Թողարկում 94

 Էշթոնը վճռականորեն դատապարտում է մահվան դատավճռի իրականացումը Բելառուսում

19.03.2012

ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության գծով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը վճռականորեն դատապարտել է Վլադիսլավ Կովալյովի հանդեպ մահապատճի իրականացումը, ով 2011թ. նոյեմբերին Մինսկի մետրոպոլիտենում կատարված ահաբեկչական գործողության համար մահվան էր դատապարտվել Դմիտրի Կոնովալովի հետ միասին, ում ճակատագիրը դեռեւս մնում է անհայտ:

Էշթոնի մամուլի քարտուղարը տեղեկացրել է, որ  մարտի 17-ին հրապարակված հայտարարության մեջ Էշթոնն ընդգծել է, որ ինքը «գիտի այն սարսափելի հանցագործությունների մասին, որոնց համար դատապարտվել են այդ անձինք, եւ խորապես ցավակցում է զոհերի հարազատներին եւ տուժածներին»: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ մեղադրյալների նկատմամբ պատշաճ իրավական ընթացակարգ չի իրականացվել, եւ նրանց ինքնապաշտպանության իրավունք չի տրամադրվել:

Հայտարարության մեջ ասվում է, որ Եվրամիությունը կտրականապես հանդես է գալիս գերագույն պատժի կիրառման դեմ, եւ ընդգծվում է, որ «մահապատիժը համարվում է դաժան եւ անմարդկային պատիժ, որն  ամենեւին էլ զսպող հանգամանք չէ, այլ ընդհակառակը, ինքնին՝ մարդկային արժանապատվությունը եւ անձեռնմխելիությունը բացառող երեւույթ է»:

Գերագույն հանձնակատարը կոչ է անում Բելառուսին՝ եվրոպական այն միակ պետությանը, որտեղ դեռեւս կիրառվում է մահապատիժը, որպես դրա լիակատար վերացմանն ուղղված առաջին քայլ,  միանալ մահվան դատավճռի համաշխարհային մորատորիումին:

Իսկ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտարարել է, որ ինքը ցնցված է մահապատժի իրականացման մասին լուրից: «Մահապատիժն անդառնալի, անմարդկային եւ մարդկային արժանապատվությունը նվաստացնող պատիժ է: Եվրոպական խորհրդարանը ցանկացած պարագայում կտրականապես մերժում է դրա կիրառումը»,– իր հայտարարության մեջ ասել է Մ. Շուլցը:

Մահապատժի իրականացումը դատապարտել է նաեւ Եվրախորհրդարանի ամենամեծ խմբակցության՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) պատգամավորական խումբը (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

ԻՆՈԳԵՅԹ-ի երկրները քննարկում են տարածաշրջան ներդրումների ապահովման հնարավորությունները

13.03.2012

Բրյուսելում երկու շաբաթ առաջ տեղի ունեցած սեմինարում քննարկվել է ԻՆՈԳԵՅԹ ծրագրի դերը տարածաշրջանում ներդրումների ապահովման  գործում: Իրենց եզրակացություններում սեմինարի մասնակիցները բացահայտել են ներդրումների ճանապարհը խոչընդոտող օրենսդրական, ադմինիստրատիվ եւ ֆինանսական արգելքները եւ առաջ են քաշել դրանք հաղթահարելու գաղափարներ:

Սեմինարի «Համաձայնեցմանն ուղղված հաջորդող քայլերը» սեկցիայի եզրակացություններում ասվում է. «Կայուն էներգետիկայի ոլորտում ներդրումների նպատակը դրական գնահատականի է արժանացել եւ պետք է զուգակցվի  Եվրամիությունում ՎԷԱ-ի (վերականգնվող էներգիայի աղբյուրների) եւ էներգաարդյունավետության զարգացմանն ուղղված ֆինանսական գործիքներով:  Բացի դրանից, պետք է մշակվի եւ ներդրվի «հզորությունների առքուվաճառքի պայմանագրի» մոդելը: Այդ պայմանագիրը պետք է նպաստի ներդրումների վերադարձին՝ պայմանով, որ քաղաքական որեւէ փոփոխություն չի կարող ազդել դրա վրա»:

«Համաձայնությանն ուղղված» ութը քայլերից չորսն այսպիսին են.

