Թողարկում 90

ԵԽԽՎի հետ երեք պայմանավորվածություն

www.a1plus.am

Փետրվար 16, 2012

Փետրվարի 27-ից ԵՄ-ի հետ մեկնարկելու են մուտքի վիզաների դյուրացման եւ հետընդունման համաձայնագրերի շուրջ բանակցությունները, ինչը մի քանի խմբերի համար էականորեն կհեշտացնի մուտքը Եվրոպական միության երկրներ:

Այս մասին ասվել է ԱԺ-ում, ուր ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է Նիդեռլանդների Թագավորության ԱԳՆ Արեւելյան գործընկերության հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Կլաաս ֆան Դեր Տեմպելին:

Տիկին Զոհրաբյանը ներկայացրել է Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները` նշելով, որ դրանք բավականին ակտիվ են ընթանում: Ներկա դրությամբ արդեն ժամանակավորապես փակվել են ապագա համաձայնագրի տնտեսական, ֆինանսական եւ ոլորտային համագործակցությանն առնչվող 22 գլուխները:

Հյուրերին հետաքրքրել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես թե ինչպես են քաղաքական ուժերը նախապատրաստվում ընտրություններին, եւ թե ինչ ակնկալիքներ կան միջազգային դիտորդական կազմակերպություններից:

Տիկին Զոհրաբյանը հյուրերին համապարփակ տեղեկատվություն է տրամադրել առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական փուլի վերաբերյալ` հատկապես կարեւորելով թե´ ԵԱՀԿ, թե´ ԵԽԽՎ երկարաժամկետ առաքելությունների գործունեությունը: Նա նշել է, որ ինքը ԵԽԽՎ-ում արդեն ունի նախնական պայմանավորվածություն, ըստ որի՝ ապագա կազմավորվելիք դիտորդական առաքելությանը մինչեւ Հայաստան ժամանելը կներկայացվեն ընտրություններին մասնակից բոլոր քաղաքական ուժերի կողմից ներկայացված խնդիրները, մտահոգությունները, թե հատկապես ինչի վրա արժե, որ ուշադրություն դարձնեն միջազգային դիտորդները: Կլաաս ֆան Դեր Տեմպելին կարեւորել է այդ նախաձեռնությունը` նշելով, որ ինքն ամեն ինչ կանի, որ երկարաժամկետ դիտորդները Հայաստանում շատ լինեն եւ հաշվի առնեն բոլոր այն մտահոգությունները, որոնք կնշեն ընտրություններին մասնակից քաղաքական ուժերը:

Այս մասին հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը։

 

Ծրագրվում է ՏՐԱՍԵԿԱ-ի 4 միլիոն եվրո արժողությամբ նախագիծ. Տրանսպորտային երկխոսություն եւ ցանցերի համատեղելիություն

13.02.2012

Եվրահանձնաժողովը հրապարակել է 4 մլն եվրո արժողությամբ ծառայությունների պայմանագրի կանխատեսում՝ Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Մոլդովայում, Տաջիկստանում, Թուրքմենիայում, Ուզբեկստանում, Ուկրաինայում, Բուլղարիայում, Ռումինիայում եւ Թուրքիայում ԵՀԳԳ-ՏՐԱՍԵԿԱ- Տրանսպորտային երկխոսություն եւ ցանցերի համատեղելիություն II ծրագրի իրականացման համար: Կանխատեսման հրապարակման կոդը՝ EuropeAid/132457/C/SER/MULTI

Ըստ կանխատեսման՝ տեխնիկական աջակցության այս ծրագրի հիմնական նպատակը տրանսեվրոպական տրանսպորտային համակարգի եւ ԵՄ Արեւելյան հարեւանների եւ Կենտրոնական Ասիայի  երկրների միջեւ կապի բարելավումն է՝ միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ համագործակցությունը պատշաճ կերպով համակարգելու եւ տրանսպորտային նախագծերում մասնավոր սեկտորին մասնակից դարձնելու ճանապարհով:

Ծրագրի նպատակներն են.

  • աջակցել ՏՐԱՍԵԿԱ-ի տրանսպորտային ենթակառուցվածքների տարածաշրջանային ներդրումային ծրագրերի մշակմանը եւ համաձայնեցմանը,
  • ամրացնել Եվրահանձնաժողովի, ՏՐԱՍԵԿԱ-ի գործընկեր երկրների, ծրագրի այլ մասնակիցների եւ միջազգային ֆինանսական ինստիտուտների միջեւ քաղաքական եւ տրանսպորտային երկխոսության մեխանիզմները,
  • օգնել Միջկառավարական խորհրդի (IGC)՝ մինչեւ 2015թ.  հեռանկարային ռազմավարության եւ համապատասխան աշխատանքային պլանների իրագործմանը՝ տրանսպորտային միջանցքի զարգացման եւ այն ԵՄ տրանսեվրոպական ցանցերին միացնելու խնդրում ՏՐԱՍԵԿԱ-ի մշտական քարտուղարությանը եւ գործընկեր երկրներին աջակցելու միջոցով,
  • ստեղծել հարմարեցված նորմատիվային-իրավական բազա՝ հատուկ ուշադրություն դարձնելով ոլորտի բարեփոխմանը:

Պայմանագրի առավելագույն բյուջեն կկազմի 4 միլիոն եվրո:

Այս ծրագիրը հիմնված կլինի 2009-2012թթ. գործող՝ «Երկխոսություն տրանսպորտի եւ ցանցերի համատեղելիության շուրջ» առաջին ծրագրի աշխատանքի վրա: (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.