Թողարկում 76

ԱլԳ Քաղաքացիական հասարակության համաժողովի Ղեկավար կոմիտեի հայտարարությունը ՔՀՀ Հայաստանի ազգային պլատֆորմում առկա իրավիճակի վերաբերյալ*

*Շահերի բախումից խուսափելու համար ԱլԳ ՔՀՀ Ղեկավար կոմիտեն  այս հայտարարության ընդունման վերաբերյալ որոշումները կայացրել է առանց Ղեկավար կոմիտեի հայաստանյան անդամների մասնակցության:

4 նոյեմբերի, 2011

Արեւելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության համաժողովի (ՔՀՀ) Ղեկավար կոմիտեն (ՂԿ) 2011թ. հոկտեմբերի 17-18-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ժամանակ խիստ անհանգստություն արտահայտեց Հայաստանում   Քաղաքացիական հասարակության համաժողովի գործունեության մեջ ներգրավված երկու խմբերի միջեւ առաջացած խորը տարաձայնությունների կապակցությամբ:

Այս տարաձայնությունների նոր չեն, սակայն Ղեկավար կոմիտեն հուսով էր, որ խնդիրները տեղում կարող էին լուծվել: Հաշվի առնելով ընդհանուր համաձայնության հասնելու հարցում շարունակվող փակուղային վիճակը եւ ձգտելով օգնել Հայաստանի քաղաքացիական հասարակության համայնքի զարգացմանը, Ղեկավար կոմիտեն որոշել է հետեւյալը.

  • Ղեկավար կոմիտեն ճանաչում է 2010թ. ՔՀՀ Բեռլինի հանդիպման հայաստանյան մասնակիցների կողմից ընտրված եւ մինչեւ 2011թ. նոյեմբերին Պոզնանում  տեղի ունենալիք Քաղաքացիական հասարակության հաջորդ համաժողովը տրված մանդատով գործող՝ ԱլԳ ՔՀՀ Հայաստանի ազգային համակարգող Ավետիք Իշխանյանի լիակատար լեգիտիմությունը:
  • Ղեկավար կոմիտեն որոշում է կայացրել՝ այսուհետ կասեցնել Հայաստանի ազգային պլատֆորմի անունից իրականացվող բոլոր գործողությունները՝ մինչեւ դրա պատշաճ վերակազմավորումը:
  • Հայաստանի ազգային պլատֆորմի վերակազմավորման վերաբերյալ որոշումը վավերական կհամարվի միայն ԱլԳ ՔՀՀ Հայաստանի ազգային ներկայիս համակարգողի կողմից հրավիրված ժողովի քվորումի առկայության պարագայում (ժողովի քվորումն առկա կարող է լինել ԱլԳ ՔՀՀ Բրյուսելի (2009) եւ Բեռլինի (2010) հանդիպումների մասնակից կազմակերպությունների ներկայացուցիչների եւ ՔՀՀ առաջիկա՝ Պոզնանի հանդիպման հաստատված մասնակիցների երկու երրորդի ներկայության դեպքում): Եթե որեւէ կազմակերպություն մեկից ավելի անգամ է ընտրվել ՔՀՀ տարեկան հանդիպումների մասնակից, ապա այն հաշվառվում է մեկ անգամ եւ սահմանված կարգով Ազգային պլատֆորմի վերակազմավորման ժողովում կարող է հանդես գալ քվեարկության մեկ ձայնի իրավունքով:
  • Հանդիպման մասնակից այլ կազմակերպությունները քվեարկության իրավունք չեն ունենա: (ԱլԳ ՔՀՀ ամենամյա հանդիպումների ընտրված մասնակից կազմակերպությունների անուններն արդեն իսկ հրապարակված են ՔՀՀ Ղեկավար կոմիտեի կողմից):

Վերակազմավորման ժողովի օրը պետք է համաձայնեցված լինի ՔՀՀ Ղեկավար կոմիտեի հետ եւ անցկացվի Ղեկավար կոմիտեի որոշմամբ ընտրված՝ ՂԿ առնվազն երկու անդամի ներկայությամբ: ՂԿ ներկայացուցիչները ժողովին կմասնակցեն դրա լեգիտիմության պահպանմանը հետեւելու եւ երաշխավորելու նպատակով:

  • Վերակազմավորված Հայաստանի ազգային պլատֆորմը պետք է ընդունի կազմակերպչական իր նոր սկզբունքները եւ որոշումների կայացման կանոնակարգը: ՔՀՀ Ղեկավար կոմիտեի ներկայացուցիչները կձգտեն նպաստել ժողովի օրինական, ժողովրդավարական եւ մասնակցային լինելուն՝ դրանով իսկ ապահովելով ԱլԳ ՔՀՀ Հայաստանի ազգային պլատֆորմի վերակազմավորումը:
  • Ղեկավար կոմիտեն սեփական նախաձեռնությամբ պարտավորվում է ձեռնամուխ է լինել ԱլԳ ՔՀՀ -ի մասնակից քաղաքացիական հասարակության կազմակերպությունների չափորոշիչների եւ ազգային պլատֆորմների գործունեության ուղեցույցների մշակմանը՝ ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ ԱլԳ բոլոր երկրների համար:

 

