Թողարկում 86

ԱլԳ ՔՀՀ Հայաստանի ազգային պլատֆորմի 1-ին աշխատանքային խմբի հանդիպումը

2012թ. հունվարի 18-ին, ժամը 16.00-ին, Երեւանի մամուլի ակումբի գրասենյակում տեղի ունեցավ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության համաժողովի (ԱլԳ ՔՀՀ) անցած 3 հանդիպումներին մասնակցած, Հայաստանի ազգային պլատֆորմի (ՀԱՊ) 1-ին աշխատանքային խմբի անդամ կազմակերպությունների հանդիպումը,որին մասնակցում էին  ՀԱՊ 1-ին աշխատանքային խմբին անդամակցող 14 ՔՀԿ- ների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ՀԱՊ 3-րդ աշխատանքային խմբի համակարգող Ժաննա Գալյանը («Էկոտուրիզմ» ՀԿ) եւ 4-րդ աշխատանքային խմբի անդամ Նունե Սարգսյանը («Ինտերնյուս» ՀԿ):

Օրակարգում.

  1. ԱլԳ ՔՀՀ Հայաստանի ազգային պլատֆորմի ընթացիկ գործունեությանը եւ առաջընթացին վերաբերող հարցեր (ԱլԳ ՔՀՀ Հայաստանի ազգային համակարգող՝ Սեյրան Մարտիրոսյան)
  2. ՀԱՊ 1-ին աշխատանքային խմբի ենթախմբերի ձեւավորում
  3. ՀԱՊ 1-ին աշխատանքային խմբի առաջնային ծրագրերի մշակում
  4. ԱլԳ ՔՀՀ հիմնարար փաստաթղթերի քննարկում եւ առաջարկությունների ներկայացում

ԱլԳ ՔՀՀ Հայաստանի ազգային համակարգող Սեյրան Մարտիրոսյանը ներկաներին տեղեկացրեց ՀՀ փոխարտգործնախարար Զոհրապ Մնացականյանի, ՀՀ ԱԺ Եվրանեսթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանի եւ Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հետ իր եւ ՔՀՀ Հայաստանի նախորդ տարիների ազգային համակարգողներ Բորիս Նավասարդյանի եւ Ավետիք Իշխանյանի հանդիպումների արդյունքների մասին, ներկայացրեց Պոզնանի հանդիպումից հետո ՔՀՀ հիմնական խնդիրները եւ հետագա անելիքները:

Կատարվեց աշխատանքի բաժանում, որի արդյունքում  որոշվեցին ՀԱՊ 1-ին աշխատանքային խմբի 6 ենթախմբերի ձեւավորմամբ զբաղվող պատասխանատուները.

  1. Կոռուպցիայի դեմ պայքար- Սոնա Այվազյան (Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն)
  2. Հանրային կառավարում- Դավիթ Թումանյան (Համայնքների ֆինանսիստների միավորում)
  3. Մարդու իրավունքներ – Ավետիք Իշխանյան (Հայաստանի հելսինկյան կոմիտե)
  4. Արդարադատության համակարգի բարեփոխումներ – Արթուր Սաքունց (Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ)
  5. Վիզաների ազատականացում – Ստեփան Գրիգորյան (Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն)
  6. Մեդիա – Բորիս նավասարդյան (Երեւանի մամուլի ակումբ)

ՀԱՊ 1-ին աշխատանքային խմբի համակարգող Բորիս Նավասարդյանը տեղեկացրեց 2012թ.-ի ընթացքում ԱլԳ եւ ԵՄ գործընկեր կազմակերպությունների մասնակցութամբ տեղի ունենալիք 4 սեմինարների մասին, որոնք հայաստանյան քաղաքացիական հասարակությանը կծանոթացնեն ՔՀՀ 1-ին աշխատանքային խմբի բոլոր 6 ենթախմբերի, ինչպես նաեւ իրենց գործունեությունը նոր սկսող՝ սոցիալական երկխոսության եւ մոնիտորինգի խմբերի գործունեության առաջնահերթություններին եւ համագործակցությանը:

Հանդիպման մասնակիցները քննարկեցին առաջիկա խորհրդարանական ընտրություններ դիտորդ հանդիսացող հայաստանյան ՀԿ-ների գործունեության՝ ՀԱՊ շրջանակներում համակարգման վերաբերյալ ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության առաջարկը:

Ինչ վերաբերում է ՀԱՊ Կազմակերպչական սկզբունքներին, հանդիպման մասնակիցները հույս հայտնեցին, որ վերջնական փոփոխություններից հետո այն կարող է մոդելային դառնալ ԱլԳ մյուս երկրների ազգային պլատֆորմների համար:

Խոսվեց նաեւ Քաղաքացիական հասարակության հիմնադրամի հայտարարած առաջիկա  մրցույթին ՀԱՊգործունեությանն աջակցող հայտի ներկայացման մասին:

 

ԵՄ-ն եւ ԵԱՀԿ-ն սատարում են Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը

Եվրոպական միության պատվիրակություն Հայաստանում
Մամուլի եւ տեղեկատվության բաժին
Երեւան, հունվարի 17, 2012թ.

Եվրոպական միությունը եւ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը կաջակցեն Հայաստանում 2012 եւ 2013թթ. կայանալիք ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը: ԵՄ-ն եւ ԵԱՀԿ-ն համաձայնության են եկել համատեղ ծրագրի իրականացման շուրջ, որի արժեքը կկազմի 1.7 միլիոն եվրո: Ֆինանսավորումը կկատարվի Եվրամիության, իսկ իրականացումը` ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի կողմից:

Նշված ծրագրի վերաբերյալ հունվարի 19-ին, ժամը 10:00 Հայաստանում Եվրամիության պատվիրակության գրասենյակում տեղի կունենա մամուլի ասուլիս, որի ժամանակ ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան եւ ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Կարել Հոֆստրան կմանրամասնեն համատեղ ծրագիրը:

Միջազգային այս երկու կառույցների նման նախաձեռնությունը վերահաստատում է վերջիններիս ցանկությունը` օգնել Հայաստանին՝ անցկացնելու միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ:

Որպես հայաստանյան ընտրություններին վերաբերող առաջին համատեղ ծրագիր` այն նպատակ ունի օժանդակելու ընտրություններում ներգրավված շահագրգիռ բոլոր կողմերին:

Ծրագիրը նախատեսում է հետեւյալ նպատակների իրականացում.

  • քաղաքացիական հասարակության հմտությունների ամրապնդում` արհեստավարժ կերպով տեղական դիտորդական գործունեության իրականացման եւ ընտրական գործընթացների` ներառյալ ընտրարշավների, քվեարկության եւ բողոքարկումների ընթացակարգերի մասին զեկույցների պատրաստման համար,
  • երկրում մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդում եւ սատարում` Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակի ուժեղացման եւ աշխարհագրական տեղակայության ընդլայնման միջոցով` 2012 եւ 2013թթ. խորհրդարանական եւ նախագահական ընտրություններից առաջ, ընթացքում եւ հետո: Տարածքային գրասենյակների հիմնումը թույլ կտա ՄԻՊ գրասենյակին ավելի հասանելի դառնալ մարզերի ազգաբնակչության համար, ինչպես նաեւ կնպաստի Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության բարելավմանը:
  • ընտրական հանձնաժողովների տեխնիկական եւ մասնագիտական ունակությունների հզորացում բոլոր մակարդակներում, որը թույլ կտա իրականացնել ընտրական գործընթացների արդյունավետ եւ հաշվետու վարչարարություն,
  • ոստիկանության տեխնիկական եւ մասնագիտական ունակությունների բարելավում, որոնք անհրաժեշտ են տվյալների համապատասխան այլ շտեմարանների հետ ինտեգրված քվեարկողների ճշգրիտ եւ հասանելի ցուցակների տրամադրման համար
  • հանցագործությունների մասին ստացված հաղորդագրությունների արագ արձագանքման, հասարակական կարգի պահպանության, ինչպես նաեւ ընտրություններին նախորդող բռնությունների քննության գործերում ներգրավված ոստիկանների տեխնիկական ունակությունների, գիտելիքների եւ հմտությունների բարելավում,
  • ընտրական իրավունքների եւ ընթացակարգերի մասին հասարակության իրազեկման բարձրացում, մասնավորապես մարզերում:
Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.