Թողարկում 91

ՀՀ եւ ԵՄ միջեւ մուտքի վիզաների դյուրացման եւ հետընդունման համաձայնագրերի շուրջ բանակցությունների մեկնարկ

ՀՀ ԱԳՆ

 27.02. 2012

Փետրվարի 27-ին Եվրոպական միությունը, ներկայացված Եվրոպական հանձնաժողովի կողմից եւ Հայաստանի կառավարությունը, ներկայացված արտաքին գործերի նախարարության կողմից, սկսեցին երկու համաձայնագրերի բանակցությունները՝ դյուրացնելու համապատասխանաբար կարճաժամկետ վիզաների տրամադրման ընթացակարգերը, ինչպես նաեւ Եվրոպական միության եւ Հայաստանի միջև անօրինական միգրանտների ռեադմիսիան։

Հայաստանի հետ վիզաների դյուրացման եւ ռեադմիսիայի բանակցությունները հաջորդում են մարդկանց միջեւ շփման բարելավմանը վերաբերող 2009թ. Պրահայի Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ ստանձնած քաղաքական հանձնառությունը։ 2011թ. սեպտեմբերին Եվրոպական հանձնաժողովն առաջարկեց Հայաստանի հետ սկսել վիզաների դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագրերի բանակցությունները։ Վիզաների դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագրերը ուժի մեջ կմտնեն միաժամանակ։

Վիզաների դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագրերը սահմանում են՝

– ավելի ցածր վիզաների համար գանձվող վճարներ բոլոր քաղաքացիների համար,

– վճարների վերացում որոշ քաղաքացիների համար (օրինակ՝ ընտանիքի անդամներ եւ կենսաթոշակառուներ),

– դիմումների ուսումնասիրման առավելագույն 10 օրացուցային օրվա ժամկետ,

– օժանդակ փաստաթղթերի պարզեցված պահանջներ,

– որոշ կատեգորիաների համար բազմակի մուտքի վիզաների ավելի շատ տրամադրում (օրինակ՝ գործարարներ),

– դիվանագիտական անձնագրերի՝ առանց վիզաների պահանջի վերացում եւ

– ավելի լավ շարժունակություն անվտանգ եւ լավ կառավարվող միջավայրում։ 

Մյուս կողմից, ռեադմիսիայի համաձայնագիրը երկկողմանի պարտավորություններ է սահմանում ստորագրող կողմերի համար՝ ընդունելու իրենց քաղաքացիներին եւ նաեւ, որոշ պայմաններում, երրորդ երկրների քաղաքացիներին եւ առանց քաղաքացիության անձանց, որոնք այլ կողմի տարածքում անկանոն իրավիճակում են գտնվում։ Դրանք մանրամասն սահմանում են նաև այս գործընթացի գործնառական եւ տեխնիկական չափանիշները։

ԵՄ Հայաստանի հետ արդեն սկսել է Շարժունակության գործընկերությունը 2011թ. հոկտեմբերին, որը մարդկանց շարժը կառավարելու համար իրավական պարտադիր ուժ չունեցող շրջանակ է՝ ԵՄ տասը անդամ պետությունների մասնակցությամբ (Բելգիա, Բուլղարիա, Չեխիայի Հանրապետություն, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Նիդեռլանդներ, Լեհաստան, Ռումինիա եւ Շվեդիա)։

Լրացուցիչ տեղեկատվություն

ԵՄ վիզային քաղաքականության նպատակն է պատշաճ հավասարակշռման հասնել ներքին անվտանգության եւ արտաքին կայունացման միջեւ՝ ընդունելի բոլոր կողմերի համար։ Այս նպատակին հասնելու ԵՄ արտաքին քաղաքականության գործիքներից են վիզաների դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագրերը։ Առայսօր ԵՄ վիզաների հեշտացման համաձայնագրեր է կնքել 9 ոչ ԵՄ անդամ երկրների հետ, որոնցից երեքը մեր արեւելյան գործընկերներն են՝ Վրաստանը, Ուկրաինան եւ Մոլդովան։ Այս համաձայնագրերի հիման վրա՝ ԵՄ եւ ոչ ԵՄ քաղաքացիները կօգտվեն վիզաների ստացման հեշտացված ընթացակարգերից։

 

ՀՀ ներկայացուցիչն ընտրվել է Եվրոպայի խորհրդի Գենդերային հավասարության հարցերով հանձնաժողովի անդամ