 Արեւելյան գործընկերության կոնֆերանս՝ նվիրված տեղական եւ տարածաշրջանային հարցերին

Արեւելյան գործընկերության (ԱլԳ) չորս թեմատիկ պլատֆորմներից երկուսին՝ ժողովրդավարության, պատշաճ կառավարում եւ կայունություն եւ միջանձնային հարաբերություններ պլատֆորմներին նվիրված կլինի 2011թ. նոյեմբերի 9-ին Բրյուսելում կայանալիք «Արեւելյան գործընկերության տեղական եւ տարածաշրջանային հարցեր» կոնֆերանսը: Մամուլի հաղորդագրությունում ասված է, որ ԵՄ նախագահող երկրի՝ Լեհաստանի եւ Տարածաշրջանների կոմիտեի կողմից համատեղ կազմակերպված այս կոնֆերանսը քննարկումներ կսկսի թեմատիկ այս երկու պլատֆորմների շրջանակներում իրագործված նախաձեռնություններից ակնկալվող արդյունքների վերաբերյալ:

ԵՄ նախագահող երկրի՝ Լեհաստանի կողմից առաջ քաշված՝ ԱլԳ տեղական եւ տարածաշրջանային հարցերին նվիրված այս կոնֆերանսի անցկացման գաղափարն ամուր հիմքեր ունի, քանի որ լեհական բազմաթիվ շրջաններ վաղուց ի վեր սերտ հարաբերություններ ունեն Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի եւ Ուկրաինայի մարզերի հետ: Հանդիպումը կմեկտեղի Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական խորհրդարանի, գործընկեր երկրների իշխանության տեղական եւ տարածաշրջանային  մարմինների ներկայացուցիչների, դիվանագետների եւ հետազոտողների: ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն

 

ԱլԳ ՔՀՀ Բելառուսի ազգային պլատֆորմն ընտրել է ժամանակավոր համակարգող խորհուրդ

Մինսկում 2011թ. հոկտեմբերի 29-ին տեղի ունեցած «Բելառուսի քաղաքացիական հասարակությունը ԱլԳ ՔՀՀ 3-րդ ամենամյա հանդիպման նախաշեմին» թեմայով կոնֆերանսում ընտրվել է բելառուսական 8 առաջատար հասարակական կազմակերպությունների առաջնորդներից կազմված՝ ԱլԳ ՔՀՀ Բելառուսի ազգային պլատֆորմի Ժամանակավոր համակարգող խորհուրդ:   

ԱլԳ ՔՀՀ Բելառուսի Ազգային պլատֆորմի Ժամանակավոր համակարգող խորհրդի ղեկավար է ընտրվել «ԵվրաԲելառուս» միջազգային կոնսորցիումի խորհրդի նախագահ Վլադիմիր Մացկեւիչը:

Համակարգող խորհրդի կազմում են նաեւ «ԵվրաԲելառուս» միջազգային կոնսորցիումի ղեկավար Վլադ Վելիչկոն, «Կանաչ ցանց» (Green Network) Բնապահպանական ընկերակցության մենեջեր Յարոսլավ Բեկիշը, Եվրոպական վերափոխման կենտրոնի տնօրեն Անդրեյ Եգորովը, Հաշմանդամների իրավունքների պաշտպանության գրասենյակի համակարգող Սերգեյ Դրոզդովսկին, Ոչ կառավարական ժողովրդավարական կազմակերպությունների ասամբլեայի նախագահ Սերգեյ Մացկեւիչը, Մինսկի գործարարների եւ գործատուների մայրաքաղաքային միության նախագահ Վլադիմիր Կարյագինը: Համակարգող խորհրդի պատվավոր անդամ է ընտրվել այժմ քննչական մեկուսարանում գտնվող  իրավապաշտպան Ալես Բելյացկին:

Ժամանակավոր համակարգող խորհրդի նախագահն առաջարկել է նորաստեղծ կառույցի գործունեությունը ծավալել երկու ուղղությամբ: Առաջինը Ազգային պլատֆորմի դիրքորոշումների պաշտպանությունը եւ լոբբինգն է, այդ թվում՝ պետական մակարդակում: Երկրորդ ուղղությունը միտված պետք է լինի ԱլԳ ՔՀՀ Բելառուսի ազգային պլատֆորմի ինքնակազմակերպմանը եւ առաջընթացի ապահովմանը:

Կոնֆերանսն ընդունել է նաեւ բանաձեւ, որում Ազգային պլատֆորմի անդամները նշել են, որ ԵՄ Արեւելյան գործընկերության նախաձեռնությունը հիրավի կարող է դառնալ պետական կառավարման, տնտեսական, բնապահպանական, մշակութային եւ միջանձնային շփման ոլորտներում ժամանակակից եվրոպական չափորոշիչներին եւ նորմերին մոտեցնող արմատական բարեփոխումների իրականացման կարեւոր գործիք:

Կոնֆերանսի մասնակիցները հույս են հայտնել ԱլԳ Քաղաքացիական հասարակության համաժողովի դերի եւ նշանակության հետագա մեծացման վերաբերյալ:

Կոնֆերանսի ընդունած բանաձեւում ասված է. «Ափսոսանքով փաստում ենք բելառուսական պետության անպատրաստ լինելն  ԱլԳ շրջանակներում հարաբերությունների խորացման, մասնավորապես ժողովրդավարության զարգացման եւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում ԵՄ բարձր չափորոշիչներին համապատասխանելու պատրաստակամության հարցերում: Չնայած բելառուսական իշխանությունները հրաժարվում են ԱլԳ մի շարք ոլորտներում եւ կառուցվածքային մարմիններում գործնական մասնակցությունից (ինչպես, օրինակ, Եվրոպայի խորհրդի Արեւելյան գործընկերության գործիքի շրջանակներում դատական բարեփոխումների հարցերի քննարկումն է), մենք հայտարարում ենք այդ գործընթացներում Բելառուսի պարտադիր ներգրավման անհրաժեշտության, ինչպես նաեւ դրանցում՝ որպես փորձագետներ եւ դիտորդներ՝ քաղաքացիական հասարակության մասնակցության պատրաստակամության մասին»:

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.