Թողարկում 101

«ԵՄ համագործակցությունը հանուն Արեւելյան գործընկերության». նոր հրատարակություն՝ նվիրված ԱլԳ քաղաքականության մեկնարկի երրորդ տարեդարձին

07.05.2012

Հրատարակությունը, որ պատրաստել է Զարգացման եւ համագործակցության գլխավոր տնօրինությունը՝ EuropeAid-ը, ամփոփ կերպով ներկայացնում է Եվրամիության համագործակցությունն իր արեւելյան հարեւանների հետ՝ Արեւելյան գործընկերության շրջանակներում: Այն նկարագրում է նախաձեռնության հիմնական բաղադրիչները, բերում երկկողմանի եւ տարածաշրջանային շարունակվող համագործակցության կոնկրետ օրինակներ:

Էլեկտրոնային տարբերակը մատչելի է, այն կարող եք ներբեռնել են EuropeAid վեբ կայքի Արեւելյան գործընկերության կայքէջում  (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Ավելին՝  EU cooperation for a successful Eastern Partnership

Էշթոնը դատապարտել է Դաղստանում տեղի ունեցած մահաբեր ահաբեկչությունը

04.05.2012

ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը դատապարտել է մայիսի 3-ին ռուսաստանյան անհանգիստ տարածաշրջանում՝ Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում  տեղի ունեցած մահաբեր ահաբեկչությունը:

ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատարի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ ասված է. «Գերագույն հանձնակատարը վճռականորեն դատապարտում է Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչական հրեշավոր հարձակումները, որոնց պատճառով բազմաթիվ մարդիկ են զոհվել եւ ավելի քան հարյուր մարդ է վիրավորվել: Նման հանցավոր գործողությունները որեւէ արդարացում չունեն»:

Գերագույն հանձնակատարը ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին եւ հարազատներին, ինչպես նաեւ Ռուսաստանի դաշնության ամբողջ ժողովրդին: (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Բաց նամակ

 Ազգային պլատֆորմներին և Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) նախկին ու ներկա մասնակիցներին, քաղաքացիական հասարակության անկախ կազմակերպություններին և Արևելյան գործընկերության երկրներում ընտրությունների դիտորդներին

03.05.2012

Ժողովրդավարական օրինականությունը լավ կառավարման հիմքն է: Արդար ընտրությունները շարունակական բարեփոխման հաջողության երաշխիքն են: Բարեփոխումն անհնար է առանց արդար ժողովրդավարական ընթացակարգերի, որովհետև բարեփոխումները հաջողություն չեն ունենա, քանի դեռ չեն ներկայացվել արդար ճանապարհով ընտրված օրինական օրենսդրական մարմինների և կառավարությունների կողմից: Արևելյան  գործընկերության ծրագիրը, որի մասն է կազմում Քաղաքացիական հասարակության ֆորումը, քարոզում է այն բարեփոխումները, որոնք կօգնեն գործընկեր պետություններին` իրենց քաղաքական համակարգերը հիմնել ժողովրդավարության սկզբունքների, շուկայական տնտեսության և օրենքի գերակայության վրա: Սրանցից ոչ մեկին չի կարելի հասնել առանց ազատ և արդար  ընտրությունների:

ՔՀՖ-ի Ղեկավար կոմիտեն, որն ընտրվել է 2011թ. նոյեմբերին Պոզնանում, պայմանավորվել է, որ ընտրությունների, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի ու ազատ լրատվամիջոցների համար պայքարի թեմաները լինելու են ՔՀՖ-ի գերակա  խնդիրները:  Այս երեք թեմաները կլինեն այս տարվա նոյեմբերին կայանալիք ՔՀՖ հանդիպման հատուկ ուշադրության կենտրոնում: Ազատ ընտրությունները և բազմակարծիք քաղաքական համակարգի զարգացումն անհնար է առանց ազատ լրատվամիջոցների:  Բազմակարծիք քաղաքական համակարգն ու ազատ լրատվամիջոցներն էլ իրենց հերթին անհնար են մի համակարգում, որտեղ կոռումպացված վերնախավը գրավել է պետական կառույցները: Այդ վերնախավը նյութական շահ է ստանում իր գրաված պաշտոնի շնորհիվ և հենց այդ նյութական շահն օգտագործում՝ այդ պաշտոնը չկորցնելու համար:

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանդիպումը, որը կայացավ 2012թ. ապրիլին, Բաքվում (որտեղ ՔՀՖ-ն դիտորդի կարգավիճակում էր), և որին մասնակցում էին Եվրոպական խորհրդարանի և Գործընկերության երկրների խորհրդարանների անդամները, բացառությամբ Բելառուսի, Արևելյան գործընկերության երկրներին կոչ արեց «ապահովել գալիք խորհրդարանական և նախագահական ընտրությունների ազատությունը, արդարությունը և ժողովրդավարականությունը՝ համաձայն ԵԱՀԿ չափանիշների»: Վեհաժողովը նաև դատապարտեց կոռուպցիան և կոչ արեց Գործընկերության երկրներում ազատ և անկախ լրատվամիջոցներ զարգացնել:

Այս տարի ընտրություններ են լինելու ԱլԳ վեց երկրներից չորսում՝ Հայաստան, Բելառուս, Վրաստան և Ուկրաինա: ՔՀՖ-ն կոչ է անում իր անդամներին և այլ անկախ կազմակերպությունների՝ հատուկ ուշադրություն դարձնել այս ընտրություններին՝ ապահովելու դրանց ազատությունն ու արդարությունը: Մենք նույնպես կոչ ենք անում մեր անդամներին՝ զեկույցներ կազմել այն թեմայով, թե որքանով են ընտրությունները հավատարիմ ժողովրդավարական չափանիշներին: Այդպիսի զեկույցները կարող են ազգային մակարդակով սեմինարների և գործնական հանդիպումների թեմա դառնալ: Սեմինարները կստուգեն, թե որքանով են պահպանվել ժողովրդավարական չափանիշները և կապահովեն հետագայում դրանց պահպանման միջոցների որոնումը:

2012թ. հունիսի 6-ին  Բրյուսելում տեղի կունենա չորս երկրներում ընտրությունների հետ կապված գործնական հանդիպում` ՔՀՖ առաջին աշխատանքային խմբի շրջանակներում: Դիտարկումներն ու եզրակացությունները կամփոփվեն հատուկ նիստի ընթացքում, որը կքննի այդ չորս ընտրությունների նմանություններն ու տարբերությունները և եզրահանգումները կներկայացնի նոյեմբերի վերջին կայանալիք ՔՀՖ հանդիպման ժամանակ: Այս նիստը 2013թ. կայանալիք ընտրությունների համար հանձնարարականներ կներկայացնի, որոնք նպատակ կունենան ձևավորել ԵՄ աջակցությունը՝ ուղղված քաղաքացիական հասարակությանն ու պետական կառավարմանը, և կսահմանի այն պատճառները, որոնք խոչընդոտում են ազատ և արդար ընտրությունների անցկացմանը:  

Ղեկավար կոմիտե

Քաղաքացիական հասարակության ֆորում, Արևելյան գործընկերություն

Եվրանեսթի չափանիշներն այն ուղենիշներն են, որոնց, համոզված եմ, դուք կուզենայիք հավատարիմ մնալ:

Մենք իրավունք ունենք մեր գործընկերների հետ միասին գնահատելու ժողովրդավարական գործընթացները:

Ժողովրդավարությունն ԱլԳ գործընթացի հիմնաքարն է:

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.