Թողարկում 88

ՀՀ արտգործնախարարն ընդունեց ԵՄ Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցչին

http://www.mfa.am

30.01.2012

Հունվարի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին:

Հանդիպմանը քննարկվեց Հայաստան-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Կողմերը մտքեր փոխանակեցին Արեւելյան գործընկերության ծրագրի համատեքստում Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացի, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման, խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման բանակցությունների մեկնարկի վերաբերյալ:

Էդվարդ Նալբանդյանն ու Ֆիլիպ Լեֆորն անդրադարձան Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, Սոչիում անցյալ շաբաթ կայացած եռակողմ գագաթաժողովի արդյունքներին:

 

Ուզո՞ւմ եք աշխատել Եվրոպական ներդրումային բանկում: Մասնակցության հայտ ներկայացրեք Արեւելյան գործընկերության շրջանակներում ստաժավորման ծրագրին

30.01.2012

Եվրոպական ներդրումային բանկն (ԵՆԴ) Արեւելյան գործընկերության (ԱլԳ) երիտասարդ մասնագետներին առաջարկում է ստաժավորում անցնել տարածաշրջանային նոր ծրագրի շրջանակներում:  

Ծրագրի նպատակը նրա լավագույն մասնակիցներին հմտությունները կատարելագործելու, միջազգային բազմամշակութային միջավայրում աշխատանքային փորձ ձեռք բերելու հնարավորության ընձեռումն է:

Ծրագրին կարող են մասնակցել Արեւելյան գործընկերության երկրների (Ադրբեջանի՝ շրջանակային համաձայնագրի ստորագրման պայմանով, Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի)՝ բարձրագույն կրթություն ստացող երիտասարդ քաղաքացիները:

Ծրագրին մասնակցելու համար դիմորդները պետք է լինեն բուհի շրջանավարտ կամ ավարտական կուրսի ուսանող: Ընտրված թեկնածուները կընդգրկվեն երիտասարդ մասնագետների համար նախատեսված կուրսում (հետագայում մագիստրոսի աստիճան ստանալու համար) եւ արդեն իսկ աշխատանքի որոշակի փորձ ձեռք կբերեն:

ԵՆԴ-ն փնտրում է տաղանդավոր երիտասարդների, ովքեր ուզում են իրենց ներդրումն ունենալ մարդկանց կյանքի որակը բարձրացնելու գործում՝ նպաստելով Արեւելյան գործընկերության երկրների տնտեսական եւ սոցիալական առաջընթացին: Ծրագիրը նախատեսված է միջազգային ներդրումների, բանկային գործի զարգացման ոլորտների երիտասարդ մասնագետների համար, օրինակ, ֆինանսներին (մասնավորապես՝ ծրագրային ֆինանսավորմանը, փոքր եւ միջին բիզնեսի ձեռնարկությունների ֆինանսավորմանը, վարկավորմանը եւ շուկայի վերլուծությանը) կամ էկոնոմիկային (միկրո/մակրոտնտեսությանը, զարգացմանը, վիճակագրությանը, աշխատաշուկայի ուսումնասիրությանը), ինչպես նաեւ շրջակա միջավայրին, նախագծման աշխատանքներին (նավահանգիստներ, ճանապարհներ, էներգետիկա եւ այլն) եւ քաղաքաշինությանը:

Դիմորդները պետք է համապատասխաներն հետեւյալ չափանիշներին.

·        լինեն ԱլԳ երկրներից մեկի քաղաքացի

·        ունենան ԱլԳ երկրներից մեկի բուհի դիպլոմ կամ սովորելիս լինեն բուհի ավարտական կուրսում

·        տիրապետեն անգլերեն եւ/կամ ֆրանսերեն լեզուներին, արեւելաեվրոպական այլ լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն

·        ցուցաբերեն վերլուծական ընդունակություններ, կարողանան ռացիոնալ մտածել եւ թիմով աշխատել

·        աշխատանքային փորձը (որպես կանոն՝ երկու տարուց ոչ ավելի) կդիտվի  որպես առավելություն:

Բոլոր ստաժորները կստանան ամենամսյա կրթաթոշակ, ինչպես նաեւ ճանապարհածախսի եւ ապահովագրական ծախսերի փոխհատուցում: Կեցության հետ կապված ծախսերը ստաժորները պետք է հոգան ինքնուրույն:

Յուրաքանչյուր ընտրված դիմորդ պարտավոր է Ծրագրի շրջանակներում առնվազն երեք ամսվա եւ առավելագույնը 12 ամսվա ընթացքում ստաժավորում անցնել ԵՆԲ գլխավոր գրասենյակում՝ Լյուքսեմբուրգում, կամ բանկի արտասահմանյան ներկայացուցչություններից որեւէ մեկում:

Ստաժորների համար եղած առաջարկներին կարող եք ծանոթանալ ԵՆԲ կայքէջի ազատ աշխատատեղերի բաժնում: Դիմումներն ընդունվում են www.eib.org/jobs կայքէջում: Ծրագրին մասնակցելու համար դիմումների հանձնման ժամկետներն են 2012թ. հունվարի 30-ից փետրվարի 26-ը: (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.