ՔՀՀ պատվիրակների ժողով Երեւանում
ԱլԳ Քաղաքացիական հասարակության համաժողովի Ղեկավար կոմիտեի՝ ՔՀՀ Հայաստանի ազգային պլատֆորմում առկա իրավիճակի վերաբերյալ 2011թ. նոյեմբերի 4-ին տարածած հայտարարության համաձայն (տե´ս ԱլԳ հայաստանյան տեղեկագիր, Թողարկում 76)՝ 2011թ. նոյեմբերի 21-ին Երեւանի Կոնգրես հյուրանոցի «Պիկասո» դահլիճում տեղի ունեցավ ՔՀՀ 3 հանդիպումների պատվիրակների ժողովը, որը մասնավորապես քննարկեց եւ հաստատեց «Արեւելյան գործընկերության Հայաստանի ազգային պլատֆորմի կազմակերպչական սկզբունքները»:
Ժողովին մասնակցած 25 կազմակերպություններից «Կազմակերպչական սկզբունքներին» կողմ քվեարկեցին 22-ը, 3-ը՝ ձեռնպահ:
Այսպիսով, ընդունված «Կազմակերպչական սկզբունքներին» համապատասխան՝ Հայաստանի ազգային պլատֆորմի նորաստեղծ մարմնի՝ ՔՀՀ պատվիրակների ընդհանուր ժողովի անդամ են հանդիսանում հետեւյալ կազմակերպությունները:
- «Ասպարեզ» լրագրողների ակումբ
- Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան
- Գլոբալիզացիայի եւ տարածքային համագործակցության վերլուծական կենտրոն
- Եվրասիա համագործակցություն հիմնադրամ
- Եվրոպական ուսանողների ֆորում- Երեւան
- Երեւանի մամուլի ակումբ
- «Էկոտուրիզմ» ՀԿ
- «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոն
- «Ինտերնյուս» մամուլի աջակցության ՀԿ
- Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա
- Համայնքների ֆինանսիստների միավորում
- Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա
- Հայաստանի գործատուների հանրապետական միություն (ՀԳՀՄ)
- Հայաստանի հելսինկյան կոմիտե
- «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա»
- Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
- Մարտունու կանանց համայնքային խորհուրդ
- Ա.Դ.Սախարովի անվան Մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի Գյումրիի մասնաճյուղ
- Սեւծովյան հասարակական կազմակերպությունների միջազգային միություն
- Սպառողների իրավունքների պաշտպանության ՀԿ
- «Ունիսոն» ՀԿ
- «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամ
- Քաղաքացիական ազգային նախաձեռնություն
- Քաղաքացիական հասարակության գործընկերության ցանց
- Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն
Ըստ «Կազմակերպչական սկզբունքների 3.3.1. կետի՝ ՔՀՀ պատվիրակների ընդհանուր ժողովին կարող են միանալ ՔՀՀ 3 հանդիպումների մնացած 11 պատվիրակները «…որեւէ ակնհայտ ձեւով հաստատելով իրենց մասնակցությունն այդ մարմնում, ամեն տարեկան ժողովից ոչ ուշ, քան 1 շաբաթ առաջ վերահաստատելով իրենց անդամակցությունը` այդ մասին տեղեկացնելով ազգային համակարգողին»:
Ժողովը կազմակերպվել էր ՔՀՀ Հայաստանի ազգային համակարգող Ավետիք Իշխանյանի նախաձեռնությամբ: Ժողովին մասնակցում էին ԱլԳ ՔՀՀ Ղեկավար կոմիտեի նախագահ Վլադ Վելիչկոն եւ ԱլԳ ՔՀՀ Ղեկավար կոմիտեի անդամ Բորիս Նավասարդյանը:
Տիգրան Սարգսյանը եւ Քեթրին Էշթոնն արձանագրել են, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները մտել են զարգացման նոր փուլ
Նոյեմբերի17, 2011
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին: «Վերջին շրջանում մեր հարաբերությունները Եվրոպական միության հետ մտել են զարգացման նոր փուլ: Դրա արդյունքում էլ մենք նոր թափ ենք հաղորդել մեր կողմից իրականացվող բարեփոխումներին»,- ասել է վարչապետը՝ ողջունելով հյուրին կառավարությունում:
Քեթրին Էշթոնը գոհունակություն է հայտնել Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման ընթացքից: Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչն ասել է, որ քաջ գիտակցում է, թե ինչ ծավալի աշխատանք է իրականացնում Հայաստանը ԵՄ-ի հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի եւ Ասոցացաման համաձայնագրերի ուղղությամբ: Նշելով, որ տպավորված են տարբեր ուղղություններում Հայաստանի ձեռք բերած առաջընթացով՝ Քեթրին Էշթոնն ընդգծել է, որ կան բոլոր նախադրյալները՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների ավելի խորացման եւ սերտացման համար: «Մենք պատրաստ ենք օգնել Հայաստանին տնտեսական առաջընթացի ապահովման համար, որին էապես կարող է նպաստել Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի ստորագրումը, որի շուրջ բանակցությունների գործընթացն առաջիկայում կմտնի նոր փուլ»,- ընդգծել է Քեթրին Էշթոնը:
Այնուհետեւ, Տիգրան Սարգսյանը Քեթրին Էշթոնին է ներկայացրել կառավարության առաջնահերթությունները եւ իրականացվող աշխատանքների ընթացքը՝ մեր երկրում միջին խավի եւ քաղաքացիական հասարակության ձեւավորման, եվրոպական արժեքների ներդրման ուղղությամբ:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային եւ այլ հարցերի:
Էդվարդ Նալբանդյանը եւ Քեթրին Էշթոնը քննարկեցին Հայաստան-Եվրոպական միություն դինամիկ զարգացող հարաբերությունները
ՀՀ արտգործնախարարություն
Մամուլի հաղորդագրություն
Նոյեմբերի 17-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը տարածաշրջանային այցով Երեւանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հանդիպումը:
Ողջունելով ԵՄ բարձրաստիճան պատվիրակությանը՝ արտգործնախարար Նալբանդյանը նշեց, որ մերձեցումը Եվրոպական ընտանիքի հետ՝ ՀՀ արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից է, եւ գոհունակություն հայտնեց, որ այդ համագործակցությունը տարեցտարի ավելի է ընդլայնվում եւ խորանում: Էդվարդ Նալբանդյանը համոզմունք հայտնեց, որ տիկին Էշթոնի այցելությունը Հայաստան եւ Երեւանում ունեցած արդյունավետ քննարկումները նոր խթան կհաղորդեն երկկողմ համագործակցությանը:
«Մեր հարաբերությունները հիմնված են միեւնույն արժեքային համակարգի վրա, եւ մենք նպատակադրված ենք հետեւողականորեն իրականացնել եվրոպական չափանիշներին համահունչ բարեփոխումներ Հայաստանում», – ասաց Էդվարդ Նալբանդյանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Քեթրին Էշթոնը նշեց, որ Եվրոպական միությունը կարեւորում է Հայաստանի հետ համակողմանի համագործակցության զարգացումը եւ շարունակելու է իր աջակցությունը մեր երկրի զարգացմանն ու բարեփոխումների իրագործմանը:
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրեցին, որ վերջին շրջանում հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրել, որն արտահայտվում է թե´ բարձր մակարդակի շփումներով, թե´ քաղաքական երկխոսության օրակարգի ընդլայնմամբ եւ խորացմամբ, թե´ Ասոցացման համաձայնագրի բանակցություններում շարունակական առաջընթացով, թե´ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների նախապատրաստական աշխատանքներով, թե´ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերով:
Հյուրի խնդրանքով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Այս ենթատեքստում Քեթրին Էշթոնն իր աջակցությունը հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկվող ջանքերին:
Էդվարդ Նալբանդյանն ու Քեթրին Էշթոնը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային հիմնախնդիրների վերաբերյալ: Այս առումով Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը բարձր գնահատեց տարածաշրջանային հիմնախնդիրների լուծման ուղղությամբ Հայաստանի ղեկավարության կողմից ձեռնարկվող քայլերը:
«Այլ տարբերակներ առաջարկող հռետորաբանությունն օգտակար չէ»
ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքս-ին
