն մեկնարկել են: Դրական առաջընթաց է արձանագրվել տնտեսական ինտեգրման ուղղությամբ (այսպես կոչված Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտիները` որպես ԱՀ բաղկացուցիչ մաս); բանակցությունները մեկնարկել են Մոլդովայի եւ Վրաստանի հետ, շուտով նաեւ մեկնարկելու են բանակցությունները Հայաստանի հետ: Մինչեւ ընթացիկ տարվա ավարտը նույնատիպ բանակցային գործընթացներ կսկսվեն Հորդանանի, Մարոկկոյի եւ Թունիսի հետ:
Ուկրաինայի հետ ԱՀ բանակցություններն (ներառյալ ԽՀԱԱԳ) ավարտվել են, որից հետո համաձայնագրի ստորագրման գործընթացը մեկնարկեց 2012 թ.-ի մարտին: Այնուամենայնիվ, Ուկրաինայի ներքաղաքական դրության վերաբերյալ կան մտահոգություններ, որոնք կասկածի տակ են առնում համաձայնագրի ստորագրման եւ վավերացման վաղաժամ լինելը, քանի դեռ այդ մտահոգությունները լուծված չեն:

Զգալի առաջընթաց կա նաեւ շարժունակության ոլորտում: Արեւելյան գործընկերների` Մոլդովայի Հանրապետության, Ուկրաինայի եւ Վրաստանի  հետ ձեռնարկվել են քայլեր վիզաների ազատականացման ուղղությամբ: Հայաստանի հետ վերջերս հաստատվել է Շարժունակության գործընկերությունը, իսկ Ադրբեջանի հետ գործընկերության բանակցությունները մեկնարկելու են շուտով:  Այս համատեքստում հատուկ առաջարկ է ներկայացվել Բելառուսին: Հարավում` Մարոկկոյի եւ Թունիսի հետ մեկնարկել են երկխոսություններ միգրացիայի, շարժունակության եւ անվտանգության ուղղությամբ՝ ուղի հարթելով դեպի շարժունակության գործընկերություն: Հաղորդակցությունն առաջարկում է երկխոսություն նախաձեռնել Հորդանանի հետ:

Հետեւելով 2012 թ.-ի մարտին Եվրոպական խորհրդի կողմից ներկայացված խնդրագրին «Գործընկերություն ժողովրդավարության եւ համատեղ բարեկեցության վերաբերյալ» աշխատանքային փաստաթուղթն առաջարկում է ԵՄ քաղաքականությունը Միջերկրականի տարածաշրջանի գործընկեր երկրների նկատմամբ կիրառել Ճանապարհային քարտեզ, որը ներառում է  նպատակները, գործիքներն ու միջոցառումները:

2011 թ.-ին Վարշավայում տեղի ունեցած Արեւելյան գործընկերության  գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված համաձայնությանը համահունչ՝  առանձին համատեղ հաղորդակցությունը առաջարկում է ճանապարհային քարտեզ դեպի Արեւելյան գործընկերության 2013 թ.-ի աշնանային գագաթնաժողովը: Առաջին անգամ հաղորդակցությունը նկարագրում է երկկողմ եւ բազմակողմ բազմաթիվ գործողությունները Արեւելյան գործընկերության  գործիքի շրջանակներում:

Ճանապարհային քարտեզը վերահաստատում է ԵՄ եւ Արեւելյան գործընկեր երկրների համատեղ ստանձնած պարտավորությունը ժողովրդավարական բարեփոխումների ու տնտեսական փոխակերպման ուղղությամբ եւ սահմանում է հավակնոտ աշխատանքային ծրագիր՝ հաջորդ տարի Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովի շրջանակներում: Այն լրացուցիչ լիցք կհաղորդի Արեւելյան գործընկերության նպատակներին. արագացնել քաղաքական ասոցացումն ու խորացնել գործընկեր երկրների տնտեսական ինտեգրումը ԵՄ-ին, ընդլայնել մարդկանց տեղաշարժը անվտանգ եւ ճիշտ կառավարվող մթնոլորտում եւ խորացնել համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում:

«Արեւելյան գործընկերությունը կարգավորում է անավարտ փոխակերպումների  խնդիրները».-  մեկնաբանեց գերագույն հանձնակատար Էշթոնը: Վստահ եմ, որ Ճանապարհային քարտեզը կօգնի արագացնել գործընկեր երկրների փոխակերպումը դեպի ժողովրդավարություն ու շուկայական տնտեսություն՝ տրամադրելով վերահսկման գործիք իրենց բարեփոխումների գործընթացն ապահովելու համար: ԵՄ պատրաստ կլինի օժանդակել նրանց այնքան, որքան մեծ կլինի ջանքերի արդյունքում ձեռք բերված շոշափելի առաջընթացը՝ բարեփոխումների ճանապարհին: Շատ կարեւոր է նաեւ, որ գործընկերները վերանայեն իրենց ջանքերը  տարածաշրջանը կործանող հակամարտությունները կարգավորելու ուղղությամբ: ԵՄ պատրաստ է ամրապնդել իր օժանդակությունն այն երկրների նկատմամբ, որոնք պատրաստ են ընդունել  համարձակ որոշումներ  եւ թերթել պատմության էջը»:

Հանձնակատար  Ֆյուլեն հավելեց: «Գոհունակությամբ կուզենայի նշել, որ այս քաղաքականության գործիքը մշակվել է ԵՄ անդամ երկրների, Արեւելյան գործընկեր երկրների եւ քաղաքացիական հասարակության հետ խորհրդակցությունների արդյունքում: Ճանապարհային քարտեզը բոլոր գործընկեր երկրների համար թափանցիկ կերպով սահմանում է Արեւելյան գործընկերության նպատակների ցանկը, գործընկեր երկրներից ակնկալվող քաղաքական  միջոցառումները, ԵՄ օժանդակությունն այդ նպատակներն իրագործելու համար, եւ թե ինչ ձեռքբերումներ կարող են լինել մինչեւ 2013 թվականի աշնանը կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը»:

**********
Հասանելի փաստաթղթեր են`

• Համատեղ հաղորդակցություն «Նոր Եվրոպական հարեւանության քաղաքանության իրագործումը»
• Համատեղ հաղորդակցություն. «Ճանապարհային քարտեզ դեպի 2013 թվականի աշնանը կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը
• Երկու համատեղ աշխատանքային փաստաթղթեր Արեւելյան գործընկերության երկկողմ եւ բազմակողմ պլատֆորմների մանրամասների պարունակությամբ
• առանձին ԵՀՔ գործընկեր երկրների առաջընթացը գնահատող՝ տասներկու համատեղ աշխատանքային փաստաթղթեր
• Զեկույց «Գործընկերություն ժողովրդվարության եւ համատեղ բարեկեցության վերաբերյալ», Հարավային Միջերկրականի վերաբերյալ, ներառյալ ճանապարհային քարտեզը
• Զեկույց «Արեւելյան գործընկերություն»
• Վիճակագրական առդիր.
• 16 հուշագրերի փաթեթ հարեւան երկրներում առկա իրավիճակի ամփոփմամբ

http://www.eeas.europa.eu/

http://ec.europa.eu/commission_2010-2014/fule/index_en.htm

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.