Թողարկում 96

«ԵՎՐԱՆԵՍԹ» ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎ

ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը մասնակցում է «Եվրանեսթ» ԽՎի լիագումար նիստին

www.parliament.am

02.04.2012

ՀՀ խորհրդարանական պատվիրակությունն ապրիլի 1-ին մեկնել է Բաքու` մասնակցելու «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի երկրորդ լիագումար նիստին: Պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավորներ Վահան Հովհաննիսյանը (պատվիրակության ղեկավար), Արտակ Զաքարյանը, Նաիրա Զոհրաբյանը, Լիլիթ Գալստյանը, Խաչիկ Պետրոսյանը, Ստյոպա Սաֆարյանը, Հովհաննես Սահակյանը, Արամ Սաֆարյանը, Մանվել Բադեյանը, պատասխանատու քարտուղար Կարինե Շիմշիրյանը: Վեհաժողովի նիստերը տեղի կունենան ապրիլի 1-4-ը:

Մինչ Բաքու մեկնելը «Եվրանեսթ» ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ, ԵԺԿ-ին անդամակցող ՀՀ խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչներ Արտակ Զաքարյանը, Ստյոպա Սաֆարյանը եւ Հովհաննես Սահակյանը Թբիլիսիում, մարտի 30-31-ին հանդիպել են Եվրոպական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում նախապատրաստական քննարկումներ են անցկացվել Բաքվում կայանալիք «Եվրանեսթ» ԽՎ-ի լիագումար նիստի աշխատանքների վերաբերյալ:

ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը Երեւան կվերադառնա ապրիլի 5-ին:

«ԵՎՐԱՆԵՍԹ» ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎ

Բելառուսը Եվրամիությունից ավելի ռեալ օգնություն է ակնկալում,- Եվրախորհրդարանի անդամներին ասում են բելառուսցի այլախոհները

Euronest web

Բելառուսում իրական փոփոխությունների հասնելու համար Եվրամիությունը չպետք է բավարարվի «սեմինարներով եւ բանաձեւերով», այլ պետք է ավելի ռեալ օգնություն ցուցաբերի,- Եվրախորհրդարանի անդամներին եւ ԱլԳ գործընկերերին երկուշաբթի Ադրբեջանի խորհրդարանում ասացին բելառուսցի այլախոհները:

«Մենք ձեզնից ակնկալում ենք կոնկրետ գործողություններ. ֆինանսական, տեխնիկական եւ քաղաքական աջակցության ծրագրեր: Դուք շատ բան ասացիք, սակայն ակնհայտ է, որ այդ ամենն Ալեքսանդր Լուկաշենկոյի վրա ազդելու միջոց չէ»,- ասաց Բելառուսի «Ժողովրդական ճակատի» անդամ Ալեքսեյ Յանուկեւիչը:

Եվրախորհրդարանի բարոյական աջակցությունը շատ բարձր է գնահատվում, սակայն տիրող իրավիճակը փոխելու իրական գործիքները բացակայում են,- ասաց  բելառուս այլախոհ Ալեքսանդր Միլինկեւիչը, ով 2006թ.-ին արժանացել է Եվրախորհրդարանի՝ Սախարովի անվան՝ Մտքի ազատության մրցանակին: Մյուս այլախոհներն ավելի կոշտ արտահայտվեցին. «Եվրամիության քաղաքականությունը շատ թույլ է: Ձեր կիրառած սանկցիաները իրական պատժամիջոցներ չեն, այլ սոսկ նախազգուշացումներ: Մեզ անհրաժեշտ են իրական պլաններ, փող եւ պայմաններ, այլ ոչ թե միայն սեմինարներ եւ բանաձեւեր…»:

Եվրախորհրդարանի անդամները համաձայնեցին, որ հատկապես երկու անձանց մահապատիժը, որ իրականացվեց, չնայած Լուկաշենկոյին ԵՄ խորհրդարանի եւ այլ ինստիտուտների կողմից ուղղված կոչերին, ցույց տվեց, որ Բելառուսի հանդեպ բաց լինելու եւ նրա դեմ պատժամիջոցներ կիրառելու՝ Եվրամիության երկկողմանի քաղաքականությունը չի գործում, եւ որ անհրաժեշտ է մի «երրորդ ճանապարհ» գտնել: Եվրախորհրդարնի անդամները եւ Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների ներկայացուցիչները ապրիլի 2-ից 4-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի ունեցող «Եվրանեսթ» միջխորհրդարանական վեհաժողովի երկրորդ լիագումար նիստի վերջում Բելառուսի հարցերով աշխատանքային խմբում հանդիպեցին Բելառուսի քաղաքացիական հասարակության եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ:

Բելառուսի  հարցերով աշխատանքային խմբի՝ բելառուսական խորհրդարանի հետ կապված վերջնական նպատակը «Եվրանեսթի» լիիրավ անդամի կարգավիճակով նրա՝ Եվրախորհրդարանի անդամ դառնալն է: Նման իրավունք վաստակելու համար Բելառուսը պետք է ազատ, արդար եւ միջազգային կազմակերպությունների (ԵԱՀԿ) կողմից ճանաչված ընտրություններ իրականացնի: – Բելառուսում ընթացող ներկայիս իրադարձությունները ցույց են տալիս, որ այդ հեռանկարը գնալով ավելի քան անիրականանալի է դառնում,– ասել է Եվրախորհրդարանի աշխատանքային խմբի ղեկավար Յացեկ Սարյուզ-Վոլսկին (ԵԺԿ, Լեհաստան): Վերջինս խոստովանել է նաեւ, որ դժվար է «Եվրանեսթի» խմբի ընթացիկ նիստը համարել Բելառուսը «Եվրանեսթին» ավելի մոտեցնելու քայլ, քանի որ Բելառուսի իշխանությունները մերժում են այդ մասնակցության առաջարկը: «Մենք այժմ առավել ամբողջականորեն ենք տեղեկացված Բելառուսի հասարակությունում տիրող իրավիճակի մասին: Այս թեման օրակարգում պահելով մենք հույս ենք հայտնում, որ մի օր Բելառուսի խորհրդարանի անդամները կգրավեն իրենց թափուր աթոռները «Եվրանեսթում»,– ասել է նա:

Աշխատանքային խումբը համաձայնել է Եվրանեսթի լիագումար նիստին առաջարկ ներկայացնել իր գործունեության մանդատը երկարացնելու մասին, մինչեւ որ  բելառուսական   խորհրդարանը դառնա «Եվրանեսթի» լիիրավ անդամ:

Վեհաժողովին հրավիրված Բելառուսի երկու այլ ներկայացուցիչներ չեն կարողացել մասնակցել, քանի որ նրանց արգելվել է  երկրից դուրս գալ: ԵՄ-Բելառուս սահմանի ամբողջ երկայնքով մարդկանց տեղաշարժը բավական դժվարին է: Անցյալ տարվա վերջին «Եվրանեսթի» երկու ներկայացուցչի՝ Եվրախորհրդարանի պատգամավոր Իվարս Գորդմանիսին (Լատվիա) եւ Բելառուսի հարցերով աշխատանքային խմբի համանախագահ Դումիտրու Դիակովին (Մոլդովա) մերժվել է բելառուսական վիզա տրամադրել, այն հիմնավորմամբ, որ քանի դեռ Բելառուսի խորհրդարանը «Եվրանեսթի» անդամ չէ, նրանք չեն կարող այնտեղ մուտք գործել:

«Եվրանեսթը» աշխատանքային պլատֆորմ է, որտեղ Եվրախորհրդարանի անդամները հանդիպում են Եվրամիության արեւելյան 5 հարեւանների իրենց գործընկերների հետ: Բելառուսին մերժվել է այդ կառույցին մասնակցությունը՝ ընտրությունները միջազգային հանրության կողմից ընդունված ազատության եւ ժողովրդավարության չափանիշներով անցկացնել չկարողանալու պատճառով:

Հայաստանում, Վրաստանում եւ Ուկրաինայում մեկնարկել է «Գրքի ասպարեզ» ծրագիրը

28.03.2012

Մարտի վերջին մեկնարկել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Գրքի ասպարեզ» ծրագիրը, որը կոչված է աջակցելու գրահրատարակչությանը Հայաստանում, Վրաստանում եւ Ուկրաինայում: Այն իրականացվում է Արեւելյան գործընկերության Մշակութային ծրագրի շրջանակներում: Առաջիկա երկուսուկես տարում Հայաստանի, Վրաստանի եւ Ուկրաինայի գրահրատարակչական ոլորտներն  աջակցություն կստանան լուծելու այն խնդիրները, որոնց այսօր առնչվում են հրատարակիչները, գրողներն ու թարգմանիչները:

Ինչպես տեղեկացվում է մամուլի հաղորդագրության մեջ, ծրագիրը նախատեսված է գրքի հետ մասնագիտական կապ ունեցող եւ դրա ապագայով հետաքրքրված մարդկանց՝ հրատարակիչների, գրողների, թարգմանիչների, գրավաճառների, գրադարանավարների եւ նրանց միավորումների, ինչպես նաեւ մշակույթի պետական մարմինների եւ մշակութային կազմակերպությունների համար: Ծրագրի հեռահար նպատակը ընթերցողին ցուցաբերվող օգնությունն է, ով իրավունք ունի հավակնել սեփական լեզվով եւ մատչելի գներով բարձրորակ գիրք ունենալու:

Ծրագրի միջոցառումները նվիրված են  ցանկացած հրատարակչական ոլորտի երեք հիմնական թեմաներին.

  • Արդյունաբերությանը կամ այն հարցին, թե ինչպես կարող են հրատարակիչները շարունակել պահպանել իրենց դերը՝ բարձրորակ գրքերի լույսընծայման գործում՝ ընդսմին պահպանելով իրենց գործարար կենսունակությունը,
  •  Ընթերցողին՝ թե 21-րդ դարում ինչ է կատարվում ընթերցողների լսարանի հետ, եւ ինչպես նրա մեջ հետաքրքրություն արթնացնել գրքի հանդեպ,
  • Միջազգային երկխոսությանը, կամ թե ինչպես են ընթերցողները եւ գրողները թարգմանության միջոցով շփվում տարբեր մշակույթների հետ եւ ինչպես ավելի լայն տեղ տալ գրականությանը թարգմանությանը:

Ծրագիրը մեկնարկել է Թբիլիսիում, ուր մարտի 26-27-ին ոչ պետական կազմակերպությունների եւ միավորումների համար կայացել է ռազմավարական պլանավորմանը եւ միջոցների հայթայթմանը նվիրված դասընթաց: Մշակույթի ոլորտի կառավարման հարցերի բրիտանացի  փորձագետ Սյու Քեյի վարած դասընթացին մասնակցել են 21 պատվիրակ Հայաստանից, Վրաստանից եւ Ուկրաինայից:

Առաջիկա մի քանի տարում ծրագիրը գրահրատարակչական ոլորտի հայ, վրացի եւ ուկրաինացի մասնագետներին հնարավորություն կընձեռի կատարելգործել իրենց հմտությունները եւ գիտելիքները, լինել արտերկրում եւ շփվել իրենց արտասահմանցի գործընկերների հետ, ստանալ անհրաժեշտ ինֆորմացիա, որը նրանց կօգնի ապագային վերաբերող հարցեր լուծելիս:

12 միլիոն եվրո արժողությամբ Արեւելյան գործընկերության մշակութային ծրագրի նպատակն է՝ օգնել գործընկեր երկրներում մշակութային քաղաքականության մեջ պետական մակարդակով բարեփոխումների իրականացմանը, ինչպես նաեւ կարողությունների զարգացմանը եւ տարածաշրջանում մշակույթի գործիչների պրոֆեսիոնալիզմի բարելավմանը: Այն ձգտում է ամրապնդել տարածաշրջանային մշակութային կապերը եւ երկխոսությունը ինչպես Արեւելյան գործընկերության տարածաշրջանի ներսում, այնպես էլ Եվրամիության եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության Արեւելյան երկրների մշակութային ցանցերի եւ գործիչների միջեւ: (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Սցենարի զարգացման դասընթաց