 ԱՐՄԵՆՊՐԵՍ

27.02.2012

Եվրոպայի խորհրդից ստացված պաշտոնական տեղեկատվության համաձայն`  Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը փակ, գաղտնի քվեարկության արդյունքում ընտրվել է Եվրոպայի խորհրդի Գենդերային հավասարության հարցերով հանձնաժողովի անդամ: Նորաստեղծ հանձնաժողովը, որը հիմնադրվել է ԵԽ Նախարարների կոմիտեի հանձնարարությամբ, պետք է զբաղվի գենդերային հավասարության քաղաքականության հարցերի մշակման եւ առաջմղման խնդիրներով:

Հանձնաժողովի կազմում ԵԽ անդամ 47 երկրից ընդգրկվել է 16-ը: Հայաստանի ներկայացուցիչը միակն է տարածաշրջանից: Հանձնաժողովում Հայաստանը ներկայացնելու է ՀՀ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության Մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի վարիչ Կարինե Սուջյանը:

 

 

Եվրանեսթ ԽՎի հանձնաժողովի նիստը Երեւանում

ՀՀ ԱԺ

22.02.2012

Ազգային ժողովի նիստերի դահլիճում փետրվարի 22-ին, առաջին անգամ Եվրամիության տարածքից դուրս, մեկնարկեց Արեւելյան գործընկերության Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի,  կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Նիստը վարող` հանձնաժողովի համանախագահ, ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանը ողջունեց ներկաներին եւ շնորհակալություն հայտեց արտագնա նիստը կազմակերպելու համար ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին, Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբին, Եվրանեսթի քարտուղարությանը, խորհրդարանի աշխատակազմին: 

Նիստին հրավիրված էին նաեւ քաղաքացիական հասարակության ֆորումի հայկական պլատֆորմի ներկայացուցիչները: Բանախոսն ընդգծեց Եվրանեսթի կարեւոր  դերակատարությունը  թե Եվրամիությանն ինտեգրվելու, եւ թե միմյանց հետ երկխոսելու առումով` նշելով, որ հասարակության մեջ մեծանում է հետաքրքրությունը Արեւելյան գործընկերության եւ մասնավորապես դրա խորհրդարանական ձեւաչափի նկատմամբ: Հայաստանը կարճ ժամկետում հաջողությամբ  ինտեգրվել է վեհաժողովի բոլոր չորս հանձնաժողովներին եւ ակտիվորեն աշխատում  է նաեւ սոցիալական հարցերի,  կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի շրջանակներում, որի գործունեության ոլորտում են կարեւոր ուղղություններ: Արտակ Զաքարյանի համոզմամբ` ներգրավվածությունն ու համագործակցությունը պետք է լինեն Եվրանեսթի ոգին` տեղ չթողնելով հակասություններին: Նա  կոչ արեց Արեւելյան գործընկեր երկրներին` միասին աշխատել Եվրանեսթի շրջանակներում` փոխըմբռնման ու փոխշահավետության պայմաններում:

Նիստի մասնակիցներին ողջունեց ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը:

 

Եվրանեսթի հանձնաժողովի երկրորդ օրվա նիստում

ՀՀ ԱԺ

23.02.2012

Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը Եվրախորհրդարանի պատգամավոր տիկին Լայմա Լյուչիա Անդրիկիենեի նախագահությամբ փետրվարի 23-ին շարունակեց աշխատանքը:

ՀՀ-ում երիտասարդության դերի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը: Նա  ծանոթացրեց Բոլոնիայի ծրագրով նախատեսված  կրթական բարեփոխումներին,  երկրում կրթական երկաստիճան եւ կրեդիտային համակարգերի ներդրմանը, ՀՀ ազգային որակավորման ծրագրերի կատարման ընթացքին եւ կարեւորեց այդ աշխատանքներում  երիտասարդության ներգրավվածության բարձր մակարդակը: Նրա տեղեկացմամբ` համալսարանական խորհուրդներում 25 տոկոսը ուսանողներ են: Բուհական համակարգում ստեղծվում են ուսանողական հետազոտական միություններ,  խորհուրդներ, որոնք ոչ միայն մասնագիտական հետազոտություններ են կատարում, այլեւ առաջարկներ ներկայացնում ուսումնական հաստատության կառավարման, աշխատաոճի վերաբերյալ: Հիմնական մարտահրավերները համընկնում են Բոլոնիայի գործընթացում առկա հիմնախնդիրներին, որոնք առնչվում են սոցիալական, ֆինանսավորման հարցերին, օրենսդրական դաշտի կատարելագործմանը, հավաստագրման մեխանիզմների բարելավմանը, կրթական նպատակով ուսանողների տեղաշարժին: Չնայած առկա հիմնախնդիրներին` Հայաստանի կրթական ոլորտում աստիաճանաբար անցում է կատարվում դեպի ուսանողակենտրոն ուսուցումը:

Քննարկվող հարցի վերաբերյալ իրենց տեսակետները հայտնեցին նաեւ ՀՀ Ազգային ժողովում գործող երիտասարդական խորհրդարանի ներկայացուցիչները: Նրանք երիտասարդական խորհրդարանի ստեղծումը կարեւորեցին ոչ միայն այն առումով, որ  տարբեր ոլորտներին վերաբերող նախագծերի քննարկումների միջոցով հասու են լինում օրենսդրական աշխատանքին, գիտակցում պետականաշինության գործի կարեւորությունը, այլեւ քննարկվող հարցերի մեջ խորամուխ լինելով` շատ ավելի լավ են պատկերացնում առկա մարտահրավերներն ու իրենց պատասխանատու զգում երկրի ապագայի համար: Նրանք համագործակցելու ցանկություն հատնեցին ԵՄ եւ Արեւելյան գործընկերության անդամ երկրների համանման կառույցների հետ:

Սոցիալական անհավասարության  եւ աղքատության հաղթահարման մասին զեկուցումով հանդես եկավ USAID հայաստանյան գրասենյակի ղեկավար տիկին Ժատինդեր Չիման: Նա տեղեկացրեց, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված` Հայաստանում աղքատության հաղթահարման ցուցանիշները վատացել են: Արդեն 20 տարի է` իրենց կազմակերպությունը Հայաստանում տարբեր սոցիալական ծրագրեր է իրականացնում, իսկ ներկայում իրենց խնդիրն է աջակցել Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների ընթացքին, քաղաքացիներին իրազեկել օրենքի առանձնահատկությունների մասին: Կազմակերպությունը զբաղվում է նաեւ հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին աշխատանքի շուկային ինտեգրելու եւ զբաղվածության հիմնախնդիրներով: Ըստ տիկին Չիմայի` իրենք հասցեական գործունեություն են իրականացնում` համագործակցելով քաղաքացիական հասարակության տարբեր կառույցների հետ:

ՀՀ սոցիալական ոլորտի գործընթացների ու առկա հիմնախնդիրների մասին ելույթ ունեցավ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը` նկատելով, որ ՀՀ-ում սոցիալական ոլորտի բարեփոխումները համահունչ են զեկույցում արծարծված դրույթներին: Ըստ նրա` համակարգի կարեւորագույն խնդիրներից է կենսաթոշակառուների սոցիալական վիճակի բարելավումը կենսաթոշակային համակարգի արմատական բարեփոխումների միջոցով, ըստ որի` գործելու է կուտակային բաղադրիչը: Կառույցի ռիսկերը չեզոքացնելու նպատակով կստեղծվի տեղեկատվական շտեմարանը:

Նախարարն անդրադարձավ նաեւ երեխաների պաշտպանության նպատակով ստեղծված ազգային, մարզային եւ համայնքային եռաստիճան համակարգի գործունեությանը, «մեկ պատուհանից» սկզբունքով բնակչությանը սոցիալական ծառայություն մատուցելու առանձնահատկություններին, աշխատաշուկայի անհավասարակշռությունը մեղմելուն, արտագաղթի նվազեցմանն ուղղված աշխատանքներին, գենդերային քաղաքականությանը, ժողովրդագրությանը, առողջապահական եւ կրթական մակարդակների բարձրացմանը, ինչպես նաեւ ոլորտին  առնչվող այլ հարցերի:

Հանձնաժողովի համանախագահ Արտակ Զաքարյանը եւ Եվրախորհրդարանի պատգամավոր Ինես Վայդերեն ներկայացրին «Արեւելյան գործընկերության երկրներում աղքատության եւ սոցիալական անհավասարության դեմ պայքարը» զեկույցի նախագծի հիմնական ուղղվածությունը: Նրանք կարեւորեցին Արեւելյան գործընկերության սոցիալական կողմը, մասնավորապես` քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային պլատֆորմների դերակատարությունն այս հարցում, տարածաշրջանային առեւտրային, տնտեսական համագործակցությամբ գործընկեր երկրների տնտեսության զարգացումը, սոցիալական անհավասարության ու աղքատության հաղթահարմանն ուղղված աշխատանքները, ԵՄ-ի փորձագիտական ու ֆինանսական աջակցությունը սոցիալական ծրագրերի իրականացման գործում:

«Շարժունակությունը որպես խթան մշակութային, կրթական եւ սոցիալական ոլորտներում փորձի փոխանակման եւ ԵՄ-ի ու ԱԳ երկրների ինտեգրման համար» թեմայի շրջանակներում ելույթով հանդես եկավ ԵՄ հայաստանյան գրասենյակի ղեկավար Թրայան Հրիստեան: Վերջինս նշեց, որ Եվրոպական միությունը մարդկանց տեղաշարժի դյուրացումը օգտակար է համարում ողջ տարածաշրջանի համար: Նրա գնահատմամբ` տեղաշարժը փոխանակումների կատալիզատոր է եւ միջմշակութային նախաձեռնությունները դյուրացնող գործոն, ինչն ավելի է նպաստում ԵՄ-ի հետ ինտեգրմանը: Զեկուցողը նշեց, որ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ տեղաշարժի դյուրացման գործընթացը սկսվել է 2011 թ. հոկտեմբերին, իսկ ավելի վաղ գործընթացը մեկնարկել էր Մոլդովայի եւ Վրաստանի հետ: Ըստ բանախոսի` տեղաշարժի ոլորտում գործընկերությունը օժանդակում է օրինական միգրացիայի կազմակերպմանը, մարդկանց արդյունավետ վերադարձի եւ վերաինտեգրման կազմակերպմանը, որով միգրացիան դրական ազդեցություն է թողնում երկրի տնտեսական զարգացման վրա եւ հնարավորություն  ընձեռում պայքար տանելու անօրինական միգրանտների դեմ: Նշվեց, որ Հայաստանում միգրացիան կառավարելու կարողությունների զարգացման ծրագրերով նախատեսվում է 3 միլիոն եվրոյի ֆինանսավորում: Պարոն Հրիստեան համոզմունք հայտնեց, որ Եվրանեսթի ԽՎ-ը լավագույն հարթակն է Արեւելյան գործընկեր պետությունների ընդհանուր եւ միասնական մոտեցումների մշակման, նոր նախաձեռնություններով հանդես գալու համար:

Թեմայի վերաբերյալ իրենց տեսակետները, առաջարկությունները եւ դիտողությունները ներկայացրին Եվրախորհրդարանի կանաչների խմբից Տատյանա Ժդանոկան, Ադրբեջանի խորհրդարանի ներկայացուցիչ Ռովշան Ռզաեւը, Ուկրաինայի խորհրդարանի ներկայացուցիչ Բորիս Տարասյուկը, Հայաստանի Երիտասարդական խորհրդարանի պատգամավոր Հարություն Ազգալդյանը, Եվրախորհրդարանի Եվրոպական ժողովրդական կուսակցությունից Ինես Վայդերեն:

«Կանանց դերի բարձրացումը խորհրդարաններում եւ քաղաքացիական հասարակությունում» թեմայի վերաբերյալ ելույթ ունեցան NDI կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Մայքլ Մըրֆին եւ «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի» նախագահ Ջեմմա Հասրաթյանը:

Մայքլ Մըրֆին նշեց, որ իրենց կառույցը Հայաստանում գործում է դեռեւս 1995 թվականից: Ըստ նրա` Հայաստանը բարձրագույն կրթությամբ կանանց հարուստ ռեսուրս ունի, որը պետք է լիարժեք օգտագործվի: «Մեր ցանկությունն է լինել ժողովրդավարական հաստատություն ստեղծելու եւ կայացնելու հավասար մասնակիցներ»,- ասաց պարոն Մըրֆին: Նշվեց, որ 2005 թ. NDI-ի կողմից ստեղծվել է կանանց առաջնորդության քարոզչական խորհուրդ, որում ընդգրկված են հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ: Ազգային ժողովրդավարական ինստիտուտի կանանց խորհուրդը ներկայացված է երկրով մեկ` ապահովելով  մասնակցության լայն շրջանակ: NDI-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ 2010-2011թթ. ստեղծվել են կանանց եւ երիտասարդ առաջնորդների դպրոցներ. 150 երիտասարդներ արդեն ավարտել են կանանց առաջնորդության, իսկ 80-ը` երիտասարդ առաջնորդների դպրոցները:

Ջեմմա Հասրաթյանն անդրադարձավ կառավարման համակարգում եւ քաղաքական որոշումների ընդունման հարցում կանանց ներկայացվածության խնդրին: Նրա կարծիքով` այս տեսակետից Հայաստանում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ: Ազգային ժողովում կանայք կազմում են 8,6 տոկոս, ինչը, ըստ նրա, ցածր ցուցանիշ է: Տիկին Հասրաթյանը նշեց, որ ՏԻՄ-երում կանայք սակավ են ներկայացված` 6,2 տոկոս, իսկ 923 գյուղապետերից  24-ն է կին: Նրա գնահատմամբ` կանայք եւ  տղամարդիկ պետք է հավասար ներկայացված լինեն օրենսդիր եւ գործադիր իշխանություններում, ակտիվորեն մասնակցեն որոշումների ընդունմանը` ազդելով երկրի զարգացման գործընթացների վրա: Այս տեսակետից տիկին Հասրաթյանը անհավասարություն է տեսնում, ինչը խանգարում է կանանց կարծիքները եւ մոտեցումները օրենքների մշակման եւ ընդունման հարցում հաշվի առնելիս: Եթե տղամարդիկ առավել ակտիվ կարող են խոսել երկրի պաշտպանությանը վերաբերող հարցերի մասին, ապա կանայք` սոցիալական եւ մշակութային հարցերի, եւ երկու սեռերի  տեսակետների համադրումը հնարավորություն կտա ավելի ճիշտ ներազդելու առաջարկվող որոշումների եւ օրենքների վրա: Այս տեսակետից, զեկուցողի կարծիքով, ՀՀ-ում որոշ տեղաշարժեր կան: Տիկին Հասրաթյանը կարեւորեց Արեւելյան գործընկերության միջոցառումների ծրագրում ներառված երկու փաստաթղթեր` գենդերային քաղաքականության պետական հայեցակարգը ու «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների մասին» օրենքի նախագիծը: Նա նշեց, որ 2010 թ. փետրվարին գենդերային հավասարության հայեցակարգն արդեն հաստատվել է կառավարության կողմից, որին հաջորդել է հայեցակարգի ռազմավարության միջոցառումների հաստատումը: Զեկուցողի կարծիքով` առաջին ընթերցմամբ ընդունված «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների մասին» օրինագծի վերջնական ընդունմամբ հնարավորություն կստեղծվի բոլոր ոլորտներում հավասարակշռել կանանց եւ տղամարդկանց մասնակցությունը:

Հանձնաժողովի համանախագահ Արտակ Զաքարյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Լարիսա Ալավերդյանը, Կարինե Աճեմյանը, Լիլիթ Գալստյանը, Հովհաննես Սահակյանը, Նաիրա Զոհրաբյանը, ուկրաինացի պատգամավոր Վլադիմիր Լեմզան, Եվրախորհրդարանի կանաչների խմբից Տատյանա Ժդանոկան, Ադրբեջանի խորհրդարանի ներկայացուցիչ Ռովշան Ռզաեւը, Հայաստանի Երիտասարդական խորհրդարանի պատգամավորներ Մարգարիտա Հակոբյանը եւ Հայկ Կոնջորյանը քննարկվող հարցի վերաբերյալ իրենց տեսակետները եւ երկրների փորձը ներկայացրին, անդրադարձան իրականացվող միջոցառումներին:

Եվրանեսթի ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, Եվրանեսթի ԽՎ-ի փոխնախագահ, բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը փակման խոսքում կարեւորեց միջազգային կառույցների ներկայացուցիչների մասնակցությունը հանձնաժողովի աշխատանքներին: Հանձնաժողովի առաջիկա հանդիպմանը նա առաջարկեց քննարկել գենդերային հավասարությանն առնչվող խնդիրները: Պարոն Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց նիստի մասնակիցներին Հայաստան այցելելու համար: «Այս առաջին միջոցառումը, որն անցկացվեց Եվրոպական Միության սահմաններից դուրս, ապացուցեց, որ արեւելյան գործընկեր պետությունները բացարձակապես ի վիճակի են անցկացնելու նման միջոցառումներ»,- ընդգծեց պարոն Հովհաննիսյանը:

Եվրանեսթի ԽՎ-ի համանախագահ, Ուկրաինայի խորհրդարանի ներկայացուցիչ Բորիս Տարասյուկը երախտիքի խոսք ասաց հայաստանցի իր գործընկերներին` նիստը գերազանց կազմակերպելու համար:

Նիստի ավարտին եզրափակիչ խոսքով հանդես եկան հանձնաժողովի համանախագահներ Արտակ Զաքարյանը եւ  Լայմա Լյուչիա Անդրիկիենեն:

Պարոն Զաքարյանը շնորհակալություն հայտնեց գործընկեր երկրների խորհրդարանների պատվիրակություններին մասնակցության եւ արդյունավետ աշխատանքի, իսկ Եվրոպական խորհրդարանին` աջակցության համար: Նա շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին հանձնաժողովի նիստը Երեւանում կազմակերպելու համար:

Լայմա Լյուչիա Անդրիկիենեն եւս երախտագիտության խոսք ասաց հայկական կողմին նիստը լավ կազմակերպելու համար: Նա տեղեկացրեց, որ հաջորդ հանդիպումը 2012 թ. ապրիլի 2-ին տեղի կունենա Բաքվում:

Արեւելյան գործընկերության Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը ավարտեց աշխատանքը:

 Մամուլի ասուլիս Եվրանեսթի ԽՎ-ի հանձնաժողովի համանախագահների մասնակցությամբ

ՀՀ ԱԺ

23.02.2012

Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի,  կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի երկօրյա  նիստի աշխատանքները փետրվարի 23-ին հանձնաժողովի համանախագահներն ամփոփեցին մամուլի ասուլիսում:

Արտակ Զաքարյանը լրագրողներին տեղեկացրեց նիստում քննարկված երկու զեկույցների մասին` նվիրված Արեւելյան գործընկերության երկրներում  քաղաքացիական հասարակությունների զարգացման ու աղքատության կրճատման հիմնախնդիրներին: Առաջին զեկույցի վերաբերյալ ստացված առաջարկներն ամփոփելուց հետո համազեկուցողները վերջնական ու ճշգրտված փաստաթուղթը կներկայացնեն Բյուրոյին` ապրիլին Բաքվում կայանալիք լիագումար նիստում  ընդունելու ակնկալիքով: Արտակ Զաքարյանի գնահատմամբ` այդ զեկույցը  խորհրդատվական բնույթ ունի եւ ուղեցույց է Արեւելյան  գործընկերության երկրներում քաղաքացիական հասարակությունների իրավունքներն ու ազատություններն ապահովելու, կարողություններն ավելացնելու, համախմբելու եւ կառավարության  հետ համագործակցելու ճանապարհին: Սոցիալական նշանակության` աղքատության դեմ պայքարին վերաբերող հաջորդ  զեկույցը նախնական էր, այն  դեռ քննարկման լրացուցիչ փուլեր անցնելու կարիք ունի:   Արտակ Զաքարյանը նկատեց, որ  հանձնաժողովի աշխատանքներին մասնակցության ցուցանիշը բարձր էր, ներկա էր նաեւ ադրբեջանական պատվիրակությունը: Այս հանձնաժողովը, համանախագահի ներկայացմամբ,  Եվրանեսթի ԽՎ-ում միակն է, որտեղ հնարավոր է լինում փոխհամաձայնության գալ եւ միասնական որոշումներ ընդունել:

Հանձնաժողովի լիտվացի համանախագահ  Լայմա Լյուչիա Անդրիկիենեն լրագրողներին ասաց, որ գոհ է առաջին անգամ կազմակերպած արտագնա նիստի աշխատանքների արդյունքներից: Տկն Անդրիկիենեն երկօրյա քննարկումները  գնահատեց արգասաբեր եւ որպես առանձնահատկություն նշեց ծավալված բաց բանավեճը, որն էլ ավելի հետաքրքիր դարձավ հայկական պլատֆորմի եւ երիտասարդական խորհրդարանի ներկայացուցիչների, մարդու իրավունքների պաշտպանի, ԵՄ-ի, միջազգային առաքելությունների  ներկայացուցիչների մասնակցությամբ: Նիստի ընթացքում քննարկվել են նաեւ մարդու իրավունքներին, կրթության եւ հեռուստատեսության օժանդակությանը, մարդկանց տեղաշարժի ազատությանը վերաբերող հարցեր: Եվրոպական խորհրդարանի պատգամավորն ուշագրավ համարեց, որ կանանց դերի բարձրացմանը նվիրված քննարկումն ամենաթեժն ու աշխույժը ստացվեց:

Համանախագահները պատասխանեցին նաեւ լրագրողների հարցերին: Հակամարտությունների կարգավորման մեջ Եվրանեսթի ԽՎ-ն ներգրավելու հնարավորության առնչությամբ Արտակ Զաքարյանը նկատեց` հարցը քննարկվել է դեռեւս վեհաժողովի կանոնադրությունը մշակելիս, եւ հայկական կողմը պնդել է ձեւակերպումներում  խուսափել անդրադառնալ հակամարտությունների կարգավորումներին: Եվրոպացի գործընկերները համաձայնել են, որ  համակարտությունների կարգավորումն ու մասնավորապես ԼՂ հարցը դուրս են Եվրանեսթի գործունեության շրջանակներից: Լիտվացի համանախագահի կարծիքով` խորհրդարանն այն միջավայրն է, որտեղ հնարավոր է ու պետք է փոխհամաձայնության գալ, սակայն ոչ լուծումներ գտնել: Չճանաչված պետությունների քաղաքացիական հասարակությունների հետ նույնպես համագործակցելու մասին հարցին ի պատասխան տկն. Անդրիկիենեն խոստացավ տեղեկություններ փոխանցել արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկումներից հետո:

Պարոն Զաքարյանը տեղեկացրեց, որ հայկական պատվիրակությունը ցանկություն ունի մասնակցելու Բաքվում կայանալիք լիագումար նիստի աշխատանքին:

Վերջում տկն Անդրիկիենեն ասաց, որ գոհ է ոչ միայն երեւանյան նիստի աշխատանքների արդյունքներից,  այլ նաեւ տպավորված  մեր երկրի գեղեցկությունից:

ԵՄ-ն Հայաստանի հետ Խորը եւ համապարփակ ազատ առևտրի գոտի ստեղծելու բանակցություններ է սկսում

http://www.yerkirmedia.am

20.02.2012

Եվրոպական միության Առեւտրային քաղաքականության հանձնաժողովը՝ բաղկացած ԵՄ 27 անդամ-երկրից, միաձայն որոշում է կայացրել Հայաստանի հետ Խորը եւ համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) ստեղծման շուրջ բանակցությունների մեկնարկի վերաբերյալ:

Էկոնոմիկայի նախարարության փոխանցմամբ, բանակցությունների մեկնարկի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) դրական որոշումն արձագանքն է վերջին մեկ տարվա ընթացքում բանակցություններին նախապատրաստվելու ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացված քայլերին: Բանակցությունների մեկնարկի համար ԵՀ-ի կողմից դրվել էին օրենսդրական փոփոխությունների, օրենսդրության կիրարկման բարելավման եւ համապատասխան կառույցների հզորացման ուղղությամբ նախապայմաններ՝ արտաքին առեւտրին առնչվող մի շարք բնագավառներում:

2011 թվականի ընթացքում Հայաստանը էական եւ շոշափելի առաջընթաց գրանցեց նշված ոլորտներում՝ պարտավորությունների եւ ամրագրված գլխավոր առաջնայնությունների կատարման եւ ավարտին հասցնելու ուղղությամբ:

Իրականացված աշխատանքը եւ դրա հիման վրա ԵՀ-ին ներկայացված համապարփակ զեկույցը հիմք հանդիսացան ԵՄ կառույցների համար, որպեսզի կայացվի բանակցությունների մեկնարկի որոշումը:

ԽՀԱԱԳ ստեղծմամբ Հայաստանը հնարավորություն կունենա դիվերսիֆիկացնելու եւ ուղղորդելու իր արտահանման կարողությունները եւ առավել բարենպաստ պայմաններով մուտք գործելու շուրջ 500 միլիոն սպառող ունեցող Եվրոպական միասնական շուկա:

Ներկայումս Հայաստանն օգտվում է ԵՄ-ի կողմից շնորհված   Արտոնությունների ընդհանրացված համակարգից (GSP+), որը հնարավորություն է տալիս ապրանքների արտահանում ԵՄ մաքսատուրքի նվազեցված դրույքաչափերով:

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.