  • Կայուն էներգետիկայի ոլորտ ներդրումների ճանապարհին առկա պատնեշների աղյուսակի մշակում, որը կարտացոլի շահագրգիռ խմբերի եւ գործընկեր երկրների կողմից բխող խոչընդոտները:Աղյուսակը կլրացվի ճանաչողական այցերի ընթացքում եւ կօգնի գծագրել իրականում առկա եւ ներդրումների հիմնական արգելք համարվող հանգամանքների ներկայիս պատկերը: Ծրագիրն այդ աղյուսակը կօգտագործի իր գործունեության պլանավորման համար:
  • Վերականգնվող էներգիայի եւ էներգաարդյունավետության՝ բանկերի կողմից ընդունելի ծրագրերի  պատրաստման եւ գնահատման ուսուցման կազմակերպում տեղական բանկիրների եւ ծրագրեր մշակողների համար:
  • Ծրագրերի իրականացումը նախապատրաստողների համար ուսուցման կազմակերպում (առավելապես նպատակաուղղված՝ ըստ արդյունաբերության ոլորտների)՝ ներառյալ բանկիրների եւ ծրագրերի իրականացումը նախապատրաստողների միջեւ գործնական կապերի համակարգի ստեղծումը:
  • Եվրոպական ծառայությունների հետ կապերի ապահովում, ինչպիսիք են, օրինակ, Վերականգնվող էներգիայի աղբյուրների եվրոպական ասոցիացիան եւ գործընկեր երկրների՝ նմանատիպ ասոցիացիաների եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ցանցերը: Իրականում ԻՆՈԳԵՅԹ ծրագիրը հենց նման միավորումների հետ պետք է գործակցի: Դա կարեւոր է ներդրումների ճանապարհին առկա պատնեշներն ի չիք դարձնելու, տեղեկատվության եւ փորձի փոխանակման համար:

ԻՆՈԳԵՅԹ-ը Եվրամիության կողմից ֆինանսավորվող՝ ԵՄ-ի եւ գործընկեր երկրների (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ուկրաինա, Մոլդովա, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Ուզբեկստան եւ Թուրքմենստան) միջեւ էներգետիկ համագործակցության միջազգային ծրագիր է, որն աջակցում է Բաքվի նախաձեռնության, Արեւելյան գործընկերության էներգետիկ անվտանգության պլատֆորմի եւ Էներգետիկ ընկերակցության շրջանակային ծրագրերին: (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Էլեկտրասարքերի մակնշման եւ էկոդիզայնի հարցերով սեմինար Մոլդովայում

13.03.2012

Քիշնեւում (Մոլդովա) ս.թ. մարտի 15-16-ին տեղի է ունեցել էլեկտրասարքերի մակնշման եւ էկոդիզայնի հարցերին նվիրված սեմինար: Այն անցկացվել է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ԻՆՈԳԵՅԹ նախագծի «Շենքերի էլեկտրամատակարարման ապահովման նախաձեռնություն» (ESIB) ծրագրի շրջանակներում:

Հայաստանի, Վրաստանի, Բելառուսի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները եւ փորձագետները մասնակցել են միջոցառումներին, ներկայացրել եւ փոխանակել են միմյանց առաջավոր փորձը: Ֆինլանդացի փորձագետը հանդես է եկել «Էներգետիկային առնչվող ապրանքների էկոդիզայնը. օրենսդրության ներկայացում, գործընթացի նկարագրություն եւ կարգավորման օրինակներ» զեկույցով:

Քննարկված թեմաներից են.

  • Մակնշմանը եւ էկոդիզայնին վերաբերող ԵՄ օրենսդրության ներկայացում, ԵՄ եւ գործընկեր երկրների պատասխանատվությանը եւ ինստիտուցիոնալ համակարգին առնչվող հարցեր,
  • Երկրներում տիրող իրավիճակը, տարածաշրջանային եւ Եվրամիության հետ համագործակցության հնարավորություններ,
  • ԵՄ երկրների օրինակներ, ինչպես նաեւ Չեխիայի, Ֆինլանդիայի եւ Հայաստանի վերաբերյալ մանրամասն ակնարկ,
  • Էներգետիկային առնչվող ապրանքների մակնշման եւ կենցաղային էներգաարդյունավետ տեխնիկայի գովազդ սպառողների շրջանում,
  • Հնարավոր միջոցների ամփոփում. ինչպես խանութներում ստուգել էներգաարդյունավետության մասին պիտակներում առկա տեղեկատվությունը:

Միջոցառմանը մասնակցել են պետական պաշտոնյաներ, ոլորտային նախարարությունների, սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների, էներգաարդյունավետության գործակալությունների, տեխնիկական լաբորատորիաների ներկայացուցիչներ եւ այլոք, ովքեր անմիջականորեն պատասխանատու են  էներգաարդյունավետության մակնշման եւ էկոդիզայնի ոլորտի օրենսդրության մշակման, հարմարեցման, ներդրման եւ կիրառման համար: (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.