Թողարկում 84

Նոր տարի՝ նոր մարտահրավերներ

Սիրելի ընթերցող, Արեւելյան գործընկերության հայաստանյան տեղեկագիրն ի սրտե շնորհավորում է իր բոլոր ընթերցողներին` Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ եւ մաղթում, որ 2012 թվականը լինի խաղաղ եւ ստեղծագործ աշխատանքի և հաջողությունների տարի:

Հուսով ենք, որ մեր Տեղեկագիրը Եվրամիության Արեւելյան գործընկերությանը, Քաղաքացիական հասարակության համաժողովին եւ հայաստանյան հասարակական կյանքում տեղի ունեցած նշանակալից գործընթացներին իր ամենշաբաթյա անդրադարձով եւ տեղեկատվությամբ օգնել է Ձեզ ոչ միայն տեղեկանալ Եվրամիություն­Հայաստան հարաբերություններում արձանագրված առաջընթացին, այլ նաեւ նպաստել հայաստանյան քաղաքացիական հասարակության ակտիվության բարձրացմանը:

Արեւելյան գործընկերությունը ստեղծվել է ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների պաշտպանության, իշխանությունների թափանցիկության եւ հաշվետվողականության ապահովման նպատակով: Եվրամիության հետ կառավարական եւ խորհրդարանական մակարդակներում համագործակցությանը վերջին 3 տարիներին ավելացել է նաեւ քաղաքացիական հասարակության համաժողովի ձեւաչափը: Դա գործունեության նոր ասպարեզ եւ արդյունավետ հեռանկար է բացել ԱլԳ բոլոր 6 երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Ուկրաինայի եւ Բելառուսի հասարակական կազմակերպությունների համար: Քաղաքացիական հասարակության համաժողովը կոչված է ծառայելու Եվրամիության ժողովրդավարական երկրների եւ ժողովրդավարության կառուցման ճանապարհին գտնվող երկրների իշխանությունների միջեւ համագործակցության ընդլայնմանը:

2009թ. նոյեմբերին Բրյուսելում կայացած Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության առաջին համաժողովը շատ բանով է նպաստել նրա մասնակիցների՝  Եվրամիության այդ նոր նախաձեռնությունից ունեցած ակնկալիքների ձեւավորմանը եւ իր դերի գիտակցմանն այդ գործընթացներում: Բրյուսելում մշակված եւ ՔՀՀ երկրորդ՝ Բեռլինի(2010թ.) եւ երրորդ՝ Պոզնանի(2011թ.) հանդիպումներում լրացված առաջարկություններն առնչվում են ԱլԳ թեմատիկ բոլոր 4 պլատֆորմներին, իսկ ձեւավորված աշխատանքային խմբերն ու ենթախմբերը ձգտում են մեկտեղել, համախմբել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների փորձը, գիտելիքները, շահերի պաշտպանության հմտությունները՝ գործընկեր երկրներում բարեփոխումների արդյունավետության բարձրացմանը նպաստելու համար:

Անցյալ տարի Եվրահանձնաժողովն իր հարեւանների համար հայտարարեց «Ավելին` ավելիի համար» սկզբունքի ներդրման մասին, ինչը նշանակում է՝ որքան շատ բարեփոխում, այնքան շատ աջակցություն: Առաջիկա աջակցության փաթեթն ուղղված կլինի Հայաստանում երեք հիմնական մարտահրավերների ուղղությամբ բարեփոխումների իրականացմանը. (1) ԵՄ եւ Հայաստանի միջեւ Ասոցացման համաձայնագրի բանակցություններին վերաբերող աշխատանքներ, (2)առաջընթաց արդարադատության, ազատության եւ անվտանգության ուղղությամբ բարեփոխումներում, եւ (3) Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի ստեղծելու շուրջ բանակցությունների նախապատրաստում:

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն ողջունել է ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի կնքման ուղղությամբ բանակցությունների առաջընթացը եւ նշել. «Մեր համատեղ հանձնառությունը համընդհանուր արժեքների՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության նկատմամբ, մեր հարաբերությունների կարեւոր մասն է եւ հիմք է հանդիսանում Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցության ընդլայնման համար»:

Եվրոպական միության խորհուրդը 2011 թվականի դեկտեմբերի 19-ին Եվրոպական հանձնաժողովին լիազորել է սկսել ռեադմիսիայի, ինչպես նաեւ մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման համաձայնագրերի շուրջ բանակցությունները Հայաստանի հետ:

Այսօր թե´ Եվրամիության, թե´ ԱլԳ երկրների առջեւ նոր մարտահրավերներ են ծառացել: «Արաբական գարունը գերազանցեց ակնկալիքներն արեւելյան հարեւանության երկրների ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման համար: Ազդեցությունը, որ այդ փոփոխություններն ունեցան արեւելյան գործընկերների, այդ թվում Հայաստանի վրա, չի կարելի անտեսել»,- 2011­ի հուլիսին, հայտարարեց եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման գծով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Քաղաքական առումով 2012­ը պատասխանատու եւ մարտահրավերներով լի տարի է մեզ բոլորիս համար: Մայիսին խորհրդարանական ընտրություններ են՝ հերթական փորձաքար մեր երկրի ժողովրդավարացման ճանապարհին: Արդյո՞ք իշխանությունները կունենան բավարար քաղաքական կամք, իսկ հասարակությունը՝ անհրաժեշտ քաղաքացիական ակտիվություն՝ ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար:

Լեհաստանի Պոզնան քաղաքում 2011թ. նոյեմբերի 28-30-ին տեղի է ունեցել Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության համաժողովի (ԱլԳ ՔՀՀ) երրորդ հանդիպումը, որին մասնակցել են հայաստանյան քաղաքացիական հասարակության 24 ընտրված կազմակերպությունների ներկայացուցիչներ: Համաժողովն ընդունել է նոր հայեցակարգ եւ ընտրել 17 հոգուց բաղկացած նոր Ղեկավար կոմիտե, որը գործելու է մեկ տարի ժամկետով: ԱլԳ ՔՀՀ Հայաստանի ազգային նոր համակարգող է ընտրվել   Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Գյումրիի մասնաճյուղի նախագահ Սեյրան Մարտիրոսյանը:

Հուսով ենք, որ 2012­ին հայաստանյան քաղաքացիական հասարակության կազմակերպություններն ավելի միաբան կլինեն ՔՀՀ Հայաստանի վերակազմավորված ազգային պլատֆորմի շրջանակներում ակտիվ եւ արդյունավետ գործունեություն ծավալելու, հանուն ժողովրդավարական արժեքների հաստատման պայքարում լուրջ առաջընթացի հասնելու հարցում:

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.