Թողարկում 83

Հայաստանի հետ ռեադմիսիայի/մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման համաձայնագրեր

Եվրոպական միության պատվիրակություն Հայաստանում

Մամուլի եւ տեղեկատվության բաժին

Երեւան, 20 դեկտեմբերի, 2011թ.

Եվրոպական միության խորհուրդը սույն թվականի դեկտեմբերի 19-ին որոշում է ընդունել` լիազորելով Եվրոպական հանձնաժողովին սկսել ռեադմիսիայի, ինչպես նաեւ մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման համաձայնագրերի շուրջ բանակցությունները Հայաստանի հետ:

Երբ Հանձնաժողովը Հայաստանի հետ բանակցությունները ավարտված ճանաչի, Եվրոպայի խորհուրդը ձայների որակյալ մեծամասնությամբ պետք է որոշում ընդունի համաձայնագրերի ստորագրման եւ կնքման վերաբերյալ, այնուհետեւ  դրանք պետք է ստանան Եվրոպական խորհրդարանի համաձայնությունը:

Ընդհանուր տեղեկություններ

Եվրոպական հանձնաժողովը սույն թվականի սեպտեմբերի 19-ին հանդես եկավ Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ  կարճաժամկետ վիզաների տրամադրման, ինչպես նաեւ անօրինական միգրանտների ռեադմիսիայի համաձայնագրերի շուրջ բանակցություններ սկսելու առաջարկությամբ: (տես`http://europa.eu/rapid/pressReleasesAction.do?reference=IP/11/1053&format=HTML&aged=0&language=EN&guiLanguage=en ):

******

Հայաստանի հետ ռեադմիսիայի եւ մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման վերաբերյալ բանակցությունները հետեւում են մարդկանց միջեւ շփումների բարելավման վերաբերյալ 2009 թվականի մայիսին կայացած Պրահայի Արեւելյան գործընկերության գագաթաժողովի քաղաքական հանձնառություններից:    Այս մոտեցումը վերահաստատվեց վերջերս, Արեւելյան գործընկերության Արտգործնախարարների եզրակացություններով 2010թ. դեկտեմբերին: Բանակցային գործընթացի ավարտից հետո ռեադմիսիայի եւ մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման վերաբերյալ համաձայնագրերը  կարող են ուժի մեջ մտել միայն համաժամանակ:

 

Վան Ռոմպեյ. «ԵՄ-ն եւ Ուկրաինան ավարտել են Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները»

ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն

20.12.2011

Եվրոպական ուղու ընտրությունը եւ Ուկրաինայի հավատարմությունը եվրոպական արժեքներին՝ հնարավոր են դարձրել ավարտին հասցնել Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները, որոնցում ընդգծվել է զգալի առաջընթացը երկկողմանի հարաբերություններում: Այդ մասին Կիեւում տեղի ունեցած ԵՄ-Ուկրաինա գագաթաժողովի ավարտից հետո հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը:

Խորհրդի նախագահը հայտարարել է, որ գագաթաժողովի մասնակիցներն ամփոփել են երկկողմանի հարաբերությունների վիճակը եւ պայմանավորվել ապագա առաջնահերթությունների շուրջ, ավելացնելով, որ գագաթաժողովը հնարավորություն ընձեռեց «պարտավորվածությունների կատարման եւ հռչակված արժեքների պահպանման վերաբերյալ տալ առավել ընդհանրական գնահատական»:

Վան Ռոմպեյն ասել է, որ ուկրաինական հասարակության կողմից ասոցացման համաձայնագրի հանդեպ լայն աջակցությունը «վճռորոշ նշանակություն է ունեցել Ուկրաինայի առաջընթացի համար՝ արդիականացման, բարգավաճման եւ եվրոպական ծրագրերի իրականացման ճանապարհով»:

Եվրոպական խորհրդի նախագահը նշել է, որ Համաձայնագրի վավերացումը կախված է քաղաքական իրավիճակից եւ նախազգուշացրել է, որ «Ուկրաինայում ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության հարցերում նկատվող որակական անկումն անմիջական ազդեցություն կարող է ունենալ ԵՄ անդամ պետությունների, ընդհանուր առմամբ հասարակության եւ Եվրոպական խորհրդարանի վրա»:

Վան Ռոմպեյը խոսել է Ուկրաինայում արդարադատության համակարգի՝ քաղաքական շարժառիթներով պայմանավորված լինելու բացասական հետեւանքների մասին, որի «առավել ցայտուն օրինակը» Տիմոշենկոյի նկատմամբ իրականացված դատավարությունն է, եւ ընդգծել է արդարադատության ոլորտում համընդգրկուն բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը՝ ԶԼՄ-ների եւ հավաքների ազատության միջազգային չափանիշների համաձայն: «Թերությունները պետք է շտկվեն»,-ընդգծել է վան Ռոմպեյը:

Եվրոպական խորհրդի նախագահը հայտարարել է, որ հարգանքը «Ասոցացման համաձայնագրի հիմքում ընկած՝ Արեւելյան գործընկերության հռչակած սկզբունքների հանդեպ»՝ պայմանավորում է Եվրամիության հետ Ուկրաինայի մերձեցման եւ Ասոցացման համաձայնագրի ստորագրման եւ վավերացման տեմպերն ու մակարդակը, եւ ավելացրել է, որ այդ սկզբունքների պահպանումը «հիմնարար նշանակություն կունենա Ուկրաինայի՝ որպես մրցունակ, դինամիկ զարգացող եւ առաջադեմ հասարակություն ունեցող պետության կայացման համար»:

 

ԵՄ մեծացնում է աջակցությունը Վրաստանի բյուջեին. 26,22 մլն եվրո՝ ներքին տեղահանված մարդկանց օգնությանը եւ կրթության զարգացմանը

ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն

20.12.2011

Եվրամիությունը 26,22 միլիոն եվրո է փոխանցել Վրաստանի բյուջե՝ երկու առանցքային ոլորտների՝ ներքին տեղահանված անձանց օգնության եւ կրթության զարգացման ֆինանսավորման համար: Այդ մասին տեղեկացվում է Թբիլիսիում ԵՄ ներկայացուցչության տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

Եվրամիությունը 21,1 մլն եվրո է հատկացրել (43,5 մլն եվրո օժանդակության ընդհանուր գումարից) Վրաստանի կառավարության՝ այսպես կոչված «հատուկ միջոցառումների» համար, որոնք ուղղված են ներքին տեղահանված մարդկանց աջակցությանը: Այդ միջոցները Վրաստանում կծառայեն պարտադրված տեղահանության ենթարկված ընտանիքների փոխադրմանը բնակության նոր վայրեր եւ նոր բնակարանների կառուցմանը Փոթիում, Բաթումում եւ Ցխալտուբոյում: Դրանք կօգնեն իրականացնել ներքին տեղահանված անձանց հարցերով Վրաստանի Գործողությունների պլանի իրագործմանը: 

–    2009թ.-ին խոստացված 19  մլն եվրոյից եւս 5,1 մլն եվրո կուղղվի պրոֆեսիոնալ-տեխնիկական կրթությանն աջակցելուն եւ կադրերի վերապատրաստմանը,- նշված է մամուլի հաղորդագրության մեջ:

Կրթությունը եւ մասնագիտական պատրաստությունը մարդկային կապիտալի կայուն զարգացման գործընթացի անքակտելի բաղկացուցիչներն են: Դրանք օգնում են մարդկանց՝ ձեռք բերել հմտություններ, գիտելիքներ եւ վարվելակերպի կարողություններ, որոնք կմեծացնեն աշխատանքի տեղավորման հնարավորությունները եւ կօգնեն ավելի դյուրին կերպով հարմարվել աշխատաշուկայի փոփոխություններին: ԵՄ-ն գործընկերների հետ համագործակցելիս մեծ ուշադրություն է դարձնում այդ խնդիրներին:

–    Եվրամիությունը Վրաստանի բյուջեի աջակցության ծրագրով նախատեսված դրամական հետագա փոխանցումները կկատարի միայն համապատասխան երկկողմանի համաձայնագրերում ամրագրված պայմանների կատարման պարագայում,– ասված է մամուլի հաղորդագրության վերջում:

Բյուջետային աջակցությունը ԵՄ-ի եւ մյուս դոնորների համար գործընկեր երկրների կառավարություններին օգնություն ցուցաբերելու միջոց է՝ իրականացնելու համար ռազմավարական առանցքային բարեփոխումներ՝ ընդսմին պահպանելով լիակատար ինքնուրույնություն: Դա ենթադրում է միջոցների փոխանցում գանձապետական հաշվին՝ բարեփոխումների ծրագրով նախատեսված հիմնական առաջնահերթությունների իրականացումից հետո՝ ի լրումն կառավարության կողմից կատարված ֆինանսական ներդրումների: Բյուջետային աջակցությունը խթանում է շահառու երկրի եւ Եվրամիության միջեւ քաղաքական երկխոսության կայացումը:

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.