Թողարկում 100

ԵԱՀԿ-ն, ԵՄ-ն ընդլայնում են համագործակցությունը Հայաստանի հետ ընտրական գործընթացների շուրջ

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակ

2012թ. ապրիլի 25-ին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը եւ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանը ստորագրեցին երկարաժամկետ համագործակցության համաձայնագիր` խթանելու արդյունավետ ընտրական վարչարարությունը, որը նաեւ ներառում է Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը նպաստող ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագիրը, ինչպես նաեւ ընտրությունների հետ կապված այլ միջազգային ջանքերը:

Համաձայնագիրը նախատեսում է տրամադրել տեխնիկական, կրթական եւ տեղեկատվական աջակցություն Հայաստանի ԿԸՀ-ին` առաջիկա 2012 թ. խորհրդարանական ընտրությունների, ինչպես նաեւ 2013թ. նախագահական ընտրությունների համար:

«Մտապահելով այն, որ իրական ընտրական բարեփոխումները եւ ժողովրդավարական ընտրությունների անցկացումը կախված են հիմնականում դերակատարների քաղաքական կամքից ու ռեսուրսներից, միջազգային հանրության դերը` իր դրական ներգրավվածությամբ կարեւոր ներդրում է` խթանելու ժողովրդավարական ընտրությունների անցկացումը` միջազգայնորեն ճանաչված չափանիշներին համապատասխան»,- նշեց Սորոկինը:

ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիստեան ընդգծեց ԿԸՀ որոշիչ դերը` Հայաստանում ազատ եւ արդար ընտրությունների երաշխավորման գործում:

Կնքված համագործակցության համաձայնագրի հիմնական ոլորտները ներառում են` տեխնիկական սարքավորումների տրամադրում «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի գործունեության բարելավման համար, ԿԸՀ-ի ներքին համակարգչային ցանցի արդիականացում, ընտրական վարչարարությամբ զբաղվող պաշտոնյաների եւ դիտորդների վերապատրաստում, ինչպես նաեւ ընտրողների տեղեկատվության եւ իրազեկության բարձրացման համար նյութերի պատրաստում:

Աջակցության հիմնական մասը կտրամադրվի 1,7 մլն եվրո արժողությամբ ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ` ԵՄ ֆինանսավորմամբ:  Համաձայնագիրը նախատեսում է նաեւ համագործակցություն այլ միջազգային գործընկերների հետ:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը 2000 թ-ից ի վեր տրամադրել է աջակցություն` խթանելու ընտրական բարեփոխումները Հայաստանում: Այն համակարգել եւ ղեկավարել է ընտրություններով զբաղվող միջազգային աշխատանքային խումբ, ինչպես նաեւ խթանել միջազգային հանրության` ընտրական օրենսդրության բարեփոխման, ընտրական վարչարարության բարելավման ջանքերը` բարձրացնելով հանրային իրազեկության մակարդակը եւ աջակցելով տեղական դիտորդական խմբերին:

ԵԱՀԿ-ն, ԵՄ-ն Հայաստանի ոստիկանության համար իրականացնում են հասարակական կարգի պահպանման դասընթացներ նախքան ընտրությունները

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակ

2012թ. ապրիլի 26-ին ԵԱՀԿ-ն եւ ԵՄ-ն Երեւանում ամփոփեցին Հայաստանի ոստիկանության համար իրականացված չորսշաբաթյա ռազմավարական եւ մարտավարական պլանավորման ուսուցողական դասընթացը:

Ուսուցողական ծրագրի նպատակն էր զարգացնել Հայաստանի ոստիկանության հասարակական կարգի պահպանմամբ զբաղվող մոտ հարյուր ավագ, միջին եւ կրտսեր պաշտոնյաների կարողությունները: Դասընթացի թեմաներում ներառված էին գործողությունների պլանավորում, արդյունավետ կառավարում եւ վերահսկողություն, միջազգային ստանդարտներին համապատասխան բանակցային հմտություններ, վտանգների եւ ռիսկերի գնահատում, տեղեկատվության կիրառում եւ հետախուզություն, օրինականություն, հաշվետվողականություն, պատասխանատվություն եւ թափանցիկություն, ինչպես նաեւ մամուլի հետ հարաբերություններ եւ հաղորդակցման մեթոդներ:

«Հասարակական կարգի պահպանումը ողջ նախընտրական շրջանում եւ ընտրությունների օրը ընտրատեղամասերում ոստիկանության կարեւոր պարտականություններից է, որը կարող է ազդեցություն ունենալ ընտրական գործընթացների անցկացման վրա», – ասաց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը: «Մենք հավատացած ենք, որ արդյունավետ պլանավորումը, ինչպես նաեւ պատշաճ բանակցությունները ոստիկանության եւ ցանկացած բազմության միջեւ կարեւոր է` ապահովելու անվտանգությունը հատկապես նախընտրական շրջանում»:

«Ազատ եւ արդար ընտրությունները կարեւոր նախապայման են ԵՄ – Հայաստան հարաբերությունների զարգացման համար: Ոստիկանության դերը ընտրական գործընթացում կարեւոր է` թափանցիկության  եւ հասարակական վստահության ապահովման առումով», – ասաց ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան:

ՀՀ ոստիկանության պարեկային գնդի չորրորդ հատուկ գումարտակի զորքերի հիսունհինգ ներկայացուցիչներ, ովքեր ուղղակիորեն ներգրավված են ամբոխի կառավարման գործում, դասընթացի վերջին շաբաթվա ընթացքում գործնականում կիրառեցին ձեռք բերված գիտելիքները:

ԵԱՀԿ աջակցությամբ անցյալ տարի պատրաստված երկու ուղեցույցները` հասարակական կարգի պահպանման գործում ոստիկանության վարքագծի, ուժի կիրառման եւ բանակցային հմտությունների վերաբերյալ օգտագործվեցին դասընթացի ընթացքում:

Դասընթացը 1.7 մլն եվրո արժողությամբ ծրագրի մաս է կազմում` հետամուտ Հայաստանում ընտրական գործընթացների ամրապնդմանը` միջազգային ստանդարտներին համապատասխան, որն իրականացվում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից` ԵՄ ֆինանսավորմամբ:

Մեկնարկել է Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում վավերագրական կինոյի աջակցությանը նվիրված ծրագիր

25.04.2012

Գործի է դրվել մի ծրագիր, որն ուղղված Է Հարավային Կովկասում վավերագրական կինոյի օժանդակմանը: Ծրագիրը, որն ստացել Է CAUCADOC անվանումը, իրագործում են «Կարիքավոր մարդիկ» հիմնադրամը, «Սակդոկ Ֆիլմ» եւ «Ինտերնյուս Արմենիա» կինոընկերությունները: Այն ֆինանսավորվում Է Եվրամիության Արեւելյան գործընկերության մշակութային ծրագրի շրջնականերում եւ հենվում Է «Կարիքավոր մարդիկ» հիմնադրամի մարդու իրավունքներին նվիրված վավերագրական կինոյի «Մեկ աշխարհ» միջազգային փառատոնի 14-ամյա փորձի վրա:

CAUCADOC-ը ներառում Է վավերագրական կինոյի ստեղծագործական աշխատանքին նվիրված սեմինարների անցկացում, վարպետության դասեր եւ դասախոսություններ գործընկերային փառատոներում, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում, Բաթումի «Art House» եւ Թբիլիսիի  կինոփառատոներում, ինչպես նաեւ բանավեճեր տարածաշրջանի լսատեսաինդուստրիայի հանգուցային հիմնախնդիրների շուրջը: Ծրագիրը կօժանդակի տեղերում վավերագրական կինոյի փոքր փառատոների անցկացմանը: Վավերագրական ֆիլմերը կներդրվեն դպրոցական գործընթացում՝ որպես քաղաքացիական դաստիարակության արդյունավետ մեթոդ:

«Մենք ցանկանում ենք ավելի շատ մարդկանց մեջ հետաքրքրություն առաջացնել արվեստի այս տեսակի՝ վավերագրական կինոյի նկատմամբ, ինչպես նաեւ սկսել տարածաշրջանում վավերագրական կինոյի պլատֆորմի ստեղծումը»,- ասել Է Աննա Ձիյապշիպան «Sakdoc»-ից:

CAUCADOC ծրագիրը նպատակամղված է անցյալի եւ ներկայի այն հիմնախնդիրների շուրջը հասարակական բանավեճերի ծավալմանը, որոնք հետաքրքրություն են առաջացնում կամ վեճերի առարկա են Հարավային Կովկասում:

«Փոխհարաբերությունների բարելավման իմաստով՝ վավերագրական կինոն իսկապես լուրջ գործիք է»,- ընդգծել է «Ինտերնյուս Հայաստանի» տնօրեն Նունե Սարգսյանը:

CAUCADOC-ի շրջանակներում հայտարարվել Է պրոֆեսիոնալ վավերագրող ռեժիսորների համար նախատեսված հայտամրցույթ, իսկ Հայաստանից, Ադրբեջանից եւ Վրաստանից նկարահանող խմբերին առաջարկված Է մինչեւ մայիսի 20-ը ներկայացնել նախագծերի մշակման ինտենսիվ դասընթացների մասնակցության հայտեր: Ընտրված խմբերին հնարավորություն կընձեռվի մասնակցել վեցամսյա ուսումնական դասընթացների (երկշաբաթյա սեմինարների եւ անընդմեջ օն-լայն աջակցության), որոնց ընթացքում խմբերը միջազգային եւ տեղացի դասախոսների օգնությամբ զարգացնել ֆիլմերի իրենց սեփական գաղափարները՝ ուշադրությունը սեւեռելով իրենց նախագծի բովանդակության եւ ձեւի, ինչպես նաեւ արտադրական ռազմավարության վրա:

Դասընթացների ավարտին խմբերը կարող են Թբիլիսիի միջազգային կինոփառատոնում կայանալիք Pitch.Doc-ի շնորհանդեսին իրենց նախագծերը ներկայացնել կինոյի միջազգային հովանավորներին եւ կինոփառատոնների ներկայացուցիչներին: Առավել հեռանկարային խմբերին կտրվի  նաեւ կրթական դրամաշնորհ՝ 2013թ. վավերագրական կինոյին առնչվող եվրոպական նշանակալի իրադարձություններին մասնակցելու համար:

12 միլիոն եվրո արժողությամբ Արեւելյան գործընկերության մշակութային ծրագրի նպատակն է՝ օգնել գործընկեր երկրներում մշակութային քաղաքականության մեջ պետական մակարդակով բարեփոխումների իրականացմանը, ինչպես նաեւ կարողությունների զարգացմանը եւ տարածաշրջանում մշակույթի գործիչների պրոֆեսիոնալիզմի բարելավմանը: Այն ձգտում է ամրապնդել տարածաշրջանային մշակութային կապերը եւ երկխոսությունը ինչպես Արեւելյան գործընկերության տարածաշրջանի ներսում, այնպես էլ Եվրամիության եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության Արեւելյան երկրների մշակութային ցանցերի եւ գործիչների միջեւ: (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Հունիսին երիտասարդական ծրագրերի աշխատակիցների համար Արեւելյան գործընկերության «Երիտասարդական  պատուհան» ծրագրի շրջանակներում տեղի կունենա միջազգային գործընկերությանը նվիրված սեմինար

23.04.2012

2012թ. հունիսի 17-22-ը Պրեդյալում (Ռումինիա) տեղի կունենա գործընկերային կապերի հաստատման ոլորտին նվիրված ուսուցողական միջոցառում: Նպատակը Արեւելյան գործընկերության  «Երիտասարդական պատուհան» նախաձեռնության «Երիտասարդությունը գործողության մեջ» ծրագրի  իրականացմանն ուղղված  վստահելի գործընկերային հարաբերությունների հաստատումն է:

Միջոցառումն ուղղված է ՔՀԿ-ներին եւ պետական հաստատություններին, որոնք աշխատում են երիտասարդական ոլորտում եւ ցանկանում են ավելին իմանալ եւ մասնակցել «Երիտասարդական պատուհան» նախաձեռնությանը եւ, մասնավորապես, «Երիտասարդությունը գործողության մեջ» ծրագրին:

Հատուկ ուշադրություն կդարձվի այն  ՔՀԿ-ներին եւ պետական հաստատություններին, որոնք հետաքրքրված են Արեւելյան գործընկերության «Երիտասարդական պատուհանի» շրջանակներում իրականացվելիք ծրագրերի մշակմամբ:

Ակնկալվում է, որ սեմինարին կմասնակցեն երիտասարդական ոլորտի աշխատակիցներ (ծրագրերի ղեկավարներ, հրահանգիչներ), ինչպես նաեւ այնպիսի կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք կարող են իրենց գիտելիքները, փորձն ու առաջավոր պրակտիկան կիսել մյուսների հետ եւ, վերջապես, առաջարկել նոր գաղափարներ, ծրագրեր եւ դրանց իրագործման նոր գործընկերներ: Սեմինարի մասնակիցները պետք է լինեն երիտասարդական կամ հասարակական ոլորտի աշխատակիցներ:

Արեւելյան գործընկերության «Երիտասարդական պատուհանը» նոր նախաձեռնություն է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Երիտասարդությունը գործողության մեջ» ծրագրի շրջանակներում եւ ուղղված է ամրապնդել երիտասարդական ոլորտում Եվրամիության եւ Արեւելյան գործընկերության երկրների համագործակցությունը:

Մասնակցության հայտերի վերջնաժամկետը 2012թ. մայիսի 18-ին է: (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

ԵՄ-ն տեղական հայտարարությամբ դատապարտել է լրագրողի դաժան ծեծը Ադրբեջանում

25.04.2012

Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցչությունը հանդես է եկել տեղական հայտարարությամբ, որով դատապարտել է «Զերկալո» թերթի լրագրող Իդրակ Աբասովի դաժան ծեծը:

Թղթակիցների ազատության եւ անվտանգության ինստիտուտի ներկայացուցիչ համարվող լրագրողը նկարահանել է տների քանդումը Բաքվի Սուլութափա թաղամասում:

«Ցավոք սրտի, սա անընդունելի ճնշման եւս մեկ օրինակ է, ինչին ենթարկվում են լրագրողներն Ադրբեջանում, եւ ինչը հակասում է երկրի ստանձնած պարտավորություններին՝ երաշխավորել զանգվածային լրատվամիջոցների ազատությունը»,- ասված է հայտարարության մեջ:

Եվրամիության ներկայացուցիչն իշխանություններին կոչ է արել «ապահովել դեպքի արդյունավետ  հետաքննություն, եւ պատասխանատվության ենթարկել այդ բռնարարքի մեղավորներին, ինչպես նաեւ «բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռք առնել, որպեսզի լրագրողներն Ադրբեջանում կարողանան աշխատել ազատորեն՝ առանց հետապնդումների եւ վախի»:

Հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ ԵՄ ներկայացուցչությունը կշարունակի օժանդակել Ադրբեջանին՝ հիմնարար ազատությունների ոլորտում նրա պարտականությունների կատարման գործում:  (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի Ուկրաինայի ազգային պլատֆորմի հայտարարությունը Ուկրաինայում հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման վերաբերյալ

 Ապրիլ, 2012

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Ուկրաինայի Ազգային պլատֆորմի անդամները խորապես անհանգստացած են  Ուկրաինայում կոռուպցիայի մասշտաբներից եւ հասարակական գործընթացների վրա դրա ազդեցությունից: 2011թ Ուկրաինայի քաղաքացիների 68%-ը ներգրավված է եղել կաշառակերությանը վերաբերող գործողություններում, եւ կոռուպցիան տարածաշրջանի երեք ամենակարեւոր խնդիրներից մեկն է:

Կոռուպցիան կանխարգելելու եւ դրան հակազդելու  մասին ուկրաինական  օրինագիծը, որն ընդունվել է 2011թ. եւ դրական գնահատական է ստացել Եվրոպայի խորհրդի եւ միջազգային հակակոռուպցիոն այլ կազմակերպությունների կողմից, հույս է ներշնչում տարածաշրջանի հակակոռուպցիոն քաղաքականության բազմակողմանի արդիականացման համար: ՔՀՖ Ուկրաինայի ազգային պլատֆորմը ողջունում է Վիկտոր Յանուկովիչի ջանքերը, որոնք ուղղված են 2011-2015թթ. Ազգային հակակոռուպցիոն ռազմավարության հաստատմանը եւ Ազգային հակակոռուպցիոն կոմիտեի դերի ամրապնդմանը, ինչպես նաեւ երկրի հակակոռուպցիոն քաղաքականության աշխատանքների կոորդինացման մեջ Ուկրաինայի արդարադատության նախարարության ներգրավումը: Այս քայլերը,  կոռուպցիայի դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագրի հետ մեկտեղ, կարող են հիմք դնել  հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացման համար, որոնք անհրաժեշտ են տնտեսապես զարգացած եւ միասնական եվրոպական երկրների խմբում Ուկրաինայի ներգրավվածությունն ապահովելու համար:

Այդուհանդերձ, ՔՀՖ Ազգային պլատֆորմն անհանգստացած է մի շարք քայլերից, որոնք նախաձեռնվել են Ազգային հակակոռուպցիոն ռազմավարություն իրականացնելու համար:

Համաձայն Ուկրաինայի Ազգային ծրագրի՝ որը վերաբերում է 2011թ. ԵՄ-ի կողմից Գործողությունների ծրագրի արտոնագրերի ազատականացմանը եւ  կոռուպցիայի հակազդեցության եւ կանխարգելման վերաբերյալ հիմնական գործողությունների իրականացման մասին Ուկրաինայի նախագահի հրամանին, նախատեսված էր ստեղծել անկախ կենտրոնական իշխանական մարմին, որը պետք է պատասխանատու լիներ ազգային հակակոռուպցիոն քաղաքականության համակարգման համար: Փոխարենը,  2012թ. մարտի 27-ի դրությամբ, Ուկրաինայում  նման կառույց գոյություն չունի, եւ այս խնդրի մասին  նախապես հայտարարված օրինագիծը պառլամենտի կողմից չի ներկայացվել քննարկման:

Կոռուպցիային հակազդելու եւ այն կանխարգելելու մասին պետական ծրագրի իրականացումը, որն ընդունվել է 2011թ. նոյեմբերին, Ազգային հակակոռուպցիոն ռազմավարության համաձայն, գտնվում է դադարեցման սպառնալիքի ներքո, քանի որ բացակայում են այն իրականացնելու համար նախատեսված անհրաժեշտ ռեսուրսները: Այսպես, անորոշ ժամանակով հետաձգվել է վարչարարական ծառայությունների աշխատանքների համար նախատեսված մեկ ամբողջական վեբ պորտալի ստեղծումը Տնտեսական զարգացման նախարարության կողմից:

Անհատական տվյալների պաշտպանության մասին օրինագծում առկա հարկադրանքը նվազեցնում է գրանցման կարեւորությունը եւ բացասականորեն է ազդում կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իշխանությունների ջանքերի վերաբերյալ հանրության ընկալման վրա:

Շահերի բախման եւ գույքի, ակտիվների հայտարարգրման ու քաղաքացիական ծառայողների ծախսերի մասին հայտարարությունները, որոնք ներառված են հակակոռուպցիոն նոր օրենսդրական մարմնում, պետք է ողջունելի լինեն եւ աջակցություն ստանան բոլոր հնարավոր չափորոշիչներով: Փոխարենը, Ուկրաինայի Սահմանդրական դատարանի որոշումը, որը վերաբերվում է #1-14/2012 գործին` ընդունված  13.03.2012թ.-ին, նվազեցնում է վերը նշված օրենքի նշանակությունը եւ ժխտում է շահերի բախման եւ հանրային ծառայողների ֆինանսական կարգավիճակի վերաբերյալ հրապարակայնության կարգավիճակը:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Ուկրաինայի ազգային պլատֆորմի անդամները դիմում են Ուկրաինայի նախագահին, առաջարկելով.

  •  հանձնարարել կառավարությանը՝ վերանայել 2011-2015թթ. կոռուպցիայի կանխարգելման եւ հակազդեցության մասին պետական ծրագրի ֆինանսավորման շրջանակը եւ աղբյուրները,
  • հանձնարարել Ուկրաինայի արդարադատության նախարարությանը՝ լրացումներ կատարել անձնական տվյալների պաշտպանության մասին օրինագծում,
  • անձնական վերահսկողության տակ առնել շահերի բախման վերաբերյալ օրինագծի զուգընթացության գործընթացը եւ Ուկրաինայի Գերագույն Ռադայի քաղաքացիական ծառայողների բարոյական վարքագծի հիմքերը:

 Եթե նախագահի թիմը չընդունի այս առաջարկությունները, Ազգային հակակոռուպցիոն ռազմավարության բազմակողմանի իրականացումը կարող է վտանգվել: Սա, իր հերթին, Ուկրաինային  կօտարի հակակոռուպցիոն արդյունավետ բարեփոխումներից եւ եվրոպական համայնքում անդամակցության հեռանկարից:

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.