Թողարկում 73

Եվրոպական հարեւանության քաղաքականության իրականացման ընթացքը- 2011. Ինֆորմացիա տրամադրելու հրավեր

Եվրոպական արտաքին համագործակցության ծառայություն

http://eeas.europa.eu/

10.10.2011

2011թ. ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատարը եւ Եվրահանձնաժողովը հրատարակեցին ԵՀՔ-ի առաջընթացի զեկույցների  հինգերորդ փաթեթը 2010 թվականին ԵՀՔ-ի իրականացման կապակցությամբ: Այս զեկույցները պատրաստելիս Եվրոպական արտաքին համագործակցության ծառայությունը (ԵԱՀԾ) եւ Եվրահանձնաժողովի կառույցներն օգտվել են քաղաքացիական հասարակության  կողմից կատարված՝ որոշակի  ոլորտների փորձագիտական ուսումնասիրություններից:

Եվրոպական արտաքին համագործակցության ծառայությունը եւ Եվրահանձնաժողովի կառույցներն այժմ սկսել են  առաջընթացի զեկույցների վեցերորդ  փաթեթի նախապատրաստական աշխատանքները, որում կամփոփվեն 2011թ. ձեռքբերումները, եւ որը կընդունվի 2012-ի գարնանը: ԵՀՔ գործընկերներին վերաբերող այս փաթեթը կներկայացվի Եվրոպայի խորհրդին եւ Եվրոպական խորհրդարանին: Այն նաեւ ամբողջությամբ հասանելի  կլինի հասարակությանը: Զեկույցների փաթեթն այբբենական  կարգով կներկայացնի ԵՀՔ գործընկեր երկրները, որոնց հետ համաձայնեցված է ԵՀՔ Գործողությունների պլանը: Այդ երկրներն  են` Հայաստան,  Ադրբեջան, Եգիպտոս, Վրաստան, Իսրայել, Հորդանան, Լիբանան, Մոլդովա, Մարոկկո, Պաղեստինի օկուպացված տարածք, Թունիս եւ Ուկրաինա: (http://ec.europa.eu/world/enp/documents_en.htm#2)

ԵՀՔ փաթեթի նպատակը ԵՀՔ գործընկերների կողմից 2011թ. ընթացքում ԵՄ-ի եւ տվյալ երկրի միջեւ համաձայնեցված համապատասխան Գործողությունների պլաններում նշված հանձնառությունների իրականացման վերաբերյալ առաջընթացի զեկույցների հրապարակումն է: Զեկույցները երկրների քաղաքական եւ տնտեսական իրավիճակի վերաբերյալ ընդհանուր հաշվետվություններ չեն: Դրանց շրջանակը սահմանափակվում է Գործողությունների պլանների իրականացման հարցերով: Նախորդ տարիների զեկույցները կարող եք կարդալ  այստեղ. http://ec.europa.eu/world/enp/documents_en.htm#3

Զեկույցների առավելագույն  թափանցիկությունն ու օբեկտիվությունն ապահովելու համար Եվրոպական արտաքին համագործակցության ծառայությունը եւ Եվրահանձնաժողովն օգտվում են հնարավոր ամենատարբեր աղբյուրներից: Այս համատեքստում  բոլոր հետաքրքրված կուսակցությունները, ներառյալ  ոչ կառավարական եւ  այլ շահագրգիռ կազմակերպություններ, որոնք ակտիվ են  ԵՀՔ-ի Գործողության պլանի ասպարեզում, հրավիրվում են մատուցելու ցանկացած ինֆորմացիա, զեկույցներ եւ գնահատականներ` հաշվի առնելով հետեւյալը.

  • խնդրում ենք համոզված եղեք, որ ձեր հաղորդագրության վերնագրում  հստակ  նշված է այն երկիրը, որին վերաբերում է ձեր տրամադրած ինֆորմացիան,
  • եղեք համառոտ եւ հակիրճ,
  • միշտ մեջբերեք ինֆորմացիայի աղբյուրը, բայց, խնդրում ենք նկատի ունենալ, որ ոչ մի աղբյուր մեջբերված չի լինելու վերջնական զեկույցներում:

Ձեր տեղեկատվությունը խնդրում ենք ուղարկել ENP-2012-Progress-Reports@eeas.europa.eu հասցեով, մինչեւ 2011թ. դեկտեմբերի 1-ը:

Առաջընթացի զեկույցները զուգադրական բնույթ ունեն եւ, հետեւաբար, ոչ բոլոր տեղեկությունները կարող են տեղ գտնել վերջնական զեկույցում: Չեն հրապարակվի նաեւ առանձին դեպքերի դրական կամ բացասական զարգացումներին առնչվող զեկույցները: Այնուամենայնիվ, ցանկացած աջակցություն միշտ էլ արժեքավոր է ընդհանուր արդյունքի համար:

Կանխավ շնորհակալ ենք ցանկացած աջակցության համար:

