Թողարկում 92

Բրյուսելում Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի հետ

06.03.2012

Բրյուսելում Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 6-ի երեկոյան հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի հետ:

Հանդիպման ավարտին Հայաստանի Հանրապետության նախագահը եւ Եվրոպական խորհրդի նախագահը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի հետ հանդիպման ավարտին

Շնորհակալ եմ, պարո՛ն Նախագահ, եւ կրկին իմ ուրախությունն եմ հայտնում այսօրվա հանդիպման հետ կապված: Կցանկանայի մեկ անգամ եւս հրապարակայնորեն շնորհավորել Ձեզ Եվրոպական միության խորհրդի նախագահ վերընտրվելու կապակցությամբ եւ վստահություն հայտնել, որ Ձեր պաշտոնավարության ընթացքում նոր հաջողություններ կգրանցվեն ԵՄ խորհրդի հետ մեր հարաբերություններում:

Այսօրվա մեր քննարկումների օրակարգը բավականին հագեցած էր, ինչը խոսում է մեր դինամիկ հարաբերությունների մասին:

Պարոն Վան Ռոմպոյի հետ մենք այսօր անդրադարձանք Հայաստան-ԵՄ համագործակցության հարցերին եւ քննարկեցինք մեր հետագա անելիքները: Կարեւորեցինք Հայաստանի եւ Եվրոպական միություն հարաբերություններում ներկայումս առկա բավականին լավ զարգացումները եւ վերահաստատեցինք մեր նպատակադրվածությունը շարունակաբար խորացնել մեր համագործակցությունն ամենատարբեր բնագավառներում` տնտեսության, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության եւ հասարակական կյանքի բոլոր բնագավառներում բարեփոխումների իրականացման համար:

Մենք նաեւ քննարկեցինք Հայաստանում եվրոպական չափանիշներին համապատասխան լայնածավալ բարեփոխումների իրականացման ընթացքը: Եվ վերահաստատեցինք, որ բարեփոխումները կազմում են ԵՄ հետ մեր ընդհանուր օրակարգի բաղկացուցիչ մասը:

Ընդգծեցինք, որ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում գրանցված առաջընթացը վկայում է հիմնական խնդիրների շուրջ կողմերի մոտեցումների ու պատկերացումների ընդհանրության մասին: Գոհունակությամբ նշեցինք, որ մոտ ապագայում ԵՄ-ի հետ կսկսվեն նաեւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի ստեղծելու մեր բանակցությունները: Ինչպես նաեւ կարեւորեցինք բոլորովին վերջերս Երեւանում մեկնարկած Եվրոպական միության երկրների մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի շուրջ բանակցությունները:

Անդրադարձանք նաեւ ԵՄ Խորհրդի՝ ս.թ. փետրվարի 27-ին ընդունված Հարավային Կովկասի վերաբերյալ եզրակացություններին: Իմ գոհունակությունը հայտնեցի, որ Հայաստանին վերաբերող մասում ԵՄ դիրքորոշումը համահունչ է մեր մոտեցումներին, այն հստակ արտահայտում է մեր հարաբերություններում գրանցված առաջընթացն օրակարգային բոլոր հիմնական հարցերում:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ եզրակացություններն առավել ողջունելի են, դրանք եւս մեկ անգամ վերահաստատում են այն փաստը, որ Հայաստանի եւ միջազգային հանրության, ներառյալ ԵՄ դիրքորոշումները համահունչ են: Մենք բազմիցս շեշտել ենք, որ ԼՂ ժողովուրդը եվրոպական ընտանիքի մաս է, նույն արժեքների կրողը: Հայաստանը մշտապես շեշտել է ԼՂ իշխանությունների հետ ուղիղ շփումների անհրաժեշտությունը:

Անդրադարձանք մարդու իրավունքների բնագավառում մեր համագործակցությանը, որը վերջին տարիներին բավական ակտիվացել է: Արդեն երեք անգամ կայացել են Մարդու իրավունքների շուրջ ԵՄ-Հայաստան երկխոսության հանդիպումները, որոնք, համատեղ գնահատականի համաձայն, անցել են բաց եւ կառուցողական մթնոլորտում: Նման մեխանիզմը երկուստեք հնարավորություն է ընձեռնում արծարծել փոխադարձ հետաքրքրություն եւ մտահոգություն ներկայացնող հարցերի շրջանակ, ինչպես նաեւ քննարկել մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում կոնկրետ համագործակցության հեռանկարներ:

Անդրադարձ կատարեցինք Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին: Նշեցի, որ Հայաստանի իշխանությունները, իրոք, վճռական են 2012թ. մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները կազմակերպել եւ անցկացնել միջազգային չափանիշներին համապատասխան: Մենք հաստատակամ ենք նոր թափ հաղորդելու մեր երկրում ընթացող համապարփակ բարեփոխումներին: Այս համատեքստում ազատ եւ արդար ընտրությունների անցկացումն առանցքային նշանակություն ունի:

Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, եւ մենք անհամբերությամբ սպասում ենք Ձեզ Երեւանում: Շնորհակալ ենք, որ Դուք Ձեր խոստումը կատարում եք:

Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի հայաստանյան պատվիրակների ժողովը

01.03.2012

2012թ. մարտի 1-ին Երեւանի Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի հայաստանյան պատվիրակների ժողովը, որին մասնակցում էին նաեւ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ  այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ժողովը  նախագահում էր ՔՀՖ ՀԱՊ ազգային համակարգող Սեյրան Մարտիրոսյանը:

Ժողովի մասնակիցները քննարկեցին  2011թ. նոյեմբերի 21-ին ընդունված ՀԱՊ Կազմակերպչական սկզբունքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ  հարցը: Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բ.Նավասարդյանը նշեց, որ  անհրաժեշտ է մինչեւ ՔՀՖ պատվիրակների ժողովի հաջորդ նիստը ներկայացնել ՀԱՊ Կազմակերպչական սկզբունքների վերաբերյալ առաջարկությունները, որպեսզի հաջորդ ժողովում արդեն հնարավոր լինի  համապատասխան որոշում կայացնել դրա վերաբերյալ: Տեղեկացվեց, որ առայսօր բանավոր առաջարկ է եղել Վաչե Քալաշյանի կողմից՝ ով առաջարկում է վերադառնալ 2010թ. հունիսին ընդունված ՀԱՊ կանոնակարգին, իսկ երկրորդ առաջարկը Երեւանի մամուլի ակումբի կողմից մշակված տարբերակն է:  Նշվեց նաեւ, որ ՔՀՖ հայաստանյան 36 պատվիրակ կազմակերպություններից չորսը՝ «Էկոթիմ», «Եվրոպական ինտեգրացիա», «Երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» եւ «Եվրոպական շարժում» հկ-ները, ՀԱՊ Կազմակերպչական սկզբունքների պահանջներին համապատասխան, դեռեւս որեւէ կերպ չեն հաստատել ՔՀՖ պատվիրակների ժողովին իրենց անդամակցելու ցանկությունը եւ այս պահին չեն համարվում այդ մարմնի անդամ:

Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված՝ «ԱլԳ երկրներում քաղաքացիական հասարակության հզորացումը, այդ թվում՝ կառավարության եւ քաղաքացիական հասարակության միջեւ համագործակցությունը եւ պետական կառավարման եւ քաղաքացիական հասարակության բարեփոխումները» զեկույցի նախագծի վերաբերյալ հայաստանյան ՔՀԿ-ների առաջարկները որոշվեց ուղարկել Գյումրու ժուռնալիստների Ասպարեզ ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանին, ով դրանք կհամակարգի՝ հետագայում ընդհանուր փաթեթով այն ԱԺ ներկայացնելու համար:

Զեկույցի վերաբերյալ ստացված առաջարկներն ամփոփելուց հետո համազեկուցողները՝ Արտակ Զաքարյանը եւ Իլանա Մալինովա Յոտովան վերջնական ու ճշգրտված փաստաթուղթը կներկայացնեն Բյուրոյին` ապրիլին Բաքվում կայանալիք լիագումար նիստում  ընդունելու ակնկալիքով: Նշվեց, որ  այդ զեկույցը  խորհրդատվական բնույթ ունի եւ ուղեցույց է Արեւելյան  գործընկերության երկրներում քաղաքացիական հասարակությունների իրավունքներն ու ազատություններն ապահովելու, կարողություններն ավելացնելու, համախմբելու եւ կառավարության  հետ համագործակցելու ճանապարհին:

ՔՀՖ հայաստանյան պատվիրակների հաջորդ հանդիպումը նշանակվեց ս.թ. մարտի 29-ին, ժամը 14.00-ին:

ԱԼԳ ՔՀ ֆորումի հայաստանյան պատվիրակների հանդիպումը ՀՀ փոխարտգործնախարար Զոհրապ Մնացականյանի հետ

01.03.2012

 ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի հայաստանյան պատվիրակների ժողովի անդամները, որին մասնակցում էին նաեւ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ  այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մարտի 1-ին հանդիպեցին ՀՀ փոխարտգործնախարար Զոհրապ Մնացականյանի հետ, ով ներկայացրեց Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության ներկա վիճակը եւ հեռանկարները: «Վստահ եմ, որ այն համընդհանուր արժեքները, որոնց վրա հիմնվում են Եվրամիության հետ մեր հարաբերությունները, կօգնեն մեզ՝ կյանքի կոչել մեր տեսլականը՝ կառուցել եվրոպական չափանիշներին համապատասխան երկիր: Այս մոտեցման շուրջ մեզանում առկա է լայն քաղաքական կոնսենսուս»,­- նշեց փոխարտգործնախարարը:

 Զ. Մնացականյանը փաստեց, որ Հայաստան-Եվրամիության համագործակցությունը վերջին շրջանում չափազանց ակտիվացել է բոլոր մակարդակներում: Նա խոսեց ԵՄ-ՀՀ հարաբերությունների ներկայի հիմքը հանդիսացող համագործակցության համաձայնագրի եւ, մասնավորապես, Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների առաջընթացի մասին: Նա ասաց, որ դրանից բխող, բայց որոշ չափով ինքնուրույն ցարգացում ունի Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու  համաձայնագրի կնքումը, որը մեծ նշանակություն կարող է ունենալ մեր տնտեսության զարգացման, մրցակցային դաշտի ընդլայնման եւ մեր շուկան ավելի ճանաչելի դարձնելու առումով:

Բանակցությունների մյուս ուղղությունը վիզային ռեժիմի դյուրացման եւ ռեադմիսիայի շուրջ երկվորյակ համաձայնագրերի կնքումն է, որով երկու կողմերն էլ պարտավորվում են համագործակցել անլեգալ միգրացիայի դեմ պայքարի հարցում: Փոխարտգործնախարարը համոզմունք հայտնեց, որ վիզային ռեժիմի դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագրեր կնքումը հնարավոր է արդեն այս տարվա ընթացքում:

Պրն Մնացականյանը ներկայացրեց Ասոցացման համաձայնագրի էությունը եւ կառուցվածքը՝ նշելով, որ բանակցային ամբողջ թիմն աշխատում է մեծ պատասխանատվությամբ եւ մեր երկրի շահի հստակ գիտակցությամբ:

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հնարավորություն ունեցան իրենց տեսակետներն արտահայտել Ասոցացման համաձայնագրի բանակցային գործընթացի վերաբերյալ: Բաց հասարակության հիմնադրամների հայաստանյան գրասենյակի տնօրեն Լարիսա Մինասյանը նշեց, որ քանի դեռ համաձայնագիրը ստորագրված չէ, անհրաժեշտ է, որ հայաստանյան քաղաքացիական հասարակության տեսակետներն ինչ-որ ձեւով լսելի լինեն եւ իրենց արտահայտությունը գտնեն համաձայնագրի մեջ:

Իրենց հարցերը բարձրաձայնեցին եւ տեսակետներն արտահայտեցին Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը, «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» հկ­-ի համակարգող Հովսեփ Խուրշուդյանը, «Արազա» հկ­-ի նախագահ Թամարա Աբրահամյանը:  Հովսեփ Խուրշուդյանին մտահոգում էր այն, որ չնայած Հայաստանի եվրաինտեգրման խորացման մասին հայտարարություններին, երկիրն առաջընթաց չի ապրում. տնտեսության մոնոպոլիզացիան խորանում է,  որեւէ առաջընթաց չկա աղքատության հաղթահարման, սոցիալական արդարության հաստատման, մարդու իրավունքների պաշտպանության եւ բազմաթիվ այլ ոլորտներում: «Այնպիսի տպավորություն է, որ միայն արտգործնախարարությունն է եվրաինտեգրվում, մյուսների համար ամեն ինչ մնում է նույնը»,- ասաց Խուրշուդյանը: Տիկին Մինասյանին եւ Աբրահամյանին մտահոգում էր այն, որ քաղաքացիական հասարակությունը Ասոցացման համաձայնագրի դրույթների մասին տեղեկանալու, քննարկումներին մասնակցելու եւ առաջարկություններ անելու հնարավորություն չունի, եւ դա անարդարացի է՝ հռչակված ժողովրդավարական սկզբունքների տեսանկյունից: «Եթե ես մասնակից չեմ եղել այդ փաստաթղթի քննարկմանը եւ ընդունմանը, ապա ես դրա կրողը չեմ կարող լինել եւ հետեւաբար հասարակությանն այդ մասին իրազեկել եւ պատրաստել դրան՝ հաստատ չեմ կարողանա»,­- ընդգծեց տիկին Աբրահամյանը:

Զոհրապ Մնացականյանը նշեց, որ քաղաքացիական հասարակության ռեսուրսը՝ վերլուծությունները, գնահատականները եւ դիտարկումներն իրենց կողմից լրջորեն ուսումնասիրվում եւ հաշվի են առնվում: «Ինչ վերաբերում է համագործակցության մեխանիզմներին՝ ձեզ հետ այսօրվա իմ հանդիպման իմաստը հենց դա է: Մենք ուզում ենք լսել ձեր կարծիքներն ու առաջարկները եւ մտադիր ենք հանդիպումներն ու այսօրինակ քննարկումները դարձնել պարբերական»,­- ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրապ Մնացականյանը:

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.