Թողարկում 99

«Քաղաքացիական հասարակությունը չէր կարող անմասն մնալ եվրաինտեգրման գործընթացից»

Հարցազրույց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ 

– Պարոն Նավասարդյան, ի՞նչ հեռանկարներ է բացում ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումին Հայաստանի մասնակցությունը, եւ արդեն իսկ ի՞նչ հաջողություններ կան արձանագրված:

Արեւելյան գործընկերությունը լայն հեռանկարներ է բացում Հայաստանի առջեւ այն տեսանկյունից, որ Հայաստանը ԵՄ-ի հետ տնտեսական, քաղաքական եւ հասարակական  խորը ինտեգրացիոն հնարավորություններ է ստանում: Այս պարագայում պարզ է, որ  քաղաքացիական հասարակությունը չէր կարող անմասն մնալ այդ կարեւոր գործընթացից: Մինչ ԱլԳ-ի եւ Քաղաքացիական հասարակության ֆորումի ձեւավորումը, իմ կարծիքով, ԵՄ-Հայաստան համագործակցությունը բավականին մակերեսային էր եւ տեխնիկական: Թե´ ԵՄ-ն եւ թե´ Հայաստանը գնահատում էին գործընթացը՝ հենվելով ֆորմալ արդյունքների վրա, այսինքն՝ ընդունվել է կամ չի ընդունվել համապատասխան օրենքը, ձեւավորվել է արդյոք այս կամ այն պետական մարմինը, որը համահունչ է եվրոպական կառավարման համակարգին եւ այլն: Բայց թե ինչքանով են արդյունավետ այդ օրենքներն ու մարմինները, որքանով են փոխում հասարակության կյանքը՝ արդյունավետ չափորոշիչներ ու չափողներ չկային: Հասարակական կազմակերպություններն իրենց վերլուծությունները, իրենց մշտադիտարկման տարբեր տեսակի արդյունքները ներկայացնում էին, բայց նրանք ինստիտուցիոնալ կարգավիճակ չունեին:

Ֆորումի ստեղծումը՝ որպես ԱլԳ ինստիտուցիոնալ կառույցի, շատ կարեւոր էր, որովհետեւ նրա հետեւողական գործունեության պայմաններում անհնար է  ուշադրություն չդարձնել քաղաքացիական հասարակության կարծիքին եւ գնահատականներին: Այս պարագայում շատ կարեւոր է, որ ֆորումը կայանա որպես վստահելի եւ կազմակերպված կառույց: Միանգամից դա տեղի չունեցավ, բայց ինձ թվում է, որ այն դանդաղ  մոտենում է իր սպասված գործառույթին եւ գնալով ավելի հասկանալի եւ կազմակերպված մարմին է դառնում, եւ դրա ապացույցները նույնպես կան. ֆորումի ներկայացուցիչները մասնակցում են ՔՀՖ չորս թեմատիկ   պլատֆորմների պաշտոնական հանդիպումներին, ինչն ակնհայտ առաջընթաց է: Նրանք հնարավորություն ունեն ներկայացնել իրենց տեսակետները, մասնակցել քննարկումներին, այն դեպքում, երբ ԱլԳ առաջին փուլում լինում էին դեպքեր, երբ այդ պաշտոնական պլատֆորմների մասնակից երկրներից ոմանք, փաստորեն, փակում էին ֆորումի՝ հասարակական կազմակերպությունների մասնակցության հնարավորությունը:

Ինձ թվում է, գնալով պետք է հստակեցվեն այն ընդհանուր մեթոդները, որոնք հնարավորություն կտան քաղաքացիական հասարակությանը՝ վերլուծել զարգացումները թիրախ երկրներում: Արդեն կան բավականին հետաքրքիր փորձեր, որոնցից մեկը ես կարող եմ նշել: Դա  Եվրաինտեգրացիոն ինդեքսն է, որը բոլոր վեց երկրներում հենց քաղաքացիական հասարակությունը ներկայացնող տեղական փորձագետների  մասնակցությամբ ուսումնասիրություն է: Այդ ուսումնասիրության պիլոտային տարբերակը ներկայացվել է արդեն երրորդ ֆորումում` Պոզնանում, 2011 թվականին: Հիմա նոր զարգացումներ են տեղի ունենում,  եւ հուսով եմ, որ մայիսին  արդեն կներկայացվեն երկրորդ` ավելի հստակ եւ համապարփակ ուսումնասիրության արդյունքները: Նմանատիպ  մոնիտորինգային նախաձեռնություններ մենք սպասում ենք ֆորումից եւ  մասնակից հասարակական կազմակերպություններից:

Եվս մեկ շատ կարեւոր դրույթ. ի վերջո, բարեփոխումներին պետք է նպաստել ոչ միայն գործընկեր երկրներում, այլեւ ԵՄ-ում: Կարեւոր է, որ ԵՄ-ն եւ իր կառույցները նույնպես ուշադրություն դարձնեն ԱլԳ արդյունավետ իրականացմանը եւ գնահատականներ տան իր առաջընթացին, որովհետեւ առանց ԵՄ եւ նրա անդամ պետությունների արդյունավետ աշխատանքի՝ դժվար է սպասել, որ թիրախ երկրներում արագ բարեփոխումներ տեղի ունենան: Անհրաժեշտ է, որ ֆորումի շահագրգիռ մասնակիցներ լինեն ոչ միայն թիրախ երկրների, այլ նաեւ ԵՄ անդամ երկրների հասարակական կազմակերպությունները, եւ այստեղ իրենց դերը պետք է լինի  գործընկեր երկրների քաղաքացիական հասարակության հետ մեկտեղ վերահսկել ԵՄ կառույցների եւ ԵՄ անդամ երկրների կառավարությունների արդյունավետությունը ԱլԳ շրջանակներում: Առայժմ, ինձ թվում է, որ ԵՄ հասարակական  շատ կազմակերպություններ իրենց այդ դերը, ցավոք, չեն գիտակցում եւ իրենց ընդամենը տեսնում են որպես օգնողներ, որպեսզի ժողովրդավարական, տնտեսական  եւ այլ բարեփոխումները իրականացվեն մեր երկրներում: Իսկ թե ինչքանով են արդյունավետ այդ ամբողջ գործընթացներում ԵՄ անդամ պետութունները՝ իրենք դեռ քիչ ուշադրություն են դարձնում: Բայց շատերի մոտ՝ մասնավորապես Լեհաստանի, Չեխիայի քաղաքացիական հասարակության կազմակերպություններում, արդեն կա ընկալում, որ նաեւ այդ գործառույթն իրենք պետք է  վերցնեն իրենց ձեռքը, քանի որ, ի վերջո, քաղաքացիական հասարակությունները թիրախ երկրներում  բավականին աճել են, բավական փորձառություն եւ գիտելիքներ ունեն մեր երկրներում ինքնուրույն աշխատելու համար, եւ ԵՄ մեր գործընկեր  երկրների հիմնական դերը պետք է լինի ոչ միայն մեզ սատարելը այստեղ, այլեւ աշխատելը՝  հենց ԵՄ-ում:

– ԱլԳ վեց երկրներից որո՞նք են, որ առավել մեծ քայլերով են առաջ  գնում եւ մեծ հաջողություններ արձանագրում:

Այդ գործընթացը բավականին անհամաչափ է: Պատահում է, որ երկրներից մեկն արագ տեմպերով առաջ է անցնում, սակայն հետագայում այնտեղ տեղի են ունենում այնպիսի գործընթացներ, որոնք խանգարում են այդ տեմպի պահպանմանը: Դրա պատճառ կարող են հանդիսանալ ընտրությունները, երկրի ղեկավարների եւ կառավարության փոփոխությունը, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական կողմնորոշումների հետ կապված զարգացումները:

Ավանդաբար, լիդերները համարվում են Ուկրաինան, Վրաստանը եւ Մոլդովան: Նախ, Ուկրաինայում տեղի ունեցավ «նարնջագույն» հեղափոխություն, եւ երկրի աշխարհաքաղաքական կողմնորոշումը հստակ թեքվեց դեպի Արեւմուտք, Եվրամիություն: Հետագայում ավելի չափավոր կողմնորոշում ունեցող քաղաքական ուժեր եկան իշխանության: Չնայած դրան՝ երկրի աշխարհագրական դիրքը եւ երկրի մեծությունը այնքան կարեւոր է ԵՄ-ի համար, որ ինչ էլ տեղի ունենա երկրի ներքին քաղաքականությունում, այն միշտ լինելու է ուշադրության կենտրոնում: Իսկ երբ դու ուշադրության կենտրոնում ես, չես կարող պասսիվ լինել, եւ պարզ է, որ Ուկրաինան, անկախ կողմնակի զարգացումներից, միշտ լինելու է առաջատարների շարքում:

Մոլդովան այն երկիրն է, որտեղ կոմունիստների երկար տարիների իշխանությունից հետո լիբերալ-ժողովրդավարական ուժեր են եկել իշխանության, եւ իրենց կողմնորոշումը դեպի Եվրոպա ակնհայտ է: Նրանք բաց են տարբեր բարեփոխումների համար եւ, միգուցե, այսօր կարելի է ասել, որ Մոլդովան առաջընթացի եւ ինտեգրացիայի առաջատար է վեց երկրների մեջ:

Վրաստանը նույնպես այն երկրներից է, որը «վարդերի» հեղափոխությունից հետո արդեն  8,5 տարի է, ինչ արեւմտյան կողմնորոշում է որդեգրել, որի  հիմնական կետերից է հենց Բրյուսելը` ԵՄ-ն: Բայց վերջին տարիներին սկսել են խոսել այն մասին, որ Վրաստանը ավելի շատ զարգանում է «սինգապուրյան» ճանապարհով, երբ կոռուպցիայի դեմ պայքարը եւ տնտեսական բարեփոխումներն ուղեկցվում են ժողովրդավարական ինստիտուտների որոշակի հնարավորությունների սահմանափակմամբ: Համենայն դեպս, ինչքան էլ «սինգապուրիզացիայի» ֆենոմենն այնտեղ անընդհատ շեշտվի, ինչքան էլ խնդիրներ լինեն ժողովրդավարացման հետ, շատ տպավորիչ են այն բարեփոխումների արդյունքները, որ եղել են Վրաստանում «վարդերի» հեղափոխությունից անմիջապես հետո, եւ դրանք արդեն որոշակի պաշար են ստեղծել, որպեսզի Վրաստանը նույնպես առաջատար համարվի:

Չորորդ տեղում իր կայուն դիրքն է պահպանում Հայաստանը: Սակայն Հայաստանն այսօր առաջընթացի բավականին մեծ հնարավորություններ  ունի: Ինձ թվում է, եվրոպական կառույցներում Հայաստանին եւ Ադրբեջանին արդեն չեն դիտում որպես զույգ, որոնց նկատմամբ նույն ուշադրությունը, նույն քաղաքականությունը պիտի վարվի, քանի որ Ադրբեջանը բացահայտ ցույց է տալիս, որ իրեն ԵՄ հետ համագործակցության մեջ առաջին հերթին հետաքրքրում են էներգետիկ անվտանգության խնդիրները, այսինքն՝  իր նավթային եւ գազային պաշարները ԵՄ երկրներ հասցնելը: Հետեւաբար, Եվրամիությունը չի կարող չգնահատել այդ երկրի դերը էներգետիկ անվտանգության ոլորտում, իսկ այլ բաղադրիչներն այդքան էլ չեն կարեւորվում:

Մինչդեռ Հայաստանում հակառակ պատկերն է. մենք Եվրոպային առաջարկելու ո՛չ գազ ունենք, ո՛չ նավթ, հետեւաբար պետք է առաջարկենք համագործակցություն այլ ոլորտներում, որպեսզի ինտեգրացման գործընթացը փոխադարձ հետաքրքիր լինի: Եվ դա, իհարկե, որոշակի տարբերակում է ստեղծում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ, ինչո՞ւ չէ, նաեւ հնարավորություններ է ստեղծվում Հայաստանի համար՝ ԵՄ կողմից ընկալվել որպես հավակնոտ երկիր, որը նույնպես ուզում է ԱլԳ երկրների շարքում առաջատարներից մեկը լինել:

Ադրբեջանի մասին տարբեր գնահատականներ կան, թե որ տեղում է այն: Համենայն դեպս, այն սանկցիաները, որոնք կիրառվում են Բելառուսի նկատմամբ՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների հետ կապված խնդիրների պատճառով,  Ադրբեջանի հանդեպ  չեն նախաձեռնվում: Սակայն, եթե օբյեկտիվ գնահատենք իրավիճակը երկրի ներսում եւ երկրի եվրաինտեգրացման պոտենցիալի մասին չդատենք զուտ աշխարհաքաղաքական տեսանկյունից, ապա ես չէի ասի, որ Ադրբեջանը քաղաքական ազատությունների, ժողովրդավարության, ինչպես նաեւ  մարդու իրավունքների առումով շատ  առաջ է անցել Բելառուսից: Ուղղակի, ի տարբերություն Բելառուսի, Ադրբեջանը, համենայն դեպս, իր արեւմտյան ուղղվածությունը շեշտում է: Բելառուսը՝ ընդհակառակը, ներկայացված չէ Եվրոպայի խորհրդում, եւ այդ  հարաբերություններում որեւէ զարգացում չի նկատվում: Սառեցվել են Արեւելյան գործընկերության որոշ ուղղություններ: Պետությունը չի մասնակցում Եվրանեսթում, որն Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովն է, ո´չ էլ՝ ազգային եւ թեմատիկ պլատֆորմներում: Սակայն, ի վերջո, բավական է շատ փոքր քաղաքական առաջընթաց Բելառուսում, որպեսզի այդ երկիրը հետնապահներից միանա առաջատարներին, որովհետեւ Բելառուսի ներքին կյանքի կազմակերպման շատ ոլորտներում բավական լավ վիճակ է,  եւ այնտեղ բարեփոխումներ իրականացնելը շատ ավելի հեշտ է: Ինչ վերաբերում է քաղաքացիական հասարակության ֆորումին, ապա կարող եմ ասել, որ Բելառուսի քաղաքացիական հասարակությունն ամենաակտիվներից մեկն է ՔՀՖ-ում, ինչը վկայում է երկրի հասարակական մեծ ներուժի մասին:

– Պարոն Նավասարդյան, Դուք նշեցիք, որ էներգետիկ համագործակցությունը Ադրբեջանի համար առաջնահերթ խնդիր է: Իսկ Հայաստանի համար այս չորս պլատֆորմներից  առաջնայինը ո՞րն է:  Ի՞նչ ունի առաջարկելու Հայաստանը ԵՄ-ին: 

Այն, ինչ միանշանակ Հայաստանը կարող է առաջարկել՝ ինստիտուցիոնալ փոփոխություններն են երկրում: Այնքան արագ, որքան Հայաստանն է այս փոփոխություններն անում, երեւի թե ոչ մի երկրի դեպքում տեղի չի ունենում: Օրինակ, եթե պետք է ստեղծել նոր կառույց քաղաքացիական ծառայության ոլորտում, ապա անմիջապես այն ստեղծվում է եւ համապատասխանեցվում եվրոպական ձեւաչափերին: Գործնականում դա, իհարկե, շատ քիչ բան է նշանակում, բայց, միեւնույն ժամանակ, դա գնահատվում է եւ արժեւորվում Եվրոպական կառույցների կողմից: Սակայն պահ է գալիս, երբ արդեն պետք է ապացուցել, որ այդ ձեւավորված ինստիտուտներն աշխատում են եւ իրենց արտացոլումն են ստանում հասարակական-քաղաքական կյանքում: Ինձ թվում է, որ Հայաստանն արդեն մոտեցել է այն սահմանին, երբ զուտ ինստիտուցիոնալ փոփոխությունների ռեսուրսն արդեն մոտ է սպառման, եւ պետք է ցույց տալ եւ ապացուցել, որ այդ ինստիտուտներն աշխատում են եւ փոխում երկրի կյանքը: Այս տարվա խորհրդարանական եւ մյուս տարվա նախագահական ընտրությունները պետք է ապացուցեն, որ բիզնեսի եւ կառավարության սերտաճումը հաղթահարվում է, եւ առաջընթացի ցուցիչներից մեկն էլ պետք է լինի բիզնեսմենների սակավ ներկայացվածությունը խորհրդարանում: Կամ, եթե մենք բարեփոխում ենք հարկային, մաքսային համակարգերը, պիտի երեւա, որ Հայաստանում առանձին տնտեսական ոլորտների մենաշնորհացումը հաղթահարվում է, եւ  ձեւավորվում է ազատ մրցակցության  դաշտ: Մենք ունենք ոլորտներ, որոնք, փաստորեն, ամբողջությամբ պատկանում են կոնկրետ մարդկանց, եւ որեւէ այլ գործարարի մուտքն այնտեղ՝ անհնար է: Եթե  մաքսային, հարկային համակարգն աշխատում է այնպես, որ ստեղծվեն հավասար մրցակցային հնարավորություններ, դա պիտի իր արտացոլումը ստանա սեփականատերերի շրջանում, այսինքն՝ երկրի տնտեսական ռեսուրսի 80%-ը  չպետք է պատկանի 40-50 ընտանիքի: Եթե ինստիտուցիոնալ փոփոխությունները որակական փոփոխությունների չբերեն,  ապա Հայաստանը ԱլԳ երկրների շարքում լավագույն դեպքում կմնա իր չորրորդ տեղում:

Հարցազրույցը վարեցին Նունե Հարությունյանը եւ Լիլիթ Թամամյանը


Հայտամրցույթի հրավեր

20.04.2012

Ոչ պետական բնագավառի գործիչների եւ տեղական իշխանությունների զարգացմանը (գործունեության ծավալումը գործընկեր երկրներում)  եւ հարեւանության քաղաքականության քաղաքացիական հասարակությանն ուղղված ծրագիր (Եվրոպական հարեւանության եւ գործընկերության գործիք)

 Հայտագրի համարը` EuropeAid/132-945/L/ACT/AM 

Եվրոպական հանձնաժողովը մրցույթի է հրավիրում Հայաստանի ոչ պետական բնագավառի գործիչներին եւ տեղական իշխանություններին` ոչ պետական բնագավառի գործիչների եւ տեղական իշխանությունների զարգացմանն ուղղված 2011-2012թթ. տարեկան գործողությունների ծրագրի ֆինանսական օժանդակության շրջանակներում: Դիմումների համար անհրաժեշտ ուղենիշների փաթեթը տեղակայված է հետեւյալ ինտերնետային կայքէջերում.

– Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կայքէջ`
http://www.eeas.europa.eu/delegations/armenia/index_en.htm
– EuropeAid-ի պաշտոնական կայքէջ`
https://webgate.ec.europa.eu/europeaid/online-services/index.cfm?ADSSChck=1303391986094&do=publi.welcome&userlanguage=en

Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2012թ հունիսի 4-ը, երկուշաբթի, տեղական ժամանակով ժամը 16:00:

Այս եւ EIDHR 132-766 հայտամրցույթների վերաբերյալ տեղեկատվական հանդիպումը տեղի կունենա երկուշաբթի, ապրիլի 30-ին, 09:30, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում: Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել՝ էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելով Սոնա Նահապետյանին` հետեւյալ հասցեով sona.nahapetyan@eeas.europa.eu: Մասնակցել կարող են միայն գրանցված թեկնածուները: Գրանցման վերջնաժամկետը 2012թ ապրիլի 23-ն է, երկուշաբթի:


«SOS մշակույթ» ծրագիրը վերականգնում է մշակույթի լքված հուշարձանները Հայաստանի եւ Վրաստանի սահմանային շրջաններում

17.04.2012

Լքված եւ ավերված եկեղեցիներ, վանքեր, միջնադարյան բնակատեղի եղած քարանձավներ, գերեզմանատեղեր եւ հինավուրց պաշտամունքային վայրեր՝ այս ամենը Հարավային Կովկասի հեռավոր շրջանների խնամքի եւ ուշադրության կարիք ունեցող մշակութային բազմաթիվ անտեսված արժեքների սոսկ մի մասն են: Այդ հիմնախնդրի լուծմանն է ուղղված Արեւելյան գործընկերության (ԱլԳ) Մշակութային ծրագրի շրջանակներում Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող, 24 ամիս տեւողությամբ «SOS մշակույթ» ծրագիրը, որի մեկնարկը 2012-ի հունվարից սկսել է «Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը» (FPWC):

Ինչպես տեղեկացվում է ԱլԳ մշակութային ծրագրի մամուլի հաղորդագրության մեջ, ծրագրի առանցքային նպատակը Հայաստանի եւ Վրաստանի հեռավոր սահմանամերձ շրջանների՝ ոչնչացման վտանգի ենթակա մշակութային արժեքների հաշվառումն ու պահպանությունն է` տեղական համայնքների բնակիչների ներգրավվածությամբ:  Ծրագրի հիմքում ընկած է այն գաղափարը, որ լավ պահպանված, բացահայտված, ուսումնասիրված, ինչպես նաեւ ներկայացված պատմական վայրերը հսկայական ազդեցություն են ունենում հեռավոր, աղքատ շրջաններում տնտեսական, սոցիալական եւ մարդկային զարգացմանը նպաստող միջավայրի ձեւավորման գործում, տարածաշրջանը գրավիչ դարձնում զբոսաշրջիկների համար:

«SOS մշակույթ» ծրագիրը համատեղ իրականացնում են «DVV International» (Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտ) կազմակերպության Թբիլիսիի տարածաշրջանային գրասենյակը եւ «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպություն» (ՀՃՈՒԿ) ՀԿ-ն:

«SOS մշակույթ» ծրագրի փորձագետ, ՀՃՈՒԿ հասարակական կազմակերպության նախագահ Սամվել Կարապետյանի խոսքով՝ ծրագրի հիմնական խնդիրներից են ինքնագիտակցության եւ տարածաշրջանի հարուստ մշակութային ժառանգության ճանաչողության բարձրացումը:

«Ճանաչողության փոխանցումը տեղի բնակչությանը եւ հատկապես երիտասարդությանը՝ կնվազեցնի տգիտության հետեւանքով իրականացվող գանձախուզությունը: Ծրագիրը նաեւ անուղղակիորեն կկրճատի արտագաղթը, քանի որ երբ ճանաչում ես երկիրդ, սիրում ես ու կապվում»,- ասում է Սամվել Կարապետյանը:

Ծրագրի կարեւորագույն մոտեցումներից մեկը Վրաստանի եւ Հայաստանի սահմանամերձ գյուղերում ապրող երիտասարդների (14-ից 21 տարեկան) ներգրավումն է:  Երիտասարդներն ակտիվորեն կմասնակցեն իրենց բնակավայրերում գտնվող հուշարձանների պահպանման եւ ուսումնասիրման աշխատանքներին: Սա հնարավորություն կընձեռի, որ «Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» եւ նրա գործընկեր «DVV International»-ի կողմից հիմնած երիտասարդական ակումբների ցանցի մասնակիցների շրջանում նոր մոտեցումներ սերմանվեն, գիտելիքներ փոխանցվեն շրջապատող մշակութային արժեքների մասին, վեր հանվեն պահպանության կարեւորությանն առնչվող խնդիրներ:  Ծրագրի միջոցառումներին մասնակցության միջոցով Երիտասարդական ակումբների անդամները կնպաստեն իրենց մարզերի մշակութային կյանքի եւ զբոսաշրջության զարգացմանը: Երիտասարդական ակումբները կաշխատեն որպես ինքնուրույն կազմակերպություններ՝ ովքեր կիրականացնեն երիտասարդների անվճար մշակութային կրթություն, մասնավորապես կազմակերպելով պատմության, մշակույթի, արվեստի, լուսանկարչության եւ ֆիլմերի նկարահանման անվճար դասընթացներ:

12 միլիոն եվրո արժողությամբ Արեւելյան գործընկերության մշակութային ծրագրի նպատակն է՝ օգնել գործընկեր երկրներում մշակութային քաղաքականության մեջ պետական մակարդակով բարեփոխումների իրականացմանը, ինչպես նաեւ կարողությունների զարգացմանը եւ տարածաշրջանում մշակույթի գործիչների պրոֆեսիոնալիզմի բարելավմանը: Այն ձգտում է ամրապնդել տարածաշրջանային մշակութային կապերը եւ երկխոսությունը՝ ինչպես Արեւելյան գործընկերության տարածաշրջանի ներսում, այնպես էլ Եվրամիության եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության Արեւելյան երկրների մշակութային ցանցերի եւ գործիչների միջեւ:
(ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)


Պահպանել բնության հրաշքը

17.04.2012

Սեւանը տասնամյակներ շարունակ հուսահատորեն դիմադրում է իր ջրերի աղտոտմանը: Ուղակիորեն այս բարձրադիր հրաշք լճի ավազան են թափվում ափամերձ քաղաքների ու գյուղերի կեղտաջրերը՝ լրջորեն վտանգելով շրջակա միջավայրը: Դեռեւս խորհրդային ժամանակներում կառուցված կոյուղագծերը եւ կեղտաջրերի մաքրման կայանները շարքից դուրս են եկել՝ պատշաճ ուշադրության բացակայության հետեւանքով: Հայաստանի իշխանությունները վերջերս որոշում են կայացրել՝ անպայմանորեն լուծել այդ խնդիրը: Բարեբախտաբար, Սեւանա լիճ թափվող կեղտաջրերի ծավալների կրճատմանն ուղղված ջանքերը միջազգային աջակցություն են ստացել:

Սա Եվրամիության տարածաշրջանային ծրագրի շրջանակներում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից ֆինանսավորվող` «Սեւանա լճի բնապահպանական ծրագիր»  նախաձեռնության զեկույցն է հայերեն: (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն):

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.