ԱԼԳ ՔՀՀ Ղեկավար կոմիտեի հայտարարությունն Ադրբեջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

2011թ. հոկտեմբերի 12

ԱլԳ քաղաքացիական հասարակության համաժողովի Ղեկավար կոմիտեից՝

Ադրբեջանի կառավարությանը

– ԵՄ բոլոր կառույցներին

– ԵՄ բոլոր անդամ երկրների կառավարություններին

– Եվրոպայի խորհրդին

ԱլԳ քաղաքացիական հասարակության համաժողովը կոչ է անում՝ հարգել խոսքի եւ հանրահավաքների ազատությունը եւ անհապաղ ազատ արձակել Ադրբեջանի քաղբանտարկյալներին:

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են խոչընդոտել քաղաքացիական հասարակության, ինչպես նաեւ ԱլԳ քաղաքացիական հասարակության համաժողովի շրջանակներում պաշտոնապես ճանաչված աշխատանքը:

Ժողովրդավարության ջատագովներն ազատազրկման են դատապարտվում Բաքվում

2011թ. ապրիլի 2-ի խաղաղ ցույցերին մասնակցելու հետեւանքով կալանավորված 14 հասարակական ակտիվիստներ եւ ընդդիմության առաջնորդներ կեղծ վկայությունների արդյունքում դատապարտվել են հինգից վեց տարվա ազատազրկման: 2011թ. ապրիլի 2-ին Բաքվում խաղաղ ցուցարարները ծեծի են ենթարկվել եւ ձերբակալվել, իսկ մյուսները կալանավորվել էին նախապես իրականացված ոստիկանական գործողությունների հետեւանքով, մինչեւ ապրիլի երկուսի հանրահավաքները, որում կոչ էր արվում Ադրբեջանում ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնել: Այս գործողությունները դատապարտվել էին ԱլԳ Քաղաքացիական հասարակության համաժողովի կողմից 2011թ. ապրիլի 5-ին տարածված հայտարարությունում:

Տասնչորս ձերբակալվածների թվում հայտնի մարդիկ են. մարդու իրավունքների պաշտպանը, ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահը եւ «Ադրբեջանի ազգային պետականություն» կուսակցության նախագահը:  Դատավճռի հիմք էին հանդիսացել մի շարք մեղադրանքներ՝ սկսած առեւանգումից եւ խուլիգանությունից մինչեւ ոստիկանության հրամաններին չենթարկվելը եւ քաղաքացուն իր կամքին հակառակ քվեարկել ստիպելը կամ նրա քվեարկելուն խոչընդոտելը:  Հետաքննության ընթացքի եւ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունների կողմից իրականացված դատական լսումների մոնիտորինգի արդյունքները ցույց են տալիս, որ արդար դատավարության իրավունքը խախտվել է ե´ւ հետաքննության, ե´ւ դատավարական լսումների ընթացքում, եւ որ ամբաստանյալների դեմ մեղադրանքները քաղաքական բնույթ են կրում, իսկ արված եզրակացություններն անհիմն են եւ կասկածելի:

ԱլԳ քաղաքացիական հասարակության համաժողովի ղեկավար կոմիտեն Ադրբեջանի կառավարությանը կոչ է անում անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին եւ հարգել խոսքի եւ հանրահավաքների ազատությունը:

Քաղաքացիական հասարակության համաժողովի Ղեկավար կոմիտեի կարծիքով դատական որոշումներն անարդար են եւ բխում են քաղաքական շարժառիթներից: Ուստի այն կոչ է անում ԵՄ անդամ երկրների կառավարություններին, Եվրոպայի խորհրդին, Եվրախորհրդարանին, ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձրաստիճան ներկայացուցիչներին՝ այս դատավճիռների հետ կապված իրենց դժգոհությունները հայտնել Ադրբեջանի իշխանություններին եւ հորդորել Ադրբեջանի կառավարությանը՝ անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին:

ԱլԳ քաղաքացիական հասարակության համաժողովի Ղեկավար կոմիտեն խստորեն դատապարտում է քաղաքական շարժառիթներ ունեցող այս դատավճիռները, որոնք բացահայտ խախտումներ են Ադրբեջանի՝ որպես Եվրոպայի խորհրդի եւ Մարդու իրավունքների  եվրոպական կոնվենցիայի անդամ պետության կողմից, եւ հարկադրում է Եվրահանձնաժողովին, Եվրոպայի խորհրդին եւ ԵՄ անդամ երկրներին՝ խորհրդակցել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ եւ Ադրբեջան կատարած յուրաքանչյուր պաշտոնական այցի ժամանակ անպայման անձամբ հանդիպել նրանց հետ՝  Ադրբեջանում մարդու իրավունքների եւ ժողովրդավարական ազատությունների պահպանման մասին սկզբնաղբյուրներից տեղեկանալու նպատակով:

 Համանախագահներ

Անտոնելլա Վալմորբիդա

Տեղական ժողովրդավարության գործակալությունների ասոցիացիա

Antonella.valmorbida@aldaintranet.org

Վլադ Վելիչկո

ԵՎՐԱԲԵԼԱՌՈՒՍ միջազգային կոնսորցիում, Բելառուս

UV@EUROBELARUS.INFO

ԱլԳ Քաղաքացիական հասարակության 3 համաժողովների հայաստանյան մասնակիցների հանդիպում

2011թ. սեպտեմբերի 13

Արեւելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության համաժողովի (ՔՀՀ) Հայաստանի ազգային համակարգող, Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի նախաձեռնությամբ 2011թ. սեպտեմբերի 13-ին Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ ԱլԳ ՔՀՀ 1–ին` Բրյուսելի, 2-րդ` Բեռլինի եւ 3-րդ` Պոզնանի հանդիպումների հայաստանյան մասնակիցների ժողովը:

Ժողովի օրակարգում նախատեսված էր քննարկել.

  • Արեւելյան գործընկերության առաջընթացի վերաբերյալ քաղաքացիական հասարակության դիտարկումները,
  • Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության համաժողովի եւ Ազգային պլատֆորմի հայեցակարգերի ձեւավորման հետ կապված հարցեր,
  • կազմակերպչական հարցեր:

Բացման խոսքով ելույթ ունեցավ Ավետիք Իշխանյանը` անդրադառնալով ժողովի օրակարգին, Քաղաքացիական հասարակության համաժողովի Հայաստանի ազգային պլատֆորմի հետագա գործունեությանը:

Այնուհետեւ ՔՀՀ Ղեկավար կոմիտեի անդամ, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ժողովի մասնակիցներին ներկայացրեց ՔՀՀ Ազգային պլատֆորմի վերամշակված կանոնադրության նախագիծը: Պրն Նավասարդյանը խնդրեց նաեւ, որ ԱլԳ ՔՀՀ բեռլինյան համաժողովի բոլոր մասնակիցները լրացնեն Քաղաքացիական հասարակության համաժողովի Ղեկավար կոմիտեի կողմից իրենց ուղարկված՝ ԱլԳ առաջնահերթությունների իրականացման գնահատման հարցաթերթիկները:

Արեւելյան գործընկերության առաջընթացի վերաբերյալ քաղաքացիական հասարակության դիտարկումները ներկայացրին «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը, Հայ ֆինանսիստների միության փոխնախագահ Դավիթ Թումանյանը, Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանը, Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Արեւհատ Գրիգորյանը, Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը, Բաց հասարակության հիմնադրամներ –Հայաստանի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը:

Դիտարկումների վերաբերյալ, մասնավորապես, պրն Հոկտանյանը նշեց, որ թեեւ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում տեղի են ունեցել օրենսդրական փոփոխություններ, սակայն դրանց կիրառման հետ կապված լուրջ մտահոգություններ կան: Նշվեց նաեւ հակակոռուպցիոն ռազմավարության եւ այդ ռազմավարության քարտուղարության ստեղծման կարեւորությունը:

Պրն Թումանյանը ժողովի մասնակիցներին տեղեկացրեց, որ Համայնքների  զարգացման ռազմավարության մշակումն ընթացքի մեջ է, եւ գործընթացին մասնակցում են մի շարք հասարակական կազմակերպություններ:

Ներկայացնելով Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում եւ դատաիրավական համակարգում իրականացված բարեփոխումների դիտարկումը, պրն Իշխանյանը  խոսեց «Հավաքների ազատության մասին» ՀՀ նոր օրենքի,  Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (CPT) 2010 թվականի զեկույցի, ինչպես նաեւ  ՀՀ դատարանների անկախության մասին:

Հայաստանում գենդերային խնդիրների իրավիճակը ներկայացրեց Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանը, նշելով, որ ՔՀՀ Հայաստանի ազգային պլատֆորմի խնդիրներից մեկը պետք է լինի համապատասխան կառույցներում, մասնավորապես տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց եւ տղամարդկանց հավասարակշռված ներկայության ապահովումը:

Խոսքի ազատության ոլորտի իրավիճակը ներկայացրեց Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Արեւհատ Գրիգորյանը, նշելով, որ 2010թ. լրագրողների նկատմամբ կիրառված բռնություններ բավական շատ են գրանցվել, սակայն դրանց մեղավորները չեն ենթարկվել պատասխանատվության:

Բնապահպանության խնդիրների դիտարկումը ներկայացնող Կարինե Դանիելյանն ընդգծեց, որ ներկա համակարգում դժվար է հասնել որեւէ փոփոխության, քանի որ որոշումները կայացվում են՝ հաշվի չառնելով հասարակական կարծիքը:

Զեկուցողները նշեցին նաեւ, որ Եվրոպական հարեւանության ծրագրի շրջանակներում պատրաստված զեկույցներում խնդիրները շատ ընդհանրացված են ներկայացված, իսկ բացասական երեւույթների մասին արձագանքները զուսպ են արված:

Քաղաքացիական հասարակության համաժողովի եւ Ազգային պլատֆորմի հայեցակարգերի վերաբերյալ քննարկմանը, որը կշարունակվի նաեւ հաջորդ ժողովի ընթացքում, մասնակցեցին Գեւորգ Տեր-Գաբրիելյանը (Եվրասիա համագործակցություն հիմնադրամ), Լարիսա Մինասյանը Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան), Բորիս Նավասարդյանը (Երեւանի մամուլի ակումբ), Սոնա Այվազյանը («Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոն):

Ժողովը քննարկվեց նաեւ ԱլԳ ՔՀՀ Ազգային պլատֆորմի կանոնադրության նախագիծը, որի վերաբերյալ դրական կարծիքներ հայտնեցին Հովսեփ Խուրշուդյանը (Քաղաքացիական ազգային նախաձեռնություն), Արտակ Կիրակոսյանը (Քաղաքացիական հասարակության ինստիտուտ), Անահիտ Գեւորգյանը (Մարտունու կանանց համայնքային խորհուրդ) եւ Արմինե Թուխիկյանը («Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամ):

Լայն քննարկում ծավալվեց Ազգային պլատֆորմում հասարակական կազմակերպությունների ընդգրկման սկզբունքների չափանիշների շուրջ, փաստաթղթի բարելավման ուղղությամբ արվեցին մի շարք առաջարկություններ: Արդյունքում որոշվեց, որ Ազգային պլատֆորմը պետք է բաց լինի բոլոր հասարակական կազմակերպությունների համար, ովքեր հանդես կգան իրենց նախաձեռնություններով եւ գաղափարներով: Միեւնույն ժամանակ շեշտվեց ազգային պլատֆորմի գործունեության այնպիսի համակարգի անհրաժեշտությունը, որը կապահովի ՀԱՊ նախաձեռնությունների համահունչ լինելը ԱլԳ Քաղաքացիական հասարակության համաժողովի նպատակների եւ առաձնահերթությունների հետ:

Քննարկումների արդյունքում որոշվեց ներկայացված Արեւելյան գործընկերության Հայաստանի ազգային պլատֆորմի (ՀԱՊ) կանոնադրության նախագիծը վերանվանել ՀԱՊ կազմակերպչական սկզբունքների նախագիծ:

Ժողովին մասնակցած ՔՀՀ 3 հանդիպումների 23 պատվիրակներից՝ քվեարկությանը մասնակցեցին 22-ը:  Քվեարկության արդյունքում միաձայն հաստատվեց ՀԱՊ կազմակերպչական սկզբունքների նախագիծը: Որոշվեց նաեւ ՀԱՊ կազմակերպչական սկզբունքների նախագծի խմբագրված տարբերակը տարածել ժողովին մասնակցած պատվիրակների էլեկտրոնային հասցեներով, եւ նոր առաջարկություններ չլինելու դեպքում այն համարել վերջնական ընդունված:

Ժողովի ավարտին ՔՀՀ Հայաստանի ազգային համակարգող Ավետիք Իշխանյանը շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին՝ քննարկումներին ակտիվ մասնակցելու համար:

ՔՀՀ Հայաստանի ազգային համակարգող Ավետիք Իշխանյանի նամակն ուղղված ԱլԳ ՔՀՀ գործընկերներին

14 հոկտեմբերի, 2011թ.

 

Հարգելի գործընկերներ,

2011թ. սեպտեմների 13-ին Երեւանում կայացած ԱլԳ Քաղաքացիական հասարակության երեք համաժողովների հայաստանյան պատվիրակների միացյալ ժողովի առաջարկությունների հիման վրա ընդունվեցին ՔՀՀ ՀԱՊ կազմակերպչական սկզբունքները:

Այս սկզբունքները գալիս են փոխարինելու 2010թ. հունիսի 7-ին ընդունված ՀԱՊ կանոնադրությանը, որի կիրառումը որոշ զարգացումների արդյունքում անհնարին է դարձել 2010թ. դեկտեմբերից: ՀՀ ՀԱՊ կազմակերպչական սկզբունքներն ուժի մեջ են մտնում տարածման պահից եւ հանդիսանում են ԱլԳ ՔՀ համաժողովի Հայաստանի ազգային պլատֆորմի գործունեությունը կարգավորող հիմնական նորմ:

Այդ սկզբունքներով նախատեսված ԱլԳ ՔՀ ընթացիկ համաժողովի հայաստանյան պատվիրակների ժողովի անդամներն են ԱլԳ ՔՀ երկրորդ՝ բեռլինյան համաժողովի  մասնակիցները՝ թվով 24 կազմակերպություններ (Հայաստանի Հելսինկյան կոմիտե, Երեւանի մամուլի ակումբ, «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ, Հայ պետական ծառայողների միություն, Հայաստանի գործատուների հանրապետական միություն (ՀԳՀՄ), «Ունիսոն» ՀԿ, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոն, Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան, «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա», «Ուրբան» կայուն մարդկային զարգացման հիմնադրամ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, «Էկոտուրիզմ» ՀԿ, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա, Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, Քաղաքացիական հասարակության ինստիտուտ, 21-րդ դարի առաջնորդների ֆորում, Փոքր եւ միջին բիզնեսի հիմնադրամ, «Ասպարեզ» լրագրողների ակումբ, Ա. Դ. Սախարովի անվան կենտրոնի Գյումրիի մասնաճյուղ, Մարդկային զարգացման միջազգային կենտրոն,  Համայնքների ֆինանսիստների միավորում, Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա, Մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ, «Էկոթիմ» ՀԿ:

ՔՀՀ պատվիրակների ընդհանուր ժողով են համարվում ԱլԳ ՔՀ 2009թ. առաջին (Բրյուսել), 2010թ. երկրորդ (Բեռլին) եւ 2011թ. երրորդ (Պոզնան) համաժողովների այն պատվիրակները, ովքեր մասնակցել են 2011թ. սեպտեմբերի 13-ին Երեւանում կայացած ժողովին, եթե իրենք հրապարակայնորեն չեն հայտարարել հակառակի մասին: Այդ կազմակերպություններն են. Հայաստանի հելսինկյան կոմիտե, Երեւանի մամուլի ակումբ, «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ, «Ունիսոն» ՀԿ, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոն, Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան, «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա», «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, «Էկոտուրիզմ» ՀԿ, Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, Քաղաքացիական հասարակության ինստիտուտ, «Ասպարեզ» լրագրողների ակումբ, Ա. Դ. Սախարովի անվան կենտրոնի Գյումրիի մասնաճյուղ, Քաղաքացիական ազգային նախաձեռնություն, «Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ, Համայնքների ֆինանսիստների միավորում, Գեղարքունիքի ԱԱՊ, Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա, Մարտունու կանանց համայնքային խորհուրդ, Մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա, «Էկոթիմ» ՀԿ:

Այս ժողովին կարող է միանալ ԱլԳ Քաղաքացիական հասարակության երեք համաժողովներից որեւէ մեկի մասնակից ցանկացած կազմակերպություն, որը ներկայացուցիչ չի ունեցել սեպտեմբերի 13-ի ժողովին, եւ միանալու մասին պատշաճ տեղեկացնում է ՔՀՀ Հայաստանի ազգային համակարգող Ավետիք Իշխանյանին:

ՔՀՀ Հայաստանի ազգային համակարգողն ազգային պլատֆորմի անդամների կազմը կհայտարարի՝ այս սկզբունքներով համապատասխան հնարավոր համալրումից հետո:

Որեւէ այլ կառույց, միավորում կամ կազմակերպություն, բացառությամբ այս կազմակերպչական սկզբունքներով նախատեսված եւ վերեւում նկարագրվածից, չի կարող հանդես գալ որպես Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության համաժողովի Հայաստանի ազգային պլատֆորմ եւ իրականացնել ՀԱՊ կազմակերպչական սկզբունքներով չնախատեսված լիազորություններ:

Մենք ողջունում ենք Հայաստանի պետական, ինչպես նաեւ միջազգային կառույցների կողմից ՀԱՊ-ի հետ նախաձեռնված միջոցառումներն ու ստորագրված բոլոր պայմանագրերը եւ տեղեկացնում ենք, որ այս հայտարարության տարածման պահից ՀԱՊ-ի հետ համագործակցությունը կարող է իրականացվել միայն ՀԱՊ կազմակերպչական սկզբունքներին համապատասխան ձեւավորված կառույցների եւ մարմինների միջոցով:

 Ավետիք Իշխանյան
ԱլԳ ՔՀՀ Հայաստանի ազգային համակարգող
 

         Արեւելյան Գործընկերության Հայաստանի ազգային պլատֆորմի

     ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 1.1 Արեւելյան գործընկերության (այսուհետ՝ ԱլԳ) Հայաստանի ազգային պլատֆորմը (այսուհետ՝ ՀԱՊ) հանդիսանում է ԱլԳ Քաղաքացիական հասարակության համաժողովի (այսուհետ՝ ԱլԳ ՔՀՀ) առաքելության եւ սկզբունքների համաձայն հիմնադրված հայաստանյան քաղաքացիական հասարակության կառույցների (այսուհետ՝ ՔՀԿ)  կամավոր միավորում, որի անդամներն իրենց լավագույն ջանքերն են կիրառում կյանքի կոչելու ԱլԳ նպատակները Հայաստանում, ինչպես նաեւ ամբողջ տարածաշրջանում: ՀԱՊ-ը միտված է ԱլԳ  ծրագրերի իրականացմանը, երկրների ներքին խնդիրների լուծումները ԵՄ չափորոշիչներին համապատասխանեցնելուն, հասարակության բոլոր շերտերի մասնակցայնության եւ տեղեկացվածության ապահովմանը, ժողովրդավարական բարեփոխումների հետեւողական իրականացմանը:

1.2 ՀԱՊ-ը չունի իրավաբանական անձի կարգավիճակ եւ այդ հարցը դիտարկվում է ՔՀՀ հետագա կազմակերպչական զարգացմանը համապատասխան:

1.3 ՀԱՊ-ի նախաձեռնող անդամներն են հանդիսանում ԱլԳ ՔՀՀ առաջին՝ 2009թ. համաժողովի մասնակցության հրավեր ստացած հայաստանյան կազմակերպությունները:

1.4 Իր առաքելության շրջանակներում ՀԱՊ-ի գործունեության ուղղություններն են`

  • ԱլԳ գործընթացներում քաղաքացիական հասարակության կառույցների ակտիվ ներգրավումը եւ շարունակական մասնակցության ապահովումը
  • ԱլԳ շրջանակներում ՀՀ ազգային օրակարգի ձեւավորմանը մասնակցելը
  • Ազգային օրակարգի իրականացմանը նպաստելը՝ համապատասխան ծրագրերի իրագործման, առաջարկների մշակման եւ բարեփոխումների գործընթացների մոնիտորինգներ իրականացնելու եղանակներով: Այդ նպատակով ՀԱՊ-ը նախաձեռնում է համապատասխան ուսումնասիրություններ եւ փորձագիտական վերլուծություններ:

 2. ՀԱՊ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

2.1 Հայաստանի քաղաքացիական հասարակության ցանկացած կառույց կարող է դառնալ ՀԱՊ անդամ՝ որեւէ ակնհայտ ձեւով հայտարարելով միանալու մասին: Այն կառույցները, որոնք ՀԱՊ-ին միանալու մասին ցանկություն են հայտնել նախկինում, համարվում են ՀԱՊ անդամ, եթե հակառակը չեն հայտարարել:

2.2 Տվյալ կանոնադրության նպատակների համար   «քաղաքացիական հասարակության կառույցի» տակ հասկացվում են կամավորական շարժումներ (grass root organazations), առեւտրային միություններ, աշխատանքային միություններ, մասնագիտական միավորումներ, ՀԿ-ներ, հանրային քաղաքականության ինստիտուտներ (think-tank organizations), շահույթ չհետապնդող հիմնադրամներ եւ նման այլ կառույցներ:

2.3 ՀԱՊ անդամ կազմակերպությունները կարող են խորհրդատվական ձայնի իրավունքով մասնակցել ՔՀՀ պատվիրակների ընդհանուր ժողովի նիստերին, անդամագրվել ՀԱՊ աշխատանքային խմբերին եւ ենթախմբերին, ինչպես նաեւ ինքնուրույն ձեւավորել ենթախմբեր:

2.4 ՀԱՊ անդամները պլատֆորմի գործունեությանը մասնակցում են նաեւ ԱլԳ եւ ՔՀՀ նպատակների եւ օրակարգերի հետ կապված առաջարկություններով, գնահատականներով, ուսումնասիրություններով, նախաձեռնություններով:

2.5 ՀԱՊ անդամներն իրավունք ունեն տեղեկացված լինել ՔՀՀ-ի եւ ՀԱՊ-ի շրջանակներում առկա գործընթացների եւ իրականացվող միջոցառումների մասին:

2.6 ՀԱՊ անդամ կազմակերպություններն իրենց հայտարարությունները եւ կատարված աշխատանքի արդյունքները ՀԱՊ-ի անունից  կարող են տարածել՝ ՔՀՀ պատվիրակների ընդհանուր ժողովի կողմից համապատասխան որոշում ընդունվելու դեպքում: Հակառակ դեպքում այդ նյութերը տարածվում են հեղինակ կազմակերպությունների անունից:

3.  ԿԱՌԱՎԱՐՈՒՄ  ԵՎ  ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

3.1 ՀԱՊ-ի կառավարումն ու աշխատանքների կանոնակարգումն իրականացվում են հետեւյալ մարմինների կողմից.

ա. ՔՀՀ Հայաստանի ազգային համակարգող

բ. ՔՀՀ պատվիրակների ընդհանուր ժողով

գ. Ընթացիկ համաժողովի պատվիրակների ժողով

դ. Գործադիր մարմին

ե. Աշխատանքային խմբեր եւ ենթախմբեր:

3.2  ՔՀՀ Հայաստանի ազգային համակարգողը`

– ներկայացնում է Հայաստանի ազգային պլատֆորմը Քաղաքացիական հասարակության համաժողովում,

– համակարգում է ՀԱՊ գործունեությունը,

– նախագահում է ՔՀՀ պատվիրակների ընդհանուր ժողովում, ընթացիկ համաժողովի պատվիրակների ժողովում եւ ՀԱՊ գործադիր մարմնում,

– իրականացնում է ԱլԳ ՔՀՀ կազմակերպչական սկզբունքներին համապատասխանող այլ գործառույթներ,

– հաշվետու է ընթացիկ համաժողովի պատվիրակների ժողովին:

3.2.1 Ազգային համակարգողն ընտրվում է ընթացիկ համաժողովի պատվիրակների կողմից՝ պարզ մեծամասնության սկզբունքով, փակ գաղտնի քվեարկությամբ:

3.2.2 Ազգային համակարգողի լիազորությունները դադարում  են սեփական դիմումի հիման վրա, ընթացիկ համաժողովի պատվիրակների ժողովի անդամների պարզ մեծամասնության որոշմամբ եւ համակարգողի պարտականությունների կատարման անհնարինության դեպքերում:

3.2.3 Ազգային համակարգողի լիազորությունները դադարելու դեպքում, ընթացիկ համաժողովի պատվիրակների ժողովի անդամներից ընտրվում է նոր ազգային համակարգող

3.3 ՔՀՀ պատվիրակների ընդհանուր ժողովը 

3.3.1 ՔՀՀ պատվիրակների ընդհանուր ժողովը ձեւավորվում է ՔՀՀ բոլոր տարիների Հայաստանի պատվիրակներից (պատվիրակ է համարվում ՔՀՀ մասնակցության պաշտոնական հրավեր ստացած անձը, որն իր կարգավիճակը հաստատում է համաժողովին մասնակցելով): Նշված պատվիրակները ժողովին կարող են անդամագրվել` որեւէ ակնհայտ ձեւով հաստատելով իրենց մասնակցությունն այդ մարմնում, ամեն տարեկան ժողովից ոչ ուշ, քան 1 շաբաթ առաջ վերահաստատելով իրենց անդամակցությունը` այդ մասին տեղեկացնելով ազգային համակարգողին:

Պատվիրակների ընդհանուր ժողովը պետք է գումարվի համաժողովից ոչ ուշ, քան մեկ ամիս անց, տարեկան գումարելով առնվազն վեց նիստ: Անհրաժեշտության դեպքում Ազգային համակարգողը հրավիրում է արտահերթ նիստեր:

3.3.2 ՔՀՀ պատվիրակների ընդհանուր ժողովը `

ա) ՔՀՀ առաջարկությունների հիման վրա մշակում է ԱլԳ շրջանակներում ԵՄ-Հայաստան արդյունավետ համագործակցությանը նպաստող առաջարկություններ,

բ) մշակում եւ իրականացնում է ՀԱՊ աշխատանքային պլանը,

գ) ԱլԳ եւ բարեփոխումների հետ կապված հարցերով համագործակցություն է հաստատում ՀՀ պետական մարմինների եւ Եվրամիության կառույցների հետ,

դ) համակարգում է իր գործունեությունը ԱլԳ այլ երկրների ՔՀՀ Ազգային պլատֆորմների, ինչպես նաեւ ԵՄ երկրների շահագրգիռ ՔՀԿ-ների հետ:

ե) ՀԱՊ անունից, ՀԱՊ անդամների առաջարկների հիման վրա  մշակում է առաջարկություններ քաղաքացիական հասարակությունների հաջորդ համաժողովների օրակարգի ձեւավորման վերաբերյալ,

զ) աջակցում է ՔՀՀ Ղեկավար կոմիտեին՝ հերթական համաժողովի մասնակիցների ընտրության հարցում` ՔՀՀ ազգային համակարգողի միջոցով ներկայացնելով համապատասխան երաշխավորություններ (կարճ ցուցակ),

է) ապահովում է հանրային տեղեկացվածությունը՝ ներգրավելով լրատվամիջոցներին:

3.3.3 Պատվիրակների ընդհանուր ժողովն իրավազոր է իր անդամների կեսից ավելիի ներկայության դեպքում: Որոշումներն ընդունվում են ժողովին ներկա անդամների պարզ մեծամասնությամբ, բացառությամբ կազմակերպչական սկզբունքների  4.1 եւ 4.2 կետերով նախատեսված դեպքերի:

3.4 Ընթացիկ համաժողովի պատվիրակների ժողովը:

3.4.1 Ընթացիկ համաժողովի պատվիրակների ժողովը ձեւավորվում է ընթացիկ տարվա ՔՀՀ-ի Հայաստանի պատվիրակներից (ընթացիկ համաժողովի պատվիրակ է համարվում ընթացիկ տարում ՔՀՀ մասնակցության պաշտոնական հրավեր ստացած եւ համաժողովին մասնակցած անձը):

3.4.2 Ընթացիկ համաժողովի պատվիրակների ժողովը ձայների պարզ մեծամասնությամբ իր կազմից ընտրում է ազգային համակարգողին (ՔՀՀ Ղեկավար կոմիտեի անդամին) եւ ընդունում իր հրաժարականը:

3.4.3 Ընթացիկ համաժողովի Պատվիրակների ժողովի նիստերը գումարվում են ազգային համակարգողի կողմից կամ ժողովի անդամների մեկ երրորդի նախաձեռնությամբ:

3.4.4 Ընթացիկ համաժողովի պատվիրակների ժողովի եւ ՔՀՀ պատվիրակների ընդհանուր ժողովի նիստերի, անցկացման վայրի, օրվա, ժամի եւ օրակարգի մասին իրենց անդամները տեղեկացվում են գումարման ժամից առնվազն 72 ժամ առաջ, էլէկտրոնային նամակագրության կամ հեռախոսազանգի միջոցով:

3.4.5 Ընթացիկ համաժողովի պատվիրակներն իրենց լիազորությունները պահպանում են մինչեւ հաջորդ համաժողովը:

3.5 Աշխատանքային խմբերի համակարգողները`

– ընտրվում են համապատասխան աշխատանքային խմբերում ընդգրկված ՔՀՀ պատվիրակների ժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ` ընթացիկ համաժողովի պատվիրակների կազմից: Յուրաքանչյուր ՔՀՀ պատվիրակների ժողովի անդամ կազմակերպություն կարող է քվեարկել (ձայնի իրավունք ունենալ) միայն մեկ աշխատանքային խմբում:

–       Իրականացնում են աշխատանքային խմբերի ընթացիկ համակարգումը

–     Ապահովում են մշտական կապը ՀԱՊ եւ ՔՀՀ համապատասխան աշխատանքային խմբերի միջեւ:

3.5.1 Աշխատանքային խմբի համակարգողի լիազորությունները դադարում  են սեփական դիմումի հիման վրա, տվյալ աշխատանքային խմբում ձայնի իրավունքով ներգրավված ՔՀՀ պատվիրակների ժողովի անդամների պարզ մեծամասնության որոշմամբ կամ համակարգողի պարտականությունների կատարման անհնարինության դեպքերում:

3.5.2 Աշխատանքային խմբի համակարգողի լիազորությունները դադարելու դեպքում ընտրվում է նոր համակարգող:

3.6. Գործադիր մարմինը

3.6.1 Գործադիր մարմինը բաղկացած է ազգային համակարգողից եւ  աշխատանքային խմբերի համակարգողներից:

3.6.2 Աշխատանքային խմբերի համակարգողներն աջակցում են ազգային համակարգողին՝ ՀԱՊ գործունեության համակարգման հետ կապված ընթացիկ գործառույթների իրականացման հարցերում:

3.6.3 Գործադիր մարմինը համապատասխան նյութական հնարավորություններից ելնելով կարող է ձեւավորել քարտուղարություն` սահմանելով նրա գործունեության շրջանակները: Քարտուղարությունը ձեւավորվում է տեխնիկական գործառույթներ իրականացնելու նպատակով:

3.7 Աշխատանքային խմբեր եւ ենթախմբեր

3.7.1 Իր առջեւ դրված նպատակներին հասնելու համար ՀԱՊ-ը ԱլԳ թեմատիկ պլատֆորմներին եւ ՔՀՀ աշխատանքային խմբերին համապատասխան՝ ձեւավորում է իր աշխատանքային խմբերը.

3.7.2 Աշխատանքային խմբերը`

– մշակում եւ ներկայացնում են իրենց ոլորտների հետ կապված   առաջարկություններ,

– համագործակցում են ՔՀՀ համապատասխան խմբերի հետ,

– իրականացնում են իրենց ոլորտներում բարեփոխումներին նպաստող այլ գործունեություն:

3.7.3 Աշխատանքային խմբերին կարող է անդամակցել Հայաստանի քաղաքացիական հասարակության ցանկացած կառույց:

3.7.4 ՀԱՊ անդամ միեւնույն կառույցը  կարող է ներկայացված լինել տարբեր աշխատանքային խմբերում:

3.7.5 ՀԱՊ անդամ քաղաքացիական հասարակության կառույցները կարող են ձեւավորել հավելյալ ենթախմբեր եւ ինքնուրույն որոշել նրանց գործունեության սկզբունքները եւ առաջնայնությունները: Ենթախմբերի համակարգողները կարող են մասնակցել Գործադիր մարմնի աշխատանքներին:

4. ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼԸ, ՀԱՊ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

4.1 Կազմակերպչական սկզբունքների մեջ լրացումները եւ փոփոխությունները կատարվում են ՔՀՀ պատվիրակների ընդհանուր ժողովի որոշմամբ` ՀԱՊ որեւէ անդամի նախաձեռնությամբ եւ հարցը օրակարգ մտցնելու մասին ժողովի անդամների 1/3-ի համաձայնությամբ: Կազմակերպչական սկզբունքների մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին որոշումն ընդունվում է ՔՀՀ պատվիրակների ընդհանուր ժողովի անդամների կեսից ավելի ձայներով:

4.2 ՀԱՊ-ը կարող է լուծարվել Պատվիրակների ընդհանուր ժողովի անդամների 2/3-ի համաձայնությամբ:

Սույն Կազմակերպչական սկզբունքները հաստատվել են Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության համաժողովի 3 տարիների (2009, 2010, 2011)հայաստանյան պատվիրակների 2011թ. սեպտեմբերի 13-ի ընդհանուր ժողովում:

 

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.