Թողարկում 79

Պոզնանում ընթանում է Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության համաժողովը

Լեհաստանի Պոզնան քաղաքում 2011թ. նոյեմբերի 28-30-ը ընթանում է «Գործընկերություն հանուն ժողովրդավարական բարեփոխումների եւ եվրոպական ինտեգրման» խորագրով Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության համաժողովի (ԱլԳ ՔՀՀ) երրորդ ամենամյա ընդհանուր ժողովը: Համաժողովը մեկտեղելու է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Մոլդովայի եւ Ուկրաինայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ շուրջ 300 մասնակիցների եւ հյուրերի: Եռօրյա հագեցած օրակարգով մասնակիցները քննարկելու են Արեւելյան գործընկերության մեջ քաղաքացիական հասարակության ներգրավմանը վերաբերող տարբեր խնդիրներ եւ ԱլԳ ՔՀՀ զարգացման հեռանկարները:

ԱլԳ ՔՀՀ-ն ստեղծվել է 2009 թվականին, Արեւելյան գործընկերության Պրահայի գագաթաժողովից հետո: ԱլԳ ՔՀՀ գործունեությունը նպատակաուղղված է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացմանն աջակցելուն եւ դրանց միջեւ կապերի ընդլայնմանը, ինչպես նաեւ իշխանության պետական մարմինների հետ նրանց երկխոսության ապահովմանը: ԱլԳ ՔՀՀ 1-ին հանդիպումը տեղի է ունեցել 2009թ. նոյեմբերի 16-17-ին, Բրյուսելում, իսկ երկրորդը՝ 2010թ. նոյեմբերի 18-19-ին, Բեռլինում:

ԱլԳ ՔՀՀ երրորդ ամենամյա հանդիպումը ընդլայնված ձեւաչափ ունի (նախկին 1.5 օրվա փոխարեն՝ 3 օր), ինչը հնարավոր է դարձել Եվրոպական հանձնաժողովի եւ Լեհաստանի արտգործնախարարության Արտաքին կապերի եվրոպական ծառայության աջակցության շնորհիվ:

Համաժողովը հագեցած օրակարգ ունի եւ ներառում է տարբեր բաղկացուցիչներ՝ ընդհանուր ժողովներ, բանավեճեր, աշխատանքային խմբերի նիստներ, զուգահեռ ընթացող միջոցառումներ եւ Համաժողովի ռազմավարական հայեցակարգի, ինչպես նաեւ Համաժողովը որպես իրավաբանական անձ գրանցելու  վերաբերյալ քննարկումներ:

Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության գծով գերագույն հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի ելույթով կսկսվի «Արեւելյան գործընկերության մեջ քաղաքացիական հասարակության ներգրավման նոր ռազմավարության ճանապարհին» խորագրով առաջին քննարկումը:

Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին հանդես կգա «Քաղաքացիական հասարակության համաժողովի երկու տարին Արեւելյան գործընկերության շրջանակներում» ելույթով եւ կհանձնի Արեւելյան գործընկերության լրագրողական մրցանակը՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների, իշխանության չարաշահման եւ Եվրամիության հարցերով լավագույն հրապարակումների համար:

Առավել մանրամասն տեղեկությունների համար տե´ս անգլերեն ԱլԳ ՔՀՀ երրորդ ամենամյա հանդիպման ծրագիրը:

Սերժ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերի հետ

Եվրոպական միության պատվիրակություն Հայաստանում

23.11.2011

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերի հետ:

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանում դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերի անցած չորս տարիների գործունեությունը, որը Նախագահի խոսքով, եղել է ակտիվ եւ արգասաբեր` նպաստելով Եվրամիության հետ մեր երկրի հարաբերությունների դինամիկ զարգացմանն ու արդյունավետ համագործակցությանը: Այդ ամենի արդյունքում, ըստ Հանրապետության ղեկավարի, լավ նախադրյալներ են ստեղծվել երկրում սկսված բարեփոխումները հաջողությամբ ավարտին հասցնելու համար:

Նախագահի հրամանագրով, Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ համագործակցության ամրապնդման եւ զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը պարգեւատրվել է Մխիթար Գոշի մեդալով: Հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը շնորհավորել եւ պարոն Ռաուլ դե Լուցենբերգերին է հանձնել պետական պարգեւը` հույս հայտնելով, որ նա այսուհետ էլ շարունակելու է մնալ մեր երկրի բարեկամը, որտեղ էլ հետագայում պաշտոնավարի:

Դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը շնորհակալություն է հայտնել իր գործունեության ընթացքում մշտապես ցուցաբերված աջակցության, համագործակցության եւ աշխատանքին տրված գնահատականի համար: Նա նշել է, որ վերջին տարիներին Հայաստանում զգալի փոփոխություններ են կատարվել, երկրում լուրջ բարեփոխումներ են ընթանում, ինչը ԵՄ-ում եւս գերիշխող կարծիք է: Ռաուլ դե Լուցենբերգերը հաջողություններ է մաղթել այդ բարեփոխումներին, որոնք, նրա հավաստմամբ, առավել կամրապնդեն ԵՄ-Հայաստան հարաբերություններն ու կխորացնեն համագործակցությունը:

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.