Թողարկում 93

Սերժ Սարգսյանը Բելգիայում հանդիպել է ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ

07.03.2012

Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցն ավարտվել է ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ հանդիպմամբ:

Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկա վիճակին, եվրաինտեգրման ուղղությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին, ԵՄ օժանդակությամբ իրականացվող եւ հեռանկարային ծրագրերին, այդ թվում՝ Հայաստանում ձեռնարկված լայնածավալ բարեփոխումների գործընթացին, որը մեր երկիրը, Նախագահի հավաստմամբ, վճռական է զարգացնելու ԵՄ չափանիշներին համապատասխան:

Շտեֆան Ֆյուլեն նշել է, որ չափազանց տպավորված է այն առաջընթացով, որը կարճ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունն արձանագրել է Արեւելյան գործընկերության ծրագրի ներքո իրականացված բարեփոխումներով:

ՀՀ նախագահը եւ ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատարը մանրամասն քննարկել են բոլոր ուղղություններով ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարը, այդ թվում՝ ԵՄ Արեւելյան գործընկերության նոր գաղափարախոսության հիմքում ընկած «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքը, որը նախատեսում է Եվրամիության կողմից գործընկեր երկրներին ավելի շատ աջակցության տրամադրում՝ ավելի շատ բարեփոխումների դիմաց:

Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, ավարտելով աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն, վերադարձել է Երեւան:

 

Եվրոպական հարեւանության Քաղաքացիական հասարակության հիմնադրամ. ոչ պետական սուբյեկտների կողմից բարեփոխումների իրականացման ներուժի զարգացման եւ  ԱլԳ երկրներում հաշվետվողականության բարձրացման՝ 3,5 միլիոն եվրո արժողությամբ ծրագրի մասնակցության մրցույթ

06.03.2012

Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է հայտարարություն ոչ պետական սուբյեկտների կողմից բարեփոխումների իրականացման ներուժի զարգացման եւ  ԱլԳ երկրներում (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Բելառուս, Մոլդովա եւ Ուկրաինա) հաշվետվողականության բարձրացման համար նախատեսված՝ 3,5 միլիոն եվրո արժողությամբ տեխնիկական աջակցության ծրագրի մասնակցության մրցույթի մասին: Հրապարակման կոդ՝ EuropeAid/132138/C/SER/Multi.

Հայտարարության մեջ ներկայացված տեխնիկական աջակցության ծրագրի նպատակները հետեւյալն են.

  • Իրականացնել ընդհանուր հետազոտություն՝ ԱլԳ յուրաքանչյուր երկրի քաղաքացիական հասարակության՝ քաղաքական երկխոսությանը մասնակցելու եւ կոնկրետ երկրներում այդ սուբյեկտների կողմից քաղաքական երկխոսության կայացմանն ուղղված ներդրմանը վերաբերող պահանջներն ի հայտ բերելու եւ վերլուծելու համար:
  • Ծրագրի առաջին փուլում նախատեսված վերլուծության հիման վրա հասարակական կազմակերպությունների համար իրականացնել այդ ներուժի զարգացմանն ուղղված միջոցառումներ (վերապատրաստման դասընթացներ, սեմինարներ, առաջավոր փորձի փոխանակում, հասցեական աջակցության ցուցաբերում եւ այլն)՝ բարեփոխումների իրականացման գործում հասարակական կազմակերպությունների դերի եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության բոլոր ոլորտներում հրապարակային հաշվետվողականության հնարավորությունների բարձրացման համար:
  • Ապահովել Քաղաքացիական հասարակության հիմնադրամի կողմից տարածաշրջանային մրցույթի արդյունքում ընտրված ծրագրերի մոնիտորինգ, գնահատում (այդ թվում՝ գնահատման գործիքների, ընտրված ծրագրերի արդյունքների չափման եւ ազդեցության գնահատման ուսուցում), ընդհանուր կառավարում, ծրագրերի տեխնիկական աջակցություն եւ հրապարակայնություն:
  • Կազմակերպել կամ համակարգել  քաղաքացիական հասարակության, տեղական իշխանությունների եւ ԵՄ ներկայացուցիչների մասնակցությամբ ազգային եւ տարածաշրջանային մակարդակներում բազմակողմանի խորհրդատվության ապահովումը՝ նպատակ ունենալով խրախուսել նրանց մասնակցությունը (ընտրողական) Եվրամիության եւ գործընկեր երկրների միջեւ ոլորտային երկխոսության եւ երկկողմ նախագծերի ու ծրագրերի իրականացմանը:
  • Ապահովել Հիմնադրամի եւ ընդհանուր առմամբ ԱլԳ երկրներում քաղաքացիական հասարակության աջակցությանն ուղղված ԵՄ ջանքերի հանրահռչակումը՝ քաղաքացիական հասարակությանը ցուցաբերված ԵՄ աջակցության մասին նյութերի հրապարակմամբ, վեբկայքերի եւ տեղեկատվական արշավների միջոցով:

Ոչ պետական սուբյեկտների ներգրավումը տեխնիկական աջակցության ծրագրերում՝ վճռորոշ նշանակություն ունի, եւ շատ հնարավոր է, որ կոնսորցիումները ներառեն առնվազն մեկական հասարակական կազմակերպություն ԱլԳ գործընկեր 6 երկրներից (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Բելառուս, Մոլդովա եւ Ուկրաինա):

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2012թ. ապրիլի 11-ը:

36-ամսյա ծրագրի իրականացման սկիզբ է նշանակված 2012թ. հուլիսի 15-ը:

Քաղաքացիական հասարակության հիմնադրամի համար ԵՀԳԳ  հատուկ միջոցառման շրջանակներում ֆինանսավորվող այս ծրագրի պայմանագրի բյուջեի առավելագույն չափը 3,5 միլիոն եվրո է: (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.