Թողարկում 97

«Եվրանեսթի» համանախագահ. «Լեռնային Ղարաբաղը մնում է վիճելի խնդիր»

 05.04.2012

Բաքվում տեղի ունեցած «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի երկրորդ նիստի ուշադրության կենտրոնում էին էներգետիկային եւ անվտանգությանը, խորհրդարանական ժողովրդավարությանը եւ քաղաքացիական հասարակության դերի բարձրացմանը, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության երկրներում տնտեսական բարեփոխումներ իրականացնելուն ուղղված աջակցության հարցերը:

Եվրախորհրդարանի անունից տարածված մամուլի հաղորդագրությունում ներկայացված էին վերոհիշյալ հարցերի վերաբերյալ ընդունված բանաձեւերը, ինչպես նաեւ կոչ՝ Յուլյա Տիմոշենկոյին պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու վերաբերյալ:

«Այս նիստն այն բանի ապացույցն է, որ մենք դասեր ենք քաղել մեր նախորդ փորձից, եւ հանդիսանում է վեհաժողովը հաջողությամբ անցկացնելու բոլոր գործընկերների համատեղ ջանքերի առհավատչյան»,- ասել է «Եվրանեսթի» համանախագահ, Ուկրաինայի նախկին արտգործնախարար Բորիս Տարասյուկը:

«Լեռնային Ղարաբաղը խորհրդարանական այս վեհաժողովի ամենահակասական հարցերից մեկն է»,- ասել է «Եվրանեսթի» համանախագահ, Եվրախորհրդարանի պատգամավոր Քրիստիան Վիգենինը: Նա ասել է, որ հարկավոր է արժանին մատուցել Հայաստանին եւ Ադրբեջանին, անկախ առկա տարաձայնություններից, մեկ սեղանի շուրջ նստելու պատրաստակամության համար եւ հավելել է. «Ինձ հպարտություն է պարգեւում այն, որ այս վեհաժողովում տիրում է խիստ եվրոպական մոտեցում»:

Հույս հայտնելով, որ հակամարտությունը «հավերժ չի տեւի», պարոն Վիգենինը նշել է, որ «Եվրանեսթը» երկկողմանի հակամարտությունների լուծման «ձեւաչափ» չէ, եւ օրակարգում դրան վերաբերող հարցի ընդգրկումը կարող էր սոսկ կողմերին տարանջատելու առիթ հանդիսանալ: «Մենք կարող ենք միայն ձգտել նպաստել առավել վստահություն, ըմբռնողություն  հաստատելու եւ երկխոսության ուղիներ գտնելու հարցում»,-ասել է նա:

Տարասյուկն ընդգծել է, որ չնայած ինքը հասկանում եւ հարգում է որպես նիստը հյուրընկալողի՝ Ադրբեջանի զգացմունքները, սակայն բազմակողմ վեհաժողովը չի կարող իրեն թույլ տալ անդրադառնալ այնպիսի հարցերի, որոնք համարժեք կարեւորություն չունեն բոլոր մասնակիցների համար: Նա նշել է, որ ուրիշ երկրներ նույնպես ունեն նմանատիպ հիմնահարցեր եւ կարող են պնդել, որ դրանք նույնպես քննարկվեն, ինչպես օրինակ Մերձդնեստրը՝ Մոլդովայում, կամ Աբխազիան եւ Հարավային Օսեթիան՝ Վրաստանում:

«Ցավոք սրտի, Խորհրդային Միությունը մեզ շատ տխուր ժառանգություն է թողել, եւ Արեւելյան հարեւանությունում առկա հիմնախնդիրները դրա ուղղակի հետեւանքն են»,- հավելել է Տարասյուկը:

«Եվրանեսթն» ընդունել է հինգ բանաձեւ, որոնցում Եվրախորհրդարանի եւ Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների պատգամավորները.

  • նախազգուշացնում են էներգետիկ անվտանգության առկա վտանգների մասին,
  • կոչ են անում բարձրացնել խորհրդարանների տեղը եւ դերը ժողովրդավարության հանդեպ գալիք սպառնալիքներին առավել վճռականորեն դիմագրավելու հարցում,
  • հորդորում են առավել մեծ աջակցություն ցուցաբերել  Արեւելյան գործընկերների տնտեսական մերձեցմանը,
  • անհրաժեշտ են համարում ընդլայնել քաղաքացիական հասարակության իրավունքներն ու հնարավորությունները,
  • կոչ են անում անհապաղ պատշաճ բժշկական օգնություն տրամադրել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին:

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հերթական հաջորդ նիստը կկայանա 2013թ. մայիսի 28-29-ին, Բրյուսելում, որտեղ ակնկալվում է, որ կհաստատվի տարածաշրջանի անվտանգության կարեւորագույն հարցերի վերաբերյալ հիմնական հաշվետվությունը: (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն):

Եվրոպական ներդրումային բանկի՝ «Արեւելյան գործընկերություն հանուն զարգացման» կոնֆերանս

05.04.2012

Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ)՝ մայիսի 24-ին Վիեննայում կայանալիք «Արեւելյան գործընկերություն հանուն զարգացման» կոնֆերանսը նվիրված է լինելու Արեւելյան գործընկերության (ԱլԳ) երկրների եւ Եվրամիության միջեւ սերտ եւ արդյունավետ համագործակցության ընդլայնմանը:

Կոնֆերանսի մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ քննարկման երեք հիմնական թեմաներ են ընտրված. տարածաշրջանային տնտեսական հեռանկարներ եւ առաջնահերթություններ, տեղական մասնավոր սեկտորի զարգացում եւ տնտեսության զարգացմանն ուղղված ենթակառուցվածքներ:

Նիստերի մասնակիցները կքննարկեն բանկերի դերը տեղական մասնավոր սեկտորի զարգացման նպատակով ընկերություններին եւ փոքր եւ միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) ֆինանսավորելու գործում: Բանախոսները կհստակեցնեն, թե  տարածաշրջանին ինչ ենթակառուցվածքներ են անհրաժեշտ տնտեսական աճ ապահովելու համար, եւ թե ինչպես խթանել ծրագրի  զարգացումն ու իրականացումը:

ԵՆԲ-ն աջակցում է Եվրոպական հարեւանության քաղաքականությանը՝ Արեւելյան գործընկերության երկրներում Եվրամիության համար որոշակի հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր ֆինանսավորելով: ԵՆԲ ներկայիս մանդատով 5.3 միլիոն եվրոյով ավելացել է Ռուսաստանին եւ ԱլԳ երկրներին՝ Հայաստանին, Վրաստանին, Ադրբեջանին, Մոլդովային, Ուկրաինային եւ հեռանկարում՝ Եվրախորհրդի եւ Եվրախորհրդարանի հետ Համաձայնագրի ստորագրման պարագայում՝ Բելառուսին,  տրամադրվող վարկավորումն ու արտոնությունները:

Այս մանդատը վերաբերում է Եվրամիության համար կարեւոր նշանակություն ունեցող ծրագրերի իրականացմանը՝ ԱլԳ երկրների բանկերի միջոցով տրանսպորտի, էներգետիկայի, հեռահաղորդակցության եւ բնապահպանական ենթակառուցվածքների ոլորտների եւ 2009թ. կեսերից ծավալված՝ ՓՄԲ-ների վարկավորման միջոցով, Միջազգային ֆինանսական ինստիտուտների՝ ՄՖԻ(IFI) Գործողությունների համատեղ պլանի շրջանակներում: (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

 Եվրամիությունը ներդաշնակեցնում է իր աջակցության ծրագրերը եւ գործընկեր երկրների ձգտումները

03.04.2012

Արեւելյան գործընկերությունը (ԱլԳ) գործիք է, որը Եվրամիությանը հնարավորություն է ընձեռում իր աջակցության ծրագրերը ներդաշնակեցնել գործընկեր երկրների ձգտումներին եւ կարիքներին: Այդ մասին Բաքվում հայտարարել է ԵՄ ընդլայնման եւ եվրոպական քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն՝ ելույթ ունենալով «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստում, որը նա ընութագրել է որպես «գործընկեր երկրների եւ ԵՄ անդամ պետությունների խորհրդարանականների միջեւ ժողովրդավարության եւ առաջավոր փորձի փոխանակման միջոց»:

Նա Եվրախորհրդարանի եւ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի պատգամավորներին ասել է. «Այնպիսի արժեքների ստեղծումը, ինչպիսիք են ազատությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությունը եւ օրենքի գերակայության ապահովումը, մեր գործընկերության հիմքն է, եւ մենք ուզում ենք մայրցամաքի արեւելյան հատվածում ընդլայնել կայունության եւ անվտանգության սահմանները»:

Ֆյուլեն նշել է, որ ուրախ է նիստի մասնակիցների մեջ տեսնել հայկական խորհրդարանի ներկայացուցիչներին, ափսոսանք է հայտնել բելառուս գործընկերների բացակայության առիթով եւ հավելել. «Բելառուսի իմ տեսլականը ժողովրդավարական եւ բարգավաճ երկիր է, ուր չկան քաղբանտարկյալներ, եւ որը խորապես ինտեգրված է եվրոպական արժեքների համընդհանուր տիրույթում»:

Ֆյուլեն ընդգծել է, որ ԵՄ ծրագիրը՝ ընդլայնել այսպես կոչված՝ «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքով գործընկեր երկրներին տրամադրվող օգնությունների ծավալը, մշակվել է ոչ միայն Արաբական գարնանն արձագանքելու նպատակով, այլ նաեւ արեւելյան գործընկերների համար:

«Մենք ցանկանում ենք մեր գործընկերներին օգնել քաղաքական եւ տնտեսական բարեփոխումներ իրականացնելու եւ զարգացման եվրոպական մոդելին անցնելու հարցում, ինչը կդառնա երկարատեւ կայունության երաշխիք»,- հայտարարել է ԵՄ հանձնակատարը:

Շտեֆան Ֆյուլեն նշել է նաեւ, որ «Եվրանեսթի» ներդրումը չափազանց մեծ է Արեւելյան գործընկերության զարգացման, համընդհանուր կարեւորություն ունեցող նպատակների իրագործման եւ արդյունքների գնահատման գործում:

Նա ընդգծել է նաեւ քաղաքացիական հասարակության եւ իշխանությունների միջեւ երկխոսության ամրապնդման անհրաժեշտությունը, ինչն այժմ իր աջակցությունն է ստանում Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի շրջանակներում, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության եւ կառավարությունների միջեւ 2011-ի սեպտեմբերից ի վեր հաստատված պարբերական եւ համակարգված երկխոսության միջոցով:

Վարշավյան գագաթնաժողովի առաջադրած տեմպը պահպանելու համար Եվրամիությունը մտադիր է Արեւելյան գործընկերների ոչ ֆորմալ երկխոսություն կազմակերպել, ինչը կօգնի ամրապնդել կապը գործընկերների միջեւ եւ «անհրաժեշտության դեպքում խորացնել ոլորտային համագործակցությունը»,- ասել է Եվրահանձնակատարը: Նա այդ երկխոսություններն անվանել է «քաղաքական ղեկավարման գործիք», որը գործընկերների մեջ կամրապնդի Արեւելյան գործընկերությանը մասնակից լինելու զգացումը (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն):

Եվրամիությունը եւ Ուկրաինան նախաստորագրել են Ասոցացման համաձայնագիրը՝  ներառելով նաեւ ազատ առեւտրի գոտու մասին դրույթը

02.04.2012

Եվրամիություն-Ուկրաինա Ասոցացման համաձայնագրի տեքստը, որում ներառված է նաեւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու (ԽՀԱԱԳ) մասին դրույթը, մարտի 30-ին նախաստորագրվել է բանակցող կողմերի գլխավոր ներկայացուցիչների կողմից:

Մամուլի հաղորդագրության մեջ ասված է. «Ընդսմին, բանակցող կողմերի գլխավոր ներկայացուցիչները հաստատել են ԽՀԱԱԳ էության, Համաձայնագրի  տեքստն իրավաբանական ստուգման ենթարկելու, այդ թվում նաեւ տեխնիկական հավելվածների եւ արձանագրությունների վերաբերյալ  համաձայնությունը, որը նրանց միջեւ հաստատվել էր 2011թ. դեկտեմբերի 22-ին»:

Կողմերի գլխավոր բանակցողները գործել են Եվրամիության եւ Ուկրաինայի ղեկավարների հանձնարարությամբ, ովքեր 2011թ. դեկտեմբերին տեղի ունեցած ուկրաինաեվրոպական գագաթնաժողովի ժամանակ հայտարարել են, որ իրենք ավարտել են Ասոցացման համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները, որոնք ուղղված են Եվրամիության եւ Ուկրաինայի միջեւ քաղաքական ասոցացման եւ տնտեսական ինտեգրման հաստատմանը: Երկու կողմերն էլ հավաստել են իրենց ձգտումը՝ Ասոցացման համաձայնագիրը ստորագրման պատրաստելու համար անհրաժեշտ հետագա տեխնիկական քայլերի կատարելագործման վերաբերյալ:

Այս Համաձայնագիրը կփոխարինի 1998թ. ստորագրված Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրին եւ պայմանագրային-իրավական հիմք կհանդիսանա ուկրաինաեվրոպական հարաբերությունների համար:

Այս տարվա մարտին Ուկրաինայի էներգետիկայի նախարարի եւ ԵՄ ընդլայնման եւ եվրոպական քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հանդիպումից հետո հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ հիշատակվում էր, որ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը եւ վավերացումը կախված է Ուկրաինայում տիրող քաղաքական իրավիճակից, մասնավորապես՝ համընդհանուր արժեքների պահպանումից եւ օրենքի գերակայության ապահովումից: (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն):

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.