Մասնակցության հայտերի ընդունում

Հ ո ւ ն ի ս ի  11-15, 2 0 1 2
Ե ր եւ ա ն , Հ ա յ ա ս տ ա ն
 

Արեւելյան գործընկերության «Ռեժիսորներ առանց սահմանների» (ՌԱՍ) ծրագիրն այժմ հայտեր է ընդունում խաղարկային ֆիլմերի սցենարի զարգացման դասընթացի համար, որը տեղի է ունենալու Երեւանում, 2012թ. հունիսի 11-15-ին: Դասընթացն ուղղված կլինի սցենարի զարգացման ստեղծագործական մոտեցումներին, սցենարի զարգացման հիմնարար հմտություններ կտրամադրի սկսնակ սցենարիստներին, պրոդյուսերներին եւ ռեժիսորներին՝ հետաքրքիր սցենարներ ստեղծելու եւ համաշխարհային կինոշուկայի ասպարեզում ավելի մրցունակ դառնալու ակնկալիքով:

Սցենարի զարգացման դասընթացը ՌԱՍ Արեւելյան գործընկերության ծրագրի մի մասն է, որը հովանավորվում է Եվրամիության կողմից եւ իրականացվում է «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի եւ իր գործընկերների կողմից` MAIA (Իտալիա), INTERFILM (Ուկրաինա), Պրոմեթեւս կինոարվեստի կենտրոն (Վրաստան) եւ INTERNEWS (Հայաստան):

Ով կարող է դիմել:

Դասընթացին կարող են մասնակցել միայն Եվրամիության Արեւելյան գործընկերության երկրների, այսինքն` Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի եւ Ադրբեջանի կինոգործիչները:

Դիմորդները պետք է բավարարեն հետեւյալ պահանջներին`

  1. համալսարանական բարձրագույն կրթություն կինոյին առնչվող բնագավառում կամ որոշակի պրակտիկ փորձի առկայություն կինոարտադրության եւ զարգացման ոլորտում,
  2. հարկավոր է ունենալ ֆիլմի մեկնաբանություն (treatment) (սցենար` առնվազն սկզբնական փուլում), որը հարկավոր է զարգացնել եւ կատարելագործել,
  3. եթե դիմորդը հենց սցենարիստը չէ, ապա պետք է ակտիվորեն ներգրավված լինի սցենարի զարգացմանը` որպես պրոդյուսեր կամ ռեժիսոր,
  4. կինոնախագծի նվազագույն տեւողությունը պետք է լինի 70 րոպե:

Ինչպես կարելի է դիմել:

Դիմորդները պետք է ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրին, ստորեւ նշված էլ. փոստով, մինչեւ 2012թ. ապրիլի 15-ը.

  1. պատշաճ կարգով լրացված դիմումի թերթիկը (հղումը՝ ստորեւ),
  2. դիմորդի կենսագրությունը (ներառել լեզվի իմացությունը),
  3. համառոտ նկարագրություն այն կազմակերպության, որտեղ աշխատում է դիմորդը (եթե առկա է),
  4. մոտիվացիոն նամակ` ներառյալ դասընթացից ակնկալվող սպասելիքները,
  5. կինոարտադրության բնագավառից երկու մասնագետի երաշխավորագրեր,
  6. դիմորդի՝ տվյալ կինոնախագծի մեկ էջանոց սինոփսիս,
  7. կինոնախագծի զարգացման նկարագրություն, այդ թվում` գնահատված բյուջե եւ նախնական ֆինանսական պլանը:

Կարող եք ներբեռնել դիմումի հարցաթերթիկը եւ մանրամասն հայտարարությունը ԱՅՍՏԵՂ եւ ԱՅՍՏԵՂ:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն ապրիլի 15-ն է:

Լրացուցիչ տեղեկությունների, այլ սեմինարներ, դասընթացների ծրագրերին ծանոթանալու համար կարող եք այցելել www.dabhub.com  (շուտով) կամ կապվել

Տաթեւիկ Մանուկյանին, ՌԱՍ ծրագրի համակարգող, էլ փոստ՝ t.manoukyan@gaiff.am

Advertisements
This entry was posted in Հայերեն, Uncategorized. Bookmark the permalink.