Թողարկում 81

Հայաստան-Եվրոպական միություն մարդու իրավունքների շուրջ երկխոսության երրորդ հանդիպումը Երեւանում

Եվրոպական միության պատվիրակություն Հայաստանում

Մամուլի եւ տեղեկատվության բաժին

06.12.2011

Դեկտեմբերի 6-ին Երեւանում տեղի ունեցավ Հայաստան-Եվրոպական միություն մարդու իրավունքների շուրջ երկխոսության երրորդ հանդիպումը: Ներկա դրությամբ Եվրոպական միությունը մարդու իրավունքների շուրջ մասնագիտացված քննարկումներ է անցկացնում աշխարհի գրեթե 40 երկրների հետ:

Երկխոսությունը, որը ներկայացված էր նաեւ փորձագիտական մակարդակով, անցավ բարեկամական, բաց եւ կառուցողական մթնոլորտում, որի ընթացքում մտքեր փոխանակվեցին փոխադարձ հետաքրքրություն եւ մտահոգություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի շուրջ, ինչպես նաեւ տեղի ունեցան քննարկումներ մարդու իրավունքների ոլորտում կոնկրետ համագործակցության հնարավորությունների վերաբերյալ:

Հայկական պատվիրակությունը գլխավորում էր արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը, իսկ ԵՄ պատվիրակությունը` Եվրոպական արտաքին գործերի ծառայության Մարդու իրավունքների քաղաքականության ուղենիշների ստորաբաժանման ղեկավար Ռինա Կիոնկան:

Երկխոսությունը հնարավորություն տվեց մտքեր փոխանակել Հայաստանում եւ ԵՄ-ում մարդու իրավունքների վիճակի շուրջ: Մասնավորապես, քննարկումների օրակարգում էին մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգին, դատական բարեփոխումներին, ընտրություններին եւ ընտրական համակարգին, ազատ արտահայտվելու եւ տեղեկատվության ազատությանը, հավաքներ անցկացնելու եւ միավորումներ կազմելու ազատությանը, ներառյալ քաղաքացիական հասարակության գործունեությանը, խոցելի խմբերի իրավունքներին առնչվող հարցեր: Հայաստանի եւ ԵՄ պատվիրակությունները քննարկեցին նաեւ մարդու իրավունքների շուրջ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների, մասնավորապես` ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի շրջանակներում:

Հավատարիմ մնալով ԵՄ-ի՝ երրորդ երկրների հետ մարդու իրավունքների հարցերով հանդիպումներում հասարակության ձայնը լսելի դարձնելու սկզբունքներին՝ ԵՄ պատասխանատուները մարդու իրավունքների շուրջ երկխոսությունից առաջ հանդիպել են հայաստանյան եւ միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հայաստանը եւ ԵՄ համաձայնել են մարդու իրավունքների շուրջ երկխոսության հաջորդ հանդիպումից առաջ կազմակերպել սեմինար քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար:

Տիգրան Սարգսյանը հանդիպել է Շտեֆան Ֆյուլեին

www.gov.am

Բրյուսել, 5 Դեկտեմբեր 2011

Բրյուսել կատարած այցի շրջանակներում վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին:
Քննարկումների առանցքում եղել են Հայաստանում իրականացվող բարեփոխումների եւ համատեղ ծրագրերի վերաբերյալ հարցերը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ մեր երկիրն ամբողջությամբ կատարում է ստանձնած պարտավորությունները:

«Մենք իրականացնում ենք լուրջ եւ հավակնոտ բարեփոխումների ծրագիր: Օրինակ` երեկ հանրության դատին ներկայացրեցինք արդյունաբերության զարգացման նոր հայեցակարգը, որն իրականացնում ենք Համաշխարհային բանկի օժանդակությամբ: Այն քննարկեցինք քաղաքական կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների հետ` բաց խորհրդակցության ձեւաչափով»,- ասել է վարչապետը` նշելով, որ Հայաստանի հասարակությունում կա եվրոպական ուղիով առաջ շարժվելու վերաբերյալ լայն համաձայնություն:

 

«Մենք ակնկալում ենք ձեր աջակցությունը` Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների արագացման հարցում»,- նշել է վարչապետը:

«Կարծում եմ, որ մենք շատ արդյունավետ աշխատանք ենք կատարում` Հայաստանի Հանրապետություն Եվրոպական միություն հարաբերությունների եւ համագործակցության զարգացման գործում»,- ասել է Ֆյուլեն: Անդրադառնալով ԵՄ- Հայաստան հարաբերություններին, Շտեֆան Ֆյուլեն հայտնել է, որ ուրախ է տեսնել նոր ու հավակնոտ բարեփոխումներ: Դրանք մեկտեղում են Հայաստան- ԵՄ հարաբերությունների առաջնայնություններն, այդ թվում Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիրը:

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-վրացական սահմանային անցակետերի վերակառուցման խնդիրներին, այդ նպատակով մեր երկրին տրամադրվելիք հնարավոր ֆինանսական օժանդակությանը:
Քննարկվել են անցագրային ռեժիմի դյուրացման շուրջ բանակցություններին, ԵՄ մակրոֆինանսական աջակցությանը, Հայաստանում բարեփոխումների նոր օրակարգի իրականացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ «Ավելին ավելիի դիմաց» սկզբունքով Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ԵՄ օժանդակության ընդլայնման հնարավորությունները:

Տիգրան Սարգսյանը եւ Շտեֆան Ֆյուլեն արձանագրել են, որ առաջընթաց է գրանցվել երկկողմ քաղաքական երկխոսության ոլորտում: Նշելով, որ առկա է ՀՀ-ԵՄ երկխոսության նոր պլատֆորմ, որով Հայաստանը ներկայացրել է 33 ուղղություններով միջոցառումներից կազմված բարեփոխումների նոր օրակարգը, զրուցակիցները կարեւոր են համարել դրա ներդաշնակեցումն ու իրականացումը` որպես մեկ միասնական փաթեթ:

Շտեֆան Ֆյուլեի հետ հանդիպումից առաջ Տիգրան Սարգսյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Թոմաշ Պորեբայի հետ: Քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր, Թոմաշ  Պորեբայի խնդրանքով ՀՀ վարչապետը ներկայացրել է ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքը, ներքին ու արտաքին քաղաքական գործընթացների ուրվագիծը:

ԵՄ մշակութային ծրագրի ներկայացուցիչներն այցելել են Արեւելյան գործընկերության երկրներ՝ որոշելու համար մշակութային առաջնահերթությունները

ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն

06.12.2011

ԵՄ կողմից ֆինանսավորվող Արեւելյան գործընկերության Մշակությաին ծրագրի ներկայացուցիչներն այցելությունների շարք են իրականացնում գործընկեր 6 երկրներ՝ որոշելու համար մշակույթի ոլորտի առաջնահերթությունները եւ տարածաշրջանում կազմակերպությունների եւ մշակույթի գործիչների միջեւ կապերն ամրապնդելու համար:

Ճանաչողական այցերն Ադրբեջան, Հայաստան, Բելառուս, Վրաստան եւ Մոլդովա կայացել են անցյալ ամիս, իսկ Ուկրաինա այցելությունը նախատեսված է դեկտեմբերի 16-ին:

Այցերը կազմակերպել է ԱլԳ մշակությային ծրագրի Մոնիտորինգի եւ ներուժի զարգացման տարածաշրջանային բյուրոն (RMCBU): Նրանց նպատակն է՝ հստակեցնել մշակույթի ոլորտի առաջնահերթությունները, կապեր հաստատել յուրաքանչյուր երկրում ծրագրի հիմնական դերակատարների հետ, ի հայտ բերել մշակութային քաղաքականության այն կոնկրետ օղակները, որոնք ազգային եւ տարածաշրջանային մակարդակներում հետագա հզորացման կարիք ունեն:

Այցելությունների ծրագրում նախատեսված են կլոր սեղանների կազմակերպում կառավարությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, հանդիպումներ մշակույթի ոլորտի  պատասխանատուների հետ, ծրագրի շնորհանդեսներ, ինչպես նաեւ ԱլԳ երկրների մշակութային քաղաքականության վերաբերյալ հիմնարար հետազոտությունների իրականացման համար անհրաժեշտ նյութերի հայթայթում: Հետազոտությունները հիմք կհանդիսանան մշակույթի ոլորտի պետական եւ մասնավոր սուբյեկտների համար նախատեսված այն միջոցառումների մշակման համար, որոնք RMCBU պետք է անցկացնի 2012-2014թթ.-ին:

Կարեւոր իրադարձություն դարձավ կլոր սեղանի շուրջ մեկօրյա քննարկումները, որոնք RMCBU-ն անցկացրեց ԱլԳ յուրաքանչյուր երկրում՝ հնարավորություն տալով տեղեկատվություն փոխանակել ԱլԳ Մշակութային ծրագրի վերաբերյալ, քննարկել բարեփոխումների իրականացման անհրաժեշտությանը, առաջնահերթություններին եւ ոլորտի հզորացմանը վերաբերող հարցեր, միմյանց պատմել տարածաշրջանային եւ ազգային մշակութային ծրագրերի եւ նախաձեռնությունների մասին:

Այդ միջոցառումներին մասնակցեցին ավելի քան 40 ներկայացուցիչներ, այդ թվում մշակույթի արտաքին գործերի նախարարությունների ազգային եւ տեղական իշխանությունների մարմինների  մշակույթի հարցերով պատասխանատուներ, Եվրամիության եւ ՀԿ-ների գիտահետազոտական եւ ակադեմիական հաստատությունների, ինչպես նաեւ մասնավոր սեկտորի ներկայացուցիչներ:

Արեւելյան գործընկերության Մշակութային ծրագիրն իր 12 միլիոն տարեկան բյուջեով՝ կոչված է օգնել գործընկեր երկրներին՝ մշակութային քաղաքականության մեջ բարեփոխումներ իրականացնելու հարցում, ինչպես պետական, այնպես էլ տարածաշրջանում մշակույթի ոլորտի աշխատողների մասնագիտական ներուժի եւ որակավորման բարձրացման միջոցով: Ծրագիր նպատակը Արեւելյան գործընկերության երկրներում տարածաշրջանային մշակութային կապերի ամրապնդումն է եւ երկխոսության զարգացումը ԵՄ եւ ԱլԳ Եվրոպական հարեւանության քաղաքականության երկրների համակարգերի եւ մշակութային սուբյեկտների միջեւ:

Հրապարակվել է Արեւելյան գործընկերության երկրներում մարդու իրավունքների վիճակի դիտարկման հաշվետվությունը

12.12.2011

Դիտարկման այս հաշվետվությունը պատրաստել են ԱլԳ վեց երկրների քաղաքացիական հասարակության կազմակերպությունները եւ ԱլԳ Քաղաքացիական հասարակության համաժողովի մարդու իրավունքների ենթախմբի նրանց գործընկերները:

Հաշվետվության նպատակը ԱլԳ շրջանակներում իրականացվող միջկառավարական հանդիպումների մասնակիցներին եւ շահագրգիռ այլ կողմերին ԱլԳ երկրներում տիրող իրավիճակի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն տրամադրելն է:

Դիտարկումը, որն այս շարքի երկրորդ հետազոտությունն է, ձգտել է ներառել ԱլԳ 6 երկրներում մարդու իրավունքներին վերաբերող ներկայիս առավել հատկանշական միտումները: Հաշվետվության համառոտության նպատակով՝ թեմատիկ անսպառ բազմազանությունից ընտրվել են մասնավորապես խոսքի, միավորումների եւ հավաքների ազատության ոլորտները:

Հաշվետվությունը կազմվել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի եւ Հայաստանի հելսինկյան կոմիտեի (Հայաստան), Ընտրությունների դիտարկման եւ ժողովրդավարական հետազոտությունների կենտրոնի (Ադրբեջան), Բելառուսի Շումանի ասոցիացիայի (Բելառուս/Լեհաստան), Մարդու իրավունքների կենտրոնի (Վրաստան) Հանուն միացյալ ժողովրդավարության ասոցիացիայի (Մոլդովա) եւ Ուկրաինայի Մարդու իրավունքների հելսինկյան միության (Ուկրաինա) կողմից՝ Peeple in Need (Չեխիայի հանրապետություն) կազմակերպության հետ համագործակցությամբ:

Ներբեռնել հաշվետվությունն՝ անգլերեն –   Monitoring report on the human rights situation in the Eastern Partnership countries

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.