– Հայաստանի վարչապետը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ վերջերս հայտարարել են, որ 2012 թվականին նպատակ ունեն անցկացնել «ամենաթափանցիկ եւ արդար ընտրությունները Հայաստանի անկախության 20-ամյա պատմության ընթացքում»: Որքա՞ն կարեւոր են նմանատիպ խոստումները ԵՄ եւ Հայաստանի քաղաքական երկխոսության համար:
– Դա շատ կարեւոր է: Սա մեծ դրական ազդանշան է, եւ մենք ակնկալում ենք, որ այն կվերածվի կոնկրետ քայլերի՝ ընտրությունները լավ կազմակերպելու համար: Ինչպես միշտ, մենք պատրաստ ենք սատարելու եւ խորհուրդ տալու ընտրություններում եւ շատ այլ ոլորտներում, որոնք միասին ձեւավորում են «խորը ժողովրդավարության» գաղափարը, որը դրված է Արեւելյան գործընկերության հիմքում՝ միավորման, խոսքի եւ հավաքների ազատություն, անկախ դատական համակարգի կողմից իրականացվող օրենքի գերակայություն եւ արդար դատավարության իրավունք, արդյունավետ պայքար կոռուպցիայի դեմ, ինչպես նաեւ բարեփոխումներ անվտանգության եւ իրավապահպանության ոլորտներում:
– Եվրոպացի պաշտոնյաներն ասում են, որ ԵՄ-ն պետք է ավելի ակտիվ դերակատարում ունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Հաշվի առնելով այն փաստը, որ ԵՄ-ն չի ցանկանում փոխարինել ԵԱՀԿ Մինսկի խմբին, ինչպիսի՞ն եք տեսնում այդ «ավելի ակտիվ դերակատարումը»:
– Մենք լիովին աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու իր ջանքերում՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների հիման վրա:
ԵՄ-ի չի ցանկանում փոխել ձեւաչափը կամ ազդեցություն ունենալ տարբեր կողմերի վրա. մենք առաջարկում ենք ավելի ակտիվ եւ ուժեղ աջակցություն: Մենք կարող ենք օգնել ստեղծել դրական մթնոլորտ, ներառյալ վստահության ստեղծման միջոցներ:
Մեր սեփական պատմությունից մենք ունենք հակամարտությունների կարգավորման եւ հաշտեցման փորձ, որով ցանկանում ենք կիսվել ձեզ հետ: Մենք նաեւ կարծում ենք, որ վաղուց ժամանակն է կարգավորման հասնելու համար, քանի որ դա կնպաստի տարածաշրջանի զարգացմանը, կօգնի կայունություն հաստատել, տարածաշրջանի մարդկանց համար ավելի դյուրին կդարձնի առեւտուրը եւ ճամփորդելը: Այն կօգնի ստեղծել աշխատատեղեր եւ կխթանի տնտեսական աճը: Այլեւս պետք չէ հապաղել: Հակամարտությունը տարածաշրջանին պատանդ է պահում:
– Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի նախագահը եւ կառավարության անդամները հաճախակի ռազմատենչ հայտարարություններով են հանդես գալիս՝ ասելով, որ պատերազմը կարող է ԼՂ հարցի կարգավորման միջոց լինել: Այս տարվա ընթացում դուք առնվազն երկու անգամ հրապարակավ քննադատել եք Ադրբեջանին՝ մարդու իրավունքների ոտնահարման համար: Ինչո՞ւ նաեւ կոչ չեք անում Ադրբեջանին՝ դադարեցնել պատերազմի քարոզչությունը:
– Հակամարտության կարգավորմանը հնարավոր է հասնել միայն բանակցությունների միջոցով, եւ այլ տարբերակներ առաջարկող հռետորաբանությունն օգտակար չէ՝ անկախ նրանից, թե ո՞ր կողմն է այն հնչեցնում: Կարեւորը բանակցություններում առաջընթացն է եւ դժվարին փոխզիջումներ անելու՝ երկու կողմերի պատրաստակամությունը:
– Այս տարվա ապրիլին Եվրոպական խորհրդարանն ընդունեց «Եվրոպական հարեւանության քաղաքականության վերանայման» բանաձեւը: Այն կոչ է անում զարգացնել «ոչ պաշտոնական շփումները եւ խորհրդատվությունը անջատված տարածքների հասարակությունների հետ»: Իրատեսակա՞ն է ակնկալել, որ Եվրոպական հանձնաժողովը կհետեւի այս կոչին:
– Վստահության ձեւավորումը՝ ներառելով շփումները մարդկանց միջեւ, անհրաժեշտ է փոխըմբռնումը խթանելու համար: ԵՄ-ն կարող է օգնել երկու կողմերին՝ շփվել միմյանց հետ, հիմքեր պատրաստել լուծում գտնելու համար, ցույց տալ խաղաղության եւ ԵՄ-ի հետ ամուր կապված խաղաղ Կովկասի առավելությունները: